HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի կենդանիները

2016-ի ապրիլից հետո տեսած այս պատկերները տպավորվել էին շատ, բայց անհարմար էր գրել այս մասին, երբ տղաներ էին զոհվում: Երկու տարի առաջ գրված պատկերները մեռնող ու չմեռնող կենդանիների մասին երկու տարի անց, երևի արդեն կարելի է հրապարակել:

Պատերազմի ժամանակ կենդանիները մեռնում էին: Ու նրանց մեռնելուն զոհվել չէին ասում. կենդանի են, իսկ «սատկել» կոպիտ կլիներ ասել՝ մարդու հնարած պատերազմից այսքան տխուր ու այսքան անմեղ էակների համար:

Մարտակերտի գիշերային հրետակոծությունից կովի փորը բեկորով ծակվել էր: Արյունոտ անցքի համաչափ կլորի միջից արյունը գծով իջնում էր: Տերն ասում է` գիշերն է ծնել վիրավոր կովը: Ոչ մի օր չի հասցրել վայելել հետծննդյան թուլությունն ու տերերի խնամքը: «Գրադ»-ի աղմուկի մեջ ծնված հորթը անմեղսունակ բարությամբ նայում է նոր միջավայրին: Նոր ծնված հորթերը մոր կաթից հեռու չեն գնում, լիքը կրծքերի մեջ բնազդով թաքցնում են իրենց հրաշալի ու նոր գլուխը՝ վախից, քաղցից: Գիշերային հրետակոծության տակ ծնված հորթը քայլում էր վիրավոր մոր կողքով ու կաթ չէր ուտում: Մոր մեծ փորի մեջ մտած բեկորը կաթից զրկել էր նորածին հորթին: Նենգ էր օրը:

Այս հորթի նախնիները ծնվել ու շուրջը տեսել են տիրոջ հոգատար դեմքը, ձայնը, ձեռքը, որ շոյել էր ցավի մեջ հորթ ծնող կովի ողնաշարն ու հորթի դունչը: Ծնվելուց անմիջապես հետո այս մի հորթը տեսավ մարդկանց կենդանական վախը, ջարդված տանիքները, փշրված ապակիները, վազքը, լարված լռության մեջ հանկարծ պայթող աղմուկը, կյանքի հանդեպ մեծ վտանգը ու իր վիրավոր մորը՝ կլոր, արյունոտ բացվածքը մեծ փորի մեջ: Հորթերն էլ են կորուսյալ սերունդ ունենում…

Օձերը՝ գորշ կամ հասած մասուրի գույնի, գալարվում են հարավի զինվորական դեղին արտերի ու դեղին հողերի միջով, խուսափում զինվորական հզոր մեքենաներից ու մտնում ցորենի արտերը: Ուր են եղել օձերն ապրիլի չորս օրը, ինչ են զգում օձերը կռվի ժամանակ ու կռվից հետո, երբ ամառային արևի տակ մի վայրկյանում պլստում են զինվորական մեքենայի ավտոդողերից ու խրվում դեղին ցորենի մեջ: Զգո՞ւմ են, որ այդ պահին իրենցից չի վախենում մարդը: Իր դեմ հակաթույն կա՝ եթե ժամանակին հասցնես, ինքը չի խայթի՝ եթե ձեռք չտաս, զենքի դեմ հակաթույն չկա, հակառակորդի զենքին չկպնես էլ՝ կկրակի:

Թալիշի ճանապարհին հորթը սատկել էր: Մարդու նման էր պառկել սպանված հորթը, քնած մարդու նման: Դունչն ուղղել էր ճահճականաչ գույնի ռազմամեքենաներով լցված փոշոտ ճանապարհի կողմը։

Ասում ենք «հորթային երջանկություն»: Դատելով դարձվածից՝  հորթը կորցրել է իր հորթային երջանկությունը ու «հորթային երջանկությունն» էլ շատ հարաբերական է:

Պատերազմի տարածքում մեռած կենդանին ոչ ասուն տխրություն է:

Սահմանի ռմբապաստարաններում ծիծեռնակները պատի անկյուններում ու ծպեղների վրա բներ են սարքել՝ գետնի տակ: Թողել են բաց երկինքն ու մտել հողի տակ՝ ռմբապաստարանների անկյունները, ու երեք–երեք հանել են կիսաբաց կտուցները գորշ գույնի, կտուցով հյուսած բներից ու ոնց որ բան են ասում զինվորականներին: Ո՞նց են զգացել ծիծեռնակները, որ ռմբապաստարաններում անվտանգ է:

Հարավի դիրքերում շները եռոտանի էին: Պայթել էին ականների վրա: Զինվորները շան հաշմանդամությունը փոխհատուցելու համար աղջիկների օտար անուններ էին դրել շների վրա ու քնքուշ կանչում էին կաղ շներին:

Ապրիլից քիչ անց ոչխարները, պատերազմի դավադրությանն անտեղյակ, խուզի հերթ էին կանգնել ու սպասում էին իրենց հերթին, որ առատ բուրդը թափեն վրաներից ու իրենց սպիտակ անպաշտպան մաշկը բաց թողնեն սահմանից քիչ հեռու՝ մարդու աղետի կողքին:

Իսկ Հադրութի ճանապարհին երկու կով գգվում էին իրար ու երևի սփոփում տխրությունն ու վախը կամ ուղղակի լավ էին զգում իրար հետ:

Կենդանիները մարդու կռվի մեջ են ընկել՝ անխոս, անլեզու:

Գլխավոր լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter