HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նավթ եւ գազ Հայաստանում. աշխատանքները կշարունակվեն

Մեր հանրությանը, անշուշտ, ծանոթ է, որ Հայաստանում ամերիկյան ընկերության ներգրավմամբ տարիներ առաջ նավթ եւ գազ էին որոնում: Եւ քանի որ դրանց արդյունաբերական պաշարներ չհայտնաբերվեցին, եւ որոշ պատճառներով աշխատանքները դադարեցվեցին, մարդիկ կարծեցին, որ մեր երկրի ընդերքում այդ հարստությունները չկան: Ոմանք՝ ծայրաստիճան թերահավատները, այդ խոսակցություններն ի սկզբանե փուչիկ համարեցին, ոմանք էլ, առանց որեւէ գիտական հիմքի, ենթադրեցին, եւ իրենց ենթադրությունը որպես համոզմունք տարածեցին, թե Հայաստանի ընդերքում նավթի հսկայական ծավալներ կան, սակայն, քանի որ Հայաստանը բարձրլեռնային երկիր է, «սեւ ոսկին» շատ խորն է, հանելն անհնար է կամ ձեռնտու չէ: Ըստ նրանց' Ադրբեջանի նավթը Հայաստանի տակով է անցնում: Մինչդեռ նավթի ստորգետնյա գետեր ընդհանրապես չկան: Էներգետիկայի նախարարության ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Անդրանիկ Աղաբալյանը հավաստեց, որ չի կարելի լուրջ վերաբերվել այդ խոսակցություններին, դրանք «ժողովրդական բանահյուսության» ժանրից են: Իսկ իրականությունը բոլորովին այլ է ...

Հայաստանում նավթի եւ գազի հետազոտական աշխատանքների խորհրդային փուլը սկսվել է դեռ 1947 թվականից եւ որոշ ընդհատումներով շարունակվել է մինչեւ 1991թ.: Նշված ժամանակաընթացքում հորատվել է 208 խոր հորատանցք: Դրանց մեծ մասն այժմ լիկվիդացված, այսինքն՝ լցված-փակված են: Այդ աշխատանքները, որ ֆինանսավորվում էին ԽՍՀՄ կենտրոնական բյուջեից, այդ երկրի կազմալուծման հետեւանքով դադարեցվեցին: Անկախության հռչակումից հետո Հայաստանի համար կարեւոր խնդիր դարձավ սեփական ուժերով լրջորեն զբաղվել այդ աշխատանքներով: 1992թ., երբ ստեղծվեց էներգետիկայի նախարարությունը' որպես տվյալ ոլորտում ամենաշահագրգիռ մարմին, ձեռնամուխ եղավ հետազոտական աշխատանքների իրականացմանը: Ինչպես տեղեկացանք Ա. Աղաբալյանից, առաջին հերթին ամփոփվեցին անցած տարիների ընթացքում կուտակված նյութերը, համաշխարհային փորձը:

«Եկանք այն եզրակացության, որ բավականին մեծ տեղեկատվություն էր կուտակվել, որը, սակայն, համակարգված չէր, ուներ տարանջատված բնույթ եւ տարբեր կազմակերպություններում էր,-ասաց վարչության պետը,- Ընդհանրապես, նավթի եւ գազի հետախուզման աշխատանքները շատ մեծ ռիսկի եւ հսկայական ծախսերի հետ են կապված: Օրինակ' ԱՄՆ-ի նման երկրում միջինում ամեն 7-րդ հորատանցքով է, որ բացահայտվում է նավթի կամ գազի արտահոսք, այսինքն՝ միջինում 6-ը լինում են չոր: Հիմնականում, ելնելով մեծ ռիսկի գործոնից, գրեթե ոչ մի պետություն սեփական միջոցներով չի կատարում այդ աշխատանքները: Երկիրը համարում է, որ եթե տրամադրում է իր ընդերքը օգտագործման համար, դա բավարար պայման է, եթե, իհարկե, ստեղծում է օրենսդրական հրապուրիչ դաշտ: Այս երկուսն են աշխատանքների կազմակերպման հիմնաքարերը: Հատկապես Հայաստանի նման երկրի համար սեփական որեւէ միջոցի ծախսումը այդ մեծ ռիսկային աշխատանքների համար մենք համարեցինք անընդունելի: Երբ պարզ դարձավ, որ այդ աշխատանքները կարող են իրականացվել միայն արտասահմանյան մասնավոր ներդրումների հաշվին, խնդիր առաջացավ համակարգել մինչ այդ եղած ամբողջ տեղեկատվությունը: Էներգետիկայի նախարարությունը 1994թ. դիմեց Եվրահամայնքի ՏԱՍԻՍ ծրագրին՝ այդ տեղեկատվության համակարգման եւ վերլուծման աշխատանքները միջազգային անկախ փորձագետների միջոցով կատարելու համար»:

1994թ. հուլիսից մինչեւ 95թ. հուլիսը մեծ բրիտանական «Սայմոն պեթրոլիում տեքնոլոջի» (այժմ կոչվում է «Ռոբերտսոն ռիսերջ») եւ պորտուգալական «Պարտեքս» ընկերությունների ստեղծած կոնսորցիումի միջոցով, հայ մասնագետների ակտիվ մասնակցությամբ այդ հետազոտություններն ամփոփվել եւ 4 հատորով, անգլերեն լեզվով, ժամանակակից գրաֆիկայով ու համապատասխան մեկնաբանություններով հրատարակվել են:

Ամենակարեւորը՝ միջազգային անկախ փորձագետների կարծիքը տրվեց, որ Հայաստանում գոյություն ունեն ածխաջրածինների արդյունաբերական պաշարների հայտնաբերման հիմնավորված նախադրյալներ,-ասաց Ա.Աղաբալյանը: -Ես խուսափում եմ ասել՝ նավթ ու գազ կա՞ Հայաստանում, թե՞ չկա, մինչեւ չաշխատես, ոչ մի բան չես իմանա: Սակայն, բոլոր դեպքերում, ածխաջրածինների ձեւավորման, առկայության հիմնավորված նախադրյալներ Հայաստանում կան: Կրկնում եմ՝ դա ֆիքսված է միջազգային անկախ փորձագետների եզրակացություններում«:
Որոշ մասնագետներից երբեմն կարելի է կարծիքներ լսել, որ եթե խորհրդային տարիներին հորատված 208 հորատանցքերն արդյունք չեն տվել, ապա էլ ի՞նչ իմաստ ունի որոնումների շարունակումը Հայաստանում:

«Այո, կարող է այդպիսի կարծիք ստեղծվել,-ասաց վարչության պետը,-Սակայն երբ քարտեզի վրա նայում ենք այդ ուսումնասիրությունների տարածքը, ակնհայտ է դառնում, որ նախկինում բոլոր աշխատանքները կատարվել են միմիայն մերձերեւանյան եւ մերձարաքսյան շրջաններում: Մնացած ամբողջ տարածքն այդ առումով ուսումնասիրված չէ: Բացի այդ, միջազգային անկախ փորձագետները նույնիսկ մերձերեւանյան եւ մերձարաքսյան տարածքների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հուսադրող եզրակացություններ են տվել: Ավելին ասեմ, խորհրդային տարիներին հորատված այդ 208 հորատանցքից ընդամենը 6-ն էին համապատասխանում արդիական պահանջներին՝ թե՛ հորատման տեխնոլոգիայի պահպանման, թե՛ փորձարկման առումներով: Անհրաժեշտ խորությունը միշտ չէ, որ ապահովված էր, բազմաթիվ հորատանցքերի հորատումը վաղաժամ դադարեցված էր տեխնիկական վթարների պատճառով»:

Նավթի եւ գազի արդյունաբերական պաշարների առկայության առումով ստանալով հուսադրող արդյունքներ' Հայաստանն իրեն արդեն պատրաստ է համարել միջազգային շուկա դուրս գալու: 1996թ. մայիսին մեր հանրապետությունը Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում առաջին անգամ մասնակցել է ամերիկյան նավթաբան-երկրաբանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողով-ցուցահանդեսին: Ունենալով սեփական տաղավարը' Հայաստանը ներկայացրել է վերոհիշյալ աշխատանքի արդյունքները: Մի քանի ընկերություն Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել, սակայն նրանցից մեկը եղել է ամենահետեւողականը եւ, ի վերջո, Հայաստանում «Հայ-ամերիկյան հետախուզական ընկերություն» անվամբ բացել իր մասնաճյուղը: Իրականում այն ամբողջությամբ եղել է ամերիկյան:

1997թ. հունվարի 27-ին հիշյալ ընկերության հետ կնքված պայմանագիրը ՀՀ կառավարության որոշմամբ փետրվարի 6-ին ուժի մեջ է մտել, եւ սկսվել են աշխատանքները: ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Եգիպտոսից Հայաստան են բերվել հորատման համար անհրաժեշտ արդիական տեխնիկա, սարքավորումներ եւ նյութեր: Անցկացվել են մոտ 220 կմ գծային սեյսմահետախուզական աշխատանքներ: Ի վերջո, Գառնիի մոտերքում' կրկին մերձերեւանյան շրջանում, 1998թ. հորատվել է «Ազատ 1» անունը կրող առաջին եւ առայժմ միակ հորատանցքը (ընդհանուր խորությունը 3524 մետր է): Սակայն, 2000թ. մահացել է այդ մասնավոր ընկերության սեփականատեր եւ նախագահ Ալեն Պոլսենը: Վերջինիս որդին ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի այլ երկրներում չի կամեցել շարունակել հոր գործը՝ նավթի եւ գազի բիզնեսով զբաղվելը:

«Այդ ժամանակից մենք սկսեցինք փնտրել ֆինանսական գործընկեր, որը կշարունակեր այդ աշխատանքները,-ասաց Ա. Աղաբալյանը,-2002թ. սկսվեցին բանակցություններ կանադական «Ինդասմին Էներջի» կորպորացիայի հետ (այժմ այն վերանվանվում է «Տրանսեվրո էներջի»): Այն համեմատաբար նորաստեղծ, սակայն շատ աշխույժ քաղաքականություն վարող կորպորացիա է: Վերջինս այժմ բավականին հաջող աշխատում է Ուկրաինայում, հատկապես Ղրիմի տարածքում, ուր արդեն սկսել են գազի՝ առայժմ փորձնական արդյունահանումը»:

Հայաստանի տարածքը բաժանված է 6 արտոնագրային տեղամասերի: Հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունն ուներ արտոնագիր (աշխատելու իրավունք) 2-րդ տեղամասում (մերձերեւանյան հատված, հիմնականում Արմավիրի մարզ): «Ինդասմին Էներջի»-ն 2-րդ տեղամասում համաձայնել է լինել հայ-ամերիկյան ընկերության աշխատանքների շարունակողը եւ հանդիսանալ այդ ընկերության իրավահաջորդը: Առանձին պայմանագրի միջոցով, որի վերաբերյալ բանակցություններն արդեն ավարտվել են, կորպորացիան ցանկություն է հայտնել աշխատանքներ կատարել 3-րդ արտոնագրային տեղամասում: Այն հիմնականում ընդգրկում է Տավուշի մարզը, մասամբ նաեւ՝ Լոռու: Ինչ վերաբերում է 2-րդ տեղամասին, ապա դրա վերաբերյալ, վարչության պետի տեղեկացմամբ, ուժի մեջ է մնում նախկինում հայ-ամերիկյան հետախուզական ընկերության հետ կնքված պայմանագիրը: Անդրադառնալով պայմանագրային որոշ մանրամասների' Ա. Աղաբալյանն ասաց, որ հիշյալ ընկերությունը 100 տոկոսով իր վրա է վերցնում ֆինանսավորումն ու ռիսկը, Հայաստանը միմիայն տրամադրում է իր ընդերքի տվյալ տեղամասը՝ ուսումնասիրությունների համար: Դրանց հաջող ավարտի դեպքում, այսինքն՝ երբ հայտնաբերվեն նավթի կամ գազի պաշարներ եւ հաստատվի դրանց արդյունաբերական նշանակությունը, ուժի մեջ կմտնի պայմանագրով նախորոշված արտադրանքի բաժանման սկզբունքը, եւ ընդերքի հարստությունը համապատասխան մասնաբաժիններով կբաժանվի կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ:

«Այսինքն,-ասաց վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչության պետը,-եթե տարիների ընթացքում որեւէ արտասահմանյան ընկերություն օտար պետության տարածքում վերցնում է իր վրա ամբողջ ռիսկն ու ֆինանսավորումը, նա պետք է համոզված լինի, որ հաջողության դեպքում իրավունք կունենա հայտնաբերված պաշարներից օգուտ ստանալ:

Իսկ ինչքա՞ն ժամանակ՝ անսահմանափա՞կ, թե՞...
Ա. Աղաբալյանի հավաստմամբ, դա անժամկետ չէ ինչպես 2-րդ, այնպես էլ 3-րդ տեղամասերի պարագայում: Մասնաբաժինների տոկոսները վարչության պետը չհայտնեց՝ ասելով, որ դրանք առեւտրային գաղտնիք են: Միայն հայտարարեց. «Բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծված Հայաստանի համար»: Նախատեսվում է 2-րդ եւ 3-րդ տեղամասերում նավթի եւ գազի հետախուզման եւ արդյունահանման հետ կապված աշխատանքների համար նշված կորպորացիային տալ բացառիկ իրավունքներ: Ի դեպ, Ա. Աղաբալյանի հավաստմամբ, «Ինդասմին Էներջի»-ն Ադրբեջանում նախկինում որեւէ աշխատանք չի կատարել եւ այժմ էլ չի փորձում:

Վերոհիշյալ կորպորացիայի հետ գարնանը բանակցություններն ավարտելուց հետո, շահագրգիռ նախարարությունների հետ քննարկում է եղել, ստացվել են կարծիքներ, առաջարկություններ, դիտողություններ: Դրանք ամփոփելուց հետո բոլոր փոփոխությունների վերաբերյալ վերաբանակցություններ են կատարվել:

«Ներկայումս լրիվ պատրաստի փաթեթը՝ արդեն պայմանագիրը կնքելու համար, դրված է էներգետիկայի նախարարի սեղանին,-հավաստեց Ա. Աղաբալյանը:

Մոտեցումը հետեւյալն է՝ կառավարությունը պետք է հավանություն տա «Նավթի երկրաբանական հետախուզման եւ արտադրանքի բաժանման» այդ պայմանագրին, լիազորի էներգետիկայի նախարարին՝ պայմանագիրը կնքելու: Եւ հենց որ կողմերի միջեւ պայմանագիրը կնքվի, այն կմտնի ուժի մեջ, ու կսկսվեն ուսումնասիրությունները զուգահեռաբար ե՛ւ 2-րդ, ե՛ւ 3-րդ արտոնագրային տեղամասերում: Սակայն էներգետիկայի նախարարությունը նավթի եւ գազի ոլորտում դեռ լիազորված մարմին չէ: 2003թ. ապրիլին Հայաստանի կառավարությունն ընդունեց թիվ 385 որոշումը, որով ընդերքի ոլորտում լիազորված մարմինների կարգավիճակ տվեց միայն բնապահպանության նախարարությանը (երկրաբանական մասով) եւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը (արդյունահանման մասով):

Փաստորեն, անկախացումից հետո միակ նախարարությունը (էներգետիկայի), որ զբաղվել է նավթի եւ գազի հարցերով, մնացել է դուրս: Դա նույնպես խոչընդոտ է կառավարությունում այդ պայմանագրի նախագիծը քննարկելու, հավանություն տալու առումով: Առաջնահերթ խնդիրը կառավարության թիվ 385 որոշման մեջ փոփոխություններ կատարելն է, որով էներգետիկայի նախարարությունը կդառնա նավթի, գազի ոլորտում լիազորված մարմին եւ ի վիճակի կլինի կնքել այդ պայմանագիրը ու հետագայում զբաղվել համապատասխան գործունեությամբ:

Հաշվի առնելով 2-րդ տեղամասի առավել ուսումնասիրվածությունը' պայմանագրի նախագծով այս տեղամասի համար սահմանված ժամկետներն ավելի սեղմ են, իսկ այդ ընթացքում նախատեսված աշխատանքները՝ ավելի մեծ ծավալի: Այս տեղամասում հետազոտական աշխատանքների համար, ընդհանուր առմամբ, սահմանված է 5 տարի: Արմավիրի մարզի հեռանկարային տեղամասերում (մերձարաքսյան գոտի) լրացուցիչ սեյսմահետախուզական աշխատանքների դրական արդյունքների դեպքում նախատեսված է առաջիկա երկու տարում հորատել 1-2 հորատանցք: Այստեղ ավելի շատ ոչ թե նավթի, այլ բնական գազի հայտնաբերում է ակնկալվում: Ինչ վերաբերում է 3-րդ տեղամասին, ապա, հաշվի առնելով, որ աշխատանքները սկսվելու են գործնականում զրոյական մակարդակից, նախ պետք է կատարվեն աէրոտիեզերական լուսանկարների ուսումնասիրություն եւ այլ աշխատանքներ, այսինքն՝ 3-րդ տեղամասի վերաբերյալ մոտեցումն ավելի զգուշավոր է: Յուրաքանչյուր փուլ պետք է հիմնավորի մյուսին անցնելու նպատակահարմարությունը: Առաջին փուլը երրորդ տեղամասում նախատեսված է 4 տարի, համենայն դեպս, առաջիկա 2 տարում այստեղ դժվար է ակնկալել հորատման որեւէ աշխատանք:

«Այն, որ Հայաստանը նավթի, գազի արդյունաբերություն չի ունեցել, ազդել է մեր հանրապետության օրենսդրության վրա, որն այս առումով մեծ բաց ունի,-ասաց Ա. Աղաբալյանը,-Համաձայն չեմ բարձրաստիճան պաշտոնյաների եւ որոշ մասնագետների այն կարծիքին, թե քանի որ Հայաստանում նավթ ու գազ չկա, անհիմն, անիմաստ է մեր երկրում դրա վերաբերյալ օրենսդրական դաշտ ստեղծելը: Ո՛չ, առաջին հերթին պետք է լինի օրենսդրական դաշտ, ընդ որում' օտարերկրյա ներդրողների համար հրապուրիչ, նախեւառաջ նրանց ներդրումների պաշտպանվածությունը երաշխավորող, հարաբերությունների հստակություն ապահովող: Միայն այս դեպքում կարելի է խոսել տվյալ ոլորտում լուրջ ներդրումների մասին: Հայ-ամերիկյան ընկերության եւ կանադական կորպորացիայի օրինակները, որոնց մասին նշեցի, բացառություն են: Ուղղակի հաջողվեց ապացուցել նրանց, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որեւէ բռնություն, ապօրինություն նրանց նկատմամբ չի լինի, իսկ օրենսդրական դաշտի ձեւավորման գործընթացը սկսվել է:

Միայն այդ պայմաններով հնարավոր եղավ նրանց ներգրավել, բայց բացեր շատ կան, այս ոլորտի օրենսդրությունը դեռ բացակայում է: 1998-99թթ. էներգետիկայի նախարարությունը մշակեց նավթի, գազի մասին օրենքի նախագիծ, այն 99թ. գարնանը հասավ մինչեւ Ազգային ժողով, սակայն առանց հանձնաժողովներում քննարկումների, առանց որեւէ կարծիքի, դիտողության, հետ եկավ: Հավանաբար խանգարեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Մինչ այդ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ քննարկումն արդեն կատարվել էր, այնուհետեւ կառավարությունն էլ էր տվել իր հավանությունը այդ օրենքի նախագծին»: Ըստ վարչության պետի' քանի որ մեծ ժամանակ է անցել, այդ նախագիծը հիմա արդեն վերամշակման կարիք ունի: Բացի այդ, անհրաժեշտ է փոփոխություններ, լրացումներ կատարել համապատասխան օրենքներում (օրինակ' հարկային եւ մաքսային օրենսդրություններում):

Միջազգային պրակտիկայի համաձայն' պայմանագիրը՝ արտադրանքի բաժանման մասով, եթե տասնամյակների մասին է խոսքը, պետք է պաշտպանված լինի տվյալ երկրի օրենսդրական դաշտի փոփոխություններից, հատկապես օտարերկրյա ներդրողների պայմանների վատացումից: Այսինքն՝ նման ցանկացած պայմանագրում կա ստանդարտ մի հոդված, որի համաձայն օտարերկրյա ներդրողը պարտավորվում է կատարել տվյալ երկրի այն օրենսդրության պահանջները, որը գործում է պայմանագրի ստորագրման պահին: Այսպիսի հոդված կա ե՛ւ 2-րդ տեղամասի պայմանագրում, ե՛ւ 3-րդ տեղամասի պայմանագրի նախագծում:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելուց, միլիոնավոր դոլարներ ծախսելուց, նավթի եւ գազի արդյունաբերական պաշարներ հայտնաբերելուց հետո, «խաղի կանոնները», օրինակ' հարկային, մաքսային օրենսդրությունն այդ մասով փոխել չի կարելի,-ասաց Ա. Աղաբալյանը,-Մի օրինակ բերեմ. Հայ-ամերիկյան հետախուզական ընկերության հետ 1997թ. կնքված պայմանագրի համաձայն' ժամանակավոր ներմուծման ռեժիմով եւ որպես նշված ընկերության սեփականություն Հայաստան էր բերվել միլիոնավոր դոլարների արժողության խորը հորատման սարքավորում՝ հորատման ծրագրերն իրագործելու նպատակով: Այն ժամանակ մաքսային օրենսդրությունը ժամանակավոր ներմուծման ժամկետը չէր սահմանափակում, սակայն 2001թ. ուժի մեջ մտավ մաքսային նոր օրենսգիրքը, որով սարքավորումների ժամանակավոր ներմուծումը սահմանափակվում է մեկ տարով՝ որեւէ տարբերություն չդնելով 40 վագոն կազմող խորը հորատման մեծ ու կարեւոր սարքավորման եւ մանկական հեծանվի միջեւ: Ի դեպ, այդ սարքավորումները, հատկապես խորը հորատման հաստոցը, հիմա դարձել են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, փաստորեն նվերի են վերածվել»:

Ըստ վարչության պետի' վերը նշված սարքավորումը, որն այժմ Գառնիում է, սարքին է, թեեւ ընթացիկ վերանորոգման անհրաժեշտություն կա: Հորատման հաստոցը կանադական ընկերության սեփականությունը չի դառնալու, վարչության պետի ասելով, նրան վարձավճարով կարող է տրամադրվել օգտագործման: Նույն պաշտոնյայի հավաստմամբ, հորատման հաստոցը, շորհիվ էներգետիկայի նախարարության ձեռնարկած միջոցների եւ տրամադրած ֆինանսավորման, հուսալիոեն պահպանվում է: Հիմա ավարտվում է այդ ամբողջ սարքավորումը էներգետիկայի նախարարության հաշվեկշռում ներգրավելու գործընթացը: Թանկարժեք սարքավորման պահպանումը հանձնարարված է «Երկրաէներգետիկա» ՓԲԸ-ին, որը Հայաստանի ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների ոլորտում միակ մասնագիտացված կազմակերպությունն է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter