HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալացի ձկնորս. «Եթե ձուկը պոչերի մեջ սատկած չի, խի՞ չտեի ուտիլ»

Ուռկանն ուսին, գուդեն վիզը գցած՝ ամեն առավոտ 66-ամյա Դավիթ Խանումյանն անցնում է Ախթալայի Բարիտ թաղամասի գծանցն ու հայտնվում Դեբեդին հարող հենապատի մոտ: Հենապատի վրայից ձկնորսն իր ինքնաշեն ուռկանով ձուկ է բռնում: Դավիթն ապրում է գծանցից մոտ 100 մետր վերև գտնվող Ախթալայի Բարիտ թաղամասի քարե շենքերից մեկում: Միայնակ է ապրում: Պատմում է, որ արտագաղթը քայքայել է իր ընտանիքը: Նրա 3 զավակներից երկուսը մեկնել են արտերկիր: Ավագ տղան և կինը՝ Էլիչկան, բնակվում են Վրաստանի հայկական Խոժոռնի գյուղում: Սկզբում Դավիթը կնոջ ու տղայի հետ նույնպես ապրել է Խոժոռնիում: Մի օր որոշել է ընտանիքով տեղափոխվել Ախթալա՝ իր հայրական տուն: Կինը և 42-ամյա որդին չեն համաձայնել: Դավիթն արդեն 5 տարի է Ախթալայում մենակ է ապրում: «Սկզբում պարապ էի, ուր գնում էի աշխատանք ուզելու, ասում էին՝ մեծ ես: Լավ, որ մեծ եմ, մեծ մարդն ուտել չի՞ ուզում: Թոշակ և նպաստ չէի ստանում: Հիմա նոր 30 հազար դրամ թոշակ եմ ստանում»,-պատմեց նա:

«Դավիթը հոյակապ մարդ է, աղքատ է: Վինուժդենի գալիս է ձուկ  բռնում, իր օրվա հացը վաստակում»,-ասաց հենապատի դիմաց՝ երկաթգծի վրա աշխատող բանվորներից Ա. Բերոյանը:

Դավիթի ասելով` ձուկ բռնելու իր տարածքը սկսվում է Ախթալայի ճոպանուղու տակից, հասնում է մինչև Ախթալայի ԼՀԿ-ի պոմպակայան: Այդ պոմպակայնի մոտից է ԼՀԿ-ն կոմբինատի պոչերը լցնում Դեբեդ: Ձուկ բռնելիս Դավիթն իր տարածքից աջ ու ձախ չի թեքվում: «Դեբեդը լավ գետ է, ուղղակի գետի մեջ շատ են կեղտ լցնում: Էդ Ալավերդու պղնձաձուլական գործարանն ա,  էդ հանքերի ջրերն ա: Ամեն բնակավայրից լցրած աղբն ու կեղտը գալիս է, գետի ջրի երեսին կանգնում: Ուռկանը գցում եմ, մեկ էլ տեսնում եմ` լցված է Ալավերդու պղնձաձուլական գործարանի շլագով: Ամեն ինչ էլ լցնում են գետը: ԼՀԿ-ի պոմպակայանի մոտից ԼՀԿ-ի գեցեղկն (նկատի ունի պոչանքը-Լ.Պ.) են լցնում: Մի քիչ վերև Թեղուտ ՓԲԸ-ի պոչանքներն են թափվում: Որ էտ ամենը չլցնեն, գետը լավը կլինի»,-ասում է ձկնորսը:

Դավիթը գետից հիմնականում բեղլու, մուրծո ձկնատեսակներն է բռնում: Ասում է` ձկնորսությամբ զբաղվելու 5 տարիներին միայն երկու անգամ է Դեբեդում կարմրախայտ տեսել: Գետ թափվող պոչանքների մասին Դավիթն ասաց. «Ինչ տարբերություն, թե պոչանքները որտեղից են գետը լցնում: ԼՀԿ-ն էստեղից է լցնում, ես եմ էստեղ ձուկ բռնում: Թեղուտի պոչանքերը գետը թափելու վայրից էլ մեկ ուրիշ ձկնորս է ձուկ բռնում»: Դեբեդի աղտոտվածությունը տեսնելուց հետո անգամ Դավիթն իր բռնած ձուկն ուտում է: «Եթե ձուկը Դեբեդում կամ Ախթալա գետից եկող պոչանքների մեջ սաղ ա,  ոչ մի բան էլ չկա, վտանգավոր չի, կարելի է արխեին ուտել: Եթե վտանգավոր լիներ, էնա ձուկը էդ նյութերն ուտելուց հետո կսատկեր»,-ենթադրում է նա:

Մեզ հետ զրույցում Դավիթը պնդում էր, թե ձուկն ապրում է մաքուր ջրերում: «Փաստորեն, Դեբեդի ջուրը էնքան կեղտոտ չի, որ ձուկը գետի մեջ կարում է  ապրի»,- ասում է նա: Ձկնորսը սեփական հետազոտությունն է կատարել. «Մի մեծ ամանի մեջ մեր կրանտից ջուր լցրեցի, Դեբեդի կենդանի ձուկը գցեցի ջրի մեջ: Ձուկը սատկեց, որովհետև մեր խմելու ջրի մեջ քլոր կա: Դեբեդում դեռ այդպիսի ձուկ չեմ հանդիպել, որ քլորացված խմելու մեր ջրում ապրի»,- ասում է Դավիթը:

Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի մեկնաբանությամբ` խմելու ջրի նորմայից շատ քլորացման դեպքում քլորը կլանում է ջրի թթվածինը, իսկ ձուկն առանց թթվածին ջրում չի կարող ապրել: Է. Ղուկասյանի խոսքով` ձուկը գոլ ջրից միանգամից սառը ջրի մեջ տեղափոխելու դեպքում նույնպես կարող է սատկել: ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ կան նաև ձկներ, որոնք չեն կարողանում ապրել մաքուր ջրում: Ա. Սաղաթելյանը հիշեց, որ դեռ մի քանի տարի առաջ իր ղեկավարած էկոլոգանոոսֆերային կենտրոնը հետազոտել է Դեբեդի ձկան նմուշներ: Ձկների լյարդում հայտնաբերվել են ծանր մետաղներ: Ա. Սաղաթելյանը ենթադրում է, որ ուտողները ձկան փորոտիքը հանելիս հեռացնում են նաև նրա լյարդը: Գիտնականը կարևորեց Դեբեդի ձկնատեսակների առավել մանրազնին հետազոտումը, սակայն նշեց, որ  դա շատ թանկ հետազոտություն է:

Իր ձկնորսության մասին մեկ այլ պատմություն էլ պատմեց Դավիթը. «Անցյալ տարի ԼՀԿ-ի նասոսնիի մոտ մի հատ խորը փոս գտա: Ֆաբրիկայից եկող պոչանք էր փոսի մեջ:  Ուռկանը էդ փոսը գցեցի թե չէ` 2 հատ շատ մեծ ձուկ բռնեցի, մի 6 հատ էլ փոքր ձկներ միանգամից դուրս եկան: Էդ պոչերի մեջ  էտենց մեծ ձկներ լինում  ա»: Իր ասելով` ինքն է  այդ  ձկները կերել. «Եթե ձուկը  էդ պոչերի մեջին սատկած չի, խի՞ չտեի ուտիլ»,-ասաց նա:

«Այդ պոչերի և ձկան մեջ կան ծանր մետաղներ, որոնք քաղցկեղածին են»,-բացատրեցի: «Չէ, ոչ մի բան էլ չկա: Մարդը ոնց ա, ձուկն էն բաները կուտի, ոնց որ մարդը: Մարդը հո ամեն ամեն բան էլ չի ուտում: Ձուկը տենում ա ուտելու ա, ուտում ա, չէ՝ չի ուտում»,-պատասխանեց Դավիթը: Նրա խոսքով` ձուկը խելացի կենդանի է և շատը մամուռ է ուտում: «Աբսուրդ է: Բնությունը հարմարվում է: Բայց  ձուկն ավելի արագ իր օրգանիզմում սնդիկ է կուտակում, ապա` կապար և այլ ծանր մետաղներ: Մենք ուսումնասիրել ենք Դեբեդի ջրի որակը, այնտեղ հատակային նստվածքներ ու ծանր մետաղներ կան»,-հայտնեց Արմեն Սաղաթելյանը: Վերջինս պատմեց, որ իր հետազոտություններից մեկի ժամանակ Սյունիքի մարզի պոչամբարների  լճակների մեջ ձուկ չի նկատել, բայց  օձ և գորտեր է նկատել: «Բայց դա չի նշանակում, որ եթե այդտեղ ձուկ լիներ, կարելի է ուտել»,- ասաց գիտնականը:

«Այն վայրերից, որտեղից գետն են լցվում Ախթալա ԼՀԿ-ի և Թեղուտ ՓԲԸ-ի ֆաբրիկաների պոչերը, այդ վայրերից 2-3 կմ հեռավորության վրա է կատարվում գետի ինքնամաքրումը»,-բացատրում է Արմեն Սաղաթելյանը: «Նախկին պահածոների գործարանի ներքևից էլ եմ  ուռկանս գցել, էնտեղից էլ եմ մեծ-մեծ ձկներ բռնել: Դրանից ներքև եմ գնացել, էլի խոշոր ձկներ եմ հանել գետից»,- պատմում է Դավիթը:

Ախթալայի նախկին պահածոների գործարանը պոչանքները թափելու վայրից՝ ԼՀԿ- ի պոմպակայանից, գետով հազիվ 200 մետր հեռավորության վրա է, որը նույնպես անթույլատրելի վայր է ձկնորսության համար: Դավիթը պատմեց, որ իրեն ամեն օր չի հաջողվում Դեբեդից ձուկ բռնել:  Հատկապես վերջին մեկ ամսում շատ չի բռնել: Նրա ասելով` Դեբեդի ամենահամով ձկները մանր ձկներն են, յուղոտ են: «Ես միայն եփում եմ և ուտում: Ուրիշ ոչ մի բան չեմ անում:  Իմ տարիքի մարդիկ կան` առանց ակնոցի ոչինչ չեն տեսնում, քանի որ ես պարբերաբար ձուկ եմ ուտում, իմ տեսողությունից չեմ դժգոհում»,- պատմեց ձկնորսը: Եթե բախտը բերում է` մեծ ձկներ է բռնում, կգ-ը 1500 դրամով  է վաճառում: Ասում է` իր բռնած ձկներից հյուրասիրում է նաև հարևաններին ու ծանոթ ընկերներին: Քանի որ գետը հիմա պղտոր է, մեծ ձկներ չի կարողանում բռնել: Իր բռնած ձկները Դավիթը ռեստորաններին չի կարողանում վաճառել: Ասում է` ռեստորանների տերերը միանգամից  10 կգ ձուկ են ուզում: Այդքան ձուկ Դավիթը չի կարողանում գետից բռնել: Նրա ասելով` 2-3 ձկնորս միանում են, միանգամից 10կգ ձուկ են տալիս ռեստորաններին: