HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ազատության և խաղաղության «հրապարակ» Վուդսթոք. 2-րդ մաս

մաս 1

1969թ. կայացած Վուդսթոքի փառատոնը երաժշտական աշխարհում մնաց որպես իր նախադեպը չունեցող ցնցող մի երևույթ, որին մինչ օրս, նույնիսկ նույն փառատոնի հետագա նախագծերը չկարողացան գերազանցել: Այն բացառիկ էր և՛ իր տեսակով, և՛ ահռելի չափով, և՛ թողած ազդեցությամբ: Նյույորքյան Բեթել բնակավայրի մոտ գտնվող գյուղատնտեսական դաշտերից մեկը դարձավ ռոքնռոլի հանդիպման ամենահզոր տարածքը, որ համախմբել էր դարի լավագույն ու նշանավոր անուններին, աշխարհի ու նրա անմարդկային օրենքների դեմ դուրս եկող համարձակ, մի քիչ էլ տարօրինակ երիտասարդությանը՝ դառնալով նույն աշխարհի այլ անկյուններից նրանց հետևող միլիոնավոր աչքերի, ականջների և համակ ուշադրության կենտրոնը: Այդ լայնածավալ դաշտի առջև մի փոքրիկ կետի չափ երևացող բեմը սկիզբ դարձավ մի շարք երիտասարդ երաժիշտների համար՝ ճանապարհ հարթելով դեպի փառք ու հայտնիություն, դարձնելով նրանց դարի լեգենդներ՝ այդ կոչումը անխախտ պահելով նոր ու իրենցից շատ տարբեր սերունդների կյանքում էլ:

Վուդսթոքին անդրադարձող այս նյութում կներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ կամ պատմություն դարի ամենանշանավոր այս իրադարձությունից:

«Վուդսթոքն» իրականում այնքան էլ Վուդսթոքինը չէր

Փառատոնն ի սկզբանե նախատեսված էր Վուդսթոք քաղաքում անցկացնել, բայց չհաջողվեց, քանի որ այստեղ հարմար տարածք չգտնվեց: Հետո, նոր տարածք գտնելու ակնկալիքով, կազմակերպիչները տեղափոխվեցին Ուոլկիլ՝ տարածք վարձելով տեղի զբոսայգիներից մեկում: Նախատեսված մեկնարկից ընդամենը մեկ ամիս անց տեղի իշխանությունները հրաժարվեցին նախնական պայմանավորվածությունից, քանի որ հանդիսատեսի ենթադրյալ թիվը՝ հիսուն հազարը, անհնարին պատրաստվածության մասին էր նրանց հուշել: Մի քանի օր անց նույնիսկ օրենք ընդունեցին, որով արգելվեց փառատոնի կազմակերպումն այդ տարածքում: Եվ այն պահին, երբ թվում էր, թե արդեն հուսալն ավելորդ է և պետք է ետ քաշվել այն կազմակերպելու մտքից, նոր մարդիկ հայտնվեցին՝ նոր առաջարկով և համարձակ պատրաստակամությամբ:

Նախատեսված օրվանից ընդամենը մեկ ամիս առաջ ոմն Մաքս Յասգուր, ով տեղացի ֆերմեր էր և զբաղվում էր կաթնամթերքի արտադրությամբ, որդու խնդրանքին ընդառաջելով՝ փորձեց, իսկապես, փորձել: Նա առաջարկեց տրամադրել իր հողատարածքներից մեկը, որը գտնվում էր Վուդսթոքից մոտ 50 մղոն հեռավորության վրա և նույնիսկ կլորիկ գումար ներդրեց կազմակերպչական ծախսերը հոգալու համար: 50 մղոն հեռավորություն, բայց դա ամենևին չխանգարեց փառատոնին Վուդսթոքի անունը տալ և այդպես էլ մնալ պատմության էջերում: Քաղաքն իր հերթին ողջ աշխարհում ճանաչելի դարձավ հենց այս փառատոնի շնորհիվ:

Այդ օրերին այստեղ հավաքված հազարավոր մարդկանց նկարագրել են, որպես ռոքնռոլյան սերնդի սերուցք, իսկ մեր վուդսթոքյան նախորդ պատմության հերոսը՝ Ռիչի Հեյվենսը լրագրող Թոնի Քոկսին տված հարցազրույցում (NPR) ասել է, որ «դա աշխարհի սկիզբն էր»:

Սեքսի, հաշիշի և ռոքնռոլի համերաշխ երրորդությունը

«Հազարավոր երիտասարդներ տուն են վերադառնում Վուդսթոքի երաժշտական փառատոնից՝ երեք օր ու գիշեր սեքսի, հաշիշի և ռոքնռոլի հետ ապրելուց հետո»,- գրում է BBC-ն:

Նյու Յորքի մոտակայքում գտնվող Բեթել գյուղի վերոնշյալ ֆերմայի տարածքում, կես միլիոնի չափ բազմություն էր հավաքվել երկրի տարբեր անկյուններից: Եկել էին լսելու ժամանակի ամենահայտնի խմբերին և արտիստներին: Նրանց կատարյալ հանգիստն ու վայելքը չխանգարեց անգամ փոթորկախառն անձրևը, որը սովորականից ավելի առատ էր ու երկարատև, քան հանդիպել էր մինչ այդ՝ բացօթյա համերգների ժամանակ: Ոգելից խմիչքների, մարիխուանայի և երաժշտության միջև գունագեղ հիպիների վրաններն էին, բացօթյա հավաքատեղիները, որտեղ նրանք նստած էին խմբերով կամ զույգերով: Նրանք այդ մի քանի օրվա ընթացքում խաղաղ ապրում էին միասին, սնվում, երգում, պարում, նվագում:

Ֆերմեր Մաքս Յասգուրը, ով այս նախագծի գլխավոր կազմակերպիչն էր և հովանավորներից մեկը, փառատոնի վերջին օրը այսպես դիմեց հանդիսատեսին. «Դուք աշխարհին մի բան ապացուցեցիք՝ այն, որ կես միլիոն երիտասարդ կարող են համախմբվել երաժշտության ու զվարճանալու համար և միայն զվարճանալ ու երաժշտություն լսել, ուրիշ ոչինչ»:

Անուններ, որոնք այդպես էլ չհնչեցին բեմից

Ոչ ոք չէր էլ մտածել երևակայել անգամ նման քանակի հանդիսատեսի մասին: Կազմակերպիչների նախնական հաշվարկով, ինչպես վերը նշեցինք, նրանց թիվը պիտի սահմանափակվեր հիսուն հազարի շրջանակում: Բայց դաշտն արդեն լեփ-լեցուն էր, և դեռ հազարավոր մարդիկ շարունակում էին հասնել այստեղ: Փառատոնը պիտի մեկնարկեր օգոստոսի 15-ին, սակայն արդեն 13-ից վաթսուն հազարի հասնող երիտասարդներ ժամանել ու վրաններ էին խփել դաշտում: Բացման և հետագա օրերին արդեն ասեղ գցելու տեղ չկար: Բեթելի մոտակայքում գտնվող գրեթե բոլոր վայրերը մի քանի մղոնի հասնող երկարությամբ փակ էին, լեփ-լեցուն մեքենաներով և մարդկանցով:

Խցանումների պատճաոով մարդիկ իջնում էին մեքենաներից՝ շարունակելով ճանապարհը քայլելով անցնել: Հետագա օրերին տեղացող հորդառատ անձրևը լրիվ կաթվածահար էր արել երթևեկությունը, ինչպես նաև փառատոնի ծրագիրը: Խցանման մեջ հայտնված արտիստների մասին և նույն պատճառով տապալման վտանգին անդրադարձել ենք նախորդ նյությում: Այո, Ռիչի Հեյվենսը փրկեց փառատոնը՝ մեղմ ասած, անհարմար դրությունից և արդյունքում դարձավ ժամանակի ամենահայտնի անուններից մեկը՝ շնորհիվ իր փառահեղ կատարման: Բայց հետաքրքիրն այն է, որ ստեղծված իրավիճակի պատճառով մյուս օրերին անգամ որոշ երաժիշտներ այդպես էլ չկարողացան տեղ հասնել ժամանակին կամ ընդհանրապես:

«Iron Butterfly» ամերիկյան ռոք բենդը պետք է հանդես գար կիրակի օրը, սակայն օդանավակայան ժամանելուն պես երաժիշտները անակնկալի եկան. Ոչ մի կերպ հնարավոր չէր տրանսպորտի որևէ միջոց գտնել, իսկ եթե գտնվեր էլ, ապա հուսալ, որը նրանց կհամաձայնեին տեղ հասցնելու փորձ անել: Դրանք խելահեղության հասցնող սպասումներ էին: Ժամեր շարունակ խումբը պատանդի նման դեգերում էր օդանավակայանում՝ փորձելով որևէ կերպ հասնել արդեն պայմանավորված ժամին: Իհարկե, վերջում տեղ հասան՝ ուղղաթիռի օգնությամբ միայն, բայց արդեն ուշ էր: Նրանց հայտնի «In a Gadda Da Vida»-ն այդպես էլ չհնչեց փառատոնի բեմից: Նրանց մնում էր մխիթարվել հորդառատ անձրևի անակնկալով միայն, քանի որ նույն օրը հենց այդ պատճառով մի քանի խմբեր և երաժիշտներ ևս չկարողացան բեմ դուրս գալ, թեև ապահով հաղթահարել էին խցանման խնդիրը:

Ջիմի Հենդրիքսն ու հորդառատ անձրևը, որ ստիպեց երեքօրյա փառատոնը քառօրյա դարձնել

Վուդթոքյան ծրագիրը շուրջօրյա էր: Երաժիշտները հստակ ժամերով ու հաջորդականությամբ բեմը տրամադրում էին միմյանց: Սակայն տեղացող անձրևը ստիպեց չնախատեսված նոր փոփոխություններ մտցնել: Անձրևը բացօթյա համերգների ժամանակ միշտ էլ սպասվածի սահմանում է, սակայն բոլորովին ուրիշ էր 1969թ. վուդսթոքյան պատմությունը: Արդյունքում` երեք օր տևող փառատոնը ստիպված եղան շարունակել չորրորդի ներառմամբ: Փակումը պիտի ազդարարվեր Ջիմի Հենդրիքսի վիրտուոզ կատարմամբ՝ օգոստոսի 17-ին, կիրակի օրը: Սակայն նախատեսված ձևով չստացվեց և լեգենդար կիթառահարը ստիպված եղավ երկար սպասել: Նույն օրը՝ Ջո Կոկերի ելույթից հետո ( ցերեկվա ժամը 2–ից մինչև 3-ն անց կես), այնպիսի ամպրոպ ու որոտ բռնեց, փոթորկախառն անձրևի ուղեկցությամբ, որ ստիպված եղան շոուն մի քանի ժամով դադարեցնել: Հաջորդ համերգն արդեն շարունակեց երեք ժամ անց, ապա նորից ընդմիջում:

Այս ամենի պատճառով որոշ խմբերի ելույթներ ընդհանրապես դուրս եկան, իսկ Ջոնի Ուինթերն ու «Քրոսբի, Սթիլզ, Նեշ և Յանգ» խումբը կարողացան հանդես գալ  կեսգիշերից հետո: Հենդրիքսը ստիպված եղավ սպասել մինչև առավոտյան ժամը ութն անց կեսը: «Վուդսթոքն» այդ օրը ունեցավ նրա հիթերից մի քանիսը, որոնք, ինչ խոսք, փայլուն էին, ինչպես միշտ. «Purple Haze», «Voodoo Child» և « The Star Spangled Banner»՝ վերջինիս անմոռանալի կիթառի սոլոյով: Այսօր էլ, փառատոնից տասնյակ տարիներ անց, համացանցում Հենդրիքսի անունը փնտրելիս, նրա հենց այս կատարումներն են հայտնվում են առաջին շարքերում:

«Flower-power»-ների ազատության, երաժշտության և խաղաղության լույսը

Նրանք այդ ժամանակաշրջանի երիտասարդներն էին, ովքեր ունեին ժամանակին հակադրվող գաղափարներ, հստակ դիրքորոշումներ մեծ հարցերի հանդեպ և ովքեր համարձակ էին, ազատ ու ինքնուրույն: Աշխարհում դեռ մոլեգնում էր պատերազմը: Մինչ գերտերությունները զբաղված էին միմյանց ապացուցելով սեփական ռումբերի հզորությունը՝  հազարավոր երիտասարդներ զոհվում էին, կամ, լավագույն դեպքում տուն վերադառնում հաշմված, խեղված՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:

Վուդսթոքյան փառատոնը համախմբել էր ազատության, խաղաղության և բռնության դեմ կանգնած երիտասարդությանը: Նրանք ամենուր էին՝ վիետնամական դաժան պատերազմը բոյկոտող ակցիաներով, բնապահպանական պայքարներով, աշխարհում խաղաղություն տարածելու կոչերով ու կենսակերպով: Եվ ստացվել էր այնպես, որ ռոք փառատոնի հետքերով այս հանդուգն ու համարձակ երիտասարդությունը համախմբվելու էր մի վայրում՝ հսկա տարածություն ընդգրկող դաշտում, որը մի քանի օր երաժշտության ու խաղաղության հետ վերածվելու էր նաև ազատության տարածքի:

Տեղական ոստիկանությունը սկզբում իրար էր խառնվել այդ մտքից, իսկ հետո՝ անհավանական թվացող տեսարանից: 400 հազարից ավել մարդ մի վայրում, այն էլ՝ այդ տարօրինակ ու խենթ կենսակերպով, գաղափարախոսությամբ, որովհետև մտածում, երազում և ապրում էին նույն տեսլականով: Ավելի ուշ խոստովանեցին, որ խիստ տպավորվել են նրանց որակից և պահվածքից: «Այդ մարդիկ իսկապես գեղեցիկ էին: Ոչ մի բռնություն կամ ավելորդ քայլ այդպես էլ թույլ չտվեցին, իսկ դա բացառիկ բան է նման չափերի բազմության դեպքում»,- ասել էր աշխատակիցներից մեկը:

Այս փառատոնը դարձավ դարի մեծագույն ռոք նախագիծն աշխարհում: Եվ դա՝ ոչ միայն երաժշտության տեսանկյունից, այլև մարդկային, գաղափարական և փիլիսոփայական ընկալմամբ: Այն անգերազանցելի մնաց նույնիսկ շարունակության մեջ, որովհետև նախագծի հաջորդ մի քանի փորձերն այդպես էլ չունեցան նույն արժեքն ու ազդեցությունը, ինչպիսին այս մեկն էր: Միևնույն ժամանակ այն համարվում է հիպիական դարաշրջանի, ուստի նաև մի ողջ սերնդի, երազանքների ավարտի խորհրդանիշը:

1970թ. թողարկվեց «Վուդսթոք. Խաղաղության և երաժշտության երեք օր» վավերագրական ֆիլմը, որը 1971թ. «Օսկարի» արժանացավ:

Լուսանկարները վերցված են www.rollingstone.com, www.woodstock.com, www.npr.org, www.nydailynews.com կայքերից

Գլխավոր լուսանկարում Ջոն Սեբաստիանն է, Վուդսթոքի  ելույթի ժամանակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter