HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի որդին «Զանգեզուր» պետական արգելավայրի հարակից տարածքում ոսկի է որոնելու

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն պատկանող ընկերությունը 2018-21թթ. նախատեսում է ուսումնասիրել Սյունիքի մարզի Նշանաքարի ոսկի-բազմամետաղների տեղամասը:  

«Մետալ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: «Մետալ գրուպ» ՍՊԸ-ն ձևավորվել և իր գործունեությունն է ծավալում Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Ընկերության գործունեության ոլորտը հանքարդյունաբերությունն է: 

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ այս տարվա փետրվարի 8-ից ընկերության միանձնյա բաժնետերը Սուրիկ Խաչատրյանի 23-ամյա որդին է՝ Տրդատ Խաչատրյանը: Իսկ մինչ այդ՝ ստեղծման օրվանից ի վեր, Սուրիկ Խաչատրյանն անձամբ է կիսել ընկերության բաժնեմասն իր աներձագի՝ Վարդան Բարսեղյանի հետ: 

Նշանաքարի ոսկի-բազմամետաղային երևակումը վարչական տեսակետից գտնվում է Սյունիքի մարզում` Գեղի գետի ավազանի վերին հոսանքներում, Բարգուշատի լեռնաշղթայում, Աջիբաջ գյուղից՝ 2,4 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Քիրս գյուղից՝ 4,5 կմ դեպի հարավ-արևմուտք և Քյարուտ գյուղից՝ 4.9 կմ դեպի արևմուտք: Կապան քաղաքից հեռու է 38 կմ:

Հանքային դաշտը բնակեցված չէ, ուստի ճանապարհները բանուկ չեն, իսկ լեռնային ճանապարհները բացակայում են կամ էլ չեն համապատասխանում ժամանակակից տեխնիկայի և սարքավորումների տեղափոխման պահանջներին: Ընկերության համար խոչընդոտ է նաև այն հանգամանքը, որ տարածքը միջին և բարձր լեռնային է, լանջերն ունեն մեծ թեքություններ և դրա համար հարկ կլինի վերաբացել 5 և կառուցել 5 կմ ճանապարհ: 

Համաձայն նախագծի՝ նկարագրվող տարածքի խոշորագույն ջրային միավորը Գեղին է իր բազմաթիվ վտակներով՝ Կահուրդ, Սարիձոր և այլն: Երևակման տարածքը գտնվում է Զանգեզուրի ֆլորիստական շրջանում: Հանքերևակման տարածքը հարակից է Կովկասյան կենդանաաշխարհագրական նահանգի Զանգեզուրի անտառների շրջանին: Այստեղ հանդիպում են այծյամ, կինճ, անտառային կատու: Կրծողներից տարածված են թփուտային դաշտամուկը, պարսկական սկյուռը, քնամուկը, տիպիկ են խլուրդները: 

Բարձր լեռնային գոտում կան խոզուկ, բորենի, գայլ, նապաստակ, աղվես, կրծողներից՝ ձնաբեկ դաշտամուկ, անտառամուկ: Տարածքի ալպիական գոտիներում թռչուններից հանդիպում են ալպիական ճայուկները և աղավնիները: Բազմազան են բզեզները, մորեխները: 

Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար նախատեսված տարածքը զբաղեցնում է 2170 հա և հարակից է «Զանգեզուր» պետական արգելավայրին: Սակայն նախագծողները վստահեցնում են, որ արգելավայրի տարածքում և մինչև 500 մ հեռավորության վրա չի նախատեսվում և չի կատարվելու ոչ մի տիպի աշխատանք։ 

Եվ չնայած դրան՝ նախագծողները վստահորեն հայտարարել են, որ հայցվող տարածքում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ կամ կենդանիների տեսակներ չեն հայտնաբերվել: 

Ընկերությունը նախագծում հայտնում է, որ երկրաբանական ուսումնասիրությունների նպատակն է «ուսումնասիրել երևակման տեղամասում հետագա արդյունահանման նպատակահարմարությունը»: Եվ քանի որ ուսումնասիրության նպատակը արդյունահանման նպատակահարմարությունն է, ապա կարելի է ենթադրել, որ եթե տարածքում պաշարներ հայտնաբերվեն, ապա արդյունահանում ևս կիրականացվի, ինչը նշանակում է, որ արգելավայրի անմիջական հարակից տարածքում կարող է նոր հանք բացվել: 

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն նույնպես ուսումնասիրել է այդ տարածքի հիմնական մասը, ինչպես նաև «Զանգեզուր» պետական արգելավայրի հետ համընկնող որոշ հատված, որի արդյունքները հիմք ընդունելով` ուսումնասիրության նոր հայտ է ներկայացվել: 

Ապրիլի 10-ին` ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Նոր Աստղաբերդ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Մետալ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նշանաքարի ոսկի-բազմամետաղային երևակման 2018-2021թթ երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 

Լուսանկարում՝ Սուրիկ Խաչատրյանը (Ֆոտոլուրի) և որդին (ֆեյսբուքյան էջից):