HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էթիկայի հանձնաժողովը «Հետքի» հրապարակման հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկել հարկային մարմնի պաշտոնյային

Հունվարի 1-ից մինչ այսօր հայտարարագրմանն առնչվող ժամկետային, ընթացակարգային և բովանդակային առերևույթ խախտումների առնչությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումներով հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ավելի քան 70 վարույթ:

Այդ վարույթներից մի քանիսը վերաբերում են «Հետք»-ի հրապարակումներին: «Հարկայինի երկարամյա պաշտոնյան Բուլղարիայում բնակարան ու այլ անշարժ գույք է գնել, ընկերություն հիմնել» վերնագրով հոդվածը վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ հրապարակման հիման վրա հունվարի 30-ի որոշմամբ հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի վարույթ:

Հանձնաժողովը հաստատված է համարել, որ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության Ստուգումների թիվ 11 բաժնի պետ Արթուր Եթիմյանի հայտարարագրում «Վանաբուրգ» և «Վանբուրգ» ՍՊԸ-ների կանոնադրական կապիտալում նրա ունեցած բաժնեմասերը հայտարարագրված չեն եղել: Հանձնաժողովը պարզել է, որ «Վանաբուրգ» ՍՊԸ-ն լուծարվել է «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-260-Ն օրենքի համաձայն:

Հանձնաժողովի փետրվարի 12-ի որոշմամբ` Ա. Եթիմյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք 200.000 դրամի չափով:

Միաժամանակ, Հանձնաժողովի ուսումնասիրություններով չի հաստատվել, որ Արթուր Եթիմյանի կողմից Բուլղարիայի Հանրապետությունում առկա անշարժ գույքը չի հայտարարագրվել: Վկայակոչված անշարժ գույքն օտարվել է 2014թ., հետևաբար այն հայտարարագրման ենթակա չէր, քանի որ Ա. Եթիմյանը ներկայացրել է իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր:

Հանձնաժողովն ուսումնասիրման առարկա էր դարձրել նաև «Հետք»-ի՝ «Հայ պաշտոնյաների չհայտարարագրված ուկրաինական բիզնեսը» վերնագրով հոդվածը: Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարագրում «Բիզնես-Տեխնո Պլազա» ՍՊԸ-ի անվանման հետ կապված նշված է եղել «Բիզնես-Տեխնո Պլաստ», սակայն եղել է անճշտություն` բաժնեմասի չափի հետ կապված:

Գրել էինք, որ Արման Սահակյանը և Կիևում հաշվառված Արման Բարսեղյանը 2005-ի նոյեմբերին 50-50 համամասնությամբ Ուկրաինայի մայրաքաղաքի Մելնիկով 12 հասցեում գրանցել են «Առևտրային տուն «Մանթաշով»» ՍՊԸ-ն: Կանոնադրական կապիտալը 3.785.402 գրիվնա է (մոտ 64 մլն դրամ): Գործարար պատգամավորն ուկրաինական ընկերությունում շահառու, բենեֆիցիար չի եղել: Այդպիսին գրանցված է նրա գործընկեր Արման Բարսեղյանը, ով նաև ընկերության տնօրենն է: Եթե Սահակյանը «Առեւտրային տուն «Մանթաշով»» ՍՊԸ-ից շահաբաժին չունի, փաստ է, որ 50 տոկոսի (շուրջ 1,9 մլն գրիվնա կամ մոտ 32 մլն դրամ) փայատեր է: Այնինչ էթիկայի հանձնաժողովի կայքում բացակայել են պատգամավորի՝ 2012-ին և 2017-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը, որոնցում նա պարտավոր է ներկայացնել նաև ուկրաինական սեփականությունը: 

Գրել էինք նաև, որ 2005թ-ի սեպտեմբերին Մարտին Սարգսյանը Լվովի մարզի Բորիսլավ քաղաքում հիմնադրել է «Սար-Մով» ՍՊԸ-ն: Նրա գործընկերներն են եղել Վահագն Մովսիսյանն ու Հարություն Խուրշուդյանը: Վերջինս շատ շուտ դուրս է եկել մասնակիցների կազմից, ընկերության 33.000 գրիվնա (554.000 դրամ) կանոնադրական կապիտալը հավասարաչափ կիսել են Սարգսյանն ու Մովսիսյանը: Մարտին Սարգսյանը 2012 և 2014 թվականներին ներկայացրել է պաշտոն ստանձնելու հայտարարագրեր, բայց երկու դեպքում էլ չի նշել ուկրաինական բիզնեսում մասնակցության եւ դրանից ստացած շահաբաժնի մասին:

Հանձնաժողովը պարզել է, որ հրապարակման մեջ հիշատակված ընկերությունների կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերն Արման Սահակյանը և Մարտին Սարգսյանը չեն հայտարարագրել այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունների գործունեությունը դադարեցված է: Վերոնշյալ հայտարարատուները Հանձնաժողովի նախաձեռնությամբ վերացրել են իրենց հայտարարագրերում վերհանված անհամապատասխանությունները:

Բացի այդ, Ա. Սահակյանի 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը հրապարակված չի եղել՝ նկատի ունենալով նրա կողմից միայն էլեկտրոնային հայտարարագրի ներկայացված լինելու հանգամանքը: Սահակյանի հայտարարագրի թղթային տարբերակի ստացումից հետո նրա հայտարարագիրը հրապարակվել է:

«Այս առնչությամբ, հարկ է նկատի ունենալ, որ հայտարարագրմանն առնչվող խախտումների և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցների վերաբերյալ օրինադրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից և կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ»,- պարզաբանում է հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ ավելի վաղ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել և որոշել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նշանակելով 300 000 դրամ տուգանք:

Հանձնաժողովը հաստատված էր համարել Առուշ Առուշանյանի կողմից իր հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու փաստը: Մասնավորապես այն, որ շահաբաժնի տեսքով ստացված եկամտի վերաբերյալ տվյալները լրացված չեն եղել: Աշխատանքի վարձատրությունից ստացված եկամտի չափի վերաբերյալ տվյալի մասով ևս հայտնաբերվել էր անհամապատասխանություն: