HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Փախստականներին հանում են ժամանակավոր կացարաններից

«Հեռուստատեսությունից իմացանք, որ մեր շենքն աճուրդով վաճառվել է: Փաստորեն, մեզ էլ մեջը վաճառել էին, առանց տեղյակ պահելու»,- պատմում է «Բարի ծիծեռնակ» տուրիստական բազայի նախկին բնակիչ Լարիսա Մարիանյանը: Լարիսա Մարիանյանն իր քրոջ եւ մոր հետ Բաքվից բռնագաղթել է 1989թ.: Գալով Հայաստան' նրանք տեղավորվել են «Դիլիջան» առողջարանում: Երկու տարի հետո Դիլիջանից տեղափոխվել են Երեւան' «Բարի ծիծեռնակ» տուրիստական բազայի շենք: «Հարմարվել էինք պայմաններին, յուրաքանչյուրս առանձին սենյակ ուներ, ու ապրում էինք»,- ասում է Լարիսայի մայրը' 70-ամյա Լյուդմիլա Մարիանյանը:

Փախստականների 16 ընտանիք է ապրել «Բարի ծիծեռնակ»-ում: 1999թ.-ին Սեփականաշնորհման նախարարությունը, առաջնորդվելով ՀՀ Կառավարության որոշմամբ, միջազգային մրցույթով 52մլն դրամով վաճառել է «Ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը: Տուրիստական բազայի սեփականատերը «Բարի ծիծեռնակ» երիտասարդական տուրիստական կենտրոն ԲԲԸ-ն է' ի դեմս Սարգիս Սարգսյանի (մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Ս.Սարգսյանի թիկունքում Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն է):

Սեփականատիրոջ իրավունքով Ս. Սարգսյանը բնակիչներից անընդհատ պահանջել է ազատել շենքը, հետո վտարման պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան: Ըստ Սեփականաշնորհման նախարարության եւ Ս. Սարգսյանի միջեւ կնքված պայմանագրի' գնորդը մասնավորեցումից հետո 2 տարվա ընթացքում փախստականներին պետք է տրամադրեր ժամանակավոր կացարան ( 5.3 կետ): Սակայն դատական գործընթացների ընթացքում «Բարի ծիծեռնակ»-ի շենքում ապրողներին ժամանակավոր կացարաններ տրամադրելու պարտավորությունը դատարանը դրել է Միգրացիայի եւ փախստականների վարչության (ՄՓՎ) վրա: «Մենք որքան էլ պայքարեցինք, դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Այդ մարդկանց բնակելի տարածքով ապահովելը մեր գործառույթը չէր, բայց մեր հնարավորության սահմաններում տեղավորեցինք: «Բարի ծիծեռնակ»-ի բնակիչներին մշտական կացարաններով ապահովելու համար կա եռակողմ պայմանագիր»,-ասում է Միգրացիայի եւ փախստականների վարչության փախստականների հարցերի վարչության պետ Արա Հարությունյանը:

Եռակողմ պայմանագիրը կնքվել է ՄՓՎ-ի, Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի եւ «Բարի ծիծեռնակ» տուրիստական բազայի սեփականատեր Ս. Սարգսյանի միջեւ: Պայմանագրի համաձայն՝ ՄՓՎ-ի հաշվեկշռում գտնվող վերելակների ուսումնական կոմբինատի անավարտ շինարարությունը պետք է ավարտվեր' վերանախագծվելով բնակելի շենքի:

Փախստականների նորվեգական խորհրդի երեւանյան գրասենյակից տեղեկացանք, որ աշխատանքները սկսվել են, եւ 2005թ. հոկտեմբերին բնակելի շենքը կհանձնվի «Բարի ծիծեռնակ»-ի նախկին բնակիչներին:

«1988-ից մինչեւ 2004թ. ավարտը փախստականներին ուղղված ոչ մի պետական ծրագիր չի իրականացվել՝ չնայած մեր պետությունն ընդունել է ավելի քան 350 հազար փախստականի: Ծրագրերի մասին միայն խոսվել է, բայց ոչինչ չի իրագործվել: Ինչ-որ բաներ են արվել միջազգային կազմակերպությունների կողմից, բայց հիմնական մասի բնակարանային, սոցիալական հարցերն անլուծելի են մինչեւ այսօր»,-ասում է Ազգային ժողովի նախագահի խորհրդական Բորիս Շահնազարյանը:

Վերջին տարիներին ակտիվացել է փախստականների ժամանակավոր կացարանների սեփականաշնորհումն ու վերասեփականաշնորհումը: 1989թ. կառավարության որոշումներով բռնագաղթվածներին տեղավորել են հյուրանոցներում, դպրոցներում, մանկապարտեզներում: Ներկայիս կառավարության որոշումներով էլ այդ շինութունները տարբեր աճուրդների արդյունքում սեփականատերեր են ունենում, եւ տասնյակ ընտանիքներ հայտնվում են փողոցում:

ԱԺ նախագահի խորհրդական Բորիս Շահնազարյանի կարծիքով' վաղուց ժամանակն է, որ պետությունը փախստականների նկատմամբ քաղաքականություն մշակի: «Առաջին հերթին պետք է լուծվի նրանց բնակարանային խնդիրը: Կառավարությունը հիմա մի ծրագիր ունի առաջնահերթ բնակարանի կարիք ունեցող փախստականների համար: Եթե գոնե այս ծրագիրն իրագործվի, նրանք կզգան, որ անտեսված չեն»,-ասում է Բ. Շահնազարյանը:

«Ես փախստական եմ եւ չեմ դառնա ՀՀ քաղաքացի, մինչեւ չզգամ, որ իմ իրավունքները պաշտպանվում են: Սա պետություն չէ: 10 տարի ես ապրում էի «Բարի ծիծեռնակ»-ում, բայց ինձ այնտեղից դուրս հանեցին: Սեփականատերը սկզբից հեռախոսն անջատեց, հետո՝ լույսը, ջուրը. էնպիսի պայմաններ ստեղծեց, որ ստիպված դուրս եկանք: Հիմա ես ապրում եմ հանրակացարանի մի սենյակում, գրանցում չունեմ, դրա համար էլ նպաստ չեմ ստանում, բժշկի չեմ կարող դիմել: Այս երկրում օրենք չի գործում, ամեն ինչ հնարավոր է փողով գնել»,-ասում է Լարիսա Մարիանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter