HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Միջազգային կապերի հնարավորություն՝ հայաստանյան բիզնեսների համար

Ալեքսանդրա Ռագին Երևան գալու ճանապարհին տեսել էր հայ օլիգարխներից մեկի առանձնատունը։ «Դա ումն է, ի՞նչ շենք է,- ժպտալով ու զարմացած հարցրեց Ալեքսանդրան մեր զրույցի վերջում,- ես տաքսու վարորդին հարցրի, ասաց, որ դա մասնավոր տուն է, դա մի զավեշտալի, մեծ տուն է՝ բլրի վրա, մեկը՝ մեծ, մյուսը՝ ավելի փոքր, ամրոցի է նման...» ։ Նա հեռախոսով նկարել էր առանձնատունը։ Հատկապես գմբեթները «տպավորել էին» զրուցակցիս։

Ալեքսանդրան առաջին անգամ էր Հայաստանում։ Նա նախագահում է ամերիկյան Trace հակակոռուպցիոն կազմակերպությունը, որը ծառայություններ է մատուցում առևտրային ընկերություններին։ «Trace»-ն աշխատում է ընդլայնել անդամների ցանկը տարբեր երկրներում, նաև՝ Հայաստանում: Կազմակերպությունը ցանկանում է ներդնել հակակոռուպցիոն ու թափանցիկ մշակույթ բիզնես ոլորտում։ Խոսքն այն բիզնեսների մասին է, որոնք չունեն հակաօրինական «տանիք»՝ պաշտոնյաների շրջանակներից:

Ալեքսանդրայի հետ զրուցել ենք Trace կազմակերպության և դրա հետ Հայաստանի բիզնես ընկերությունների համագործակցության հեռանկարների մասին։ 

Ալեքսանդրա, ի՞նչ գործունեությամբ է զբաղվում ձեր ընկերությունը։ 

Trace-ը շահույթ չհետապնդող ընկերություն է, բայց այն ավելի շուտ բիզնես կազմակերպություն է, քան հսկող: Հակակուռուպցիոն շատ կազմակերպություններ կան, բայց մեր փիլիսոփայությունը հետևյալն է. եթե դու ընկերությունների համար ստեղծում ես հասանելի և ոչ թանկարժեք գործիքներ և ծառայություններ, ավելի շատ ես նպաստում նրանց գործունեությանը՝ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

Թույլ տվեք մի պարզ օրինակ բերել։ Աշխարհի շուրջ 350 անդրազգային ընկերություններ մեր կազմակերպության անդամ են։ Եթե նրանք ստեղծեին առցանց ուսուցման հարթակ, դա նրանցից յուրաքանչյուրի համար կարժենար 50-100 միլիոն դոլար։ Trace-ը դա արել է մեկ անգամ, հրապարակել այն 25 լեզուներով, հետո այն հասանելի ենք դարձրել մեր բոլոր անդամ կազմակերպությունների համար անվճար, այնքան, որքան կուզեն։ Այնպես որ՝ երկու դիտարկում. նրանք խնայում են գումար, բայց մյուս կողմից մենք խրախուսում ենք, որ նրանք դա օգտագործեն իրենց ամբողջ մատակարարման շղթայի՝ բոլոր բիզնես գործընկերների համար։ Այսպիսով փոքր կազմակերպությունները և քաղաքները (այդպիսին է նաև Երևանը), որ երբեք չեն մասնակցի նման վերապատրաստանը, մասնակցում են, քանի որ մենք այն հասանելի ենք դարձնում անվճար: Սա ոչ միայն բիզնեսին նպաստող մոդել է, այլև մի տեսակ «գաղտնի գործողություն»` կոռուպցիան նվազեցնելու և թափանցիկությունը բարձրացնելու համար։ 

Մեր առաջարկած հիմնական գործիքներից են վերապատրաստումը (անձամբ մասնակցությամբ և օնլայն) և խիստ հետազոտական զեկույցները` երրորդ կողմ հանդիսացող բիզնես գործընկերների մասին։ Օրինակ՝ երբ մեր կազմակերպության անդամ որևէ ընկերություն ցանկանում է մտնել հայաստանյան շուկա և այստեղ փնտրում է գործընկեր, խնդրում է մեզ ուսումնասիրել այդ գործընկերոջ պատմությունը:

Մեր առաջարկած մյուս ծառայությունը նման է բենչմարքինգի, երբ ընկերություններն ուզում են իմանալ, թե ինչ են մյուս ընկերություններն անում նույն ոլորտում, ինչն է աշխատում այդ ոլորտում, ինչը՝ ոչ: Մենք այս տեղեկությունը ապահովելու համար մի շարք հարցումներ ենք անում և հանդիպումներ ունենում։ 

Բացի այդ, մենք կրթաթոշակներ ենք տալիս մարդկանց, որպեսզի նրանք ուսումնասիրեն հակակոռուպցիոն օրենսդրությունը: Մենք ունենք նաև լրագրողական մրցույթ, որում հաղթողներից մեկն էլ OCCRP-ն է:

Ես կարծում եմ, որ մենք առաջին կազմակերպությունն ենք աշխարհում, որ կազմակերպում է հակակոռուպցիոն թեմաներով հանդիպումներ, բայց ոչ թե իրավաբանների և համապատասխանության մասնագետների (compliance people), այլ բիզնեսի մարդկանց համար։ Ամեն տարի հունիսին մենք Վանկուվեր քաղաքում հավաքում ենք բիզնեսի մի խումբ մարդկանց և քննարկում անցկացնում։

Մեր կազմակերպությունը պատրաստում է նաև Matrix վարկանիշային վելուծությունը՝ ըստ երկրների։ Օրինակ՝ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ կազմակերպությունը տալիս է կոռուպցիայի ընդհանուր ընկալումը, բայց դա այնքան էլ օգտակար չէ մեր անդամ ընկերությունների համար։ Վերջիններս ուզում են իմանալ հետևյալը՝ եթե նրանք մուտք են գործում որևէ երկրի շուկա, որքանո՞վ է հավանական, որ իրենցից կաշառք կպահանջեն։

Իսկ Հայաստանի պաշտոնական օղակները ինչ-որ ձևով օգտագործո՞ւմ են ձեր վիճակագրական հետազոտության արդյունքները։

Այսօր իմ առաջին օրն է Հայաստանում։ Այնպես որ, դրա պատասխանը չգիտեմ։ Երկրներում, որտեղ ես հաճախ եմ լինում, ինչպիսիք են, օրինակ, առևտրային բազմաթիվ ընկերություններ ունեցող Չինաստանն ու Հնդկաստանը, անշուշտ ուշադրություն դարձնում են։ Ես ոչինչ չգիտեմ այս կառավարության մասին (նկատի ունի ՀՀ կառավարությունը-Մ․Մ․): Metrix-ն էլ ընդամենը 4 տարեկան է, և այնքան ուշադրության չի արժանանում, որքան Թրանսփարենսիի վերլուծությունը։

Ձեր վիճակագրությունը թիմային աշխատանքի արդյո՞ւնք է։

Մենք ունենք մեկ հոգի, ով ղեկավարում է այն․ նա շատ խելացի է, իրավաբան է Հարվարդի համալսարանից և շատ հմուտ է վիճակագրության ոլորտում։ Բայց երբ մենք առաջին անգամ էինք կազմում վիճակագրությունը, աշխատում էինք Rand կազմակերպության հետ. այն հետազոտական ինստիտուտ է Վաշինգտոնում։ Նրանք սկզբնական շրջանում օգնեցին պատրաստել վիճակագրությունը, բայց հետո մենք բազմաթիվ փոփոխություններ ենք արել, ամեն տարի վերանայել և զարգացրել ենք այն։ Այնպես որ մենք հիմա Rand կազմակերպությունում չենք աշխատում, բայց նրանց հետ ենք աշխատել ի սկզբանե։ Հետո օգտագործել ենք այլ աղբյուրներ դրսից՝ խորհրդատուների և այլոց։

Որո՞նք են ձեր հեռանկարները Հայաստանում։ Ինչո՞ւ պետք է հայաստանյան ընկերությունը ցանկանան լինել Trace-ի անդամ, ի՞նչ է դրանից շահելու։ 

Եթե այն գործում է բացառապես Հայաստանում, հավանաբար պետք չէ, որ անդամակցի Trace-ին։ Ընկերության օգուտներն այնքան շատ չեն լինի, որ արդարացնեն ծախսերը։ Անդամակցությունը Trace-ին տարեկան 18 հազար դոլար է, սա իսկապես լավ գումար է անդրազգային ընկերության համար, բայց մեկ երկրում գործող ընկերության համար այս գինը բարձր է։

Ինչևէ, մենք ունենք երկու համայնք՝ անդրազգային ընկերություններ, որոնք վճարում են տարեկան 18 հազար դոլար, և երկրորդ խումբը՝ փոքր և միջին բիզնեսը, որ վճարում են միայն 2 հազար դոլար, բայց նրանց հետ գործարքն այլ է։ Այն, ինչ պետք է անեն նրանք, պատշաճ բարեխղճությունն ապացուցող (due diligence) գործընթացն անցնելն է, որ կարող է տևել 3-4 շաբաթ։

Նրանք պետք է հայտնեն իրենց սեփականատերերի մասին տեղեկություն և ստորագրեն վարվելաձևի նորմեր։ Հետո պետք է մասնակցեն օնլայն վերապատրաստման, որն արագ բարձրացնում է նրանց՝ օրենսդրությանն ու իրավական ակտերին համապատասխանելու մակարդակը, և վերջում նրանք ներառվում են մեր տվյալների բազա՝ որպես Հայաստանի գործընկեր։

Այսպիսով, եթե անդրազգային ընկերությունը կարիք ունի հայաստանյան գործընկերոջ, կարող է նրան գտնել մեր տվյալների բազայում: Նա արդեն գիտի, որ հայաստանյան այդ ընկերությունը թափանցիկ է, բացել է սեփականության մասին տվյալները, վերապատրաստվել է։ Սա ուղի է՝ կամրջելու մեծ ընկերությանը լավ երրորդ կողմի հետ։ Մենք ունենք գործընկերներ Հայաստանում, այնպես որ անդամակցության այս տարբերակը ավելի հայտնի է դառնում Հայաստանում։

Իսկ այդ ընկերությունը կարո՞ղ է ունենալ բաժնետեր, որը փոխկապակցված է կառավարության անդամների կամ այլ պետական պաշտոնյաների հետ։

Որոշ երկրներում պատասխանն է՝ ոչ, որոշ երկրներում՝ այո։ Եթե դա օրինական է, և ընկերությունը դա բացահայտում է մեզ համար, դա գրանցվում է ընկերության մասին մեր պատրաստած զեկույցում։ Սակայն, միևնույն է, դա կարող է «անհարմարավետ» փաստ լինել։ Բերեմ թարմ օրինակ․ մենք զեկույց էին պատրաստել նիգերական մի ընկերության մասին, և այդ ընկերության սեփականատերերից մեկը Նիգերիայի Նավթի նախարարությունն է։ Դա օրինական է Նիգերիայում, բայց դա իսկապես շատ կարևոր ինֆորմացիա էր մեր անդամներից մեկի՝ գազի և նավթի մի ընկերության համար, որ ուզում էր համագործակցել նիգերականի հետ: Այնպես որ, մենք տեղեկությունը հրապարակել ենք, և այդ ընկերությունը դեռևս պետք է կատարի ռիսկերի վերլուծություն։

Իսկ սեփականատերերի մասին տեղեկությունը հանրայի՞ն է, դուք վաճառո՞ւմ եք այն երրրորդ կողմին։

Միշտ չէ, որ այն հանրային է։ Այն ներառվում է մեր տվյալների բազա։ Օրինակ պատկերացրեք՝ մեր առաջին ընկերությունը պաշտպանության ոլորտի ամերիկյան ընկերություն է, և բրիտանական մի ընկերություն ասում է, որ ուզում է աշխատել նրա հետ։ Բրիտանական ընկերությունը մտնում է մեր տվյալների բազա և դիմում ներկայացնում՝ ամերիկյան ընկերության մասին զեկույցը ստանալու համար։

Ամերիկյան ընկերությունը պետք է իր համաձայնությունը տա, որովհետև այնտեղ շատ մասնավոր տեղեկություններ կան՝ ֆինանսական, սեփականության վերաբերյալ տվյալներ, այսինքն՝ նրանք ունեն այդ տեղեկությունների հեղինակային իրավունք, դրանք առևտրային գաղտիք են։ Եվ եթե ամերիկյան ընկերությունն էլ ուզենա աշխատել բրիտանականի հետ, համաձայնում է տրամադրել այդ զեկույցը։ Նրանք կարող են ուղարկել այդ զեկույցը, ում ուզում են, բայց մենք պետք է ստանանք նրանց համաձայնությունը։ Մինչև հիմա մեր անդամ ընկերություններից որևէ մեկը չի մերժել տրամադրել իր մասին զեկույցը, բայց մենք, միևնույն է, պետք է ստանանք նրանց համաձայնությունը։ Այնպես որ, այդ տեղեկությունը հանրային չէ, բայց կարող է անվճար տրամադրվել նրանց համաձայնությամբ։

Իսկ եթե այդ տեղեկությունը ստանալու համար ձեզ դիմում է լրատվամիջո՞ց։

Մենք դարձյալ պետք է ստանանք նրանց համաձայնությունը։ Դա միայն իմ որոշելու հարցը չէ։ Ես վստահ եմ, որ բազմաթիվ լրագրողներ կցանկանային ունենալ շատ ինֆորմացիա, բայց նրանք պետք է համաձայնեն։

Ալեքսանդրա, դո՞ւք եք գտնում այն ընկերություններին, որոնց վերապատրաստում եք, թե՞ նրանք են ձեզ գտնում։ 

Ոչ, նրանք են մեզ գտնում։ Մենք իսկապես միակն ենք՝ որպես այսպիսի կազմակերպություն։ Մենք ուսումնասիրություններ ենք կատարում, որոնք վերաբերում են կոնկրետ դեպքերի։ Trace-ի թիմերից մեկը, որ մասնագիտացած է այդ գործում, կանգ է առնում տարբեր կետերի վրա և ցույց տալիս, թե ինչպես պետք է կարգավորել դրանք։ Դա շատ ինտերակտիվ գործընթաց է։ Իմ սիրելի ծրագիրը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի՝ արտերկիր դուրս եկող մասնակիցների հետ այդպիսի վերապատրաստում անելն է։ 

Մեր կազմակերպությունը գումար չի վերցնում որևէ երկրի կառավարությունից։ 2008թ․ ես ԱՄՆ-ի նախագահ Օբամայի պատվիրակության հետ Մոսկվայում էի, և այնտեղ նա կազմավորեց հակակոռուպցիոն թիմ։ Եվ ես Մոսկվա էի մեկնել առանձին, կարծում եմ, որ դա կարևոր է։ Այնպես որ մենք չենք վերցնում գումար կառավարությունից, բայց մենք նրանց համար վերապատրաստում ենք կազմակերպում։ Ես վերապատրաստում եմ անցկացրել հավանաբար 20-30 երկրների կառավարությունների պաշտոնյաների համար։ 

Ինչպիսի՞ դասընթացներ եք տալիս, դրանք միայն առցա՞նց են։

Երեք տարբեր տեսակի վերապատրաստում ունենք։ Առաջինը օնլայն վերապատրաստումն է՝ մի քանի թեմաներով՝ հակակոռուպցիոն գործունեություն, մարդկանց թրաֆիքինգ, շահերի բախում: Այս դասընթացները տեղադրված են բազմաթիվ լեզուներով, ընկերությունները կարող են կիրառել նաև մեր ուսուցման կառավարման համակարգը, և եթե ունես տասը հազար աշխատակից, կարող ես տեսնել, թե երբ են նրանք լրացրել թեստը: Շատ կատարելագործված համակարգ է, մեր ընկերություններին դա դուր է գալիս։ Ունենք կոնֆերանսներ, աշխատաժողովներ, կլոր-սեղան հանդիպումներ, դրանք շատ ինտերակտիվ են և միշտ մարդաշատ են: Այնուհետև մենք նաև առաջարկում ենք ոչ օնլայն անհատական դասընթացներ՝ երբեմն երկու աշխատակիցների համար:

Այսինքն Trace-ին վճարելը նման է միջազգային իրավաբանական ընկերություն վարձելո՞ւն:

Ինչ-որ առումով՝ այո: Դուք իրականում ոչ թե վարձում եք Trace-ին, այլ անդամակցում եք՝ տարեկան վճարի դիմաց, որից հետո ամեն ինչ անվճար է՝ սեմինարները, հանդիպումները, կոնֆերանսները, բենչմարքինգը, ամեն ինչ ներառված է: Միակ բանը, որի համար պետք է հավելյալ վճարել, երրորդ կողմ հանդիսացող բիզնես գործընկերոջ վերաբերյալ հետազոտական զեկույցն է, որովհետև դրանք շատ աշխատատար են և կարող են շաբաթներ տանել մեր աշխատաժամանակից. այդ զեկույցների համար մենք պահում ենք 34 լեզվով խոսող աշխատողներ:

Իսկ կոնֆերանսներին մասնակցել ցանկացողների ճանապարհածախսը ձեր ընկերությո՞ւնն է հոգում:

Ոչ, մասնակիցն է հոգում այդ ծախսը: Այդ միջոցառումները մոտ երկու օր են տևում, մենք բազմաթիվ բանախոսների ենք հրավիրում, նաև հոգում ենք նախաճաշի, ճաշի և ընթրիքի ծախսերը: Իսկ թռիչքի և հյուրանոցի ծախսը հոգում է մասնակիցը:

Երևի ընկերությունները ընտրում են ձեր ծառայությունները, որովհետև դրա միջոցով նրանք կարողանում են իրենց զգալ այդ համայնքի մասը: Ձեզ անդամակցող ընկերությունները ճանաչո՞ւմ են միմյանց:

Մեծ մասը՝ այո: Մենք ամեն տարի կազմակերպում ենք մոտ 15 հանդիպում, վերջերս մեկն ունեցել ենք Դուբայում: Գիտեք, դա մեծ համայնք է. ապրիլին մենք ձեռնարկում ենք մեծ միջոցառում Բեռլինում, որտեղ հավաքվում են մեր գործընկեր իրավաբանական ընկերությունները և մեր անդամները: Իսկապես լավ միջոցառում է, որովհետև, օրինակ, գալիս են իրավաբաններ Նիգերիայից և հաղորդակցվում նավթի ու գազի ընկերությունների հետ Հյուսթոնից…: Իսկ ոչ պաշտոնական միջավայրում մենք նաև գինի ենք խմում և ավելի լավ ճանաչում միմյանց (ժպտում է): Մեր աշխատակիցներից 8-ը լքեցին Trace-ը` աշխատելու անդամ ընկերություններում, որովհետև վերջիններս ճանաչում էին նրանց, վստահում և աշխատանքի ընդունեցին:

Լուսանկարը տրամադրել է Ալեքսանդրա Ռագին