HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Երբ գեներալները ջա՛զ են լսում (վիդեո)

Մեզ հրավիրում են սուզվել բերմունդյան եռանկյունու մեջ, որտեղ անցան Jim Morison-ական եւ Doors-ական ժամանակները, «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ», «Կազիրոկ»... Եվ լսվում են բոլորին քաջածանոթ բլյուզի ձայները, ներկաներն աննկատ սկսում են շարժել իրենց ոտքերը. Արմեն Ադամյանը երգում է իր Էրոտիկ բլյուզը. Երեւանի սիրուն աղջիկ-2:

Ուղիղ 20 տարի է անցել այս լեգենդար երգը գրելուց հետո: 20 տարի առաջ էրոտիկ բլյուզ երգելը այնքան էլ միանշանակ չէր ընդունվում: Ընկերական անմեղ հումորով արված, առանց ենթատեքստի այդ երգի մասին ասում էին` էս ի՞նչ ես երգում, կարո՞ղ է` մենք Բրուկլինում ենք, Երեւանի աղջիկները մեր քույրերն են, բա ո՞նց կլինի:

Արմեն Ադամյանին հանդիպում եմ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց: Հանդիպման վայրը պատահական չէր ընտրվել, հենց այդտեղ է կազմվում նրա այդքան սիրած բերմունդյան եռանկյունին` «Կազիրոկ», «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ» սրճարանները: Դա այն վայրերն են, որտեղ հավաքվում էր քաղաքի բոմոնդը: Ամենամատչելի խմիչքը սպիտակ թունդ պորտֆեյնն էր, որն արժեր մի քանի կոպեկ, մի քիչ հարուստները շամպայն էին խմում:

Դա հիպիների առաջին շարժումն էր, երբ հավաքվելով հենց «Նաիրի» կինոթատրոնի դիմաց` պարծենում էին իրենց առաջին մոդայիկ Lee կամ Levis Strauss ջինսերով կամ կոշիկներով: Այդ ամենի մասին իր հիշողությունները Արմեն Ադամյանը հավաքել է իր բանաստեղծությունների երկրորդ ժողովածուի մեջ, որը կոչվում է «Ծեր ռոքերի օրագիրը»: Բանաստեղծություններից մեկը Ջենիս Ջոփլինի «Mercedes Benz» երգին է նվիրված, մյուսը Ջիմի Հենդրիքսի «Band of Gypsys»-ի հիման վրա կոչվում է «Գնչուներ»:

 Այսօր Արմեն Ադամյանն ապրում է Եղեգնաձորում, 4 թոռ ունի, ռոք պապի է, բայց ինչպես ինքն է խոստովանում` ավելի օրիգինալ է տատին: Կինը 35 տարի հարվածային է նվագել իր ռոք խմբում: Ամեն ուրբաթ Արմեն Ադամյանը 130 կմ ճանապարհ է անցնում հեղինակային երգի երեկոներից հետո: Նա մնում է Ակումբում մինչեւ ուշ գիշեր, որպեսզի երգի յուրատեսակ հրաժեշտի երգը, առանց որի երեկոն կկորցնի իր ամբողջական կոմպոզիցիան:

Հեղինակ-կատարողը հիշում է, որ երբ դեռ փոքր էր, Արենիում իրենց տանը ամսագրեր էին ստանում, որոնցից մեկի մեջ մի օր տեսնում է էլեկտրակիթառ, ու սկսվում են իր «կատաղի ֆանտազիաները կապված սեր առ ավել»: Տանը կիթառի նման ինչ գտնում է` լինի ավել, թե բահ, բռնում է ու ասում` ես պիտի կիթառ նվագեմ: Իսկ կիթառ ընդհանրապես չկար, այն էլ` Եղեգնաձորում, եթե պատկերացնենք, թե ինչ էր նշանակում այդ ժամանակվա Եղեգնաձորը` «ժամը հինգին ռադիոկայաններից հնչում է ադրբեջանական երգը, հիթը` «Փոշու մեջ ընկած ծաղիկը» կամ հնդկական կինոյի միջի այն տղայի ու աղջկա երգած երգն է»:

Այնուամենայնիվ, ավելը շուտով փոխարինվում է Մոսկվայից բերված կիթառով: Ռոստովում արգելված ճանապարհներով ձայնագրած դիսկեր է գնում, առաջին գործը «Beatles»-ի «Girl»-ն էր եւ «Yesterday»-ը: Ու սա ամեն ինչ կանխորոշում է:

1972-ին հավաքում է մի քանի համախոհ տղաների եւ ստեղծում «Էվրիկա» վոկալ-գործիքային նվագախումբը, որտեղ հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար, կիթառահար եւ մեներգիչ: «Էվրիկա»-ի հեռուստատեսային դեբյուտը լինում է «Ամառային ձայներ» կոչվող այն նույն հաղորդմանը, որտեղ իրենց դեբյուտն են ժամանակին ունեցել Ռուբեն Հախվերդյանը, «Արձագանքը», «Մելոմաններ» խումբը:

Ռոք համերգներին, երբ տղաները գնում էին հանգստանալու` սուրճ խմելու, Արմեն Ադամյանը վերցնում էր կիթառը եւ հանգիստ երգեր երգում: Իր խոսքերով` հեղինակային երգը նա միշտ ռոքին զուգահեռ է գրել: Հետո աստիճանաբար զգաց, որ հեղինակային երգն իր մոտ դառնում է առանձին ճյուղ:

Սկզբում գրեց «Պատանեկություն» երգը, որը հեռուստատեսության եթերից փորձում էին հանել, բայց, ի վերջո, ներկայացնում են որպես հակաիմպերիալիստական երգ:

1988 թ. Եղեգնաձորում Արմեն Ադամյանը կազմակերպում է հեղինակային երգի հանրապետական առաջին փառատոնը: Այնտեղ են իրենց ստեղծագործական մկրտությունը ստացել շատ բարդեր, ովքեր այդ տարիներին 17-18 տարեկան էին, այսօր մեզ հայտնի շատ երգեր հենց այնտեղ են գրվել:

Փառատոնն անցկացվում է հինգ անգամ: Լավագույն ռեժիսորները, լավագույն հաղորդավարները հինգ օր անընդմեջ ուղիղ եթերով հեռարձակում են հեղինակային երգի փառատոնը:

1992-1993 թթ. «Ասպարեզ» ստուդիայում Արմեն Ադամյանը ձայնագրում է իր առաջին ձայնասկավառակը` «Մի աղջիկ 16 տարեկան», 10 տարի անց ձայնագրում է «Օրերը», հետո լույս է տեսնում «Մենակության բանաձեւը»:

Համամարդկային են այն թեմաները, որոնց մասին նա երգում է: «Հեղինակային կատարողները իրենց ժամանակաշրջանի զգացմունքների պատմիչներն են: Այն, որ ես մի քիչ ավելի համամարդկայինի կողմն եմ, երեւի արդեն ռոքից է գալիս»,- ասում է նա: Թեմաներից մեկը մենությունն է, որի մասին շատ երգեր ունի: Տարբեր տարիների է գրել ձյան մասին շարքը: Ձյունը` որպես խորհրդանիշ, հաճախ է հանդիպում Արմեն Ադամյանի երգերում:

«Հեղինակային երգը միակ մաքուր տեղն է, որ մնացել է այսօր արվեստում: Այն բացարձակ նատուրալ է: Հեղինակային երգ լսելը հավասար է ամենահեռավոր գյուղում քո ձեռքով ծառից ծիրան քաղելուն: Էկոլոգիապես մաքուր արվեստ է հեղինակային երգը»,- ասում է նա:

«Հեղինակային երգը միակ բանն է, որ չես կարող կեղծել, եթե այն լավը չլինի, չի ապրի: Ինքը կանխորոշված է` երգ կամ կա, կամ չկա, հեղինակային կատարող կամ կա, կամ չկա: Հեղինակային երգի ունկնդրից սկսած, կատարողից վերջացրած` բոլորն ապրում են ինտելեկտուալ որոշակի կտրվածքի, մի շերտի մեջ, որը միշտ եղել է ու կոչվում է ինտելիգենցիա: Մենք` հայերս, ունեցել ենք, դա Թիֆլիսի Վերնատունն է, Աստաֆյան Երեւանն է, 50-ականների Կինո Երեւանն է, 70-ականների մեր Կինո Նաիրին է:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում. եթե օլիգարխները ռոք են լսում, ուրեմն էս ինչ լավ բան ա, եթե ինչ-որ մեկը գալիս է Պոպլավոկ Մալխաս լսելու` ուրեմն` ջա՞զ, գեներալները պետք է ջազ լսեն, կամ հայկական լեդիները` 4 օր ժուլիեն չեն կերել, գլխացավից մեռնում են»,- ասում է նա:

Այս քաղքենիական երեւույթները խորթ են նրան: Արմեն Ադամյանը համոզված է` մարդիկ հեղինակային երգ չեն լսում, որ կողքից տեսնեն` ինքն ինչպես է լսում այդ հեղինակային երգը: Նրա կարծիքով` հեղինակային երգի ակումբը մի տեղ է, ուր մարդիկ ոչ թե ցույց են տալիս, որ իսկապես հարգում, սիրում ու կարոտում են իրար, այլ իսկապես հարգում, սիրում ու կարոտում են:

«Հեղինակային երգը իմ փրկության կղզին է: Ամեն հեղինակ-կատարող շուշանի նման է, ճահճի մեջ բացված սիրուն, մաքուր, խոր արմատներով, մաքուր հողին կպած»,- ասում է նա:

Մեկնաբանություններ (3)

Մանվել Մելիքյան
Բարև իմ շատ սիրելի ընկեր-Արմեն ջան։ Ես չգիտեմ, արդյոք դու կարդում ես այս մեկնաբանությունները թե ոչ։ Ամենայն դեպս քեզ գրում է քո նախկին «համակրող-երաժիշտ-գործընկեր»-ը, ում հետ միասին Բրյուսովի ինստիտուտում դու երգում-նվագում էիր «Էվրիկա»-ում։ Ես սկզբից կիթառ էի նվագում, ապա դաշնամուր։ Էխ, լավ երգ էր «Արագած»-ը։ Գրիր կամ զանգահարիր (51-57-61)։ P.S. Հարգելի Մերի Միքայելյան. Ես Ձեզ շատ եմ խնդրում. ըգնեք ինձ կապվել Արմենի հետ։ Շնորհակալություն։ Այդպիսի մարդկանց մասին հարկավոր է ավելի շատ գրել։
Մոմիկ Վարդանյան
քիչ ա մնում քոմենթ գրողները գրեն, թե ինչ գույնի գրիչով ա անհրաժեշտ նյութը գրել, էս քոմենթների դաշտը կարելի ա փակել ընդհանրապես, որ ամեն մեկը ինչ մտքին գալիս ա չգրի, մեկ էլ լավ կլինի, որ քոմենթ գրողները ռեալ անուն ազգանուններով գրեն, ու մյուս անանուն տղա-աղջիկներին, կամ աղջիկ-տղաներին տարբերել... Ճ
Tatevik
nyutn @ndhanur armamab hageca& er,li er hetaqrqir texekutyunnerov, sakayn hodva&um anhayt mnac @. Karox es uxxaki vernagir@ poxel,isk uxxagrutyan u ketadrutyan masin uxxaki xosqer chkan...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter