HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Արծրունին պայմանական չի ազատվի

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց 24-րդ տարին պատիժը կրող «Դրոյի» գործով նախկին մահապատժի դատապարտված 56-ամյա Արսեն Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու՝ նրա պաշտպանների բողոքը: Ինքը՝ ցմահ դատապարտյալ Արծրունին, ներկա չէր նիստին առողջական վատ վիճակի պատճառով. նրա մոտ հայտնաբերվել էր հանգուցավոր խպիպ: Դատավոր Սերգեյ Չիչոյանն ընթերցեց միայն որոշման եզրափակիչ մասը: Պաշտպաններ Ռոբերտ Ռևազյանն ու Նարինե Ռշտունին մերժման հիմքերին դեռ ծանոթ չեն: Որոշման իրենց օրինակը ստանալով՝ պատրաստվելու են Վճռաբեկ ատյանն էլ սպառել և գործը հասցնել Եվրոպական դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Այժմ Արսեն Արծրունին գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ տեղափոխվել է մեկ ամիս առաջ: Մինչ այդ փակ ռեժիմային գոտում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պատիժ է կրել 20 տարի: Այնուհետև, կիսափակ ռեժիմ անցնելուց հետո տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ: 23 տարվա ազատազրկման տարիներին զբաղվել է կրթական աշխատանքով: Թեև «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը դրական է բնութագրել Արսեն Արծրունուն, որտեղ և գտնվել է ցմահ դատապարտյալը 2014 թ.-ից մինչև վերջերս, այդուհանդերձ ՔԿՀ-ի վարչակազմը դարձյալ որևէ խրախուսանքի չի արժանացրել նրան, ինչպես չի խրախուսել «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը: Նրա ներկայացուցիչները բողոքում թվարկել էին Արծրունու կրթական, գիտական ձեռքբերումները, բանտում անցկացրած ուսումնառության տարիները: Սակայն այդ ամենը դատարանները հիմք չեն համարել ցմահ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու համար: Փոխարենը դատախազությունը մատնանշում էր պատժի ընթացքում ունեցած տույժը, որը ըստ օրենքի, 6 ամիս անց մարվում է և չի կարող իրավական հետևանք ունենալ:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը վարույթում ունի և ունեցել է դատապարտյալների այս խմբի պայմանական ազատման մի քանի գործեր: Ասում է, որ մերժման հիմքերը հիմնականում կրկնում են իրար ֆորմալ առումով, բայց պայմանական ազատման չկիրառման պատճառը քաղաքական կամքի բացակայության մեջ է:   

Արսեն Արծրունին ազատազրկված է 1994-ից Գերագույն դատարանի դատավճռով՝ սպանություն պատվիրելու մեղադրանքով: 2003-ին նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: «Դատարանը չի կարող չիմանալ 1996թ-ին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին և այն, որ այսպես կոչված «Դրո»-ի գործը ուներ քաղաքական ենթատեքստ: Պատահական չէ, որ Թիվ 10 (1996թ) գործի նյութերը ոչնչացվել են, անկախ այն հանգամանքից, որ դեռ 2 հոգի կրում են ցմահ պատիժ»,- նշված է Արծրունու ներկայացուցիչների Վերաքննիչ բողոքում:

Անցյալ տարեվերջից մամուլում պարբերաբար տարածվում էր տեղեկատվություն, թե հանրապետության նախագահը ներում է շնորհելու որոշ դատապարտյալների, այդ թվում՝ ցմահ դատապարտվածների: Ցանկում նշվում էր նաև Արսեն Արծրունու անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter