HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընկերության տնօրենը ոսկու կորզման նպատակով փոխել է Այրք գետի հունը և վնասել հողի բերրի շերտը

«Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիք Արզոյանը 2013թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի Մասրիկի կենտրոնական տեղամասում առանց ընդերքօգտագործման թույլտվության ընկերությանը պատկանող տեխնիկայով փոխել է Այրք գետի հունը։ 

Տնօրեը ցրոնային ոսկու կորզման նպատակով է փոխել գետի հունը, ջուր բերելով ապարների լվացման համար, ինչի հետևանքով վնասել է հողի բերրի շերտը, շրջակա միջավայրին պատճառելով 3,326,414 դրամի նյութական վնաս: 

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը Այրք գյուղից դեպի հյուսիս ոսկու ցրոնային հանքերևակման հանքաքարի արդյունահանման և մշակման անօրինական աշխատանքների կատարելու փաստի առթիվ գրություն էր ուղարկել իրավապահ մարմիններին:

Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին: Սակայն, հետագայում պարզվել է, որ անցել են վաղեմության ժամկետներն և 2016թ. դեկտեմբերի 25-ին քրեական գործի վարույթը կարճվել է:

Գեղարքունիքի մարզի դատախազությունը այս տարվա հունվարի 24-ին գումարի բռնագանձման պահանջով, ընդդեմ Ավետիք Արզոյանի, հայցադիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատախազությունը որոշել է քաղաքացիական հայցով վերականգնել շրջակա միջավայրին պատճառված 3,326,414 դրամի նյութական վնասը:

Դատախազության միջնորդությամբ արգելանք է դրվել Ավետիք Արզոյանի գույքի և դրամական միջոցների վրա:

Ըստ հարկային մարմնի՝ «Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Դատախազությունը (այդ թվում՝ զինվորական) պետությանը, շրջակա միջավայրին պատճառված վնասի վերականգնման համար ընդդեմ քաղաքացիների 6 հայցադիմում է ներկայացրել դատարաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter