HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը

Գրիշա Բալասանյան

«Գորտի աղբյուր» կոչվող վայրն արդեն տասնամյակներ բագարանցիների հիմնական հավաքատեղին է: Սահմանամերձ Բագարանը կենտրոնացված ջրամատակարարում չունի, և ամբողջ գյուղն օգտվում է գետնի տակից դուրս եկող ջրից: Ավտոմեքենա ունեցողներն այստեղ են գալիս ավտոմեքենաներով, չունեցողներն էլ ջուրը տեղափոխում են ոտքով:

Այս վայրը «Գորտի աղբյուր» է կոչվել  գորտերի առատության պատճառով: Աղբյուր կոչվածը առվի մեջ թափվող, գրեթե գետնին կպած խողովակ է: Ամռան ամիսներին գորտերը հավաքվում են հենց այդ առվում:

Իվետա Մխիթարյանն ամուսնու հետ եկել է «Գորտի աղբյուր», որպեսզի  շաբաթվա համար խմելու ջուր տանեն: Ասում է՝ 30 տարի առաջ հարս է եկել Բագարան, և 30 տարի է` ջուրը տեղափոխում են տարաներով:

Ամուսինները մի քանի տասնյակի հասնող փակ տարաները հանելով ավտոմեքենայից` հերթով լցնում էին ջրով ու տեղավորում ավտոմեքենայի հետնամասում:

«Ճիշտ ա, տանում ենք այս ջուրը, մի շաբաթ խմում ենք, բայց որպես մայր գիտեմ, որ վտանգավոր բան եմ անում: Որ հնարավորություն չունեմ ամեն օր գալ ջուր տանել, ստիպված այս քայլին ենք գնում: Առաջ ձեռքով էինք կրում, հիմա «Վիլիս» մեքենա ենք գնել, որ հատուկ ջուր կրենք »,-ասում է Իվետա Մխիթարյանը:

Իվետան եւ Գրիգորը

Նրա ամուսինը՝ Գրիգոր Ղազարյանը, պատմեց, որ ամեն օր չի կարող ջուր տանելու համար բենզին լցնել ավտոմեքենան, ստիպված հին ջուրն են խմում: «Այս ջուրը որ տանում ենք, արգելված ջուր է, սանէպիդկայանն արգելում է, որ խմենք, բայց ի՞նչ անենք, հո չենք մեռնելու: Ինչի մեր կառավարությունը չգիտի՞, թե մենք ոնց ենք ապրում»,-ասում է Գրիգորը:

Իվետա Մխիթարյանն ասում է, որ գյուղից երիտասարդները հեռանում են հենց ջրի պատճառով: Դեռ խորհրդային տարիներից մնացած լվացքի մեքենաներ են օգտագործում, քանի որ ժամանակակից տեխնիկա չեն կարող գնել ջրի բացակայության պատճառով: Աղջիկները չեն ցանկանում հարս գնալ Բագարան, իսկ տղաները լքում են գյուղը:

«Ունեմ երկու տղա, երկուսն էլ ձգտում են դուրս: Առվի ջրով ենք լողանում: Առվից ջուրը վերցնում ենք, 1-2 օր թողնում ենք, հետո նոր դրանով լողանում: Թողնում ենք, որ կեղտը նստի ամանի հատակին, դրանից հետո կարողանանք լողանալ: Հենց հիմա գյուղում մարդիկ լուծ են, աղիների պրոբլեմ ունեն, պատճառը ջուրն ա»,-ավելացրեց Իվետան:

Արթուր Գարումով

Բագարան համայնքը սպասարկում է «Երվանդաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն: Տնօրեն Արթուր Գարումովը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Բագարանում աղիքային հիվանդության դեպքեր իրենց հայտնի չէ, սակայն մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է` մեկ ժամ հետո լինի: Նրա խոսքով՝ պատկան մարմինները տարին մեկ անգամ գալիս Բագարանի ջուրը ստուգում են, սակայն այնտեղ քլորացում չի իրականացվում:

«Բագարանում ժողովուրդը շատ է օգտվում ոռոգման ջրից, առուների մեջ աման-չաման լվանալ, օգտագործել և այլն: Շատ դեպքեր կան, որ այդ ոռոգման ջրի վրա զուգարան են կառուցել, գոմի կոյուղաջրերն են լցվում: Դա վտանգավոր է: Այդ ջրի հարցը պետք է շատ արագ, շտապ լուծել, որովհետև այսօր վարակ չկա, վաղը կարող է լինել»,-ասում է Ա. Գարումովը:

Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանն ասաց, որ խմելու ջրի հարցը լուծելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում: «Համայնքն այդպես էլ մնալու է առանց ջրի: Հարյուր տարի ա` այդ ջուրն են խմում: Մինչև 1989թ. ունեցել ենք կենտրոնացված կարգով ջրամատակարարում, հետո խողովակները փտել են, ու ջուր չկա: Մարդիկ գյուղի վերջից դույլերով, ավտոմեքենաներով են ջուր բերում»,-ասում է համայնքապետը: Նրա փոխանցմամբ՝ բազմիցս տեղեկացրել է պատկան մարմիններին, սակայն ապարդյուն, իսկ համայնքը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, որ իրենց ուժերով կարողանան խողովակները փոխել:

Արմավիրի մարզում կենտրոնացված ջրամատակարարում չունեն Բագարան և Կողբավան համայնքները:  

Մանրէաբանական շեղումներ՝ խմելու ջրում

«Հետք»-ն ուսումնասիրել է հանրապետության 10 մարզերի խմելու ջրի վիճակը: Համեմատության համար վերցրել ենք երկու տարվա տվյալ՝ 2016 և 2017 թվականները: Մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել 277 համայնքների խմելու ջրում:

Համաձայն առողջապահության նախարարի 2002 թվականին հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N876 հրամանի՝ հետազոտվում է ընդհանուր մանրէների քանակությունը (նորմ՝ 1 միլիլիտրում -50-ից ոչ ավելի), ընդհանուր կոլիֆորմ մանրէներ (նորմ՝ 1 միլիլիտրում - բացակայություն): Վերջիններիս շեղումների առկայության  դեպքում իրականացվում է նաև ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէների նկատմամբ (նորմ՝ 1 միլիլիտրում -բացակայություն):

Տեսականորեն ընդհանուր մանրէների և ընդհանուր կոլիֆորմ մանրէների քիչ քանակությունը համարվում է ցածր ռիսկ բնակչության առողջության համար, սակայն կարևոր է, թե տվյալ մանրէները ինչ տեսակի են, քանի որ հնարավոր է` քիչ քանակության մեջ լինեն թարմ ախտածին մանրէներ, որոնք կարող են դառնալ հիվանդության պատճառ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ չնայած առկա նորմերին, հիվանդության ախտանիշների դրսևորվելը կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից՝ դիմադրողականություն, տարիք, առողջական վիճակ և այլն:

Աղիքային հիվանդություններ՝ ջրի պատճառով

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 2017թ. ջրային գործոնով պայմանավորված՝ Լոռու մարզի Մեծավան համայնքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության 37 դեպք:

Նախորդ տարի աղիքային վարակիչ հիվանդության 12 դեպք էլ գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում: Այդ գյուղի բնակիչ Արմինեն պատմեց, որ մի քանի օր շարունակ փորլուծ են ունեցել ընտանիքի բոլոր անդամները: Դիմել են բժշկի, անալիզների արդյունքում պարզվել է, որ վարակվել են խմելու ջրից: Ասում է, որ միայն 25 հազար դրամի դեղորայք են գնել:

Խմելու ջրի պատճառով 2017թ. հունիսին հիվանդության 35 դեպք գրանցվել է նաև Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում: Մարդիկ վարակվել են հիմնականում սալմանելոզ, կոլիբակտեր, էնտերոբակտեր, դիզենտերիա, սովորական աղիքային ինֆեկցիա հիվանդություններով:

2016թ. աղիքային վարակիչ հիվանդության 14 դեպք էլ գրանցվել է Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։  

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ասաց, որ այդ համայնքներից միայն Սասունիկն են իրենք սպասարկում: Նշեց, որ վարակն իրենց մեղքով չի եղել: Համայնքի ներքին ցանցում վթար է առաջացել, ընկերությունն արագ արձագանքել է, և որևէ մեկը հիվանդության համար «Վեոլիա Ջուր» ընկերությանը չի մեղադրում:

Համայնքապետարաններն անկանոն կերպով են վարակազերծում ջուրը

Մարզպետարաններից ստացել ենք խմելու ջրի սպասարկման վերաբերյալ տվյալներ: Ամենավատ վիճակում Արագածոտնի մարզն է: Խմելու ջրի որակի շեղումները հիմնականում մանրէաբանական ցուցանիշներով են, ընդ որում՝ 2016թ. համեմատ 2017թ. առաջին կիսամյակում շեղումների թիվն աճել է 6%-ով: Երկու տարվա ընթացքում շեղումներ են արձանագրվել մարզի 79 համայնքում, որից 36-ը` 2017-ին:

Վարակազերծման աշխատանքներն անբավարար են համայնքային հաշվեկշռում գտնվող բոլոր ջրամատակարարման համակարգերում: Չեն վարակազերծվում կամ վարակազերծվում են ոչ մշտական և ոչ լիարժեք ձևով` պարկուճներով, աչքաչափով, հաշվի չեն առնվում խմելու ջրի քլորի պահանջը, օրական կարգավորող ջրավազանների ծավալները, վարակազերծող նյութի ակտիվությունը և տոկոսային հարաբերությունը: Մարզի 114 համայնքից խմելու ջուր չունի միայն սահմանամերձ Թլիկ համայնքը:

Որակական շեղումներ ունեցող համայնքների թվով հաջորդը Շիրակի մարզն է՝ 51 (ներառյալ բնակավայրերը): Շիրակի մարզպետարանի փոխանցմամբ՝ 58 համայնքներում (ներառյալ բնակավայրերը) ջրի վնասազերծում չի իրականացվում համայնքների ֆինանսական միջոցների սղության պատճառով: 30 բնակավայրերում ջուրը վարակազերծվում է անկանոն կերպով: Համայնքների կողմից սպասարկվող 8 բնակավայրի ջրամատակարարման համակարգերն ընդհանրապես չեն վարակազերծվում, իսկ 46 բնակավայրերում վարակազերծվում են անկանոն ձևով` տարին 1-2 անգամ:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով՝ ոչ կենտրոնացված համակարգից համայնքները ջուր են ստանում տարբեր եղանակներով՝ կախված ջրառում առկա ջրի քանակից: Լոկալ ջրամատակարարման դեպքում վնասազերծման աշխատանքները կատարում են համայնքապետարանները: Սակայն, այդ աշխատանքներն իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով՝ պայմանավորված համայնքներում կադրային և տեխնիկական միջոցների սակավությամբ: Այս մարզում 2016-2017թթ. մանրէաբանական շեղում է արձանագրվել 47 բնակավայրում:

Լոռու մարզի 27 համայնքներում արձանագրվել են մանրէաբանական շեղումներ, որից 22-ը՝ 2016թ.: «Խմելու ջրի նորմերին չհամապատասխանելու պատճառ կարող է հանդիսանալ խողովակաշարում ջրի 2-3 օր մնալը»,-ասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Մարզպետարանի փոխանցմամբ՝ մարզում խմելու ջուր չունի երկու համայնք՝ Աստղաձոր և Ներքին Շորժա: Աստղաձորում անհրաժեշտ է կառուցել 15կմ երկարությամբ արտաքին ջրամատակարարման համակարգ, իսկ Ներքին Շորժայում՝ 3կմ արտաքին, 1.5կմ ներքին ցանց:

Կոտայքի մարզում 45 համայնքի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, իսկ 25-ինը՝ համայնքապետարանները: Ջրամատակարարման համակարգերից վարակազերծվում է միայն 45 բնակավայրերի ջուրը՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից:

Մանրէաբանական շեղումների ցուցանիշներով համեմատաբար շահեկան վիճակում է Գեղարքունիքի մարզը: 2016թ. մարզում մանրէաբանական շեղում չի հայտնաբերվել, իսկ 2017թ. արձանագրվել է 2 շեղում` Ծաղկաշեն և Լանջաղբյուր համայնքներում:

«Վեոլիա Ջուր»-ը փաստում է՝ վատ համակարգ է ստացել

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սպասարկում է 400 բնակավայր, վերջինիս կողմից չի սպասարկվում 570-ը:

Ըստ Կոմիտեի` Հայաստանի ամբողջ տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը վերանորոգելու, վերակառուցելու համար անհրաժեշտ է 700 մլն եվրո: Այդ գումարից միայն 250-300 մլն եվրոն կենտրոնացված սպասարկում չունեցող 570 բնակավայրերի ջրամատակարարման ցանցի բարելավման արժեքն է:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված ֆիանսիական «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ վարձակալության պայմանագրով` «Վեոլիա Ջուր»-ը 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնեց միասնական օպերատորի պարտականությունները: Վարձակալության պայմանագրով ընկերությունը պարտավորվել է ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին «Հայջրմուղկոյուղի», «Երևան Ջուր», «Շիրակ-Ջրմուղկոյուղի», «Լոռի-Ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանի փոխանցմամբ` ընկերությունը 15 տարվա ընթացքում 85 մլրդ դրամի վարձակալության վճար է տալու հայկական կողմին: Բացի այդ, պետք է 37,5 մլրդ դրամի ներդրումներ կատարի սեփական միջոցներից:

«Միաժամանակ նախատեսվում է, որ հայկական կողմը համակարգի զարգացման համար պետք է 200 մլն դոլարի չափով ներդրում կատարի: Մեծածավալ աշխատանք պետք է կատարվի համակարգում, դա մենք չպետք է անենք, հայկական կողմը պետք է անի»,-ասում է Մ. Սարգսյանը:

Ընկերությունն անցյալ տարի ուսումնասիրել է ընդհանուր վիճակը, գույքագրել թերությունները և արձանագրել, որ  համակարգը լավ վիճակում չի գտնվում: 2017թ. կատարել են մոտ 1,9 մլրդ դրամի ներդրում, իսկ այս տարի՝ 2 մլրդ: Անդրադառնալով ջրի որակին` Մուրադ Սարգսյանը նշեց, որ եթե ջրի որակի շեղում կա, չի նշանակում, որ մարդկանց առողջությանը վնաս են պատճառում, իսկ ովքեր այդպես են մտածում, «բարեկամաբար խորհուրդ» է տալիս գնալ այլ երկիր, օրինակ՝ Ռուսաստան, Վրաստան և նրանց ջուրը փորձել:

«Ամեն ինչ հարաբերական է, մենք ղեկավարվում ենք չափանիշով: Ամբողջ համակարգից ամեն օր վերցնում ենք փորձանմուշներ: Եթե 95%-ն ունի դրական ցուցանիշ, համարվում է, որ ապահովում ենք դրական որակ: Անցյալ տարի 97,7% արդյունք ենք ապահովել: Այն մասով, որ չենք ապահովել, եղել են թերություններ, շտապ շտկվել են»,-ասում է Մուրադ Սարգսյանը և հավելում, որ, օրինակ, Դիլիջան, Կապան քաղաքներում ջուրը գալիս է բաց աղբյուրներից, եւ անձրևներից, ձյան հալոցքից հետո ջուրը պղտորվում է: Անհրաժեշտ է կառուցել ջրի մաքրման նախնական կայաններ:

«Ժամանակին ճիշտ չեն կառուցել, չեն վերանորոգել: Չեմ ուզում փնովել, բայց դա մեր մեղքը չէ»,-ասում է Մ. Սարգսյանը և հավելում, որ հսկողությունն ուժեղացնելու նպատակով անցյալ տարի հիմնել են մարզային 7 լաբորատորիա: 

Քարտեզը եւ ինֆոգրաֆիկան` Հրանտ Գալստյանի