Ոստիկանության Շենգավիթի բաժին քիչ առաջ բերման ենթարկեցին արդեն մոտ 50 քաղաքացիների։ Բոլոր քաղաքացիները նշում են, որ իրենց ապօրինի են բերման ենթարկել։ Նրանցից Արմեն Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բերման է ենթարկվել Արշակունյաց պողոտայից։ Ահա բերման ենթարկվածներից մի քանիսի անունները, որոնք մեր թղթակիցը կարողացել է ճշտել` Անտոն Իվչենկո, Բագրատ Ենգիբարյան, Վահրամ Հայրիկյան, Աշոտ Գյոդակյան, Մհեր Հարոյան, Հայկ Մանուկյան, Էլեն Ավանեսյան, Հարություն Մովսիսյան, Արմեն Մնացականյան: Բոլորին բերման են ենթարկել Շենգավիթ համայնքի տարբեր հատվածներից` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի հրապարակ եւ դրան հարակից փողոցներից:
Բագրատ Ենգիբարյանի եղբայրը, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի առջեւ սպասում էր տեղեկությունների եղբոր մասին, ասաց, որ Բագրատը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է եւ դասադուլի առաջին իսկ օրվանից մասնակցում է բողոքի ակցիաներին, իսկ ինքը երեկվանից է միացել բողոքի ակցիաներին:
Ոստիկանություն են եկել երկու փաստաբաններ և ցանկանում են տեսակցել իրենց պաշտպանյալներին, սակայն նրանց արգելում են մտնել ոստիկանության շենք։
«Հետք»-ը տեսագրել և լուսանկարել է այն մեքենաները, որոնցով բերման են ենթարկել քաղաքացիներին։ Դրանք ինչպես ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական մեքենաներ են: Դրանցից մի քանիսը չունեն պետհամարանիշեր։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեցինք պարզաբանել այս հանգամանքը` ինչու են առանց պետհամարանիշի եւ քաղաքացիական մեքենաներով բերման ենթարկում քայլերթի մասնակիցներին: Նա պատասխանեց, որ պարզաբանում կտա միայն փաստերն ուսումնասիրելուց հետո:
Ոստիկանության Շենգավիթի բաժին քաղաքացիական կամ առանց պետհամարանիշի մեքենաներով բերման ենթարկվածներից ոմանք հրաժարվում էին նշել իրենց անունները: Ի դեպ, բերման ենթարկողներից ոմանք էլ առանց ոստիկանական համազգեստի էին:
Մեկնաբանել