HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու անդամի կարծիքով խոշորացված համայնքի ավագանու նիստերն ավելի աշխույժ են անցնում

2015-16թթ. ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Սյունիքի մարզի բազմաբնակավայր Գորիս համայնքում ձևավորվել է 15, Տաթևում, Տեղում՝ 11-ական անդամ ունեցող ավագանի: Խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 25 բնակավայրից ավագանու կազմում ներկայացուցիչ չունեն հինգը:

Ավագանիների մասին ոչ ամբողջական տեղեկատվություն հնարավոր է գտնել համայնքների պաշտոնական կայքերում, որտեղ, սակայն, բացի Տեղից, բացակայում են կոնտակտային տվյալները, որը նաև ընտրողներին հնարավորություն կտա հաղորդակցվել ավագանիների հետ:

Ըստ այդ տեղեկությունների՝ երեք համայնքների ավագանու կեսից ավելին Հանրապետական կուսակցության անդամ է, մեկական հոգի ներկայացնում են Բարգավաճ Հայաստան և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները: Անհամեմատ ավելացել է բարձրագույն կրթություն ունեցող ավագանիների թիվը, նաև նկատելիորեն երիտասարդացել է նրանց միջին տարիքը: Ավագանու անդամների ցանկում երեք կին կա է, երեքն էլ՝ Տեղ համայնքից:

«Ամենահնաբնակ» ավագանիները Գորիս համայնքում են, նրանցից մեկն ընտրվել է հինգերորդ անգամ՝ 2002 թվականից սկսած անընդմեջ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվում է, որ «ավագանու 9 եւ ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական հանձնաժողով»: Համայնքների պաշտոնական կայքերում, սակայն, չկան տեղեկություններ այն մասին, թե որ հանձնաժողովներին են անդամակցում ավագանու անդամները, ինչպես նաև բացակայում են տեղեկություններ մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների, դրանց գործունեության, քննարկված հարցերի, որոշումների մասին:  

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում: Քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին. այս մասին, սակայն, որևէ տեղեկություն չկա և ոչ մի համայնքի ինտերնետային պաշտոնական էջում:

Խոշորացված համայնքների կենտրոնից հեռու գտնվող բնակավայրերից ընտրված ավագանու անդամները մտահոգություն են հայտնում այն մասին, որ հեռավորության պատճառով ոչ միշտ են կարողանում մասնակցել ավագանու նիստերին:

Տաթև համայնքի ավագանու անդամ Արամ Գալստյանը նշում է, որ երկու տարվա ընթացքում ավագանու հրավիրած 17 նիստից 6-ին չի մասնակցել, որի հիմնական պատճառը հեռավորությունն է։ «Դպրոցում պահակ եմ աշխատում, նվազագույն աշխատավարձ ստանում, խնամքիս՝ առաջին կարգին հաշմանդամ երեխա ունեմ, ամեն անգամ չեմ կարող 8-10 հազար դրամ ծախսել ճանապարհի համար»,-ասում է Արամը: Մինչև ընտրվելը լսել է, թե անգամ աշխատավարձ են տալու, էդ հույսով էլ առաջադրվել է:

Ավագանու նիստերի բացակայությունը անբարեկարգ ճանապարհով և հեռավորությամբ է պայմանավորում նաև Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում ապրող Արգամ Լալայանը: Նշում է, որ ամեն անգամ համարյա 50 կիլոմետր խորդուբորդ ճանապարհ է հաղթահարում, մինչև համայնքի կենտրոն է հասնում: Ավագանու նիստերին մասնակցելու համար հեռավորությունից չի դժգոհում Տաթև համայնքի ավագանու անդամ Գևորգ Բախշյանը, ով Երևանում է բնակվում և, «եթե հարմարեցնում է, անպայման մասնակցում է», բայց տեղափոխվելուց հետո արդեն հինգ նիստի աշխատանքների չի մասնակցել:

Ավագանու արտագնա նիստ գումարել է միայն Գորիսի համայնքային իշխանությունը: Համայնքապետարանի նիստերի դահլիճի՝ ամիսներ շարունակվող վերանորոգման պատճառով, անցյալ տարի ավագանու արտագնա նիստերը գումարվել  են տարբեր բնակավայրերում:

Որոշ ավագանիներ իրենց բացակայությունը պատճառաբանում են զբաղվածությամբ, ըստ էության ենթադրելով, որ կարևորն ընտրվելն է, ինչպես օրինակ, Տեղ համայնքում ավագանու անդամներից մեկը, բնակվելով համայնքի կենտրոնում, չի մասնակցել ավագանու 13 նիստից ութի աշխատանքներին:

Ավագանու անդամները, ովքեր չեն բնակվում համայնքի կենտրոնում, տեղյակ չեն, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին»  օրենքի 20-րդ հոդվածով «Համայնքի ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ եւ ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում», և իրենք կարող են ժամանակ առ ժամանակ փոխհատուցում ստանալ:

Երեք համայնքներում ավագանու նիստերը հիմնականում անցնում են առանց բովանդակային լուրջ քննարկումների, և որոշումների գերակշիռ մասն ընդունվում է միաձայն: Տաթև համայնքում, օրինակ, խոշորացումից հետո ձևավորված ավագանու նիստերում քննարկված 109 հարցի մասին որոշում ընդունվել է 3 ձեռնպահով, առանց… դեմի: Գորիսում 105 հարցից դեմ քվեարկել են 14 անգամ, Տեղ համայնքի ավագանու օրակարգային 69 որոշում ընդունվել է 2 դեմով:

Գևորգ Բախշյանի խոսքով միայն մեկ անգամ դեմ են արտահայտվել օրակարգում համայնքի նախակրթարան հաճախող երեխաների վարձավճարի բարձրացման մասին հարցը օրակարգում ընդգրկելուն:

Վարչատարածքային փոփոխությունից հետո Գորիս, Տեղ համայնքներում գումարվել է 13, Տաթևում՝ 18  ավագանու նիստ, որոնց  մեծ մասն՝ արտահերթ: Առավել հաճախ արտահերթ նիստ գումարվել է Տաթև համայնքում՝ 11 անգամ: Կարծես թե բնական է, որ հանրապետությունում առաջիններից մեկը ձևավորվող բազմաբնակավայր համայնքում ավագանու կողմից որոշ հարցերի հրատապ քննարկման համար կարող էր անհրաժեշտություն առաջանալ, սակայն հիմնականում արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված էին այնպիսի հարցեր, որոնց շուրջ քննարկումների, լսումների և ապա նաև հաստատման ժամկետը կանխատեսելի էր, ինչպես, օրինակ, համայնքի տարեկան բյուջեն, զարգացման ծրագիրը:

Արդյոք արտահերթ նիստ հրավիրելու պատճառներից մեկն օրենքով նախատեսված կարգով ավագանու նիստից 7  օր առաջ բնակչությանը նիստի մասին իրազեկելու պարտավորվածությունից խուսափելու միջոց չէ, քանի որ արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ և, բնականաբար, նույն ժամանակ էլ այդ մասին իրազեկվում են բնակիչները:

Որոշ դեպքերում հայտարարությունները կայքում տեղադրվում են ավելի ուշ՝ հին ամսաթվերով, ինչպես օրինակ, փետրվարի 20-ին Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված 2017թ. տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ 22-ին կայանալիք հանրային բաց լսումների մասին հայտարարությունը թվագրված է փետրվարի 14:

Հրավիրվող ավագանու նիստերի մասին համայնքների բնակիչներին տեղեկացվում է հիմնականում պաշտոնական կայքէջերի միջոցով, իսկ ավագանու անդամներին՝ հեռախոսով: Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերում կամ որևէ այլ տեղ չեն տեղադրվում ավագանու նիստերի կայացման կամ ընդունված որոշումների մասին տեղեկություններ:

«Որոշման նախագծերը ավտոբուսով են ուղարկում, պատահում է նաև համայնքի ղեկավարն է բերում, ով Տաթևում է ապրում»,- ասում է Արամ Գալստյանը: Նրա խոսքով խոշորացված համայնքի ավագանու նիստերն ավելի ակտիվ են անցնում: Պատմում է, որ նախկինում ինքը Սվարանց գյուղի ավագանու անդամ էր, և նիստերը  տևում էին  20-30 րոպե, որովհետև նույն գյուղից էին, իրար ճանաչում էին, ամեն ինչ ավելի շատ ձևական  բնույթ էր կրում: Արգամի խոսքով հիմա, քանի որ տարբեր բնակավայրեր են ներկայացնում, ավելի «քննադատաբար են օրակարգի հարցերին վերաբերվում»:

Արգամ  Լալայանի խոսքով, սակայն, կողմնապահություն անպայման կա, ինչպես օրինակ այն, որ բոլոր հաստիքները կենտրոնացած են համայնքի կենտրոնում: Նա նաև չի ժխտում, որ համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին կարող են այլ բնակավայրերից մասնակցել, սակայն հեռավորության, տրանսպորտի բացակայության, անբարեկարգ ճանապարհի պատճառով ոչ ոք չի դիմում:

Սեդրակ Հակոբյանը երկար տարիներ աշխատել է Հարժիս համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղարի պաշտոնում, այժմ՝ Տաթև համայնքի ավագանու անդամ է: Ըստ նրա, որքան էլ պնդում են, թե ավագանին կարևոր դերակատարություն ունի համայնքում, այնուամենայնիվ, իրականում շատ հարցեր կան, որոնք ավագանու լիազորություններից դուրս են։ «Լավ կլիներ, որ ավելի լայն իրավասություն ունենայինք, օրինակ, մեր ավագանին որոշում էր կայացրել ապրիլյան քառօրյային համայնքից մասնակցողներին հողի հարկի գծով արտոնություն տալ, սակայն որոշումը չեղարկվել է մարզպետարանի կողմից, ասելով, թե դրա իրավասությունը չունեինք»,- ասում է Սեդրակ Հակոբյանը: Նրա կարծիքով օրենքները հաճախ են փոխվում, մշտական հաստիքով իրավաբան պիտի ունենա համայնքապետարանը: Վերջինիս աշխատակիցները, ըստ նրա, հիմա շատ ժամանակ են տրամադրում տարբեր գերատեսչություններից եկած գրություններին պատասխանելու, տեղեկատվություն տրամադրելու, թղթեր լրացնելու համար:

Սեդրակի խոսքով ավագանիների, համայնքային իշխանության ներկայացուցիչների համար պարբերաբար ուսուցումների կազմակերպման անհրաժեշտություն կա, նշելով, որ այնուամենայնիվ, ավագանու անդամի գործունեության «շարժիչ ուժը նրա նախաձեռնողականությունը պիտի լինի», ինչը, նրա կարծիքով, պակասում է այսօր:

Խոսելով ավագանու անդամների լիազորությունների ընդլայնման անհրաժեշտության մասին, հետաքրքիր է, թե գործող օրենքի շրջանակներում ավագանիներին ընձեռված լիազորություններն արդյոք բավարար են օգտագործվում: Ծանոթանալով նշված համայնքների ավագանու նիստերի օրակարգերին, ընդունված որոշումներին` պարզվում, է, որ դրանք, հիմնականում, վերաբերում են նախկինում ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելուն, ուժը կորցրած ճանաչելուն, հողերի նշանակության փոփոխությանը: Դրա կողքին բացակայում են համայնքի խնդիրներին վերաբերող որոշումները, համայնքի ղեկավարի կողմից հաշվետու տարում զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները, ավագանին որևէ անգամ դիրքորոշում չի հայտնում համայնքի ղեկավարի ընդունած որոշումների մասին և այլն:

Ավագանու կողմից հաստատվում են համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակներն ու աշխատակիցների դրույքաչափերը, սակայն որևէ անգամ ավագանին չի մասնակցում համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների ընտրությանը, ինչը ևս ավագանու լիազորությունների շրջանակում է: Շատ հաճախ, առանց ավագանու, միայն համայնքի ղեկավարի որոշմամբ օտարվում, վաճառվում կամ օգտագործման են տրամադրվում համայնքի սեփականություն հանդիսացող հող, գույք: Մասնավորապես, Գորիս համայնքի ավագանու որոշումներում, մեծ թիվ են կազմում առանց մրցույթի հողատարածքների ուղղակի վաճառքով օտարումները:  

Ավագանու օրակարգային բազմաթիվ հարցեր քննարկման են ներկայացվում առանց կից փաստաթղթերի, արձանագրությունների, ինչպես օրինակ, բյուջետային հոդվածների վերաբաշխում կատարվում է ոչ միայն առանց կցված փաստաթղթի, այլև չկա տեղեկություն, թե հատկապես որ հոդվածից որին է փոխանցվում և ինչ նպատակով:

2017թ. դեկտեմբերին Տեղ համայնքի ավագանին որոշում է կայացրել 115 հազար դրամի չափով տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով արտոնություն տալ համայնքի բնակիչներից մեկին և որպես հիմնավորում նշվել է միայն նրա դիմումը:

Տաթև համայնքում ավագանու մի շարք հարցերի որոշումներ  պաշտոնական կայքում տեղադրվում են առանց որոշումների բովանդակությունը նշելու: