HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կանգնելու ենք գործարանների դիմաց ու չենք թողնելու, որ Մինասի գործերը քաղաքից տանեն

Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելու նպատակով Կառավարության որոշման համաձայն` անժամկետ ու անհատույց իրավունքով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանն է տրամադրվելու Գյումրիում գտնվող որմնանկարներից երկուսը, այն պայմանով, որ դրանք տեղափոխվեն, վերականգնվեն, պահպանվեն և փակցվեն օդանավակայանում:

 «Այսուհետև օդանավակայանում մեր բոլոր քաղաքացիները կարող են վայելել Մինասի այս հիասքանչ որմնանկարները: Մեծ դիմադրություն կա, ասում են` ոնց կարելի է մասնավորին տալ: Բա ավելի լավ ա փչանա՞ն այդ որմնանկարները»,- այսպիսի կարծիք է հնչեցրել երկրի վարչապետը որոշման կապակցությամբ: Որմնանկարներից մեկը փակցվելու է օդանավակայանի պատվավոր հյուրերի, մյուսը` ընդհանուր սրահում:

«Ով է ասել, որ Մինասի որմնանկարները աէրոպորտի տերմինալ տեղափոխելը ամենաճիշտ որոշումն է»,-վրդովված հարցնում էին գյումրեցի արվեստագետները  «Ասպարեզ» ակումբում այսօր կայացած կլոր-սեղան քննարկման ժամանակ: Անցյալ դարի 70-ական թվականների սկզբներին Լենինականի մի շարք գործարանների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի պատվիրել են որմնանկարներ գործարանների համապատասխան տարածքներում, որի արդյունքում ստեղծվել են գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ:

Հետեկրաշարժյան տարիներին, երբ դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեցին նաեւ որմնանկարների հետագա գոյությունն ու պահպանությունը:

1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի ջանքերով և միջոցներով բուլղարացի մասնագետների միջոցով վերականգնվեց և Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղադրվեց վերլուծական սարքերի փորձնական գործարանի շենքի պատին գտնվող  որմնանկարը: Սակայն այս ողջունելի քայլը` որմնանկարների վերականգնումը և հետագա ցուցադրումը Գյումրիում, առաջինն ու վերջինը եղավ: 2010թ. ՀՀ Կառավարության միջոցներով վերականգնվեց և Երևան` Կառավարության շենք տեղափոխվեց երկու որմնանկար:

«Այ հենց էդտեղից էլ սկսվեց,-նկատեց քննարկման մասնակիցներից Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Գարիկ Մանուկյանը,-էն ժամանակ պիտի չհամաձայնվեինք տեղափոխմանը: Թող վերականգնեին ու թողնեին Գյումրիին: Չեմ կարծում, թե հասարակ մահկանացուն այսօր հնարավորություն ունի մտնելու կառավարության շենք ու հիանալու Մինասի գործով: Եթե Էրնեկյանն ուզում է բարի գործ անել, թող այդ գործերը վերականգնի Գյումրիի համար»:

Քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանն էլ նկատեց, որ Եվրոպայում զբոսաշրջիկները տվյալ երկրի 2-րդ կամ 10-րդ քաղաքն այցելում են միայն այն բանի համար, որ արվեստի տվյալ գործը գտնվում է հենց այդ քաղաքում:

«Խոսում են մարզերի զարգացման մասին, բայց կրկին ամեն ինչ տանում, կուտակում են Երեւանում: Հիմա ինչ, մենք էլ Ջաջուռից Մինասի տուն թանգարանը բերենք Գյումրի, եթե իրանք մեր ունեցածն են տանում մայրաքաղաք,-հարցրեց Արտաշես Կարապետյանն ու հավելեց,-չենք թողնելու: Մայիսի 4-ին խումբ է գալու Գյումրի, որ որմնանկարները տեղափոխեն: Կանգնելու ենք գործարանների դիմաց ու չենք թողնելու, որ Մինասի գործերը քաղաքից տանեն: Սա մեր քայլերից մեկն է լինելու, իսկ հետո կկազմակերպենք հանրային լսումներ: Ի վերջո պիտի լինի մի դեպք, որ որոշում կայացնելուց առաջ մի քիչ էլ ժողովրդի կարծիքը հաշվի առնվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter