Բերդի համայնքապետը սերմացու է գնել և պարտավորությունը չկատարելու հետևանքով հայտնվել է դատարանում
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը հայտնվել է դատարանում։ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ համայնքապետից պահանջելով 798 հազար դրամ:
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի և Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև 2016թ. կնքվել է էլիտար սերմ գնելու պայմանագիր: Մանուչարյանին հատկացվել է տեղական սերմ արտադրողներից ձեռք բերված աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 2100 կգ սերմացու:
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ Հարություն Մանուչարյանին սերմացուն հատկացվել է Կառավարության 2015թ. օգոստոսի 31-ի «Տեղական սերմարտադրողների և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուների ձեռքբերման և բաշխման գործընթացը կազմակերպելու մասին» թիվ 1001-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հարություն Մանուչարյանի հետ կնքված պայմանագրի համաձայն, վերջինս պարտավորվել է մինչև 2017թ. օգոստոսի 31-ը կրկնակի չափով՝ 4200կգ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու վերադարձնել ՊՈԱԿ-ին:
Վլադիմիր Մանուկյանը տեղեկացրեց, որ կողմերի միջև կնքված պայմանագրով աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի 1կգ արժեքը՝ ներառյալ տեղափոխման և այլ ծախսերը կազմել է 190 դրամ, իսկ կրկնակի վերադարձման պայմանով՝ 380 դրամ:
ՊՈԱԿ-ի տնօրենը, դարձյալ հիշատակելով կնքված պայմանագիրը, նշեց, որ հատկացված աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ընդհանուր արժեքը կազմել է 798 000 դրամ (380x 2100կգ):
Հարություն Մանուչարյանը չի կատարել պայմանագրային պարտավորությունները և այդ հիմքով «Սերմերի գործակալությունը» փետրվարի 15-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ համայնքապետից պահանջելով 798 000 դրամ:
Այս գործով առաջին դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 8-ին:
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դատական կարգով գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել նաև Գորիսի ավագանու անդամ Լյովա Արզանյանին: Վերջինս, խախտելով պայմանագրի կետերը, ՊՈԱԿ-ին պետք է վերադարձնի 1 մլն 140 հազար դրամ: Այս գործն էլ քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը այս տարի գումարի բռնագանձման պահանջով արդեն 9 հայցադիմում է ներկայացրել տարբեր քաղաքացիների դեմ: Նախորդ տարիներին հարուցված դատական գործերի թիվը հասնում է մի քանի տասնյակի:
Մարզպետարանները՝ դատարաններում
Դատարաններում պատասխանողների կարգավիճակում հայտնվել էին նաև մարզպետարանները, որին «Հետք»-ն արդեն անդրադարձել է: 2012-2017 թվականների ընթացքում Հայաստանի մարզերին տրամադրվել էր 10 սորտի՝ «Կոլլեգա», «Վասսա», «Գրոմ», «Գրացիա», «Բատկո», «Կրասնոդարսկայա 99», «Տանյա», «Նոտա», «Եսաուլ», «Յուբիլեյնայա 100» մոտ 12,966 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուի 1 կիլոգրամի գինը եղել է 160 դրամ:
Գյուղատնտեսության նախարարության գրության հիման վրա բոլոր մարզպետարանները ներկայացրել էին իրենց մարզում առկա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի վճարունակ պահանջարկը: Դրանից հետո, կառավարության որոշման հիման վրա, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը պայմանագրեր է կնքել մարզպետարանների հետ, և սերմացուն տրամադրվել է մարզպետարաններին: Համայնքների շահառուներին սերմացուների հետագա բաշխման և հսկողության գործառույթները վերապահվել են մարզպետարաններին: Վերջիններս սերմացուն հատկացրել են համայնքների բնակիչ շահառուներին, սակայն վերջիններս ժամանակին գումարները չեն փոխանցել և մարզպետարանները հայտնվել են դատարանում:
Գեղարքունիքի մարզպետարանի դեմ, հօգուտ «Սերմերի գործակալության», դատարանն արդեն վճիռ կայացրել է:
Դատարանը որոշել է Գեղարքունիքի մարզպետարանից հօգուտ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի բռնագանձել՝ ընդամենը 5,055,100 դրամ գումար, որից՝ 3,201,000 դրամը որպես աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի, իսկ 1,854,100 դրամը՝ գարնանացան գարու և առվույտի սերմացուի դիմաց պարտքի գումար: Սկսած 2016թ. նոյեմբերի 12-ից մինչև պարտավորության դադարման օրը 3,201,000 դրամ գումարին հաշվեգրել և մարզպետարանից հօգուտ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի բռնագանձել տույժ յուրաքանչյուր օրվա համար չփոխանցված գումարի 0,05%-ի չափով:
Բացի այդ, 2016թ. փետրվարի 18-ից սկսած մինչև պարտավորության դադարման օրը 1,854,100 դրամ գումարին հաշվեգրել և մարզպետարանից հօգուտ ՊՈԱԿ-ի բռնագանձել տույժ յուրաքանչյուր օրվա համար չփոխանցված գումարի 0,05%-ի չափով: Այս գումարներին ավելացել է նաև Գեղարքունիքի մարզպետարանից հօգուտ պետական բյուջեի գանձման ենթակա տուրքերը:
Տավուշի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզպետարանների դեմ դատական գործերի քննությունը շարունակվում է: Շիրակի մարզպետարանի դեմ ներկայացված հայցադիմումից ՊՈԱԿ-ը հրաժարվել է, և գործը՝ կարճվել: Վայոց ձորի մարզպետարանը հաշտության համաձայնագիր է կնքել և պարտավորվել է փուլ առ փուլ մարել պարտքը:
Լուսանկարում Հարություն Մանուչարյանն է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել