HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Վիկտորյա Ալեքսանյան. «Ֆիլմ ստեղծելիս ինձ հետաքրքրում է մարդկային վարքագիծը»

Կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանին հանդիպեցի Դիլաքյան եղբայրների երեւանյան բնակարանում։ Վիկտորյան Դիլաքյանների հետ ծանոթացել է հետաքրքիր մի զուգադիպությամբ, երբ ահռելի Նյու Յորքում` պատահական մի սրճարանում, ազատ սեղան է փնտրելիս եղել։ Հովիկն իր սուրճի բաժակով մոտեցել է զբաղեցրած սեղանին, եւ նկատելով այն թիրախ բռնած Վիկտորյային, առաջարկել է նստել։ Հովիկի բաժակի վրա հայատառ գրված է եղել իր անունը․․․

Նյու Յորքում Վիկտորյան ուսանել է Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցում՝ Կինոարտադրության բաժնում։ Կրթությունը ստանալուց հետո վերադարձել է Հայաստան եւ առայժմ, ինչպես ինքն է նշում, կստեղծագործի այստեղ։

Առաջին մասնագիտությամբ լրագրող ես․․․

Երբ հասկացա, որ իրադարձությունները պարզապես լուսաբանելը չի բավարարում իմ ստեղծագործելու պահանջը, եւ ուզում եմ իմ գործը վերածել արվեստի ու այդպես «լուսաբանել» ինձ խորապես հուզող պատմությունները, որոշեցի նոր էջից սկսել մասնագիտական ուղիս եւ սովորել «արվեստի ձեւը»։

Այդ որոշումը կայացնելն ինձ համար հեշտ չէր, քանի որ վախենում էի կորցնել այն ամենն, ինչ լրագրողական տարիների ընթացքում կուտակել էի եւ հաջողված կարիերայի սկիզբ էի համարում։ Սակայն այդ ընթացքում ինձ բախտ վիճակվեց ընդունվել Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցը (Columbia University School of Arts), եւ այդպես ինքնաբերաբար սկսվեց իմ նոր էջը․․․

«Արվեստի ձեւ» ասելով` ի՞նչ նկատի ունես։

Նկատի ունեմ ստեղծման որոշ հիմունքներ, հատուկ մտածողություն, իմ դեպքում (քանի որ կինոն է)` նաեւ սցենար գրելը եւ ռեժիսորական հմտություններ ձեռք բերելը։

Նյու Յորքն էր փաստորեն փնտրածդ միջավայրը։

Նյու Յորքն, իհարկե, երազանք էր, բայց միաժամանակ ուզում էի պարզապես հայտնվել մի տեղում, որտեղ կհանդիպեի իմ ժամանակի լավագույն երիտասարդությանը ու նման մտածելակերպի մարդկանց։ Թերեւս ինձ համար ամենից կարեւոր բանն էր՝ լինել ժամանակակից արվեստը զգացող եւ ստեղծող միջավայրում եւ շփվել ամենաառաջատար ուսուցիչների հետ։

Երկրորդ այդպիսի քաղաք չկա․ ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս փողոց, զգում եմ ինձ ինչպես ֆիլմում․ ամեն փողոց, պատկերացրու՛, ունի իր ուրույն աշխարհն ու յուրահատուկ մթնոլորտը։ Երբեք չեմ հոգնում այնտեղ ընկղմվելուց ու «կորչելուց»։ Նյու Յորքն էներգիա ստանալու, բայց նաեւ շատ էներգիա կլանող տեղ է։ Կարելի է մի ամբողջ կյանք ապրել մի գունեղ ակնթարթում, եւ հակառակն էլ, այդ արագության եւ զբաղվածության մեջ բացարձակ դադարել զգալ սեփական անձը ու այլեւս չլսել քո ներսի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ։

Ուսանելու ընթացքում մտքովդ անցե՞լ է հաստատվելը ցանկություն եղե՞լ է մնալ Նյու Յորքում։

Ես մնալ-չմնալու գաղափարն այդպես ուղիղ չեմ ընկալում․ ինձ համար սահմաններն ինչ-որ չափով պայմանական են․ կա մի հարազատ տուն եւ կից՝ մի ամբողջ աշխարհ, որը նույնպես ինձ շատ մոտ է. ես ցանկանում եմ ազատ տեղաշարժվել ու հանգրվանել նրա տարբեր ծալքերում։ Ուզում եմ ինձ պատկերացնել որպես աշխարհի քաղաքացի, ում համար կարեւոր չէ ֆիզիկական ներկայությունը տվյալ երկրում, այլ իր արած գործը` այդ երկրի համար․․․

Նյու Յորքը հիմա դարձել է երկրորդ տունս, ու կապվել եմ այդ քաղաքին ողջ սրտով, բայց Հայաստանում իմ պատմությունն է, իմ արմատները, իմ անցյալը, իմ հիշողությունները, որոնցով ես ոգեշնչվում եմ նոր բան ստեղծելիս։

Հայաստանում ապրել եմ կյանքիս զգալի հատվածը, տեսել ու վերապրել շատ բաներ, այստեղ ես ծանոթ եմ հասարակությանը, գիտեմ իմ սերունդը, այդ պատճառով Հայաստան վերադարձն ինձ համար կարեւոր էր. ես չէի ցանկանում այն թողնել անցյալում, ինձ պետք էր թարմացնել այդ հիշողությունների աղբյուրը եւ տեսնել մեր նորը, զգալ այն ամենն, ինչ փոխվել է եւ նորից ոգեշնչվել։ Այդ պատճառով էլ այստեղ եմ հիմա։

Ուզում եմ «խոսել» ու ստեղծագործել հարազատ ցավերի ու ներկա ապրումներիս մասին։ Հենց հիմա ուղղակի դրա վրա եմ կենտրոնացած եւ ցանկանում եմ ֆիլմ նկարել` այդ ամենով համեմված։

Ինքդ՝ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, ունե՞ս հարցադրում, որի շուրջ պտտվում է ստեղծածդ կինոյի նյութը։

Լավ հարց է, սպասիր՝ մտածեմ։

Ահա ․․․

Ճիշտ է՝ ես վերապրել եմ այն ամենն, ինչը դարձավ մեր անկախության դիմաց վճարվող թանկ ու դաժան գինը, բայց չեմ զգացել դրան նախորդող այդ ահռելի պայքարը եւ չեմ գիտակցել՝ ինչ է անկախությունը, քանի որ ստացել եմ այն որպես նվեր․ ծնվել եմ իննսունականների նախաշեմին։

Մութ ու ցուրտ տարիները դարձան իմ ողջ մանկության պատկերը, իսկ այդ տարիների զրկանքներն ինձ տարօրինակ կամ չափից դուրս ծանր չէին թվում, քանի որ համեմատության եզրեր չունեի (այլ բան չէի տեսել). դրանից է, որ չէի գիտակցում, թե կոնկրետ ինչից եմ զրկված եւ ինչ եմ ձեռք բերել որպես նոր սերունդ։

Ամեն մի նորությանն ու առաջխաղացմանը նայում էի որպես հրաշքի։ Կյանքն ինձ անարդար էր թվում, բայց ապագան քաղցր ու լի էր այն ամենով, ինչ առաջատար էր, նոր, կարծրատիպերից ու պայմանականից դուրս եւ հիմնված սեփական ուժերիս վրա։ Ես միայն առաջ էի նայում։

Սա մի մտածելակերպ էր, որը, գիտակցում եմ, ոչ բոլոր մեծերն ու նույնիսկ իմ սերնդակիցներն էին կիսում ինձ հետ։ Բայց հասկանում եմ, որ նրանք ունեին խորհրդային տարիների հետ իրենց համեմատականները, եւ մեկ օրվա մեջ ձեւափոխվելը բարդ էր։ Ես չէի հասկանում, օրինակ, ինչու էր ազգային լինելն անպայման խաչվում ավանդապաշտության հետ, իսկ այն իր հերթին` կրկին ճնշում անձի ազատությունները, բայց այդ մասին կարելի է դեռ երկար խոսել։

Տարիներ անց գիտակցեցի, որ եթե դուրս չգամ իմ հասարակության կողմից հաստատված նորմերի շրջանակից, եւ չանեմ այն, ինչ թելադրում է ինձ իմ ուղեղը, կդառնամ այդ անկախության մեջ կորած-մոլորված մի տարր, ոչ թե այն կրողը։ Ես շնորհակալ եմ ինձ տրված պետության համար եւ համարում եմ՝ հաջողակ եմ, որ ծնվել եմ դրա ստեղծման հենց նախաշեմին։ Այսօր բազում հնարավորություններ ունեմ եւ ցանկանում եմ դրանցից օգտվել, ու, եթե կարողանամ օգտակար լինել նաեւ հասարակությանը, իմ աշխատանքային ուժերը միայն կկրկնապատկվեն։

Կարծում եմ՝ ավագ սերունդն իր կռիվը տվել է ոչ թե այն բանի համար, որ երիտասարդներն ապրեն երկրի անցյալի սխալներով ու գոյատեւման հավերժ պայքար մղեն, այլ անկախությունն օգտագործեն իր բուն նպատակով՝ ունենան իրենց ձայնն ու միախմբվեն, բայց չվախենան առանձնանալ, եթե համաձայն չեն որեւէ բանի հետ։ Այսօր դեռ այդ ձայնը աղոտ է։ Շատերը ուղղակի հեռանում են երկրից, քանի որ այլեւս ցանկություն չունեն հավերժ սպասելու, որ իրենց համար ինչ-որ հնարավորություն կստեղծվի։

Ֆիլմերում այս ամենի արտահայտման փորձ կա՞։

Իմ ֆիլմերով չեմ փորձում գլոբալ խնդիրներ լուծել․ ինձ հետաքրքրում է մարդկային վարքագիծը եւ վարքագծի փոփոխությունը տարբեր սոցիալ-քաղաքական իրավիճակներում։ Ինձ հետաքրքրում է միջավայրի ազդեցությունը մարդու վրա եւ դետալներ՝ կենտրոնացած կյանքի շուրջ։

Սիրում եմ էքսպերիմենտներ անել խոսքերի, վարքագծի ու միջավայրի վրա, ստուգել դրանց ներազդեցությունը տարբեր խնդիրների լուծման ժամանակ։ Ինչ-որ իմաստով սա նաեւ իմ եւ աշխարհի ներազդեցության ուսումնասիրության փորձ է։ 

Կարծում եմ՝ արվեստի յուրաքանչյուր նմուշ պիտի այս առումով նմանվի խոստովանության կամ ապաշխարանքի, ոչ թե քննադատության կամ քարոզի։ Արվեստը մի կախարդական ուժ ունի, որը գործում է, միայն երբ սրտաբաց է։ Այդ կերպ ամեն մեկը կարող է իրենը քաղել արվեստից եւ ոգեշնչված՝ ազատ կարծիք ձեւավորել եւ ներքուստ աճել։

«Հոգաբարձուներ» կարճամետրաժ ֆիլմդ նման էքսպերիմե՞նտ է։

«Հոգաբարձուները» էթիկական նորմերի շուրջ երկխոսություն է եւ մասնագիտական դաշտում անկեղծ լինելու կամ չլինելու մասին է։

Հարցազրույցներիցդ մեկում ասում ես, որ ֆիլմը մահվան շուրջ է, բայց ոչ մահվան մասին։

Այո, մահվան մասին չէ, հաստատ։ Եվ կրկին․ այն ինչ-որ խնդիր չի լուծում, այլ ուղղակի ցույց է տալիս մահվան շուրջ (կամ մահվան սպասման շուրջ) տեղի ունեցող մի իրավիճակ ու այդ իրավիճակի դետալներ։

Նյույորքյան դպրոցը (արեւմտյան կինոդպրոցը) կինոստեղծողի առաջ ի՞նչ խնդիր է դնում։

Միանշանակ պատասխան տալ չեմ կարող տալ, բայց, կարծում եմ, նախեւառաջ կարեւորում են story-ն (պատմությունը)։ Հնարավոր չի լավ բան նկարել առանց մանրամասն ու անկեղծ պատմության։ Խոսքը բառերի, դիալոգների մասին չէ, այլ հենց բուն պատմության, որը կա ֆիլմի հիմքում, որտեղ կա մտքի շատ ամուր տրամաբանություն։ Կարճ ասած՝ մի՛ խոսիր, ցու՛յց տուր։ Նաեւ սա է։

Տեքստը՝ այս դեպքում դիալոգը, նույնպես կարող է շատ բան «ցույց տալ»։

Ամեն դեպքում լսարանին պետք չի ցույց տալ այն, ինչ ակնհայտ է։ Լսարանի հասկանալու պոտենցիալը թերագնահատելը սխալ է․ պիտի փորձել ընկալման նոր անկյուններ բացել։

Իսկ ինչ վերաբերում է տեքստին, ապա այն ռեժիսորի «հումքն» է։ Դիալոգների զգալի մասը կարելի է փոխարինել էմոցիոնալ դրսեւորումներով․․․ Այս առումով արեւմուտքը գնահատում է նաեւ կինոմտածողությունն ու ռեժիսորական յուրօրինակ լուծումները, հերոսների՝ խորը մշակված, դետալային ներկայությունը։ Հայկական կինոն դեռ սիրում է հենվել կարծրատիպային կերպարների վրա, իսկ սա մեծ խնդիր է միջազգային շուկա դուրս գալու համար, քանի որ միջազգային կինոհանրությունն այդ շաբլոններին շատ վաղուց ու լավ ծանոթ է եւ փնտրում է նոր կերպարներ եւ «չլսված ձայներ»։

Նյույորքյան պատումը, օրը (ուսանող լինելուց զատ) ու հայաստանյան պատումն ու օրը։ Դիալոգների տարբերությունը, պատմությունների տարբերութունը․․․

Նյու Յորքում ամեն ինչ պլանավորված է, բայց ոչ կանխատեսելի։ Ամեն ինչի պլանավորումը հենց հաջողվելու համար է։ Առավոտյան սուրճը, լողանալը, տնից դուրս գալու պատրաստությունն անգամ նախապես պլանավորված է, ու դու ուղիղ գնում ես, կատարում այն, ինչ նախագծել ես, ու քեզ արդեն սպասում են կոնկրետ ժամի, կոնկրետ ակնկալիքներով։

Ոչինչ սպոնտան չի, եւ չնայած շեղումն էլ հնարավոր բան է, բայց պետք է լինել նրբանկատ ուրիշների հանդեպ. քո գրաֆիկի խախտումն ու շեղումը ուրիշների պլանների խախտումն ու շեղումն է․ այնտեղ ամեն բան փոխկապակցված է։

Նույն կերպ նկարահանվում է կինոն։ Ինձ համար նույնիսկ զարմանալի է, թե լավագույն մասնագետներն այնտեղ ինչպիսի հեշտությամբ են աշխատում․ թվում է՝ բան չեն անում։ Ամեն բան նախօրոք «կատարված» է, եւ դրա հետեւանքով բուն գործընթացը լավագույնս արդյունավետ է։

Հայաստանում, կարծես, նշաձողը շատ բարձր է, բայց չկա ոգեւորվածություն, միասնական աշխատանքի էներգիա, ռիթմ, սեփական եւ դիմացինի աշխատանքի նկատմամբ հարգանք։

Հիմա դու ինչպե՞ս ես այստեղ աշխատում, այս միջավայրն ինչպե՞ս է քեզ դիմավորել, քո պահանջներն ինչպե՞ս են ընկալվում։

Շատ ուրախ եմ, որ հանդիպել եմ բազմաթիվ բանիմաց ու հետաքրքիր անձնավորությունների․ նրանց, ովքեր պատրաստ են լսել, հետաքրքրված են միասին աշխատելու գաղափարով, ուզում են ստեղծել նորը, լավը։ Ես նրանց մեջ շատ եմ ոգեւորվում ու լցվում նոր ուժերով։ Սակայն կան, իհարկե, զգալի բարդություններ նույնպես։

Դերասանները, օրինակ, շատ դեպքերում չեն կարող բավականաչափ ժամանակ հատկացնել իրենց դերի վրա աշխատանք տանելու համար կամ խուսափում են որոշ դերերի ժամանակ չափից դուրս անկեղծանալուց, մերկանալուց։

Մյուս բարդությունը ֆինանսականն է. չկա փող, եւ, ցավոք, անկախ «երիտասարդ» կինոյին այսօր գումար գրեթե չի հասնում։ Գերադասում են նկարել այն, ինչը, ըստ տվյալների, վաճառվում է տեղական եւ ԱՊՀ որոշ շուկաներում, բայց կարող է վաճառվել նաեւ «ուրիշը»։

Ուզում եմ՝ թիրախ վերցնենք միջազգային անկախ կինոշուկան, որտեղ մենք դեռ մուտք չենք գործել ու փորձեր անենք նկարել կարեւոր հարցեր բարձրացնող, ինտելեկտուալ կամ բարձր արվեստ պարունակող ֆիլմեր։ Միջոցներ ու հարթակներ են պետք հենց այդ փորձերի համար, ինչպես օրինակ, ամերիկյան Սանդանս ինստիտուտն է, որն ունի միջազգային հարթակներ տարբեր երկրներում։

Պետք է կարողանամ եղած պայմաններում աշխատել ու, մեկ է, փորձել անել այն, ինչ նախատեսել եմ։

«Հոգաբարձուներ» կարճամետրաժի մասին հարցադրումներս շատ էին, բայց դա թող մնա մեկ այլ առիթով (երբ ընթերցողն էլ արդեն ֆիլմին ծանոթ կլինի), մի հարց միայն կառանձնացնեմ։ Ինչպես հասկացա, ֆիլմի ավարտը հատկապես շատ ես կարեւորում նախընտրում ես այլընտրանքային մի տարբերակ։

Ֆիլմի ավարտն առհասարակ իմ ամենամեծ մարտահրավերն է։ Երբեք չեմ գրում սցենարը՝ նախապես իմանալով ավարտը։ Կարեւորում եմ ընթացքը եւ ընթացքում ծնված դետալներն ու կերպարների վարքագիծը։ Սա է երեւի պատճառը, որ չեմ նախընտրում մոնումենտալ վերջաբան, «հեփփի-էնդեր» կամ դետեկտիվային պարզության բացահայտումներ․․․

Ինձ համար ֆիլմի ավարտը կարող է լինել ամենանուրբ էմոցիոնալ մի դրսեւորում, աննշան մի հեւոց կամ շշուկ, հոգեվիճակ, որը պիտի դառնա նոր ստատուս քվո։

Որպես երազանք-թիրախ ձգտում եմ այնպիսի ավարտի, որը մաթեմատիկական ճշգրիտ ալգորիթմի պես պատասխաններ կտա ֆիլմի ընթացքում տրված հարցերին, բայց ոչ թե իրադարձությունների տեսքով, այլ խորը էմոցիաների...

Սա երեւի մասնագիտական ամենամեծ մարտահրավերն է։

Այդպիսի ճշգրտության դեպքում կինո-իրականություն համեմատության եզր մնու՞մ է։

Այսպիսի ճշգրտությունը կամ պետք է հեշտ ու ինքնաբերաբար ստացվի, ասես ընկնի իր տեղը, կամ էլ չլինի բացարձակապես։ Բայց կինոն ոչ ոքի չի խոստանում լինել բացարձակապես ճշմարտացի․ այն ուղղակի խոսում է, ինչպես կխոսեր աշուղը՝ մի տեղ հումոր, մի տեղ հորինվածք, մի տեղ ճշմարտություն, մի տեղ հատուկ մոլորեցում, բայց այնպես, որ դու ընկնես ստեղծված ռիթմի մեջ, հավատաս ու տեղափոխվես այդ աշխարհ։

Սա բավական է։

Լուսանկարները՝ Սուրեն Թադեւոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter