HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

«Մեր դարի ճակատը պսակված է
մի շարք բանաստեղծների պայծառ անուններով,
Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը,
Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան,
Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը,
Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»:
Լուի Արագոն

Ոչ սկիզբ

Հաճելի՞ է, չէ՞,
էլի ձեզ
Տերյանի երգը թքոտ:
Բայց
Էսօր
Հոգիս թող ձեզ լիզի
երկաթե,
թեժ արդուկով:

Մի՞թե
դեռ
ձեր կակուղ հոգում
մշուշե աշո՞ւն է լացկումած
ու ցնո՞րք է ուզում-
հում
ծախու
ձեր հոգին՝ գծուծ հացկատակ:

Իզուր:
Զուր է ուզում:
Սխալվում է:
Ցնորք չկա:
Երբ ջղերն են ճչում անլեզու
ես
թե կուզեք ապրում ու հուզում-
ձեզ կտամ հույզերիս Չեկան:

Ի՞նչ.
չկա՞ն.
չերգած ներկան դեռ-
ի՞նչ.
չունի հնչյուններ հազար:
Ուզո՞ւմ եք` գազազեմ,
քանդեմ,
ձեզ կիզող հուզումներ հազամ.
Միթե ձե՞զ նայեմ,
միթե ձե՞զ,
էսօրվա կուզիկ պոետներ.
ձեր անծեր ծրի՞ն մոխիրե:
Դուք,
որ ունեք արյան տեղ -մեզ
ու խլինք - խելքի փոխարեն.

Ձեզ համար ժամանակը կարծես
եզասայլ է մի դեռ երկանիվ —
և որին ձեր հոգին բարձել
քշում եք ներկայիս:

Կարծում եք` հենց է՞ս է - չէ.
ուզեցի  կերգեմ ոնց որ կա.
խոսքերով նույն նեխած ու ծեր-
երեկ - սեր,
էսօր -շոգեկառք.

Բոցե ձայնը չհասնի ձեզ թող իմ:
Բայց
էլի
լսո՞ւմ եք -
իմացեք.
բոռում եմ ձեր երկսեռ ռեխին.
- բավական է.
վերջ հիմա ձեզ!

Բավական է մեր լեզուն պղինձ
ձեր թքոտ երգերում թրջի,
որ
կակուղ,
ոնց որ կուտ սեխի -
ծամծմե բթամիտ չարչին.

Բավական է մեր լեզուն ռնգային
ձեր կակուղ ձեռքերում տանջեք:
Շարժե՞ լ եք կամենում,
կին չկա՞
գործածեք հաշիշ, կոկաին,
հասկանում եք` գրիչն անգամ չէ:
Ուզում եք մգլի՞ ,
ժանգոտի ՞,
ուզում եք նեխի՞ մեր լեզուն:
Ուզում եք կամ կամպոտ, կամ չի՞ ր:
Կամպոտի փոխարեն
էսօր
ձեր կակուղ ծնոտին մոտիկ
թող շաչե երգերիս ղամչին։

Բավակա ՞ն է -չէ
Չարենց:
Շլացած հանճարիդ փառքով
էլ ելիր,
հրդեհե,
վառե՛ ,
վերցրու ցրիր բառ – բոմբ։

Թող թքեն,
թքե թութխալով
կպցնեն,
շինեն տող-տող
«նրբաթել» երգերի խալին
նրբաճիչ երգիչները թող:

Էլ ելի՛ր,
ռումբերն առ քո:
Վշտահար, վշտոտ, վշտունեղ,
անատամ բառերի շարքով
թող Ազատն ազատ – վշտունե։

Ուզում եք երգեմ ձեզ սեր,
ցնցումներ էնպիսի ցավի,
որ անցնի,
ձեր հոգին կիսե,
ոնց որ ծանր, բարձած գրուզավիկի։

Հասկանո՞ւմ եք…
Սե՛ր.
դեռ չերգած-
և ո՛չ թե երկաթ կամ շոգի -
Բայց գիտե՞ք,
էնպես, որ գա
ձեր բկին չոգի։

Բավական է հոգին ձեր ծեր
ցրտահար հուզումներ միզե:
Ես
էսօր
բերել եմ ձեզ -
x
y
z

Ռոմա՞նս եք ուզում,
կամ ռոմա՞ն.
ինչո՞ւ չէ. ռոման տամ ձեզ:
Բայց
գիտե՞ք -
ռոման անռոման,
կամ ռոմանս անսեր…

ՍԿԻԶԲ

Ոչ ցնորք ես դու մի դալուկ,
ոչ հոգու մի հրաշք անգո:

Ժենեա,
Քե՛զ
մարմինը քո կակուղ
թող երգեմ գանգիս գոնգո՛վ

Գանգը -
գոնգ,
թմբուկ է ահագին:
Միջին-չար մի միջատ:
Եթե դա,
ներքևից թակի -
մինչև մահ ցավից կճչաս:

Ո՞վ իմանա:
Ո՞վ իմանա:
Ո՞ վ իմանա:
Նստած ես սուսուփուս:
Քեզուքեզ:
Կգա:
Կբուրե արևահամ:
Մեղկությունդ կրքով կզուքե:

Պառկում ես` աչքդ փակես:
Բայց-
կամաց
ոնց որ տուն վառվի`
ելնելով ուղեղիդ տակից -
Կերևա…
Աղջիկ:
Մարմին:
Աչքեր են:
Շրթունքներ:
Հոնքեր:
Կոնքերի կոնքը կլոր:
Ուզում ես` գա՛,
շրթունքե՛
քեզ.
գրկե՛ս հրկեզ ձեռքերով:

Ի՞նչ հուշ,
Ի՞նչ ցնորք,
երազ,
լուսնահար տխրություն ու երգ:
Կգա,
կգգվի նա -շոգ.
շեկ.
վավաշոտ.
Է՛գ:

Շո՛ւ:
Շո՛ւ-շո՛ւ:
Մշուշում:
Կշոյե շշուկը-շոգ:
Ոնց որ օձ կկպչի կաշուդ:
Շո՛ւ:
Շշալով:
Շո՛ւ:
Ու քո շոգ,
ճնշող կոնքերում,
որ ցավից կուռչեն,
կկապտեն,
կվառե ցանկությունն անգութ
մի կարմիր լապտեր…

Եվ էլ ի՞ նչ.
Էլ ի՞նչ.
Էլ ի՞նչ.
Ողջը - հեչ:
Չնչին,
Միջատ:
Էլ - ե՛լ.
փաթաթվիր թևիդ.
Ճչա՛.-

- ժե՛նեա
քեզ.
ուզո՛ւմ եմ քե՛զ:
Օրերի սարսափը դեմքիս`
գամ,
տամ,
արնահամ կիսե՛ս.
կործանհ՛ս հիմքից:

Ոնց որ չար մի պառավ ջադու
բարձրանա խարույկ
հանգիստ
դու եկար
Ժենեա,
դու-
բարձրացար գանգիս:

Ու թակեց,
Ու թակեց տակից
Ոնց որ խուլ ահազանգ զանգի,
Ոնց որ քար՝ կամքիս հատակին
Դղրդաց գոնգը գանգիս:

Լսո՞ւմ ես.
կանչում է-քե՛զ:
Որ լսես,
ուզես,
որ գա՛ս:
Ասել է որ գանգը
կեզ
դարձել է - կա՛ս:

Լսո՞ ւմ ես՝ ասում եմ-«Սեր»,
բայց
ծամած այդ բառը որ ասի -
ասել է ուզում եմ-քեզ.
և ո՛չ թե - լիզած լուսին:

Ուզո՞ւմ ես`
ողնաշարս թեքեմ,
որ
ոնց որ զսպանակ թեքած
թռցնի նա թե ինձ, թե՛ քեզ,
թե գաս․․․

Եթե գաս,
երևաս եթե -
մինչև թեժ աստղերի հեռուն
կթռչի,
կտանի թեթև
կրքերիս կարմիր աերոն.
Հասկանո՞ւմ ես՝
դուրս կսահի
կրքերիս ահռելի հորդան,
ոնց որ երգ-ցնդած Իզայի
հանճարեղ մատներից հորդած…

Հասկանո՞ւմ ես՝
ինչո՞ ւ.
ինչի՞ց,
Այս բոլորը -շնչի՞ ց միթե քո:
Եթե սերը-կիրք է չնչին՝
թող
ծածկեմ քեզ շնչիս մութաքով.

Հուզո՞ ւմ է.
Չե՞ս ուզում - չէ՞.
պահվո՞ւմ ես, ոնց որ գանձ անգին…
Էլ
Քեզ ո՞վ,
Էս ո՞ վ կանչեց,
որ եկար նստեցիր գանգիս…

Շարունակություն

Լսի΄ր,
դու΄:
սի΄րտ իմ արդուկ.
հասկանու՞մ ես` ճամփեդ թեքի΄:
Էն
մասին
ի՞նչ ասես դու,
թե ասի` մասն եմ մեկի΄

Մաս:
Մսի:
Մսե:
Ամուսին:
Հասկացա՞ր. կեկել մեկելի.
թե ուզե` կնստի ուսին,
կգրկե էլի:

Դու կարող ես հուզվել,
գազազել,
դու կարող ես ցնդել,
իսկ նա-
ոնց որ հացը` հանգիստ կկիսե
քո հոգին հոգնած:

Ժե΄նեա,
ինձ.
լսո՞ւմ ես ինձ:
Հասկացի΄ր:
Լսի΄ր:
Անսա΄:
Թո΄ղ:
Թքի΄ր քո կակուղ կեսին:
Հասկանո՞ւմ ես` ա΄յ-
սա΄:

Հասկանո՞ւմ ես` վերցնեն ոնց որ
չթեքած մի գերան փայտի-
ու ցցեն քո կոկորդը չոր,
ու խրե΄ն երկաթե մուրճով,
մինչև սիրտդ, ոնց որ թոփ, պայթի:

Հասկանո՞մ ես`
էստե΄ղ ես հասցրե:
Կախվել ես
տես
թևիս-
և ի՞նչ.
«սեր»
«զերո»
«երազում սիրել»
իմ վզին դևիզ:

Ի՞նչ է.
Ի՞նչ իմացար.
կարծում ես` Տերյա՞նն եմ թեն:
Ճի΄շտ է.
շաղել եմ «Տաղեր»
«Ծիածան»
Բայց- թքել եմ դրանք արդեն դեն:

Հանգե՛ր են շարել մինչև էս,
քնարել ցնորքներ կակուղ.
բայց
հանգով
ո՞նց հնչեղես,
եթե սերդ է – նավթածոմ Բաքու:
Հո՞ւյզեր ես ուզում, որ հուզեն
թե հոգի,
թե սիրտ,
թե բումբ:
Իսկ եթե պայթե՞ն հույզերը- զեն,
իսկ եթե պայթե՞ն հույզերը- զենք,
հույզերը մաուզեր,
բոմբ,
ռումբ:

Լսի΄ր,
սե΄ր,
քե΄զ եմ ասում.
կարծում ես կաղաչե՞մ կամ կուզե՞մ:
Կգամ:
Գիշերվա կեսին
կպայթեմ, ոնց որ ռումբ հուզե:

Ես տեսել եմ հրդեհ,
պատերազմ,
սպիտակ ու կարմիր զորքեր-
և ոչինչ:
Կամ:
Չմեռա:
Որ քեզ…

Հասկանո՞մ ես:
Կգամ գիշերով:
Աչքերիս աֆիշին խանդոտ
զզվելի շպիտի տեղ սիրո
կկարդաս- «Կինտո»:

Կընկնեմ,
ոնց որ քար նետած:
Կքաշեմ,
կգցեմ մահճիդ:
Հասկանո՞մ ես կամքը վստահ
քեզ սիրող դահճի:

Լսո՞ւմ ես.
կամ հա, կամ չէ:
Հասկանո՞մ ես.
կամ սեր, կամ քիթ:
…………….
«Ցնդած»:
Զզվանքով կանչեց:
Հռհռաց դեմքիս:
Աչքերը գեր մի մկի`
ցատկեց դեն, ոնց որ էգ կատու:
Ես
ասաց
մասն եմ մեկի.
իսկ դո՞ւ:

Կատու΄:
Է΄գ մի կատու:
Ոսկեզօծ:
Ոսկեպատ:
Ոսկե:
Կթռչի-
կգնա Բաթում:
Իսկ ե՞ս:

Ե՞ս…
Իջնեմ,
հավաքեմ գետնից
կրքերիս միրգը թափած:
Միայն թե գիշերի,
մթնի…
Ես… փաս։

Կշարեմ,
ոնց որ ձուկ խաշած,
և-
կինտո,
անթով խափշիկ-
փողոցի մայթին թամաշա
կտանեմ կրքերիս թեբշին:

Եվ…
Եթե մուշտարին թանգի-
փողոցի անփող քոծերին
կրքերիս միրգը անգին
կցրեմ ձրի…
Սե՞ր:
Զարո΄:
Ոնց որ գաս ճաշարան-
չմարսես.
ծանրանա սրտիդ:
Հասկանո՞մ ես` էսքան հասարակ
և էսքա΄ն խրթին:

Շարունակություն և վերջ

Կարծում եք` հաճելի՞ է- չէ՞:

«Սեր»:
«Կարոտ»:
«Աչքերի գինի»:
Իսկ եղե՞լ է որ` կանչեք-
և լինի…
Ոչինչ չլինի:

Ձեզ երգել են ցնորք,
ծիածան,
ժպիտներ կապույտ ու դեղին:
Իսկ եղե՞լ է` գա,
գազազած
վերցնի քթի ձեր բեխին:

Իհարկե΄,
հե՜շտ է սիրել:
Կարուսել:
Լուսին մեկուսի:
Իսկ թափվե՞լ են ձեր-
ոնց որբի մազերը- քոսից:

Օ, թողե΄ք,
թքե΄ք լուսնին:
Ոչ աղջիկէ նա կույս, ոչ կին:
Թե կուզեք որ կուզ չբուսնի
ձեր հոգու մեջքին:

Թո΄ղ,
Չարե΄նց.
փղփ΄ց գնա մի:
Գազազած` բթադեմ մայթին
Էլ վառի΄ր: Հոգիդ դինամիտ
թող
տոթ
պայթի:

Տա΄ր,
տո΄ւր
տրուբադուր դարձած
առաջին աղջկան անքիթ-
քո հոգին` ավելի՛ պայծառ,
քան հազա՜ր ադամանդ անգին:

Հասկացի΄ր,
սի΄րտ իմ բիրտ.
վերջ:
Ցնորք չիք:
հասկացի΄ր.
անքթի քացին
ավելի΄ է «լուսե»
«աստղածին»
քան հազա՜ր «երազի աղջիկ»:

«Ցնո՞րք» է:
Կգամ:
Մկանոտ:
Եվ-
երբ նա հանվի-
ես
գիտեմ
կզգամ ձկան հոտ,
ոնց որ ինձ Հայկոպփայ տան մի:
Կպառկի

«ցնորքը»-
ե΄ս էլ:
Եվ
կակուղ
երբ խանդից հալի-
ոնց որ հացը` հանգիստ կկիսեմ:
Նա կասե` էլի΄:

Հետո-
կնետեմ ճղմած:
Թող խանդից նա կծե լեզուն:
Սե΄ր,
էսօր
բերե΄լ եմ քեզ- մահ,
ես- հունն:

Հույզե՞ր են. թող գա΄ն, եթե կան.
բռնեմ-
շպրտեմ դեն.
Մոսկովից մինչև Վատկա΄ն.
Թող հորդեն-դե΄:

Ո΄չ:
Չկա΄:
Էլ չկա աղջկա
թովչական մահճակալը ճկուն:
Հույզե՞ր են` թող գան, եթե կան,
Թող դառնան շոգի հոգեկան,
թող հալեն չուգուն:

Ի՞նչ երգ,
ի՞նչ կրքեր,
գրկել,
համբուրել-բուրել-թքաբույր-
երբ
հարբած
քաղաքներն հրկեզ
մերձենում են թաքուն-թաքուն:

Ի՞նչ ձայն,
ի՞նչ կոկորդ մեկի
կարող է հիմա հող քանդել-
երբ
չոքած աշխարհքի բկին
միլիոննե΄րն են եկել հանդես:

Եկե΄ք,
թե կուզեք հուզեմ:
Թե կուզեք չմնալ անկուզ:
Ձեզ
տամ
էնպիսի΄ մի սեր,
որ լիզե- ցամաքի Զանգուն:
Դե- եկե΄ք, աղջիկներ անքիթ:
Ոնց որ դուք` հանձնվեմ շարքով:
Ձեզ,
մարդիկ,
որ տվիք կյանքին-
գանգ,
քիթ,
կոնք:

Եկե΄ք:
Ձեզ կտամ մարմին:
Ձեզ կտամ թե քիթ, թե դեմք:
Եվ հոգի` կարմիր,
Հոկտեմբեր:

Եկե΄ք:
Մոտեցե΄ք վստահ:
Երգերով հոգին ձեր քերեմ:
Եվ
կուզե՞ք-
գա΄նգս ձեզ տամ.
-Առե՜ե՜ե՜ք կերեք։

P.S

Ծիծաղո՞ւմ եք:
Իհարկե դե…
Ե՞ս-
պոետ,
«երկաթե»
«կարմիր»
և
հանկարծ
երգի տեղ երկաթե-
կիրք,
կոնք,
կին:

Չգիտեմ:
Բայց գիտեմ հաստատ,
Հավատում եմ,
զգում եմ, որ նա
իմ
վերջին
շնչին նստած
պիտի վեր համբառնա!
Չարենցը մեռա՞վ.
Մեռավ:
Նոր պոետ ծնվի որ մի:
Թքած թե թերթերի վրա
Իշաբար շարեն ՈՂՈՐՄԻ:

Եղիշե Չարենց

1922

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter