HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Արծրունին առավոտից երեկո զբաղված էր մտավոր աշխատանքով

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Երեք ամսից կավարտեմ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը: Հիմա գրում եմ դիպլոմային աշխատանքս: Հարազատներս համալսարանի գրադարանից, գրախանութներից, համացանցից շատ գրքեր, նյութեր, գիտական հոդվածներ են ուղարկել ինձ: Գրում եմ օրինական ուժ ստացած քրեական գործերի վերաբացման տեսական ու պրակտիկ կողմերի մասին:  

Երբ 5 տարի առաջ դարձյալ հարազատներս բուհ ընդունվելու կապակցությամբ համակարգիչ բերեցին ինձ համար: Ինձ թույլատրվեց՝ որպես ուսանող, հետո նաև՝ «Հետքի» բանտային թղթակից, օրական երեք ժամով հատուկ սենյակում օգտվել համակարգչից: Անկեղծ ասած, չգիտեի՝ ինչպես օգտվել այդ սարքից: Կարդալով համակարգչի տեխնիկական անձնագիրը` ինքնուրույն էի կատարում միացումները`մոնիտորի, ստեղնաշարի, մկնիկի, պրոցեսորի, հետո էլ փորձում էի հասկանալ, թե որ նշանն՝ ինչ հրահանգ է կատարում: Այսինքն` զրոյից սովորում էի այն, ինչ այսօր գիտի յուրաքանչյուր առաջինին դասարանցի:

Աշխարհը առաջ է գնում, հատկապես արագ տեմպերով զարգանում են համակարգչային տեխնոլոգիաները: Այսօր աշխատանքի ընդունվելու համար գրեթե յուրաքանչյուր ոլորտում պահանջվում են նաև համակարգչից օգտվելու հմտություններ: Իսկ բանտերում դեռ անցած դարից մարդիկ կան: Երբ ինձ ազատազրկեցին, այսպիսի համակարգիչներ չկային: Միգուցե սրանց «նախապապերն» էին: Այն էլ՝ մասսայական չէին օգտագործվում: Իսկ հիմա գիտեմ, որ բոլոր տներում հեռուստացույցների նման կան նաև համակարգիչներ: Անհրաժեշտ է, որ դատապարտյալները, հատկապես անցած դարից բանտերում գտնողները, ժամանակակից աշխարհին համահունչ ապրելու հնարավորություն ունենան:

Հետևում եմ Արսեն Արծրունու ճակատագրին: Նա 23 տարի ազատազրկված է: Անգամ 3 տարի առաջ կարող էր պայմանական վաղաժամկետ ազատվել: Բայց, ինչպես մյուս մոտ 30 նախկին մահապատժի դատապարտյալները, պայմանական չի ազատվել: Այժմ այդ գործը վերաքննիչ դատարանում է:

Արսենի հետ մոտ կես տարի նույն խցում ենք ապրել: Իմ աչքերով եմ տեսել նրա կենցաղը: Առավոտից երեկո ընթերցանությամբ էր զբաղվում, գրառումներ կատարում, զբաղվում մտավոր աշխատանքով, մի խոսքով՝ ժամանակը խելամիտ էր օգտագործում:

Արսեն Արծրունին դեռ 2006 թ.-ին «Նուբարաշեն» բանտում իր համառ պայքարով հասավ նրան, որ ադմինիստրացիան հատուկ սենյակ տրամադրեց, որտեղ նա մի խումբ ցմահ բանտարկյալների, այդ թվում ինձ, դասավանդում էր անգլերեն լեզու: Ցավոք, դա տևեց ընդամենը մի քանի ամիս:

2006-ին նաև Արսեն Արծրունու ընտանիքի միջոցներով կահավորվեց սպորտային սենյակը:

Արսենը նաև առաջինն էր, ով բուհ ընդունվեց, ինչով լավ օրինակ ծառայեց հետագա ուսանողներիս համար: Այստեղ՝ բանտում, արդեն ցմահ բանտարկյալ չորս ուսանող կա: Արսենը հոգեբանություն էր ուսումնասիրում, հատկապես ցմահ ազատազրկվածների վիճակը երկարատև ազատազրկման պայմաններում: Նրա օրինակով ևս մեկ ցմահ բանտարկյալ է այսօր հոգեբանություն սովորում:

Ես էլ առաջինն եմ, որ ընտրեցի իրավագիտությունը: Արդեն ասել եմ, որ մի քանի աշխատակիցներ փորձում էին ինձ հետ պահել հենց այս`իրաբաբանության ոլորտի իմ ընտրությունից՝ լավ հասկանալով՝ շուտով սկսելու եմ խոսել նաև գրագետ իրավաբանական լեզվով… հուսով եմ՝ իմ օրինակով էլ բանտարկյալներ կլինեն, որ իրավագիտության ֆակուլտետներ կընդունվեն:

Իմ հոդված-նամակներում պարբերաբար անդրադառնում եմ պատժի նպատակներին և հատկապես շեշտում եմ ուսման ու աշխատանք ունենալու կարևորությունը: Սա միայն իմ կարծքիը չէ, բայց այդ հնարավորությունները պիտի տրվեն մարդուն, պետք է դա առաջնահերթ լինի պետության համար:

Այս ամենի մասին գրել եմ նաև կուրսային աշխատանքիս մեջ, որտեղ ներկայացրել եմ զարգացած իրավական երկրներ փորձը: ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, եվրոպական երկրներում ազատազրկման գրեթե առաջին օրերից պետությունն աշխատանք է առաջարկում ազատազրկվածին, պայմաններ է ապահովում, որպեսզի նա մասնագիտական հմտություն ձեռք բերի: Նախևառաջ աշխատող մարդը կարողանում է ինքնուրույն հոգալ իր տարրական պահանջները, բացի այդ, լավ աշխատելու պարագայում կարողանում է օգտակար լինել նաև իր ընտանիքին: Օրինակ՝ Գերմանիայում բանտարկյալի աշխատավարձի զգալի մասը կուտակվում է իր բանկային հաշվեհամարին: Ազատվելուց նա արդեն կլորիկ գումար է ունենում, որպեսզի առաջիկա ժամանակներում ապրուստի խնդիր չունենա, մինչև աշխատանքի դասավորվի:

Իսկ ի՞նչ է կատարվում հայաստանյան բանտերում ու գաղութներում: Հազարավոր հասուն տղամարդիկ հիմնականում մատնված են անգործության՝ ուսումը թանկ հաճույք է, իսկ աշխատանք մեծ մասամբ չկա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter