HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորականցիների երկօրյա ցույցերից հետո Սուրեն Մարտիրոսյանը վերանշանակվեց Զորականի վարչական ներկայացուցչի պաշտոնում

Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի եւ Զորական գյուղի բնակիչների միջեւ կոնֆլիկտը ծագել է համայնքի խոշորացումից հետո։

Այս տարվա հունվարի 31-ին Արսեն Աղաբաբյանն աշխատանքից ազատել է Զորականի վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանին, իսկ մարտի 15-ի իր հրամանով Զորականի վարչական ներկայացուցիչ է նշանակել Կոլյա Քոչարյանին:

Զորականցիներն, ի նշան բողոքի, Արսեն Աղաբաբյանի դեմ մարտի 15-16-ին կազմակերպել են ցույցեր:

«Ես Զորականի բնակիչ եմ: Ունեմ 4 երեխա: Երկու տղաներս Ղարաբաղում առաջնագծում ծառայում են: Երրորդ տղայիս հունվարին եմ բանակ ճանապարհելու,- ներկայացավ զորականցի Ավետ Գրիգորյանը,- Սուրեն Մարտիրոսյանին առանց պատճառի են հանել գործից: Մի 3-4 մարդով եկանք, տեսանք Կողբ համայնքի ղեկավարի խորհրդական Սերժիկ Բարսեղյանը  մեր գյուղացի Կոլյա Քոչարյանի հետ նստած են այստեղ: Սերժիկ Բարսեղյանն ասաց` էդ մարդը Զորականի վարչական ներկայացուցիչ է աշխատելու: Ասացինք՝ բա ժողովուրդը տեղյա՞կ  է էս գործին: Ս. Բարսեղյանն էլ, թե ժողովուրդն ո՞վ ա: Մենք էլ ասինք՝ էսա կտենաք ժողովուրդն ով ա։

 Մեր զրույցի ընթացքում զորականցիները ներկայացնում են իրենց դժգոհությունները։

«Արսեն Աղաբաբյանը զորականցիներին վերևից է նայում: Հիմա մեր ցավոտ խնդիրը խոշորացված համայնքի բյուջե փոխանցված Զորականի բյուջեի 20 մլն դրամն է: Ա. Աղաբաբյանը 5-6 միլիոն դրամով իր համար ծառայողական մեքենա է առել մեր փողից: Մեր վարչական ներկայացուցիչ Սուրենը Ա. Աղաբաբյանին բացատրել է, որ էդ փողը կոպեկ-կոպեկ հավաքել է գյուղի համար լուրջ խնդիր լուծելու համար: Արսեն Աղաբաբյանը խոստացել է էդ գումարը ծախսել Զորականի վրա, սակայն չի կատարում իր խոստումը: Ու էս մի կաթիլ մեղրի պատմությունը սկսվեց էդ մեքենան առնելուց»,- ասաց Արշակ Բաղիրյանը:

Արշակ Բաղիրյան

«Մենք ծրագիր էինք ներկայացրել` Զորականի խնդիրները համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում մտցնելու, չգիտենք դրանք հնգամյա զարգացման ծրագրի մեջ մտել են, թե՞ ոչ: Երբ համայնքի 2017թ.-ի բյուջեն ուսումնասիրել ենք, մեր գրած ոչ մի առաջարկություն բյուջեում չկար»,- ասում է Արթուր Մելքումյանը:

Կողբ համայնքում տեղական ինքնակառավարման ճգնաժամը 1,5 տարվա պատմություն ունի:  Դեռ 2017թ.-ի  նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը «Հետք»-ին հայտնել է, որ Զորականի վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանի հետ պաշտոնապես չի շփվում: Արսեն Աղաբաբյանը պնդում էր, որ Սուրեն Մարտիրոսյանին և զորականցիներին իր դեմ լարում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«Ես տեղյակ եմ Զորականում տիրող վիճակին: Այդ մասին տեղեկացրել եմ նաև վարչապետ Կարեն Կարապետյանին»,- «Հետք»-ին ասել է Հովիկ Աբովյանը:

Սակայն Կողբի համայնքում ստեղծված ճգնաժամը Տավուշի մարզպետի և կառավարության կողմից 1,5 տարի չի հարթվել:

Երկօրյա պայքարում զորականցիները պահանջում էին Սուրեն Մարտիրոսյանին վերականգնել իր աշխատանքում, այլապես կփակեն միջպետական ճանապարհը: Մարտի 15-ին իմանալով զորականցիների ցույցերի լուրը` մարզպետ Հովիկ Աբովյանը եկել է Զորական: «Ես երևի դժվար կհասկանամ մարզպետ –համայնքապետ կռիվների պատճառները: Հ. Աբովյանն ասաց մի ժամից հարցը կլուծի»,- պատմեց Ավետը:

Մարզպետը զորականցիներին հայտնել է, թե ժամը 19-ին Արսեն Աղաբաբյանը գալու է համայնք։ Ա. Աղաբաբյանն էլ ժամը 20-ին համայնքի ավագանու մի քանի անդամ է ուղարկել Զորական և հայտնել, որ ամսի 16-ին ժամը 2-ին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի հետ է գալու Զորական:

«Եթե ժամը երկուսին չեկան, ճանապարհը փակում ենք, մեր հարցերը առաջ տանք»,- ասել են զորականցիները:

«Մեր 20 մլն դրամից իրեն համար ավտոմեքենա առնելուց հետո համայնքի ղեկավարը Զորական չի գալիս: Մի քանի անգամ ասել եմ՝ խի չես մեր գեղ գյալի, ժողովուրդն ուզում ա իմանալ, էդ փողը խի չես գեղի համար ծախսել: Ասել ա գյալ տեմ, գյալ տեմ ու Աստծո օր գյալիս ա: Դե մեկ էլ հրաման է տվել, էս մարդին ազատել ա»,- պատմեց Արշակ Բաղիրյանը:

Արշակ Բաղիրյանն այսպես բնութագրեց մոտ 8 տարի Զորականը ղեկավարած Սուրեն Մարտիրոսյանին. «Ընտրված օրվանիցը իրեն կոչել եմ 911 ծառայություն, այսինքն փրկարար ծառայություն: Մենք դաշտավարությամբ զբաղվող ազգաբնակչություն ենք: Մեկիս օձը կծում է, փոխանակ մեր հարազատին զանգենք՝ Սուրոյին ենք զանգում: Եթե ինքը մեր տարածքում չի լինում, արագ կազմակերպում է, որ տուժածին տեղափոխեն Նոյեմբերյան: Երկու ինֆարկտ է եղել էս գյուղում, երկուսին էլ հասցրել է Երևան, իր ֆինանսական ծախսերով: Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք զոհ ենք ունեցել: Գարիկ Մովսիսյանի համար մեր Սուրենն, առանց որևէ մեկին հարցնելու, իր մեծ լուման ներդրել է: Այսինքն էս գյուղում չկա մի խնդիր, որ Սուրենն ասի, ախպեր ջան, դա իմ ուժերից վերա»։

Վերջինս պատմում է, որ մի քանի անգամ գնացել է Արսեն Աղաբաբյանի մոտ:

Արսեն Աղաբաբյան

«Էսօրվա մեր պահանջն այն է, որ Սուրեն Մարտիրոսյանը իր աշխատանքում վերականգնվի, մեր 20մլն դրամն էլ կորզենք ու մենք Կողբ համայնքից ջոկվենք»,- ասում է Ա. Բաղիրյանը: Զորականցիները վիրավորված էին, որ համայնքի ղեկավարը իրենց եկվորի նման է նայում։ «Մենք եկվոր չենք, սա մեր հայրենիքն է, մեր գերանդիով ու փոցխով կլինի, թե կառավարության տված զենքով, եթե մեր սահմանին մի բան լինի, մեր սահմանը պահելու ենք»,- ասում է Արշակը:

«Մանկապարտեզը աշխատացնելու համար ասում է ֆինանս չունեմ: Ինչի, ընտրություններին իրեն ընտրելու համար աշխատանքի ընդունած 120  մարդկանց համար աշխատավարձ ունի, Զորականի մանկապարտեզի համար փող չունի՞: Արսեն Աղաբաբյանը պետք է շփվի Զորականի ժողովրդի հետ: Ճանաչի ժողովրդի կարիքները: Պետք է կադրեր նշանակելիս հաշվի առնի մարդկանց կարողությունները: Եվ 3-րդը՝ Սուրենը իր պաշտոնում պետք է վերանշանակվի, որովհետև դա ժողովուրդն է ուզում»,- ասաց ուսուցչուհի Հասմիկ Խաչատուրյանը:

«Հիմա ասում է ժողովուրդ ջան, բայց ասա մի անգամ Զորականին ներկայացե՞լ ես, որ ժողովուրդը քեզ ճանաչի: Մեր մանկապարտեզի երեխաների համար հին մահճակալներ ու Կողբի երեխաների փնթի մատրասներն է ուղարկել: Արսեն Աղաբաբյանը Զորականի ժողովրդի նկատմամբ շատ սառն է եղել: Մենք կողբեցիներին սիրում ենք, նրանք մեզ հետ միշտ լավ են վարվել: Մենք ժողովրդից դժգոհ չենք»,- ասաց ուսուցչուհի Հայկանուշ Համբարձումյանը:

Վաչե Տերտերյան

Ժամը 2-ին տեղի ունեցավ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի հանդիպումը զորականցիների հետ։ «Ես խնդրում եմ ախպերական, դու ինձանից մի 15 տարով փոքր ես, մեզ վերևից մի նայի: Գյուղում, եթե հարսանիք է լինում, տխրություն է լինում, դու էլ ներկայացի»,- համայնքի ղեկավարին ասաց Արշակ Բաղիրյանը:

«Ես պետք է իմանամ, որ ներկայանամ»,- պատասխանեց Ա. Աղաբաբյանը: 

«Որ գնաս, գաս, կիմանաս»,- ասաց ուսուցչուհի Մարգո Հովհաննիսյանը:

Վ. Տերտերյանը Զորականում ստեղծված վիճակի մասին լսեց Արսեն Աղաբաբյանի և Սուրեն Մարտիրոսյանի  բացատրությունները: Գյուղացիների և փոխնախարարի ներկայությամբ ստեղծված վիճակի համար կողմերը սկսեցին  մեղադրել միմյանց: Ապա փոխնախարարը կողմերի հետ առանձնացավ` խնդիրն առանձին քննարկելու համար: Քննարկումից վերադառնալուց հետո Վաչե Տերտերյանը հայտնեց. «Այս իրավիճակում հայտնվելու մեղավորները շատերն են: Սկսեմ ինձանից, մարզպետարանից, գյուղապետից, Սուրիկից՝ բոլորս մեղավոր ենք: Որովհետև այն, ինչ մենք կարող էինք անել սա չլինելու համար, ի սկզբանե մենք դա չենք արել: Դրա համար ստեղծվել է էս իրար չհասկանալու, չերկխոսելու մթնոլորտը»:

Փոխնախարարը զորականցիներին շնորհակալություն հայտնեց` ամեն ինչ պարզ իրեն տեղեկացնելու համար: Ապա ներկայացրեց քննարկման արդյունքները։

«Ոչ մի հիմնավոր պատճառ չկա, որ համայնքի ղեկավար Ա. Աղաբաբյանը և վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանը միմյանց հետ նորից չկարողանան աշխատել: Բայց նրանց աշխատանքը լինելու է շատ հստակ ձևավորված»,-ասաց փոխնախարարը:

Զորականցիները ծափերով ընդունեցին փոխնախարարի որոշումը:

Արշակ Բաղիրյանը զորականցիների անունից կոչ արեց Սուրեն Մարտիրոսյանին` որպես պաշտոնով ցածր և տարիքով փոքր  համայնքի ղեկավար, Արսեն Աղաբաբյանի հետ հաշտության քայլերը առաջինը կատարել: Վաչե Տերտերյանը զորականցիներին խոստացավ պարբերաբար հետևել զորականցիների հիմնախնդիրների լուծմանը:   

Գլխավոր լուսանկարում, կենտրոնում՝ Սուրեն Մարտիրոսյանը 

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
//«Էսօրվա մեր պահանջն այն է, որ Սուրեն Մարտիրոսյանը իր աշխատանքում վերականգնվի, մեր 20 մլն դրամն էլ կորզենք ու մենք Կողբ համայնքից ջոկվենք»// - Իսկ այս տողերը կարդալով, ի՜նչ են մտածում լոքան - մոքանները, վարպետ - թարսպետները, որոնք չինովնիկական մեծամտությամբ, մարդկանց մտահոգություններն ու տարրական տրամաբանությունն անտեսելով, չեղած տեղից չարիք սարքեցին նրանց գլխին! Չե որ մինչ այդ իրենք գոռում ու հուսահատ աղաչում էին որ իրենց գյուղերը չմիացնեն: Եթե հիմա իրենց ղեկավար, կամ նորմալ մարդ են համարում, պիտի գնան (առանց միլիցեքի!) ու մարդկանց աչքերին նայելով, բացատրեն, որ լավ բան են արել նրանց համար: Կգնա՜ն, թե քմծիծաղ տալով, նոր դավեր կնյութեն չարքաշ մարդկանց գլխին? Ինչու են այսպես ջանասիրաբար զզվեցնում այս դժբախտ ժողովրդին?
Բրիգադիր Սիսակ
Շատին գյուղում համայնքապետին չեն թողնում գյուղ մտնի, ոստիկաններով է գալիս: Ողջաբերդ գյուղում գյուղապետին ծեծ ու ջարդ են տվել: Այստեղ էլ հեչ մտադիր չեն իրար հետ յոլա գնալ: Ընդմենը մի երկու ամիս է անցել համայնքները «փնջելուց», դեռ քանի կոնֆլիկտներ էլ անհայտ են: Աչքիս տերտերը ճիշտ կանի «ետ ողորմյա» ասի ու «մոդելը» փոխի, ոնց որ չի աշխատելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter