HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Զավեն Հարությունյան

Սկիզբը 

1964թ. օգոստոսից մինչեւ 1967-ի մայիսը Հայաստանում քաղաքական դատավարություններ գրեթե չեն եղել: Պատճառը, թերեւս, այն էր, որ ընդհատակյա եւ կիսաընդհատակյա զարգացումները տեղավորվում էին իշխանությունների նախանշած թույլատրելիության սահմաններում: Դրանք, որպես կանոն, կրում էին ընդգծված հայրենասիրական բնույթ եւ չէին հակադրվում խորհրդային իշխանություններին: Սակայն, 1965թ. ապրիլի 24-ին կայացած ցույցը գլխիվայր շրջեց ամեն ինչ, ջարդեց բազմաթիվ տաբուներ: Այդ ցույցից հետո հանրությունը, հատկապես քաղաքական այլախոհական պայքարի մեջ ընդգրկված մարդիկ սկսեցին գիտակցել, որ կարելի է եւ կարո՛ղ են հակադրվել գործող կարգերին, որ  հազարավոր մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց եւ իշխանություններին ստիպել նահանջել: Այլախոհների շրջանում սկսում է ձեւավորվել այն համոզմունքը, որ հայ ժողովրդի կորուստների համար մեղավոր է նաեւ Խորհրդային Միությունը:  

1967թ. մայիսի 10-ին տեղի է ունենում Ֆրունզիկ Աբրահամի Մկրտչյանի եւ Սերգեյ Անդրանիկի Մելքոնյանի դատավարությունը: Յուրաքանչյուրը 10 ամիս ազատազրկման է դատապարտվում: Պատիժը մեղմ էր, որովհետեւ նրանց դեռ չէր հաջողվել շատ բան անել: Մկրտչյանը եւ Մելքոնյանը մեղադրվում են երիտասարդներից բաղկացած ազգայնական-հայրենասիրական խումբ ստեղծելու, ԽՍՀՄ-ում տարվող ազգային քաղաքականությունը քննադատելու, ինքնուրույն Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին բանավոր զրույցներ ունենալու, կուսակցություն ստեղծելու ծրագիր մշակելու համար: Նրանք դեռեւս 1963թ. մասնակցել են Էջմիածնում Մերուժան Հովհաննիսյանի տանը տեղի ունեցած մեծ  հավաքին, որտեղ ընտրվել է Հայ Երիտասարդների միություն (ՀԵՄ) կազմակերպության 7 հոգանոց խորհուրդը։ Ֆրունզիկ Մկրտչյանը եւ Սերգեյ Մելքոնյանը ՀԵՄ անդամներ են եղել։ 

Գլխավոր լուսանկարում` 1965թ․ ցույցը

Այս գործով կայացված դատավճիռը Ազգային անվտանգության ծառայության արխիվից ստանալ չհաջողվեց: ԱԱԾ-ն մերժեց նրանց դատավճիռը մեզ տրամադրելու խնդրանքը`  պատճառաբանելով, թե չունենք դատապարտվածների կամ նրանց ժառանգների համաձայնությունը: Ցավոք, Մկրտչյանին, Մելքոնյանին կամ նրանց ժառանգներին գտնելու մեր փորձերն արդյունք չտվեցին: 

Ֆրունզիկ Մկրտչյանի եւ Սերգեյ Մելքոնյանի դատավարությունից չորս ամիս անց` 1967-ի սեպտեմբերի 4-15-ը, տեղի է ունենում Զավեն Հարությունյանի դատավարությունը: 

1965թ. ապրիլի 24-ի ցույցի ժամանակ Զավեն Հարությունյանը փողոց ելած բազմության առաջին շարքերում էր: Նաեւ այդ երթն է ելակետ դարձել, որ Մատենադարանի գիտաշխատող Հարությունյանը սկսի զբաղվել ազգային-հայրենասիրական բնույթի գրականության պատրաստմամբ, հայթայթմամբ ու տարածմամբ: 1966-ի սկզբներին`արդեն պաշտոնապես նա հրավիրվում է Պետական անվտանգության կոմիտե ու նախազգուշացվում իր հակաօրինական գործունեության համար: ՊԱԿ-ին հաջողվել էր տեղեկություններ հայթայթել այն մասին, որ նա զբաղվում է «քաղաքականապես վտանգավոր բովանդակությամբ» գրականության տարածմամբ: Սակայն, հենց նույն թվականի մարտ ամսին, այսինքն` ՊԱԿ-ի նախազգուշացումից կարճ ժամանակ անց, նա ստեղծում է բարձր դասարանի դպրոցականներից կազմված պատանեկան հայրենասիրական խմբակ` «Հայոց    պատանիների միություն» անվամբ,  իր ծրագրով ու կանոնադրությամբ: Խմբակի ծրագրային դրույթները չէին հակադրվում կոմունիստական գաղափարախոսությանն ու սոցիալիզմի դրույթներին: Գլխավոր խնդիրներն էին` Ղարաբաղի ու Նախիջեւանի վերամիավորումը Խորհրդային Հայաստանին եւ հայոց լեզվի անաղարտության պահպանումը: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում էր հայրենասիրական բովանդակությամբ թռուցիկների տարածմամբ: Նույնիսկ Զավեն Հարությունյանի վերաբերյալ կայացված  դատավճռում է արձանագրվում,  որ «նշված թռուցիկներն իրենց բովանդակությամբ բացահայտ հակասովետական բնույթ չեն կրում, բայց այդ թռուցիկները կազմելու եւ տարածելու անթույլատրելի երեւույթը, ըստ էության, հակապետական է, խորթ եւ անընդունելի մեր հասարակության համար»: Ինքը` Հարությունյանը, դատարանի դահլիճում հայտարարում է, որ իրեն հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար դատապարտելը սխալ է, որովհետեւ ինքը չի հակադրվել ու չի հակադրվում սովետական  իշխանությանը եւ կարգերին: Միայն մեկ անգամ է Զավեն Հարությունյանը հստակ հակադրվում ԽՍՀՄ-ի հայտարարած քաղաքական կուրսին, երբ 1966թ. դեկտեմբերի 22-ին «Սովետական Հայաստան» թերթում հրապարակվում է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի   նախագահի հայտարարությունը Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին: Դրան ի պատասխան` Զավեն Հարությունյանը կազմում է նոր թռուցիկ` «Ամանորյա կոչ հայ ժողովրդին», որտեղ կոչ է արվում հայ ժողովրդին պայքարի դուրս գալ իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Այդ թռուցիկներից ավելի քան 1000 օրինակ` իր ստեղծած պատանեկան խմբակի տղաների միջոցով, նա հաջողում է դեկտեմբերի 31-ի գիշերը տարածել Երեւան ու Վանաձոր քաղաքներում: Բացի «Հայոց պատանիների  միություն» կազմակերպության անունից հրապարակված եւ «ՀՊՄ» ստորագրված  թռուցիկներից, Զավեն Հարությունյանի առաջարկով պատանիների միության անդամները տարածել են նաեւ «Բոլոր հայերին» վերնագրով թռուցիկ` «Հայաստանի վերամիավորման  շարժման կենտրոնական խորհուրդ» ստորագրությամբ:

Զ. Հարությունյանը, դատելով դատավճռից եւ ի մի բերելով նրա ծանոթների եւ այդ շրջանում նրան առնչված մարդկանց հուշերը, բացի «Հայոց պատանիների միության» անդամներից, կապ է ունեցել նաեւ այլ մարդկանց ու խմբակների հետ, բայց նրանց ով լինելը քննությունը պարզել չի կարողացել` նախաքննության ընթացքում Հարությունյանի դրսեւորած ճիշտ կեցվածքի շնորհիվ: Այսպես` իր թռուցիկներից մեկը, որը տվել էր բազմացման ու տարածման նպատակով, ստորագրված էր «Հայաստանի վերամիավորման շարժում»։ Այս կազմակերպությունը ձեւավորվել ու բավականին ակտիվ գործունեություն է ծավալել 1965թ․ հետո։ Դրան առնչվել են այդ շրջանում գործող շատ այլախոհներ՝ այդ թվում Զավեն Հարությունյանը եւ «Հանուն Հայրենիքի» ամսագրի գործով 1969թ. դատապարտված Գեւորգ Հեքիմյանը։ 1967թ․ նոյեմբերին «Հայաստանի վերամիավորման շարժում» կազմակերպությանն անդամակցելու եւ նման կազմակերպություն հիմնադրելու համար մեղադրվել ու դատապարտվել է ութ մարդ: Զավեն Հարությունյանն իր այս կապերի մասին որեւէ ցուցմունք չի տվել։ Ցուցմունքներ չի տվել նաեւ այն մարդկանց մասին, ումից ինքնահրատ գրականություն է ստացել։ Քննության սկզբում հրաժարվել է նաեւ «Հայոց պատանիների միության» հետ իր առնչությունից` հուսալով, որ Պետական անվտանգության կոմիտե տարված պատանիները կասեն, թե ոչնչից տեղյակ չեն: Սակայն, չեկիստների եւ ծնողների ճնշման տակ նրանք տալիս են Զավեն Հարությունյանի դեմ պահանջվող ցուցմունքներ, եւ վերջինս ստիպված է լինում ընդունել, որ կապ է ունեցել այդ պատանեկան կազմակերպության հետ: Ե՛վ նախաքննության, ե՛ւ դատաքննության ընթացքում Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հայտարարում է, որ հակաօրինական ոչ մի քայլ չի արել: 

Զավեն Եղիշի Հարությունյանը ծնվել է 1936թ., Երեւան քաղաքում: Կրթությունը` բարձրագույն: Մասնագիտությամբ` պատմաբան: Մինչեւ կալանավորվելն աշխատել է Մատենադարանում:

Գրել է ազգային-հայրենասիրական բովանդակությամբ թռուցիկներ, կազմակերպել է դրանց տպագրման, բազմացման ու տարածման աշխատանքները: Բազմացրել ու տարածել է արգելված գրականություն:

Կալանավորվել է 1967-ի հունվարի 8-ին:

Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օրենսգրքի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը):

Դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան, եղել է ոստիկանական հսկողության տակ:

Արգելել են աշխատել Մատենադարանում: Աշխատանքի է տեղավորվել Հանրագիտարանի խմբագրությունում:

1984թ. մեկնել է ԱՄՆ` մշտական բնակության: Այնտեղ էլ հիվանդացել է քաղցկեղով:

1986-ին` արդեն քայքայված առողջությամբ, այցելում է Հայաստան ու վախճանվում Երեւանում:

Զավեն Հարությունյանի դատավճիռը 

Այս դատավճռում ԱԱԾ կողմից ջնջված վկաների անունների փոխարեն կամայական տառեր են նշված: Մեզ հաջողվել է ճշտել միայն 3 վկայի անուն եւ լրացնել, իսկ մնացածը թողել ենք այնպես, ինչպես կա: 

                                                             ԴԱՏԱՎՃԻՌ 

                 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ 

1967 թվի սեպտեմբերի 4-15-ին 

Նախագահությամբ` Ա. Եղիազարյանի

Ատենակալներ` Տ. Խ. Հակոբյան

                     Զ. Ս. Ալավերդյան

Քարտուղարությամբ` Ա. Ավագյանի

Մասնակցությամբ` պետական մեղադրող

Դատախազ` Գ. Ղամարյանի

Դատապաշտպան` Մովսիսյան 

Քննության առնելով դատական դռնփակ նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

Զավեն Եղիշեի Հարությունյանի, ծնվել է 1936 թվականին Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, ամուրի, խնամքին մեկ անձ` մայրը,  նախկինում  չդատված, բարձրագույն կրթությամբ, աշխատել է հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (մատենադարանում) որպես կրտսեր գիտական աշխատող, բնակվել է Երեւանի Նոյեմբերյան փողոցի նո. 125 տանը: Սույն գործով կալանքի տակ է 1967 թվականի հունվարի 8-ից:

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրենսգրքի 65 հոդվածի առաջին մասով եւ 67 հոդվածով:

Դատաքննությամբ, վկաների ցուցմունքներով, իրեղեն ապացույցներով եւ գործի բոլոր փաստական տվյալներով գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան գտավ ապացուցված հետեւյալը`

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանը դեռեւս 1966 թվականի սկիզբները քաղաքականապես  վտանգավոր  բովանդակությամբ գրականություն տարածելու համար մարտ ամսին կանչվել է ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտե եւ նախազգուշացվել անթույլատրելի արարքի համար:

Ընդունելով, որ իր այդ արարքը իրոք անթույլատրելի է, Հարությունյանը խոստացել է վերջ տալ եւ այլեւս չկրկնել:

Սակայն, այդ նախազգուշացումից շատ չանցած նույն 1966 թվականի մարտ ամսին  ամբաստանյալ Զավեն Հարությունյանը իր տանը հանդիպելով Երեւանի նո. 3 դպրոցի աշակերտ, գործով վկա Ասատուր Գասպարյանին` նրա հետ զրույցի է բռնվում ազգայնական հարցերի շուրջ: Ասատուր Գասպարյանը այդ զրույցի ընթացքում հայտնում է, որ իրենց դասարանի աշակերտներից մի քանիսը նույնպես հետաքրքրվում են ազգային հարցերով, մտադիր են կազմակերպել մի խմբակ «Հայաստանի պատանիների միություն» անունով, որը պետք է զբաղվի հայոց պատմության ուսումնասիրմամբ, կազմի ու տարածի հայ երեխաներին միայն հայկական դպրոց տանելու, Ղարաբաղը

եւ Նախիջեւանը Հայաստանին միացնելու կոչ պարունակող թռուցիկներ: Ասատուր Գասպարյանը հայտնում է ամբաստանյալ Զավեն Հարությունյանին, որ ինքը այդ գաղտնիքը վստահում է նրան, որովհետեւ տեսել է իրեն 1965 թվականի ապրիլի 24-ին փողոցում շարժվող բազմության առաջին շարքերում:

Զավեն Հարությունյանը ունենալով բարձրագույն կրթություն, հանդիսանալով մատենադարանի  կրտսեր  գիտաշխատող, իր ընդհանուր պատրաստակամությամբ շատ ավելի բարձր մակարդակի տեր, փոխանակ համոզելու եւ ետ կանգնեցնելու Ասատուր

Գասպարյանին իր անթույլատրելի գործողություններից, հավանություն է տալիս նրա սխալ մտայնություններին: Ավելին, օտվելով աշակերտ Ասատուր Գասպարյանի քաղաքական անհասությունից` ավելի է բորբոքում նրան եւ հավանություն է տալիս աշակերտներից    անլեգալ խմբակ կազմակերպելու եւ թռուցիկներ տարածելու գաղափարին:

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանի նման վերաբերմունքը եւ կարծիքը թեւավորում  է  Գասպարյանին, որը կարճ ժամանակում իրենց դասարանի աշակերտներից կազմակերպում է համախոհների անլեգալ մի խումբ, որը ինքն իրեն անվանում է «Հայաստանի պատանիների միություն», եւ խմբակի մեջ են ներգրավվում աշակերտներ Կ- ն, Ս-ն, Խ-ն, Մ-ն, Ն-ն, Ի-ն եւ ուրիշներ` թվով 15 աշակերտ:

Այդ խմբակը իր հավաքույթներում մշակում է ծրագիր եւ կանոնադրություն, որը Գասպարյանի կողմից ներկայացվում է ամբաստանյալ Զավեն Հարությունյանին, նրա հավանությունը ստանալու համար: Զավեն Հարությունյանը խրախուսում է այդ նախաձեռնությունը եւ հավանություն տալիս անլեգալ խմբակի ծրագրին միայն «Հայաստանի պատանիների միություն» անվան մեջ «Հայաստան» բառը փոխարինելով «հայոց»

բառով: Դրանից հետո Ասատուր Գասպարյանը հայտնում  է  խմբակի  անդամներին,  որ  կա մի մարդ, որը ուղղություն է տալիս իրենց խմբակի գործողություններին:

Այս բոլորից հետո ամբաստանյալ Զավեն Հարությունյանը, փաստորեն, ստանձնում է նշված անլեգալ խմբակի ղեկավարի դերը, այսպես, օրինակ` 1966 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Ասատուր Գասպարյանը Հարությունյանին է ներկայցնում «Կոչ հայ ժողովրդին» վերնագրով «ՀՊՄ» ստորագրությամբ տեքստը: Հարությունյանը մշակում եւ խմբագրում է այդ տեքստը, հանձնարարում է Գասպարյանին բազմացնել այն` զգուշացնելով, որ իրենց կողմից ձեռնարկվեն բոլոր նախազգուշական միջոցները, որպեսզի համապատասխան օրգանները չկարողանան հայտնաբերել թռուցիկը կազմողներին եւ տարածողներին: Ընդ որում, «Կոչ հայ ժողովրդին» թռուցիկի տեքստի հետ ամբաստանյալ Զավեն Հարությունյանը Գասպարյանին տալիս է «Բոլոր հայերին» վերնագրով «Հայաստանի վերամիավորման շարժման կենտրոնական խորհուրդ» ստորագրությամբ կոչ-թռուցիկը 100 օրինակից ավելի`  հանձնարարելով այն նույնպես տարածել Երեւան քաղաքում, որը եւ կատարվում է ՀՊՄ խմբակի անդամների կողմից 1966 թվականի ապրիլի 24-ին (հատոր 3 գթ. 54, 220):

1966 թվականի օգոստոսին Գասպարյանը հայտնում է ամբաստանյալ Զավեն Հարությունյանին, որ իրենք մտադիր են ուսումնական տարին սկսելուց առաջ թռուցիկներ տարածել Երեւանում այն մասին, որ հայերը իրենց երեխաներին սովորելու ուղարկեն միայն հայկական դպրոցներում: Զավեն Հարությունյանի համաձայնությամբ Գասպարյանը ներկայացնում է «Կոչ հայ ժողովրդին» վերնագրով «Հայոց պատանիների միություն» ստորագրությամբ նոր թռուցիկի սեւագիր տեքստը, որը Հարությունյանի կողմից վերջնականապես խմբագրվելուց հետո բազմացվում է ու տարածվում Երեւանում հայրուրավոր օրինակներով:

Դրանով չբավարարվելով` Զավեն Հարությունյանը ինքը անձամբ կազմում է «Կոչ հայ մեծ ժողովրդին» վերնագրով եւ «Հայոց դատ» ստորագրությամբ մի թռուցիկ, որը նույնպես լուսապատճենահանման միջոցով մի քանի հարյուր օրինակ բազմացվում եւ տարածվում է Գասպարյանի ու խմբակի մյուս անդամների կողմից (հատոր 3, գթ. 112):

Չնայած նշված թռուցիկներն իրենց բովանդակությամբ բացահայտ հակասովետական բնույթ չեն կրում, բայց այդ թռուցիկները կազմելու եւ տարածման անթույլատրելի երեւույթը, ըստ   էության, հակապետական են, խորթ եւ անընդունելի մեր հասարակության համար: Մանավանդ, որ դրանք կազմված են ոչ օբեկտիվ, միտումնավոր կերպով, նրանց մեջ աղավաղված է օբյեկտիվ իրականությունը, որի հետեւանքով կարող էր անցանկալի տրամադրություններ առաջացնել անգիտակից որոշ անհատների եւ դեռեւս պատանիների մեջ: Թերեւս, դրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ թռուցիկները դժգոհություն   են առաջացրել քաղաքացիների մեջ եւ վերջիններս իրենց փոստարկղերում հայտնաբերած թռուցիկները բերել եւ ներկայացրել են համապատասխան մարմիններին: Ներկայացված  բազմաթիվ թռուցիկներ կցված են սույն քրեական գործին որպես իրեղեն ապացույց (հատոր 3 գթ.112):

1966 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ «Սովետական Հայաստան» թերթում տեղադրվել է ՍՍՀՄ մինիստրների Սովետի նախագահի հայտարարությունը Թուրքիայից տերիտորիալ պահանջներ չունենալու մասին, ամբաստանյալ Զավեն Հարությունյանը կազմել է նոր թռուցիկ «Ամանորյա կոչ հայ ժողովրդին» վերնագրով «Հայոց դատ» ստորագրությամբ եւ իր ազդեցության տակ գտնվող Կ-ին, Պ-ին, Ասատուր Գասպարյանին, Տ-ին, ՈՒ-ին հատկապես թռուցիկը տարածելու հարցը քննարկելու նպատակով հավաքել է Ու-ի տանը, ընթերցել տեքստը եւ հանձնարարել մեծ քանակությամբ բազմացնել` Նոր տարվա նախօրյակին Երեւանում տարածելու համար: Այդ թռուցիկում Սովետական Կառավարության ղեկավարի հայտարարությունը դիտավորյալ կերպով մեկնաբանվում է սխալ դիրքերից եւ ընթերցողների մեջ սխալ դժգոհություն առաջացնելու նպատակով, միտումնավոր կերպով կոչ է արվում հայ ժողովրդին դուրս գալ պայքարի իբր թե` ոտնահարված իրավունքների վերականգնման  համար: Կոչ, որը իր բովանդակությամբ զրպարտչական է եւ նպատակ է հետապնդում սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորելու (հատոր 3, գթ 158):

«Ամանորյա կոչ հայ ժողովրդին» լուսապատճենահանվել է 1000 օրինակից ավելի եւ տարածվել Երեւան ու Կիրովական քաղաքներում 1966թ. դեկտեմբերի 31-ի երեկոյան Ասատուր Գասպարյանի, Կ-ի, Տ-ի, Ր-ի, Լ-ի եւ մյուսների կողմից:

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանը առանց հաշվի առնելու, որ Ասատուր Գասպարյանը, Խ-ն, Ս-ն եւ մյուսները դեռ 18 տարին չբոլորած աշակերտներ են, ծանոթանալու համար նրանց է տվել Սկաչկայի «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածի վերաբերյալ ոմն Ֆ-ի մեքենագրված պատասխան-մեկնաբանությունը (հատոր 3 գթ. 178-218), որը իր ամբողջ բովանդակությամբ սովետական պետական եւ հասարակական կարգը  արատավորող զրպարտչական հոդված է` ուղղված Սովետական Միության արտաքին քաղաքականության, ազգերի իրավահավասարության, մարքս-լենինյան ուսմունքի դեմ:

Զավեն Հարությունյանը ծանոթանալու համար վկա Գասպարյանին է տվել նաեւ «կոչ բոլոր հայրենասեր հայերին - պայքարը պետք է շարունակվի» ռոտատորով բազմացված  հոդվածը «Հայաստանի վերամիավորման շարժման կենտրոնական խորհուրդ» ստորագրությամբ: Գասպարյանն իր հերթին այդ հոդվածը ընթերցել է ՀՊՄ խմբակի անդամներ Կ-ի, Խ-ի, Ի-ի, Մ-ի եւ մյուսների ներկայությամբ:

Նշված հոդվածում եւս բացահայտ պրովոկացիոն հարձակումներ են կատարվում Սովետական իշխանության արտաքին եւ ներքին քաղաքականության դեմ: Խոսվում է այն մասին, որ Սովետական Միության այլ հանրապետություններում բնակվող հայերը իբր թե հալածվում են եւ ենթարկվում հարկադրյալ ձուլման: Աշակերտ Խ-ն, որը իր պատրաստակամությամբ ի վիճակի չէր խորամուխ լինել եւ հասկանալ այդ հոդվածում տեղ գտած նենգափոխությունները եւ դրա վտանգավորությունը, «Կոչ բոլոր հայրենասեր հայերին» հոդվածը արտագրել է աշակերտական տետրում եւ պահել իր մոտ (հատոր 3 գթ 168ա):

1966 թվականի գարնանը ամբաստանյալ Զավեն Հարությունյանը, ըստ իր հայտարարության, պետական գրավաճառից գնել է Լեւոն Շանթի «Մեր անկախությունը» գիրքը, որը տպագրվել    է Բոստոն քաղաքում եւ Ռ-ին պատկանող Աստրա-2 մագնիտաֆոնով իր ընթերցանությամբ ձայնագրել է գրքի լրիվ տեքստը: Սկավառակի վրա ձայնագրված տեքստը ամբաստանյալի տանը լսել են Տ-ն, Պ-ն, ՈՒ-ն, Ասատուր Գասպարյանը եւ Ն-ն:

Լեւոն Շանթը, հանդիսանալով ռեակցիոն դաշնակցական կուսակցության ակտիվ գործիչ, «Մեր անկախությունը» գրքում առաջ է քաշում «անկախ Հայաստան» ստեղծելու  գաղափարը: Արդարացնելով դաշնակցական կուսակցության գործունեությունը` Շանթը իր գրքում թույլ է տալիս պրովոկացիոն հերյուրանքներ սովետական կառավարության հասցեին (հատոր 3 գթ.247):

Բացի դրանից, ամբաստանյալ Զավեն Հարությունյանը 1966 թվականին նախաքննությամբ ի հայտ չբերված անձնավորությունից ձեռք է բերել «Ինչ է հարկավոր» վերնագրով հոդվածը,  որը իր մեջ պարունակում է հակասովետական, զրպարտչական հերյուրանքներ: Հարձակումներ է թույլ տրվում ՍՍՀՄ-ում տարվող ազգային քաղաքականության, սովետական կարգերի հասցեին: Պայքարի է կոչում նրանց դեմ, ովքեր արգելք  կհանդիսանան Հայաստանին այլ տերիտորիաներ միացնելը, ընդհուպ մինչեւ նրանց «շան տուր տալը» (հատոր 3 գթ.142-1057):

«Ինչ է հարկավոր» վերնագրով հոդվածի բովանդակության հետ իրենց տանը Զավեն Հարությունյանը ծանոթացրել է Տ-ին, ՈՒ-ին, Ասատուր Գասպարյանին, Պ-ին եւ Ր-ին 1966 թվականի դեկտեմբերի սկզբներին` հավաքույթներից մեկի ժամանակ:

Առաջադրված մեղադրանքում ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդվածի առաջին մասով եւ 67 հոդվածով ամբաստանյալ Զավեն Հարությունյանը իրեն մեղավոր չճանաչեց` պատճառաբանելով, որ «Հայոց պատանիների միություն» խմբակի կազմակերպման մեջ ինքը ոչ մի մասնակցություն չի ունեցել, որ «Կոչ հայ ժողովրդին» վերնագրով թռուցիկների հեղինակը ինքը չի, որ իր կողմից անլեգալ հավաքույթներ չեն կազմակերպվել, «Բոլոր հայերին» թռուցիկը եւ «Բոլոր հայրենասեր հայերին» հոդվածը ինքը չի տվել Ասատուր Գասպարյանին եւ, որ ամենակարեւորն է, իր գործողությունները ուղղված չեն եղել Սովետական իշխանության դեմ, ինչպես նաեւ իր այդ արարքը չպետք է դիտել որպես հակասովետական ագիտացիա կամ պրոպագանդա: Ամբաստանյալ Զավեն Հարությունյանը իրեն մեղավոր չճանաչեց ՀՍՍՀ քր. օր-ի 2061 հոդվածով, այսինքն` սովետական կամ հասարակական կարգը արատավորող հերյուրանքներ տարածելու մեջ:

Հարությունյանի նման պատճառաբանությունները անհիմն են եւ հերքված գործի բոլոր տվյալներով:

Վկա Ասատուր Գասպարյանը դատաքննության ընթացքում հաստատեց, որ իր բոլոր գործողությունները «Հայոց պատանիների միություն» անվամբ խմբակ կազմակերպելու  վերաբերյալ համաձայնեցրել է ամբաստանյալ Զավեն Հարությունյանի հետ: Հարությունյանը չժխտեց, որ ինքը նույնիսկ «Հայաստան» սկզբնական բառը փոխարինել է «Հայոց» բառով: Ա-ն, Կ-ն, Ս-ն եւ մյուսները հաստատեցին, որ Ասատուր Գասպարյանը իրենց տեղյակ է պահել, որ «կա մեկը», որը իրենց մշտապես օգնում է թռուցիկները կազմելու, տարածելու, ինչպես նաեւ հոդվածներ մատակարարելու գործում, եւ որ այդ «մեկը» հանդիսացել է ամբաստանյալ Զավեն Հարությունյանը:

Հարությունյանը դատաքննության ընթացքում չժխտեց, որ «Կոչ հայ ժողովրդին» Գասպարյանի կողմից իրեն ներկայացված երկու թռուցիկների տեքստերը նախապես ուղղել է, որից հետո նոր վերադարձրել է բազմացման ու տարածման համար:

Նախաքննությամբ եւ դատաքննությամբ ապացուցվել է, որ թռուցիկները կազմելու եւ տարածելու գործում ամենաակտիվ դերը կատարել է ինքը` Զավեն Հարությունյանը: Նա է «Կոչ հայ մեծ ժողովրդին», «Կոչ հայ ժողովրդին» եւ «Ամանորյա կոչ հայ ժողովրդին» վերնագրերով թռուցիկները տպագրելու տվել գրամեքենայի վրա Պ-ին եւ ժ-ին:

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանը այդ երեք թռուցիկների գրամեքենայով տպագրած տեքստերը վարձատվությամբ ֆոտոժապավենի վրա լուսանկարելու է տվել մատենադարանի աշխատակցուհի Բ-ին, որպիսի հանգամանքը հաստատեցին Դ-ն, Պ-ն եւ ժ-ն: Չժխտեց նաեւ ինքը` ամբաստանյալը: Միայն ամբաստանյալ Զավեն Հարությունյանի նախաձեռնությամբ է  գումարներ հավաքվել թռուցիկները բազմացնելու հետ կապված ծախսերը հոգալու համար: Օրինակ` դրամ է հավաքվել նաեւ աշակերտներ Ս-ից, Ա-ից, Կ-ից եւ մյուսներից, որոնք ոչ մի տեղ չեն աշխատել եւ գտնվել են նյութական սուղ պայմաններում: 1966 թվականի օգոստոս եւ դեկտեմբեր ամիսներին Զավեն Հարությունյանի առաջարկով լրաչուցիչ գումար է հավաքվել «Կոչ հայ մեծ ժողովրդին» եւ «Ամանորյա կոչ հայ ժողովրդին» թռուցիկները հարյուրավոր օրինակներով բազմացնելու համար:

Հարցաքննված վկա Արամ Բուդաղյանը հաստատեց, որ ամբաստանյալ Զավեն Հարությունյանը իրենից վերցրել է հայ պատմական դեմքերի ֆոտոժոպավենը, որը հետագայում  խմբակի անդամների կողմից օգտագործվել է նկարներ բազմացնելու համար: Այդ նկարների յուրաքանչյուրը 30 կոպեկով վաճառվել է դարձյալ թռուցիկներ տարածելու հետ կապված ծախսերը հոգալու համար:

Այս փաստը, բացի Արամ Բուդաղյանը, հաստատեցին վկաներ Ա-ն, Կ-ն, Ս-ն, ՈՒ-ն եւ ուրիշներ, ինչպես նաեւ` ամբաստանյալ Զավեն Հարությունյանը:

Երբ 1966 թվականի ամռան ամիսներին Գասպարյանը տեղյակ է պահել Զավեն Հարությունյանին, որ իրենց խմբակի որոշ անդամներ սկսել են տարակուսանքով վերաբերվել թռուցիկների տարածման գործին եւ ցանկանում են հեռանալ խմբից, Զավեն Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպումներ ունենալ այդպիսինների հետ, առաջարկել է խմբակը բաժանել երկու մասի եւ աստիճանաբար ազատվել ոչ վստահելի անդամներից, որը կատարվել է Ասատուր Գասպարյանի կողմից:

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանը երեք անգամ հանդիպում է ունեցել Կ-ի հետ: Հանդիպել է նաեւ Ս-ի հետ, որը սկսել էր ծաղրանքի ենթարկել «Հայոց պատանիների միություն» խմբակը եւ նրա գործունեությունը ընդհանրապես: Հանդիպումների ժամանակ Հարությունյանը պահպանել է կոնսպիրատիվ միջոցներ, որպեսզի իր անլեգալ

գործունեությունը չբացահայտվի: Նա զրույցի ժամանակ դարձյալ հորդորել է նրանց շարունակել իրենց անլեգալ աշխատանքը: Կ-ին, Ս-ին եւ մյուսներին ծանոթացրել է իր համախոհներ Պ-ի, Տ-ի, ՈՒ-ի հետ ու հավաքույթներ կազմակերպել ինչպես իրենց, այնպես էլ ՈՒ-ի տներում: Ինքը` ամբաստանյալ Զավեն Հարությունյանը հաստատեց, որ թռուցիկները տարածելու, լուսապատճենահանելու, գումարներ հավաքելու ու հոդվածներ կարդալու նպատակով նրանք 5 անգամ հավաքվել են ՈՒ-ի տանը, մեկ անգամ Ր-ի եւ մի քանի անգամ իրենց տանը:

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանը նույնիսկ փորձել է թռուցիկների տեքստեր կազմելու մեջ ներգրավել մատենադարանի գիտաշխատող Շմավոն Սմբատյանին, որը ոչ միայն չի համաձայնվել Հարությունյանի առաջարկի հետ, այլ նույնիսկ խորհուրդ է տվել նրան ընդհանրապես չզբաղվել նման վնասակար գործունեությամբ:

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանը վճարով Արամ Բուդաղյանի միջոցով ֆոտոժապավենի վրա նկարահանել է Լեւոն Շանթի «Մեր անկախությունը» գիրքը, ժապավենը տվել է Ասատուր Գասպարյանին եւ բոլոր հնարավորությունները ստեղծել է այդ հակասովետական բովանդակությամբ գրքի լուսապատճենման համար: Այդ գիրքը բազմացվել է 4 օրինակից Ա-ի եւ Խ-ի տներում, որից 2 օրինակ կազմել է ինքը` ամբաստանյալը, իսկ մեկ օրինակ 15 ռուբլով վաճառել է գործով վկա Շմավոն Սմբատյանին:        

Նախաքննական օրգանը, հաշվի առնելով Ասատուր Գասպարյանի, Կ-ի եւ մյուսների երիտասարդությունը, որ նրանք հանցանք են կատարել` ընկնելով Հարությունյանի ազդեցության տակ, նրանց մեղադրանք չի առաջադրել:

Այսպիսով կոլեգիան գտնում է, որ ինչպես թռուցիկների տեքստերի կազմելը, այնպես էլ նրանց բազմացման ու տարածման նախաձեռնողը եղել է ամբաստանյալ Հարությունյանը:  Զավեն  Հարությունյանն է ուղղություն տվել «Հայոց  պատանիների միություն» խմբակի բոլոր գործողություններին, նա է միջոցներ ձեռնարկել, որ խմբակը չդադարի գործելուց եւ հետագայում խմբակի ակտիվ մասնակիցներին ծանոթացրել է իր համախոհների հետ:    Մատակարարել նրանց հակասովետական բովանդակությամբ հոդվածներով ու այլ  գրականությամբ:

Ամբաստանյալ Զավեն Հարությունյանի այս արարքները դուրս են գալիս ՀՍՍՀ քր. օր-ի 2061 հոդվածի շրջանակներից եւ բովանդակությամբ, բնույթով, էությամբ, գործելու եղանակով համընկնում են ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդվածի առաջին մասին եւ 67 հոդվածին, որի հիման վրա    ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը այդ հոդվածներով կոլեգիան համարում է   ապացուցված:

Կոլեգիան գտնում է, որ ամբաստանյալը իր այդ հանցավոր արարքներով ենթակա է խիստ պատժի, սակայն պատժաչափը որոշելիս հաշվի է առնվում, որ Հարությունյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է եւ այն, որ նրա խնամքին է գտնվում զառամյալ մայրը:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՍՍՀ քր. դատ. օր-ի 293-294 հոդվածներով գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան 

                                                                     Վ Ճ Ռ Ե Ց 

Ամբաստանյալ Զավեն Եղիշի Հարությունյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդվածի առաջին մասով եւ 67 հոդվածով: 65 հոդվածի առաջին մասի սանկցայով նրան ենթարկել ազատազրկման երեք (3) տարի ժամկետով, թողնելով պատիժը կրելու ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում: Կալանքի սկիզբը հաշվել 1967 թվականի հունվարի ութից:

Գործով իրեղեն ապացույցներ`

1. «Ինչ է հարկավոր», «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում», «Կոչ

բոլոր հայրենասեր հայերին-պայքարը պետք է շարունակվի» վերնագրերով հակասովետական, ազգայնական բովանդակությամբ հոդվածները թողնել գործում:

2. Լեւոն Շանթի «Մեր անկախությունը» գրքի լուսապատճենված երկու օրինակները թողնել գործում: Գործում թողնել նաեւ այդ գրքի երկու սկավառակների վրա ձայնագրված  մագնիտաֆոնի սկավառակները:

3. Լեւոն Շանթի «Մեր անկախությունը» լուսապատճենված մի մասը եւ թռուցիկները, որոնք կարված են գործում, թողնել գործի մեջ, իսկ ՊԱԿ-ում ի պահ հանձնված թռուցիկների մնացած տեքստերը ոչնչացնել:

 4. Աստրա-2 մագնիտաֆոնը եւ նրա միկրաֆոնը վերադարձնել տիրոջը` Է-ին:

5. Հայկական շրիֆտի «Ուկրաինա» մակնիշի նո. 88320 գրամեքենան վերադարձնել Երեւանի նո 192 միջնակարգ դպրոցին:

6. Երեք ֆոտոսարքերը (ֆոտոուվելիչիտելները) վերադարձնել իրենց տիրոջը` Ա- ին, Ի-ն եւ Մ-ին:

Ի պահ հանձնված թռուցիկների բոլոր տեքստերը ոչնչացնել:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`           Ա. Եղիազարյան

Ատենակալներ`         Խ. Հակոբյան, Ս. Ալավերդյան

Ճիշտ է գործով նախագահող`          Ս. Եղիազարյան 

Շարունակությունը

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Կարդում եմ և մեկ ավելորդ անգամ համոզվում, որ թե խորհրդային և թե այսօրվա իշխանությունների հիմնական նպատակը եղել է Հայ ժողովրդի աննկատ և շատ դեպքերում բացահայտ ոչնչացումը: Ինչպես գիտենք ծրագրավորած Մեծ եղեռնը սկսելուց առաջ թուրքերը նախ և առաջ սկսեցին ձեռբակալել բոլոր այն Հայ մտավորականներին որոնք կարող էին ինչ որ կերպ կռահել և զգուշացնել վտանգի մասին: ԵՎ քանի որ չի կարելի պատահական զուգադիպություն համարել, որ բոլոր հեղինակություն ունեցող և մտքի տեր Հայ Հայրենասերները 15 թվականից մինչ օրս ձեռբակալվում են և երկարատև ժամկետներով կալանավորվում, կամ ուղղակի գնդակահարվում կամ էլ ծածուկ ոչնչացվում, ապա այս ամենը խոսում է մինչ օրս շարունակվող Հայոց ցեղասպանության մասին: Ասում են Զավեն Հարությունյանը ինչպես նաև Սարգիս Հացպանյանը մահացան քաղցկեղից, սակայն կան տվյալներ, որ ԱՄՆ-ն ինչպես նաև այլ պետություններ իրենց քաղաքական հակառակորդներից շատերին վերացրել են քաղցկեղի միջոցով: Չհավատաք երբ ասում են, թե անփոխարինելի մարդ չի լինում, մտածեք և հարց տվեք.՝ -Ո՞վ կարող է այսօր Սարգիս Հացպանյանի նման, մեզ վերաբերող ամենակարևորագույն խնդիրների մասին, նույն բարձր գիտական հիմնավորումներով տեղեկացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter