HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Whole Lotta Love». խաղ հաջողության ճանապարհին

1962թ. ամերիկացի բլյուզմեն Մադի Ուաթերսը` Չիկագոյի  բլյուզի հայտնի հայրը, «Chess Records»-ի հետ թողարկեց «You Need Love» երգը: Ինչպես մեզ արդեն հայտնի «You Shook Me»-ում էր, այստեղ ևս ցայտուն ընդգծված էին Ուաթերսի վոկալ առանձնահատկւթյունները, ավելի ճիշտ՝ դրանք գերազանցում էին և՛ երաժշտությունը, և՛ գործիքավորումը (կիթառահար՝ Ըրլ Հուքերի բենդով): Երգի տեքստի հեղինակը դարձյալ Ուիլի Դիքսոնն էր՝ ամերիկացի հայտնի երաժիշտ և երգահան:

You՚ve got yearnin՚ and I got burnin՚

Baby you look so ho sweet and cunnin՚

Baby way down inside, woman you need love

Woman you need love, you՚ve got to have some love

I՚m gon՚ give you some love, I know you need love…

Հենց այս բառերը և, հավանաբար, երգն էլ պիտի առիթ դառնային զեփելինյան մի փայլուն գործի, որը հետագայում, խմբի մի քանի այլ երգերի նման պիտի դատական նժարներին դներ իր հաջողության ու նաև դրանից բխող հեղինակային պատկանելության շուրջ գլուխկոտրուկները: Խոսքը «Whole Lotta Love» երգի մասին է:

Լեգենդար «Led Zeppelin»-ի կյանքում, ինչպես համոզվել եմ, նման պատմությունները բացառիկ չեն եղել: Երգ կամ երաժշտություն, երբեմն գաղափար «թռցնելու» մեջ  խմբին մի քանի անգամ են մեղադրել իրենց տարբեր ու շատ հայտնի երգերի առիթով՝ «You Shook Me», «Since I've Been Loving You», «Stairway To Heaven», «Dazed and Confused», «The Lemon Song», «Bring It on Home»...

Այս մեկը՝ «Whole Lotta Love»-ը, դարձավ «Led Zeppelin»-ի առաջին հիթային սինգլը, որը միաժամանակ ներգրավվեց ու շրջագայեց աշխարհի տարբեր երաժշտական խորագրերում՝ առաջնորդելով բարձր վարկանիշային շարքեր:

«Whole Lotta Love»-ը դատական քաշքշուկների մեջ ներգրավեց խմբին և լեգենդար բլյուզմեն Ուիլի Դիքսոնին անհասկանալիորեն 1985թվականին, թեև թողարկվել և իր երաժշտական փոթորիկն արդեն պտտել էր 1969 թվականից: Այն ընդգրկված էր խմբի երկրորդ՝ նույն տարում լույս տեսած «Led Zeppelin II» ալբոմում և հանդիսանում էր ալբոմի, այսպես ասած, մուտքը ապահովող թրեքը:  Սինգլը թողարկվեց ԱՄՆ-ում, ապա` եվրոպական մի քանի երկրներում և Ճապոնիայում: Գերմանիայում այն գրավեց լավագույն հիթերի առաջին հորիզոնականը, իսկ ահա ԱՄՆ-ում «Whole Lotta Love»-ը ճանաչվեց Ոսկե ձայնագրություն:

Տասնամյակներ անց էլ, երգը համարվում է խմբի լավագույն և ամենահայտնի գործերից մեկը, որը փայլում է հատկապես և առաջին հերթին Ջիմի Փեյջի կիթառի ռիֆով, որից հետո՝ Փլանթի բռնկուն ու անկրկնելի վոկալի խաղերով: Խաղ, որը հերթական անգամ նրանց մատնացույց արեց մեղադրյալի աթոռն ու վերջապես ավարտվեց երկկողմ համաձայնությամբ՝ հօգուտ Դիքսոնի:

Ադրադառնալով Փեյջի նշանավոր ռիֆին, որի վրա կառուցվել է ողջ «Whole Lotta Love»-ը, խմբի բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը մի առիթով ասել է, որ այն Փեյջը «գտել է » բեմում՝ համերգներից մեկի ժամանակ, իմպրովիզացիոն կատարման ընթացքում: Լեգենդար ռիֆի հեղինակը, սակայն, այլ բան է պատմում՝ բոլորովին չհամաձայնելով այս մեկնաբանության հետ:

«Ո՛չ ո՛չ, բացարձակապես սխալ է դա,- ասում է Ջիմի Փեյջը հարցազրույցներից մեկում,- դա միասնական աշխատանքի արդյունք էր, երբ մենք երկրորդ ալբոմի համար ինչ-որ մեղեդի նվագելու փորձեր էինք անում: Երբ ես այդ ռիֆը վերցրեցի, բոլորը իմ տանն էին, և մենք բռնվեցինք հենց դրանից: Այնպես որ, այն երբևէ ելույթ ունենալիս չէր կարող ստեղծված լինել»: 

Այո՛, այս պատմության մեջ վերոնշյալ թեմայի կողքին հետաքրքիր են նաև երգի ստեղծման հետ կապ ունեցող տարբեր մարդկանց մեկնաբանությունները: Դրանք ևս տարբեր են, և երբեմն՝ իրար հակասող: Փեյջը մեկ այլ առիթով էլ ասում է, որ կիթառի այս հանրահայտ ռիֆը նրա մոտ ստեղծվել է 1968թ. ամռանը, Թեմզայի վրա գտնվող իր գեղեցիկ տան  փորձասենյակում: «Կարծում եմ՝ այն ծնվեց քանթրի ռոքի ու նրա կիթառահարների երկարատև կատարումների  հանդեպ ունեցած իմ հին սիրո արդյունքում: Բայց երբ ստացա ռիֆը, զգացի, որ այն բավականաչափ հզոր է ոչ միայն երգ դարձնելու, այլև ամբողջությամբ քեզ վրա վերցնելու համար: Մի քանի շաբաթ անց, երբ իմ հյուրասենյակում ներկայացրեցի խմբին, մեր առաջին ալբոմի փորձերի ժամանակ, այն տեղում բոլորին տպավորեց: Մենք հասկացանք, որ այդ ռիֆը արգելված պտուղի նման մեզ դեպի ինքն է ձգում»: 

Իսկ ահա Ռոբերտ Փլանթի խոստովանությամբ՝ անպարկեշտ ակնարկներով լի այս տեքստում ինքը ամբողջական հատվածներ է օգտագործել Դիքոնի տեքստից:

Ի դեպ, Դիքսոնից բացի, մինչ այդ ի հայտ էր եկել ևս մեկ մեղադրող կողմ. 1966թվականին, բրիտանական «Small Faces» ռոք խումբը Դիքսոնի նույն երգը, այս անգամ «You Need Loving » անվամբ, ձայնագրել էր իր դեբյուտային՝ «Small Faces» ալբոմի համար: Խմբի կիթառահար և վոկալիստ Սթիվ Մարիոթը զեփելինյան կատարումից հետո ասել է, որ Փեյջն ու Փլանթը բազմիցս ներկա են եղել իրենց ելույթներին, որտեղ հստակ արտահայտել են իրենց հետաքրքրվածությունը այդ երգի հանդեպ: Նա նաև գտնում էր, որ Փլանթի կատարման մեջ շատ նմանություններ կան իր հետ՝  որոշ արտահայտություններում նույնիսկ ամբողջովին կրկնելով իրեն:  «Small Faces»-ի ալբոմում «You Need Loving »-ի անվան դիմաց որպես հեղինակ նշվել էին իր և բաս կիթառահար Ռոնի Լեյնի անունը: Ու թեև Դիքսոնի անունն այդպես էլ տեղ չունեցավ այստեղ, այնուամենայնիվ, նրան «Small Faces»-ի հեղինակային իրավունքների խախտումն այդքան չանհանգստացրեց, որքան «Whole Lotta Love»-ի դեպքում, այն էլ՝ երգի թողարկումից  տասնվեց տարի անց: Այս ժամանակային տևողությունը նա մեկնաբանել է մի անհավանական պատճառաբանությամբ՝ ինքը «Whole Lotta Love»-ի մասին գաղափար անգամ չի ունեցել, և օրերից մի օր իր դուստրը ցույց է տվել այն իրեն: 

Ի դեպ՝ ամեն դեպքում նշեմ, որ «Small Faces»-ի «You Need Loving »-ին վիճակված չէր «Whole Lotta Love»-ի միլիոնավոր վաճառքն ապահովել:

Ջիմի Փեյջն իր պաշտպանական մեխը երգի հիմնական կառույցն ու հզրորությունը պայմանավորող ռիֆի վրա էր հենում, որի օրիգինալությամբ էլ պայմանավորում էր Դիքսոնի երգի հետ, իր կարծիքով, կապ չունենալու հանգամանքը:

«Հետագայում որոշ մարդիկ ասացին, որ «Whole Lotta Love»-ը ստեղծվել է Ու. Դիքսոնի «You Need Love »-ի հիման վրա և «Small Faces»-ի «You Need Loving »-ի նմանությամբ,- ասում է Փեյջը «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով նաև Փլանթի մեկնաբանությունը,-  իմ ռիֆը՝ ողջ երգի հիմքը, բոլորովին նման չէ ո՛չ առաջինին, ո՛չ էլ երկրորդին: Ռոբերտը հիշատակել է Դիքսոնի տեքստը, որովհետև ընդամենը դա էր հարմարեցրել իմ ռիֆին: Հետագայում մենք դրա պատճառով ստիպված եղանք Դիքսոնին ընդունել որպես մեր երգի համահեղինակ: Բայց եթե հանեք այնտեղից Ռոբերտի վոկալը, ապա նմանության որևէ երաժշտական նշույլ անգամ չեք գտնի այդ երկու երգերի հետ»:

Արդյունքում խումբը ստիպված եղավ համաձայնել վճարել նաև Դիքսոնին և հետագա բոլոր ձայնագրություններում իբրև հեղինակի ընդգրկել նաև իր անունը:

Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Փլանթը  բլյուզի մեծ երկրպագու է: Բացի այդ՝  նա գիտեր Ուիլի Դիքսոնին և մեծ համակրանք ուներ նրա ստեղծած գործերի հանդեպ: Այս պատմության դատական հայցն ի օգուտ Դիքսոնի լուծվելու առիթով, նա ամերիկյան «Musician» ամսագրին ասել էր.

«Փեյջի ռիֆը միայն Փեյջի ռիֆն էր, և այն կար ամեն ինչից առաջ: Ես ուղղակի մտածեցի. « Լավ, բայց ի՞նչ պիտի երգեմ»: Այդ էր, որ կար, թռցրի: Իսկ հիմա ուրախությամբ վճարեցի դրա դիմաց: Այն ժամանակ շատ քննարկումներ եղան, թե ինչ անենք, հետո որոշվեց, որ բավականին երկար ժամանակ էր անցել և ազդեցությունն էլ արդեն…  Այսպես: Բայց դու բռնվում ես միայն այն ժամանակ, երբ հաջողակ ես դառնում: Հենց այստեղ է խաղը»:

«Whole Lotta Love»-ի ստեղծման մեջ մեծ ներդրում է ունեցել նաև ձայնային ինժեներ Էդդի Կրամերը, ում պրոֆեսիոնալ միքսերի, էֆեկտների, հնչյունային տարբեր միաձուլման արձագանքն է երգի  հատկապես միջին հատվածը: Ջիմի Փեյջի վերոնշյալ ռիֆը համարվում է բոլոր ժամանակների լավագույն կիթառային ռիֆը:


Այս պատմությունից հետո «Led Zeppelin»-ի դեմ դատական մի քանի նոր հայցեր են եղել, որոնք հիմնականում նույն՝ գրագողության մեղադրանքներով են եղել: Հավանաբար խմբի համար էլ սա է խաղ եղել: Բայց այս ամենի մեջ, ուրիշի ստեղծածն անարդար ձևով քեզ վերագրելուց բացի՝ մի կարևոր բան  էլ կա. «Led Zeppelin»-ը կարողացել է դրանք դարձնել այնպիսին, ինչպիսին կան մինչ օրս՝ մի քանի տասնամյակ անց. նույնչափ հզոր ու իրենց կատարման մեջ անգերազանցելի:  Դրանք երաժշտական անկրկնելի փոխակերպումներ են՝ իրենց բնօրինակներից տարբեր անվանումներով ու ինքնատիպ կառուցվածքով, որը շատերին այդպես էլ չի հաջողվել կրկնել, քավըրի վերածել՝ միմիայն զեփելինյան կնիքը կրելու պատճառով: Եվ որպես կանոն, այս փոխակերպումները դարձել են առավել հզոր ու արժեքավոր ձայներ, քան բնօրինակները:

գլխավոր լուսանկարը՝ www.rollingstone.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter