HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիները կարող են չվճարել ոռոգման ջրի համար, եթե մատյանում չեն ստորագրել

Ավարտին են մոտենում գարնան նախապատրաստական աշխատանքները։ Ջրամբարների լցվածությունը կազմում է 52%: Համեմատության համար նշենք, որ 2016թ. այս ժամանակահատվածում ջրամբարների լցվածությունը եղել է 65%:

Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասաց, որ ներկա պահին Հայաստանի ջրամբարներում կա շուրջ 460 մլն խմ ջուր, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարբերությունը կազմում է մոտ 27 մլն խմ: Շեղումը բացասական է: 

Անդրադառնալով սպասարկման որակին` Արսեն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ջուրը սահմանափակ է, և պետք է ճիշտ բաժանեն: Հարցին, թե արդյոք գյուղացուն հետաքրքրում է, թե ծառայություն մատուցողն ինչպես կիրականացնի ջրի բաշխումը, երբ իր տարվա բերքն է փչանում ջուր չլինելու պատճառով, Արսեն Հարությունյանն ասաց, որ դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Մասնավորապես՝ նախորդ տարի մոտ 4 ամիս անձրևներ չեն եղել, ջրամբարներն էլ եղել են թերլցված:

«Անցյալ տարի Արարատյան դաշտում արևի տակ 50 աստիճան տաքություն էր, ֆորս-մաժոր էր: Դրանից խուսափելու համար այս տարի խորքային հորեր ենք հորատում, շարժական պոմպակայաններ ենք աշխատացնելու, դա է լուծումը: Իսկ թե ինչու նախորդ տարի դրան չէինք պատրաստվել, եթե ջրամբարները թերլցված են եղել, ասեմ, որ սարերում ձյուն կար, հույս ունեինք, որ ձյունը անձրևներով կուղեկցվի, կլցվի ջրամբար և մենք խնդիր չենք ունենա: Բայց միանգամից արևը գոլորշացրեց: Այս տարի սարերում ձյուն չկա, մենք դրան պատրաստվում ենք»,- ասաց ջրային պետական կոմիտեի նախագահը: Նրա փոխանցմամբ՝ խորքային հորերով չեն կարողանա ամբողջությամբ կարիքները բավարարել, բայց հիմնական հարցը փորձելու են լուծել:

Այս տարի Արմավիրի մարզում նախատեսվում է հորատել 24 խորքային հոր, կվերականգնվեն 13-ը: Ձեռք կբերվեն նաև 20 շարժական պոմպեր՝ մոտակա գետերից և լճակներից ջուր վերցնելու համար։

Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքներում իրականացվելու է փակ ցանցով ջրամատակարարման ծրագիր, քանի որ այնտեղ հիմնականում գերնորմատիվային հողեր են և նորմայից շատ ջուր է պահանջվում: Ծրագրի արժեքը 2 մլն դոլար է, որը վարկային միջոց է: Այդ տարածքում 560 հա հողերից օգտագործվում է միայն 45 հա:

Դրվելու է արևային պանել՝ ավտոմատ հաշվիչով և օնլայն հետևելու են, թե քանի անգամ, որքան ջուր է օգտագործել հողօգտագործողը: Եթե վերջինս չվճարի վարձավճարը, համակարգը հնարավորություն կտա ավտոմատ անջատել ջրամատակարարումը:

«Այդ տարածքներում ջուրը միանգամից իջնում է ներքև: Պետք է բազմամյա տնկիներ դրվեն, քանի որ ջուրը ներքևում է մնում, այնտեղ խոնավ է: Բայց գյուղացիներն ասում են, որ մենք դարերով պոմիդոր, լոլիկ, կաղամբ ենք ցանել, մենք դա ենք տեսել, ինչ ծառի մասին է խոսքը: Կամաց-կամաց պետք է այդ մշակույթը փոխվի, որ հասկանան, թե որ տարածքում ինչ պետք է ցանեն»,- ասում է Արսեն Հարությունյանը և հավելում, որ այդ տարածքում մշակաբույս ցանելու դեպքում տարբերակներից մեկը կաթիլային ոռոգման համակարգին անցնելն է:

Ջրային պետական կոմիտեի նախագահի խոսքերով՝ համայնքներ կան, որտեղ 45 անգամ ոռոգում են իրականացնում, ինչը չափից շատ է: 2017թ. գերնորմատիվային ջրերից հանվել է 800 մլն դրամի հասույթը, որպեսզի նման հողեր ունեցող գյուղացիների արտադրած գյուղմթերքը ջրի շատ օգտագործման պատճառով ավելացած վարձավճարը չազդի արտադրանքի վերջնական գնի վրա: Արսեն Հարությունյանը հույս հայտնեց, որ այս տարի այդ ծրագիրը ևս կշարունակվի:

Ա. Հարությունյանը նշեց, որ իր չսիրած թեման Սևանա լճից ջուր բաց թողելն է, քանի որ ամենաշատն ինքն է քարկոծվում: Սակայն, եթե անհրաժեշտությունը լինի ստիպված պետք է լրացուցիչ ջուր վերցնեն լճից: Նրա խոսքով՝ 2019թ. տարեվերջին նախատեսվում է ավարտել Արփա-Սևան թունելի շինարարությունը և դրա հաշվին ամեն տարի Սևանա լճի մակարդակը բարձրացնեն 10սմ-ով:

«Այնպես չէ, որ մենք կարողանալու ենք Սևանը հավերժ բարձրացնել: Այսօր Սևանի մակարդակը 1900 մ 55 սմ է, միջինում գոլորշացումը օրական կազմում է 1 մլն խմ: Արփա-Սևան թունելի «շրթունքը» 1902 մ 60 սմ է: Եթե գա այդ շեմին, մենք պետք է այդ շեմը պահենք և ջուրը բաց թողնենք, որովհետև բարձրի դեպքում լցվելու է թունել և քայքայելու է: Իսկ այդ թունելը մեր Սևանա լճի աորտաներից մեկն է»,- հավելեց Ա. Հարությունյանը:

Այս տարի կոմիտեն պաշտպանության նախարարությունից խնդրելու է «դրոններ», որպեսզի գույքագրեն հողատարածքները՝ թաքնված ջրօգտագործման դեպքերը հայտնաբերելու նպատակով:

Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ այս պահին հանրապետությունում 26 հազար 100 հա հողատարածք հնարավոր է դարձնել ոռոգելի, որի համար անհրաժեշտ է 29,5 մլրդ դրամ: Միջինը 1 հա ոռոգում ապահովելու համար անհրաժեշտ է լինելու 1,1 մլն դրամ: Ամենամատչելին Շիրակի մարզում  է՝ 1 հա 495-500 հազար դրամ: Ծրագիրը սկսելու են հենց մատչելի համայնքներից: Դրան զուգահեռ Արարատյան դաշտավայրում շուրջ 24 հազար հա հողատարածք հնարավոր է ոռոգել, ջուրը կա, սակայն հողերը չեն ոռոգվում: Այլ կերպ ասած` այդ հողերը չեն մշակվում:

Անդրադառնալով ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրմանը` Արսեն Հարությունյանն ասաց, որ 2017թ. ռեկորդային թվեր են ունեցել, հասույթի առումով 28% աճ, իսկ վարձավճարների հավաքագրումը կոմիտեի պատմության մեջ եղել է աննախադեպ բարձր: Մասնավորապես Արմավիրի տարածաշրջանում բավականին ցածր է եղել գումարների հավաքագրումը:

Նախորդ տարի ունեցել են նաև ջրի կորուստների նվազեցում: Արսեն Հարությունյանը նշեց, որ տեղադրվել են հաշվիչներ: Ամբողջ երկրի տարածքը չափիչ սարքերով ապահովելու համար անհրաժեշտ է 2100 ջրաչափ, որպեսզի մինչև համայնք մտնող ջրի նկատմամբ հսկողություն սահմանեն: Այժմ տեղադրված է 80 հաշվիչ խոշոր օգտագործողների տարածքում, ինչի հաշվին էլ կորուստները նվազել են: Նշեց նաև, որ վերանորոգել են  52 կմ մայր և երկրորդային կարգի ջրանցքներ, ինչը ևս նպաստել է կորուստների նվազեցմանը:

Արսեն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ջուր չմատակարարելու պատճառով պատճառված վնասները հատուցելու պահանջով որևէ գյուղացի ընդդեմ ջրպետկոմի, դիմե՞լ է դատարան: Պատասխանը բացասական էր. «Իրենք էլ են ըմբռնումով մոտեցել, մենք ինչ կարող էինք անել»:

Արսեն Հարությունյանն ասաց, որ ջրային պետական կոմիտեն դիմում է դատարան միայն այն բաժանորդների դեմ ովքեր ջուրը փաստացի ստացել են և չեն վճարել դրա դիմաց: Իսկ այն բաժանորդը, ում բերքը ծառի վրա չորացել է ու բերք չի ստացել, այդ մարդուն չեն կարող «դատի տալ»:

«Եթե մարդն ասում է՝ մատյանում չի ստորագրել, որ ջուր է ստացել, մենք չենք կարող նրա նկատմամբ միջոցառում ձեռնարկել: Դատի տվեցինք, գալու է դատարան, ինչի՞ շուրջ ենք խոսելու: Մենք պարտքը հաշվարկում ենք մատյանում կատարած ստորագրությունների հիման վրա: Ես բազմիցս ասել և նորից եմ ասում, եթե ունենք բաժանորդներ, որոնք կարող են հիմնավորել, որ մատյանում ընդհանրապես չեն ստորագրել, կամ ստորագրությունն իրենցը չէ և ՋՕԸ-ն կամ ջրբաշխն իրենցից գումար է պահանջում, անձամբ ես պատրաստ եմ նայել այդ բաժանորդի գործը և հարցին լուծում տալ»,- ավելացրեց կոմիտեի նախագահը: