HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհ՝ երեքով. «Որ երեխաներս թևաթափ չլինեն»

Սա պատմություն է մի կնոջ և նրա երկու դուստրերի, նրանց չհուսահատվելու ու երազանքների մասին:

Երևանի Հարավարեւմտյան թաղամասում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայի կանգառում պայմանավորվել ենք հանդիպել Ալինայի հետ: Երկու դուստրերին թևանցուկ արած՝ մոտենում է, ապա հեռվից ձեռքով անում: Երևում է Ալինայի մարդամոտ լինելը, չնայած առաջին անգամ եմ հանդիպում: Ես էլ եմ ձեռքով անում: Ալինայի դեղին մազերն ու ժպիտը, կարծես, արևի տպավորություն թողնեն: Միասին քայլում ենք նրանց տուն:

Գունաթափ դարպասի վրա գրված է՝ «վաճառվում է»: Ալինայից հարցնում եմ՝ տունը վաճառո՞ւմ եք: Ասում է, թե իրենք վարձով ապրողներ են ընդամենը, տունն իրենցը չէ:

Ներս ենք մտնում: Ալինան լրագրային սեղանին միրգ է դրել, քաղցրավենիք, արևածաղիկ, կոմպոտ: Սուրճ է առաջարկում, բայց խնդրում ենք, որ նստենք զրուցենք: 8-ամյա Սյուզին ամաչկոտ է, վազում է հարևան սենյակը, մերթընդմերթ գլուխը հանում դռան արանքից ու իրեն ուղղված մեր հայացքները նկատելուն պես կրկին թաքնվում:

14-ամյա Սոնայի մեջ նկատելի է տխրությունը, թեև ժպտում է, զրուցում մեզ հետ: Այս տանը փակ թեմաներից մեկն անցյալն է, անցյալը խտանում է ընդամենը մի կետում: Ալինան դա գիտակցում է: Այդ կետը կիսատ է դարձրել իրենց, բայց ասում է, թե ճանապարհը, որով անցնում են, ուժեղ է դարձնում իրենց:

Ալինա Վարդանյանը 38 տարեկան է: Երեկ ծննդյան օրն էր: Նախորդ տարվա սեպտեմբերից որպես բուժքույր աշխատում է Երևանի պետական բժշկական քոլեջում: Դրանից առաջ մոտ 4 տարի աշխատել է նախկին ուսանողական պոլիկլինիկայում: Աշխատավարձը 52-55 հազար դրամ է: Ընտանիքի մայրն ասում է, որ երբեք չի սիրել նվնվալ ու բողոքել: Գումարից 35 հազարը տալիս է տան վարձ: Ծնողները հարևան փողոցում են բնակվում: Շատ են օգնում Ալինայի ընտանիքին:

4 տարի առաջ Ալինան ամուսնալուծվել է և դուստրերի հետ տեղափոխվել այստեղ: Պատմում է, որ սկզբում գույք գրեթե չունեին, մի մասն աղբանոցից են գտել, մյուս մասն էլ ծանոթներն են տվել, իսկ այսօր տեսնում ենք մաքուր, կոկիկ տունը: Ամուսնության 12 տարիները Ալինան դառնությամբ է հիշում, բայց նորից ժպտում է: Ժպիտը շպարի պես է՝ թաքցնում է նրա տխրությունը, դառնությունը: Ամուսնանալիս 22 տարեկան էր, ասում է, որ միամիտ էր ու դյուրահավատ: Հիշում է, որ նույնիսկ իր ոսկեղենն ամուսնության առաջին օրվանից փակի տակ է եղել, իր մոտ չէր: Ընտանեկան վեճերը, մոր ասելով, ազդել են ավագ դստեր՝ Սոնայի վրա: Աղջիկն ինքնամփոփ էր դարձել, դպրոց գնում էր՝ պարզապես ներկա ստանալու համար:

«Տանը միշտ խնդիրներ էին, միշտ վիճաբանություն էր: Տաքսի էր վարում (ամուսնու մասին է խոսքը- հեղ.), գիշերային աղջիկներին ճանաչում էր, գիշերները տանը չէր լինում, ցերեկները քնում էր: Սոնայի հետ երբ տանում էր ավտոն լվանալու, Սոնան գալիս էր, ասում էր՝ փնջով մազ կար մեքենայի մեջ, կոտրած եղունգ, ասել եմ՝ ի՞նչ ա եղել, ասաց՝ ընկերս ընկերուհու հետ վիճել է, ծեծել է… Մի չոր հացով ապրում էինք, եթե գումար էիր ուզում, չկար, երբեք չէր լինում: Եթե դպրոցում էքսկուրսիա էր լինում, Սոնան չէր գնում, փող չկար, եթե գրքերի գումար էր պետք, Սոնան չուներ»,- պատմում է 38-ամյա մայրը:

Սոնայի ներկայությամբ են հնչում այս խոսքերը: Նա ուշադիր լսում է: Ալինան ասում է, որ երեխաներն ամեն ինչ գիտեն: Ամուսնալուծությունից 4 տարի է անցել, բայց, ըստ մոր, երբեք հայրը չի եկել երեխաներին տեսակցության, անգամ չի զանգել: Ամենածանրը եղել է Սոնայի առաջին տարեդարձն առանց հոր: Ալինան հիշում է, որ դուստրն անընդհատ նայում էր հեռախոսին՝ սպասելով հոր զանգին, որն այդպես էլ չստացավ: Դրանից երկու ամիս հետո Սյուզիի ծննդյան օրն էր, նույնն էլ եղել է այդ ժամանակ:

«Խնդիրները շատ են եղել, բռնություն շատ է եղել: Ես չեմ ուզում, որ աղջիկներս թևաթափ լինեն,- ասում է Ալինան ու հավելում,- գիտեք, երբեք դիմացիններից օգնության ակնկալիք չեմ ունեցել: Երեխաներիս էլ միշտ ասում եմ՝ հույսը դրեք ձեզ վրա»:

Երեխաների համար մայրն ամսական 20 հազար դրամ ալիմենտ է ստանում (յուրաքանչյուրի համար՝ 10.000 դրամ): Պատմում է, որ սկզբից 40 հազար դրամ էր, հետո ամուսնու կողմը դիմել է դատարան՝ գումարը դարձնելով 20 հազար: Ալինան ժպտում է: Ստացած գումարը ծախսում են Սյուզիի դեղերի և անալիզների համար: Նախորդ տարվա մայիսից 8-ամյա աղջնակի վահանաձև գեղձի վրա հանգույց է հայտնաբերվել: Երկու ամիսը մեկ նա անալիզներ է հանձնում, դեղորայքային բուժում ստանում:

Քույրերը՝ «վարպետն» ու պարուհին

Սոնան արկղից ընտրում է ձեռագործ աշխատանքներն ու հերթով ցույց տալիս: 6-րդ դասարանից զբաղվում է ձեռագործությամբ, ինչը սովորել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունում: Մինչև հիմա երկու քույրերն էլ հաճախում են «Օրրան», Ալինան ասում է, որ Սոնայի ինքնամփոփ լինելն այդ կենտրոնում հաղթահարվեց, շեշտում է, որ  կազմակերպությունը փրկություն է իր համար:

Սոնան ասեղնագործություն է անում, թաղիքից տոնածառի խաղալիքներ, այբբենարան պատրաստում, հելյունով էլ՝ տիկնիկեր: Ասում է, որ չի սիրում հելյունով աշխատել, քանի որ բարդ է իր համար: Ալինան էլ նշում է, թե ոչինչ, երբ սովորի, լավ աշխատի, կսիրի:

«Օրրանում» անցկացված մրցույթի ժամանակ Սոնայի պատրաստած թաղիքե այբբենարանը մրցանակ է ստացել՝ կարի մեքենա: Ալինան բերում է այն, դնում սեղանին: Սոնան խոստովանում է, որ կարի մեքենա շատ էր ուզում ունենալ, արդյունքում ունեցավ, հիմա ցանկությունն ասեղնագործության մեքենա ունենալն է: Մայրն օգնում է դստերը, բայց շեշտում է, որ վարպետը Սոնան է: Երկուսով մտադիր են հեքիաթի ասեղնագործ գրքեր պատրաստել, թաղիքե այբբենարանը կատարելագործելու են առաջիկայում՝ պատկերները շարժական պիտի լինեն:

Սա Ալինայի բիզնես-ծրագիրն է: Ասում է, որ եթե պատվերներ լինեն, հաճույքով կանեն: Սոնան հիշում է, որ առաջին անգամ աշխատանքի համար 10.000 դրամով վարձատրվել է 3 տարի առաջ. մայրիկի ընկերուհու համար թաղիքե այբբենարան էր պատրաստել: Դրանից հետո պատվերներ գրեթե չեն եղել:

Սոնան թելում է կարի մեքենան: Հիմա արդեն կար անել է սովորում: Եթե հմտանա, հագուստ է կարելու իր, քրոջ ու մայրիկի համար: Դպրոցն ավարտելուց հետո էլ ցանկանում է  մասնագիտանալ հենց այս ոլորտում:

«Դե, շատերը հաշվապահ են ուզում դառնալ, Սոնաս էլ սա է ընտրել: Բայց հաշվապահին էլ շոր է պետք, չէ՞»,- ավելացնում է Ալինան, բոլորս ծիծաղում ենք:

Լրագրային սեղանի դիմացի պատին Ալինան երկար ձող է ամրացրել պատին: Ասում է՝ դա էլ Սյուզիի բալետի դասերի համար է. պարարվեստի ուսումնարան է հաճախում:

Սյուզին սենյակից դուրս է գալիս բալետի երկնագույն հանդերձանքով ու մասիկներով: Հետո առաջին դիրք է ընդունում, մի քանի վարժ շարժումներ անում, մենք ծափահարում ենք: Որոշել է, որ բալետի պարուհի է դառնալու:

Երկու քույրերը նույն երազանքն ունեն՝ աշխատեն, գումար հավաքեն ու երկհարկանի տուն գնեն, մի ավտոմեքենա էլ՝ մայրիկի համար, որ իրենց աշխատանքի տանի-բերի:

Ալինան ասում է՝ հարցնում եք, թե ինչն է ինձ ուժ տալիս, պատասխանը տեսնում եք՝ երեխաներս, նրանք են իմ հարստությունը:

Ալինան ու Սոնան մեզ խնդրում են վերջինիս պատրաստած իրերից ընտրել, հրաժարվում ենք, Ալինան պնդում է՝ ասելով, որ իրենց տուն եկողին առանց նվերի չեն թողնում: Հետո տոնածառի խաղալիք է մեկնում ինձ, Սոնան պինգվին է բերում: «Նախկինում մաման ծառ էր դրել միջանցքում, խաղալիքներ էինք կախել, ով գալիս էր, մի խաղալիք էինք նվիրում այդ ծառից, ու դրանք բոլորին հաջողություն բերեցին, գիտե՞ք»,- ավելացնում է 14-ամյա Սոնան:

Ալինան դարձյալ ժպտում է: Մտածում է, որ Սոնայի հետ կկարողանան ձեռագործությամբ զբաղվել, պատվերներ ընդունել: «Երևի մի օր էլ լավ կլինի»,- դեպի կանգառ ճանապարհին ասում է Ալինան:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի