HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգար Օհանյանը խոստանում է շատ բաներ բացահայտել

Այսօր Կենտրոնի դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:

Հիշեցնենք՝ վերջինս մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելով պետական գույքը յուրացնելու մեջ, ինչի պատճառով պետությանը հասցվել է 160 միլիոն դրամի վնաս: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Օհանյանը կտրոնների տեսքով յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացված 574 հազար 420 լիտր բենզինը: Այժմ դատարանում ամբաստանյալի կարգավիճակում նրա հետ մեկտեղ հայտնվել են ՃՈ մի քանի աշխատակիցներ:

Այսօրվա նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին խնդրեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ նրան ազատ արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց: Փաստաբանը նկատեց, որ Օհանյանի ընտանիքն արդեն վերականգնել է պետությանը հասցված 137 միլիոն դրամի վնասը, նաեւ պատրաստ է վերականգնել փորձաքննության ընթացքում ավելացած 19 միլիոնի վնասը: 

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն առարկեց՝ նշելով, որ գտնվելով ազատության մեջ Մարգար Օհանյանը կարող է թաքնվել քննությունից, ազդել դատավարության մյուս մասնակիցների վրա:

«Ուրիշի կռիվը Ձեր վրա մի վերցրեք»,- հակադարձեց Մարգար Օհանյանը՝ խոստանալով դատաքննության ընթացքում շատ բաներ բացահայտել:

Մինչ այդ Օհանյանը դատավորին խնդրել էր առանձին զրուցել վերջինիս եւ դատախազ Հարությունյանի հետ՝ պատճառաբանելով, թե կարեւոր բան ունի ասելու: Նա ասաց, որ անցյալ տարվա օգոստոսի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում հեռախոսազանգ է հնչել, ինչից հետո իր կարգավիճակը փոխվել է՝ վկայից դառնալով մեղադրյալ: Սակայն դատավոր Մխիթար Պապոյանը նկատեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ գոյություն չունի: Օհանյանը դատախազի եւ դատավորի հետ առանձին զրուցելու հնարավորություն չստացավ: Ընդմիջումից հետո, վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը մերժեց նաեւ Ճանապարհային ոստիկանության նախկին պետի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter