HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Մելքումյանի՝ պատից իջեցրած նկարների մասին

«Նասոսնոյե»-ն Սումգայիթի արևմտյան մասում է: Նասոսնոյեում տեղակայված էր խորհրդային զորամասերից մեկը: Երբ քաղաքում ջարդերն ավարտվել են, ողջ մնացած հայերին խորհրդային բանակը տեղափոխել է այստեղ՝ երկու օր Սումգայիթի քաղկոմի շենքում պահելուց հետո:

«Նասոսնոյե»-ի զորամասում ադրբեջանցի նախկին ծանոթներն ու գործընկերները նույնիսկ այցի են եկել ողջ մնացածներին:

Պատմում է Կարինե Մելքումյանը. «Նրանք նույնիսկ եկել էին ինձ ցավակցելու, դպրոցիս տնօրենն ու գործընկեր կոչվածներն աշխատավարձ էին բերել, չէի կարողանում դեմքերին նայել, փողը չկարողացա վերցնել` չնայած ձեռքիս կոպեկ չկար, հագիս շոր չկար, ես երկու երեխա ունեի ու մեկին էլ կրում էի ներսում՝ արդեն վեց ամսական էր, ամուսինս սպանվել էր, ու ես չգիտեի՝ ինչ եմ անելու: Լսել էին, որ ամուսնուս վայրենաբար սպանել են ու եկել էին ցավակցելու, չէի կարողանում պատկերացնել նրանց ցավակցությունը, չնայած, կարող է իրենք մեղք չունեին»:

Զոհերի պաշտոնական թիվը երեսուն էր. հինգը` Մելքումյանների ընտանիքից՝ Կարինե Մելքումյանի ամուսինը, ամուսնու եղբայրն ու քսանամյա քույրը, ամուսնու հայրն ու մայրը:

Կարինեի հետ իննսունականների սկզբին եմ ծանոթացել: Առաջին անգամ, երբ հանդիպեցինք Բյուրեղավանի իրենց տանը, կարելի է ասել ուրիշ ոչ մի բանից չէր խոսում, միայն մանրամասն և անընդհատ պատմում էր 88-ի փետրվարի այդ օրվա դեպքերը: Մի քանի տարի անցել էր, բայց Կարինեն պատմում էր այնպես, ինչպես որ դա մի քանի ժամ առաջ պատահած կլիներ: Ու չգիտեիր՝ ընդհատե՞ս պատմությունը, որովհետև ամբողջ դեմքն աղավաղվում էր, դողում էր, թե՝ պիտի լսես ու պիտի պատմի, մինչև վերջանա պատմելու պահանջը:

Բայց պահանջը չէր վերջանում: Մի երկու տարի անց նորից հանդիպեցինք, ու Կարինեն պատմում էր նույնը նույն լարվածությամբ: Փորձեցի համոզել, որ հավաքի պահարանի վրա շարած սպանված հարազատների նկարները, որ էլ չպատմի երեխաների ներկայությամբ: Կարինեն, իհարկե հասկանում էր, բայց չէր «հասկանում»: Ամենահեշտ բանը խելոք խորհուրդն է:

Մեր ամեն հանդիպման ժամանակ ես լսել եմ Կարինեի սարսափելի պատմությունը: Սարսափ պատմող Կարինեն կանանց այն տեսակից է, որ չարանալ չգիտե, չգիտես ինչու միշտ բարի է, միշտ մեղմ, միշտ զգույշ, միշտ բոլորի հանդեպ հոգատար: Բայց ինքը սարսափ պատմող է: Չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ լսել 1988 թ-ին կատարված նախամարդու վայրենությունների մասին, բայց ամեն անգամ պատմության որևէ մի հատված է շեշտվել ուղեղիս մեջ, ամեն անգամ կոնկրետ մեկն է դարձել գլխավորը:

Մի քանի ամիս առաջ Կարինե Մելքումյանը զանգեց ու հայտնեց, որ նկարները իջեցրել է պահարանից: Հանդիպեցինք սրճարանում, թեյ խմեցինք, խոսեցինք կյանքից, դժվարություններից: Կարինեն չպատմեց Սումգայիթի մասին:

Այս երեսուն տարիների ընթացքում ինքը երեք երեխա մեծացրեց. ինչպե՞ս՝ դժվարանում եմ պատկերացնել: Երբ գնում էի Բյուրեղավան, որտեղ Անդրանիկի փողոցի վրայի բարձրահարկերում բնակարան էին հատկացրել Սումգայիթում ողջ մնացածներին, դժվարությունները տեսնում էի, բայց ինքը խուսափում էր միշտ ասել, որ դժվար է, որ տանը ցուրտ է, որ փողը քիչ է: Մի անգամ՝ իննսունհինգին, ձմռանը սառնամանիք էր, ու իրենց բնակարանները չէին ջեռուցվում:

Երբ փախստականների վարչությունում հետաքրքրվեցի նրանց հատկացվող վառելիքի մասին ու գրեցի՝ վարչության պետ Վլադիմիր Մովսիսյանն իրոք զարմացել էր ու ահագին զայրացել. «Ոնց կարող է այդպիսի բան լինել, ի՞նչ ես գրել, ես ե՞մ գողացել վառելիքը, ես եմ պահում նրանց, ես եմ տեղավորել նրանց»: Այո, դա այդպես էր, Մովսիսյանը շատ բան էր արել, բայց վառելիքը չէր հասել Բյուրեղավան: Մովսիսյանը խոստացավ երեք օրից հարցը լուծել, բայց պահանջեց, որ նորից գնամ ստուգեմ, ասաց. «Չալարես, վեր կկենաս գնաս Բյուրեղավան՝ ստուգես, եթե դժվարանում ես՝ մեքենա կտամ, գնա  ստուգի, արի՝ ասա»: Չալարեցի, գնացի, վառելիքը հասել էր, բայց Կարինեն ոչ մի բան չէր խնդրում, չէր բողոքում: Ամենաայլանդակ բաները տեսնելուց հետո նա մեղմ կին էր մնացել, աշխատում էր, երեխա էր պահում: Աղջիկներն ամուսնացան: Ամուսնացավ և´ այն աղջիկը, որի ձեռքը բռնած, բոլոր դռները ծեծելով, խելագարված` վազում էր մուտքի աստիճաններով վերև, ու ոչ ոք դուռը չէր բացում հարևաններից՝ վախենում էին, և՛ նա, որին այդ օրը մայրը կրում էր ներսում, ու որը համեմատաբար անտեղյակ էր դավին:

Մի քանի օր առաջ Բյուրեղավան էինք գնացել: Կարինեն նկարներն իրոք հավաքել էր ու պատին գարնանային ծաղիկներով նկար էր: Միայն այդ օրվա առթիվ նորից շարեց հարազատների նկարները ու պատկերացրեց, թե ինչ մեծ ընտանիք կլինեին հիմա: Տունն այնքան մաքուր ու կոկիկ էր, որ կարող էր թվալ` մարդ չի ապրում: Պատրաստվել էին, հյուրասիրում էին՝ ինքը, մայրը, տղան, որն արդեն մեծ մարդ է, բայց երբ Կարինեն սկսեց նորից հիշել այդ օրվա դեպքերը, տղան աննկատ դուրս եկավ սենյակից: Մայրն ասաց՝ չի կարողանում լսել իմ պատմությունները:

Կարինեի այդ անգամվա պատմածից ուղեղիս մեջ շեշտված մնաց Իրինան՝ ամուսնու քույրը: Քսան տարեկան էր Իրինան: Երբ ամբոխը մոտեցել է շենքին, Իրինան մի ոտքը պատշգամբից հանել է, բռնել խաղողի վազերի համար տնկած ձողերից ու մի ձեռքով եղբոր երեխաներին տեղափոխել հարևան ադրբեջանուհու պատշգամբ՝ առանց թույլտվություն ստանալու: Հետո հարսներին է օգնել անցնել: Երբ ինքը հետ ներս է մտել տուն, որտեղ մնացել են հայրը, մայրը, եղբայրները՝ եղբայրական հանրապետության վայրենացած ամբոխն արդեն շքամուտքում է եղել: Փախել են ու մտել վերջին հարկի ադրբեջանցիների տուն: Իսկ պատշգամբով հարևան ադրբեջանուհու տուն մտած Կարինեին, երեխաներին,Կարինեի տեգրակնոջն ու նրա փոքրիկ աղջկան տանտիրուհին դուրս է հանել տնից՝ հայրենակիցներից վախենալով: Ու իրենք, բոլոր դռները ծեծելով ու մերժվելով, հասել են վերջին հարկ: Ազգությամբ լեզգի է եղել դուռը բացող հարևանը: Վախենալով ու ստիպված` ներս է թողել: Թաքցրել է բաղնիքում: Քիչ անց` վայրենիները սկսել են ծեծել դուռը: Լեզգի հարևանը բացել է, ու հենց այդ պահին դիմացի հարևանի տանը հայտնաբերել են Մելքումյան եղբայրներին ու քրոջը՝ Իրինային ու կանչել են, թե «լավ, սրանք էստեղ են»: Ու ստացվել է, որ ընտանիքի մի մասին հայտնաբերելու «շնորհիվ» մյուսները ողջ են մնացել:

Գիշերը չորսին, երբ անձայն դուրս են եկել շենքից, որ փախչեն՝ մութ քաղաքում միայն ուրվագծեր են երևացել: Կարինեն ասում է. «Ես քայլում էի, հավանաբար, ամուսնուս ու նրա եղբոր արյան վրայով, բայց այդ պահին ոչ մի բան չէի հասկանում, երբ իջանք բակ, նկատեցի, որ հեռագրասյանը հենված, կիսանստած մեկը կա, վախեցած մոտեցա՝ մեր Իրինան էր՝ կապված, անշունչ, վառված: Իրինան փրկեց երեխաներին, նա չլիներ՝ երեխաներս չէին լինի»:

Կարինեն էլի պատմեց սկզբից մինչև վերջ:

Ասում է Մոսկվայում, դատավարության ժամանակ որպես վկա ներկա էր նաև այն լեզգի հարևանը, որի տանը թաքնվել էինք: Հայերը նրան գրկել ու օդ են բարձրացրել: Կարինեն աշխարհի ամենաբարի, մեղմ մարդկանցից է, բայց ադրբեջանցիների հանդեպ որևէ դրական խոսք չի կարողանում արտասանել:

Կարինե Մելքումյանը եւ նրա մայրը՝ Ելենա Առուշանյանը

Մենք գիտենք «վերապրած» բառը ու ակնածանքով ենք օգտագործում: Բյուրեղավանի Անդրանիկի փողոցի 33 տանն ապրող մոտ տասնհինգ ընտանիքից մնացել է վեց ընտանիք: Նրանք չստացան կարգավիճակ, չկոչվեցին վերապրածներ, ու մի տեսակ աննկատ անցավ այն փաստը, որ սովորական կյանքի մեջ ներգրավվելու համար տիտանական ջանք պահանջվեց նրանցից, որովհետև իրենք հարազատի հանդեպ խոշտանգումներ տեսած մարդիկ են, կացնով ամբոխից փրկված կանայք ու երեխաներ են. դրանից կամ չեն ապաքինվում, կամ միայն շատ լավ կյանքի դեպքում` մեղմվում է: Շատ լավ կյանքը շատ հեռու է …

Այս մարդիկ ուրախանում են միայն երբ իրենց հոգսը մի փոքր թեթևանում է` որևէ օգնության շնորհիվ: Ուրիշ ուրախություններ չունեն: Երեխաներին մի կերպ մեծացրել են, բոլոր երեխաները հիմա երեսուն և երեսունն անց մարդիկ են: 88-ի փետրվարից անցել է երեսուն տարի:

Առաջին լուսանկարում՝ Կարինե Մելքումյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter