HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Կրթության նախարարությունը խաղից դուրս

Կալկաթայի ճեմարանում լսողությունը կորցրած Նարեկ Արշակայանի մայրը` Սուսաննան, որոշել է դատական գործ սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ (Տես նաեւ` Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված, Կալկաթայի ճեմարանում եղել են նաեւ ֆինանսական չարաշահումներ): Սուսաննայի կարծիքով` եթե Կալկաթայի ճեմարանում ռեգբի խաղալու արդյունքում լսողությունը կորցրած որդուն տանեին բժշկի, իր որդին այսօր մի ականջի լսողությույունը չէր կորցնի: Բժիշկները Նարեկի մորը զգուշացրել են, որ երեխան անընդհատ պետք է հսկողության տակ լինի, որպեսզի երկրորդ ականջի լսողությունն էլ չկորցնի: 

«Պետք է կամ մեծ փոփոխություններ անել կամ փակել ճեմարանի դռները հայ երեխաների առաջ: Մինչեւ այսօր պարզ չէ, թե ինչ կրթություն են ստանում երեխաները եւ ինչ կրթությամբ են վերադառնալու Հայաստան: Հանուն ինչի՞ ենք զոհում մեր երեխաներին: Ուղղակի շահագրգիռ մարդկանց համար սա խնդիր կլինի. հնդկահայության թողած կտակները ծախսելու մեկ առիթ կվերանա,-ասում է ՀՀ Կրթության նախարարության աշխատակից Ռայա Մաժինյանը: Նա 1994-95թթ. գործուղվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան` որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: 

1990-ականներին 180 տարվա պատմություն ունեցող Կալկաթայի մարդասիրական ճեմարանն արդեն փակվում էր: 

Ճեմարանի աշակերտները հիմնականում Իրանից են եղել: Իրան-Իրաք պատերազմի պատճառով Իրանի կառավարությունը թույլ չի տվել, որ այդ տարիներին զինվորական տարիքի տղաները դուրս գան իրենց պետությունից: Իրանից հոսքը դադարել է, եւ ճեմարանը շարունակել է գործել մինչ այդ այնտեղ սովորողների համար: «Իրանից եկած երեխաներն էլ հաստատվել էին ճեմարանում եւ չէին գնում Իրան` զինվորություն անելու: Նրանք լավ չէին սովորում, բայց լավ մարզված էին, ռեգբիի լավ թիմ էին կազմել: Այս երիտասարդների առաջ արդեն հնդկահայ համայնքն էլ էր անզոր»,-բացատրեց բրազիլահայ Հովսեփ Սեֆերյանը, որն այն ժամանակ գտնվում էր Նոր Դելիում` որպես բրազիլական կառավարության դիվանագետ: Հայաստանի անկախությունից հետո` 1991թ-ին, Հ. Սեֆերյանի առաջարկով հնդկահայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը Կալկաթա աշակերտներ ուղարկելու համար: «Ես ուզում էի հնդկահայության կտակները ճիշտ ձեւով ծախսվեին: Ազատամարտիկների, երկրաշարժից տուժածների զավակները էնտեղ սովորեին, ազգին պետքական մարդիկ ըլլային»,-իր բարի ցանկությունների մասին պատմում է Հովսեփ Սեֆերյանը:

ՀՀ Կրթության նախարարության արտաքին կապերի վարչությունը սկսել է զբաղվել աշակերտների հերթագրմամբ: 1992թ. նախարարության աշխատակիցը 27 աշակերտով մեկնել է Կալկաթա: «Մենք որ գնացինք, մոտ 30 աշակերտ կար ճեմարանում: Նրանք շատ լավ ընդունեցին երեխաներին. գրկում էին, սիրում: Ես մոտ 1 ամիս էնտեղ մնացի, ու ամեն ինչ շատ լավ էր: Ինչ պահանջ դնում էի հնդկահայ համայնքի առաջ, ընդունում ու համաձայնում էին: Եթե երեկոյան ասում էի, որ պետք է վերանորոգել, առավոտյան արդեն վերանորոգումը սկսված էր: Ամեն ինչ արվում էր նուրբ տակտիկայով, եւ սկիզբը նորմալ էր, բայց հետո սխալներ եղան»,-պատմեց Կրթության նախարարության մի նախկին աշխատակից, որը չցանկացավ հրապարակել իր անունը: 

Սխալները եղել են ի սկզբանե: Կրթության նախարարությունը աշակերտների հերթագրման ընթացքում գովազդել է ճեմարանը` որպես «աստիճան դեպի Հարվարդի եւ Սորբոնի համալսարաններ»: Գովազդին հավատալով` շատ ծնողներ մեծ ջանքեր են գործադրել եւ, համագործակցելով նախարարության արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ, իրենց երեխաներին ուղարկել են Կալկաթա: Բացի այս, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ աշակերտներ տանելու ճանապարհին Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ «կամուրջ» հանդիսացող Հովսեփ Սեֆերյանն իր հերթին բավականին մեծ գումար է աշխատել հնդկահայ համայնքից: Համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ Հ. Հովսեփյանը յուրաքանչյուր երեխայի համար եկեղեցուց ստացել է որոշակի գումար: Փաստորեն, աշակերտներ տանելու «բարի ցանկությունը» ապահովել է փոխշահավետություն. Կրթության նախարարությունը շահ է ունեցել հերթագրումից, Հ. Սեֆերյանը` հնդկահայ համայնքից, հնդկահայ համայնքը` կտակների տոկոսները ծախսելու պատրվակից, իսկ հերթագրվողները` «լավագույն համալսարաններում սովորելու» հնարավորություն-գովազդից: 

Հայաստանից աշակերտներ ուղարկելուց հետո Կրթության նախարարության պատվիրակությունը մեկնել է Կալկաթա` ուսումնական ծրագրերի կարգավորման համար: Պատվիրակության անդամները, հետաքրքրությունից դրդված, առաջին հերթին ցանկացել են պարզել, թե առասպելային կտակներն ինչքան գումար են ապահովում եկեղեցուն: Այս հարցադրումը բավական է եղել, որ համայնքը փակի իր դռները նրանց առաջ: «Համայնքի համար գումարի հաշիվը սուրբ սրբոց է, դրան վերաբերող խոսակցություներ պետք է չլինեն»,-բացատրեց նախարարության նախկին աշխատակիցը: Պարոն Սեֆերյանի կարծիքով էլ` անհաջողությունը տգիտության, անփորձության եւ մարդկանց չարաշահության պատճառ էր: «Էնտեղ քեզի կզգաս ոսկե վանդակի մեջ բանտարկյալ: Դժբախտաբար, այնտեղ անտերություն է, բայց փող շատ կա: Հիմա եկեղեցին կուզե ինչ-որ բան անել, բայց եկեղեցին էլ իր ցավերն ունի: Եթե նվիրյալ չեղավ, գացողը փողի համար եղավ, արդյունքի չենք հասնի»,- ասում է Հ. Սեֆերյանը: 

Եվ նախարարության աշխատակիցը, եւ Հովսեփ Սեֆերյանը անհաջողության երկրորդ պատճառ են համարում ուսուցիչների հարցում նախարարության սխալ ընտրությունը:1994թ. Կրթության նախարարության երկար տարիների աշխատակից Ռայա Մաժինյանը գործուղվել է Կալկաթա: «Ես գնում էի այնտեղ աշխատելու, նվիրվելու ու վերադառնալու մասին չէի մտածում: Գնալիս ինձ չէր հետաքրքում, թե ինչ գործուղում է. ես գիտեի, որ երեխաներ պիտի կրթեմ, ու դա ինձ բավական էր: Ես դպրոցներից հանգանակության կարգով գրականություն վերցրի ու գնացի մի ճեմարան, որի մասին պիտի աշխարհը խոսեր (այդպես էին ինձ ներկայացրել)»,- հիշում է Ռ. Մաժինյանը: 

Նա տեղյակ չի եղել, որ ոչ միայն երեխաների, այլեւ իր փաստաթղթերը կարգին չեն: «Իմ մտքով չէր անցնում ստուգել փաստաթղթային հարցերը: Կարծում էի, որ անհնար է նախարարությունը աշխատակից գործուղի` առանց գործուղման»,-շարունակում է Ռ. Մաժինյանը: Նա հետո է պարզել, որ իր գործուղման ժամանակ նախարարությունն իրեն 2 ամսով արձակուրդ է ձեւակերպել, իսկ 2 ամիս հետո ազատել է աշխատանքից: Տիկին Մաժինյանի մեկնաբանմամբ` ԿԳՆ այն ժամանակվա նախարար Հայկ Ղազարյանին ավելի ձեռնտու է եղել իրեն հեռու պահել նախարարության գործերից: Ռ. Մաժինյանը հետագայում դատարանի վճռով է վերականգնվել իր նախկին աշխատանքում: 

«Ես մտա ճեմարան, ու մինչ այդ նախարարության ստեղծած «փուչիկը» պայթեց: Այնտեղ սովորող երեխաների աչքերն ամեն ինչ ինձ հասկացրին, որ մինչ այդ իմ լսածը միայն հեքիաթ է: Պետք չէր մեծ մանկավարժ կամ հոգեբան լինել` հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ճեմարանում: Երեխաների աչքերում սարսափ կար, վախ, անտարբերություն, օտարություն, բացակա հայացքներ. երեխաները դեպրեսիայի մեջ էին»,-հուզմունքով հիշում է տ. Մաժինյանը: Երեխաների ծանր հոգեբանական վիճակի պատճառը միայն կարոտը չի եղել: Նրանց ճնշել են ճեմարանում հաստատված պարսկահայ տղաները, որոնց առաջ, ինչպես ասում է Հ. Սեֆերյանը, «անզոր էր անգամ հնդկահայ համայնքը»: Պարսկահայերը ճնշել են, ստորացրել ու դաժան ծեծի ենթարկել 10-14 տարեկան հայ երեխաներին: «Ես տեսել եմ, թե ինչպես մի պարսիկ պառկացրել էր մեր տղաներին գետնին եւ հեծանիվ էր քշում նրանց վրայով, ես տեսել եմ, որ երեխաներին հաշիշ էին տալիս, ու նրանց մոտ առաջանում էր անհեթեթ ծիծաղ, նաեւ արմավոլներ կային,-ասում է տիկին Մաժինյանը,-սարսափելին այն էր, որ ես մենակ էի այնտեղ եւ ոչ մի կողմից աջակցություն չստացա: Ես նամակներ եմ հղել բազմաթիվ ատյանների, ես անձամբ զանգել ու տեղյակ եմ պահել Կրթության նախարար Աշոտ Բլեյանին, խնդրել եմ պատվիրակություն ուղարկել, սակայն ոչ մեկն ինձ չաջակցեց»: 

Նա` որպես հայ մանկավարժ, փորձել է որոշ փոփոխություններ մտցնել ճեմարանի կյանքում: Արդյունքում ճեմարանի խորհուրդը քննարկել է նրա հարցը եւ ներկայացրել իր պահանջը: «Ես պետք է մտնեի դպրոց, դաս պարապեի ու դուրս գայի դպրոցից: Թե երեխան ինչու է լացում, ինչու է բացակա, ինչով է մտահոգ, ինչու է պոկված կոշիկով, ինչու է ճակատը պլոկված, թեւը` կոտրած... Այս հարցերով ես չպիտի հետաքրքրվեի: Բնականաբար, այս պայմաններում ես աշխատել չէի կարող»,-ասում է տիկին Մաժինյանը: Մաժինյանին չի աջակցել նաեւ Հ. Սեֆերյանը, որը շատ ավելի քաջատեղյակ է եղել, թե ինչ է կատարվում ճեմարանում: «Ես նրան ասացի` եթե իր կարծիքով ճեմարանում նորմալ պայմաններ են, թող նա իր մի տղային բերի այստեղ ուսանելու: Սեֆերյանն, իհարկե, այս առաջարկից զայրացավ»,-հիշում է նա: 

Ռ. Մաժինյանը վերադարձել է Հայաստան եւ «Կարմիր խաչի» օգնությամբ Կալկաթայից վերադարձրել նաեւ երեխաներին: 

«Նա պարսկահայերի եւ հայաստանցի հայերի հարաբերությունները սրել է, նա պետք է ավելի հավասարակշռված լիներ, եւ ամեն ինչ լավ կլիներ,-մեկնաբանում է նախարարություն-ճեմարան հարաբերությունները համակարգող նախկին աշխատակիցն ու ավելացնում,-ես շատ եմ ափսոսում, լավ ծրագիր էր, բայց չստացվեց: Հիմա էլ եկեղեցին է ուզում ինչ-որ բան անի, բայց ոչնչի չի հասնի: Այս հարցը պետք է միջպետական մակարդակով լուծվի, այլ կերպ ոչինչ չի ստացվի»: 

Պարզ է, որ Կալկաթա տանող միակ պատճառը հնդկահայերի կտակած գումարներն են: Հնդկահայերի «սուրբ սրբոցի» նկատմամբ չեն կարող անտարբեր մնալ հայերը: Հայաստանի դպրոցներից տասնյակ երեխաներ եկեղեցու միջոցով մեկնում են Կալկաթա սովորելու, սակայն Կրթության նախարարությանը չի հուզում, թե իր աշակերտներն ինչ կրթություն են ստանում: Կրթության նախարարությանը չի հետաքրքրում Ճեմարանի երեխաների ճակատագիրը: Եկեղեցու ներկայացուցիչներն անընդհատ կրկնում են, թե «ճեմարանն անուշադրության մատնված չէ, շուտով փոփոխություններ կլինեն»: Սակայն եկեղեցու ներկայացուցիչների տված խոստումներից որեւէ մեկն առայսօր չի իրականացվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter