HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Երեխաները ստիպված են աշխատել

«Աշխատածս առաջին 1000 դրամը տվել եմ հորս: Հայրս էլ հարցրեց' էս որտեղի՞ց, ես էլ ասացի' աշխատել եմ»,-պատմում է 15-ամյա Նարեկը' հպարտությամբ շեշտելով «աշխատել եմ» բառերը:

Այդ 1000 դրամը Նարեկն աշխատել էր Ամանորի օրերին՝ Ցմփորիկի հագուստ հագած նկարվելով երեխաների հետ: «Լունապարկում պտտվում էի, պապան էլ գնացել էր Վանաձոր, իր ընկեր Վաչիկի հետ էի մնում: Մեկ էլ մի տղա ասաց' կհագնե՞ս տելեպուզիկի շոր: Ես էլ հագա ու աշխատեցի»,-պատմում է Նարեկը:

12-16 տարեկան երեխաները փողոցներում աշխատող լուսանկարիչների հետ պայմանավորվելով' հագնում են տարբեր կենդանիների հագուստներ, նկարվում երեխաների հետ ու որոշ գումար աշխատում: Այսպես փող վաստակելը հատկապես հեշտ է տոնական օրերին: Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների ընթացքում լուսանկարվում եւ փուչիկներ էին վաճառում 12 «կենդանիներ»: Նրանք աշխատում էին երկու հերթով: Այսինքն՝ այդ օրերին աշխատանք է ունեցել 24 երեխա:

« Տնեցիք չգիտեն, որ աշխատում եմ: Ասել եմ' գնում եմ հրապարակ՝ տոնածառի հանդեսի։ Չգիտեմ, թե ինչ կասեն, որ իմանան աշխատում եմ: Չեն ջղայնանա, ուղղակի կասեն' բա էդ փողերն ի՞նչ ես անում»,- ասում է 13-ամյա Կարենը։

«Մերոնք գիտեն, որ ես աշխատում եմ: Գիտեն, որ գողություն չեմ անում ու աշխատածս ինչ ուզում, անում եմ. ինտերնետ եմ մտնում ու սկսում խաղալը»,- ավելացրեց Շահենը:

«Ես իմ աշխատածով շորեր եմ առնելու ինձ, որ ծնողներիս օգնեմ»,- մտահոգված ասաց Արթուրը: Իսկ Նարեկն աշխատել է եւ օգնել հորը, որպեսզի տան օրավարձը վճարեն ու սնվեն:

Նարեկը նախկինում ապրել է Վանաձորում: 2004թ. սկզբին ծնողները բաժանվել են: Նարեկը որոշել է ապրել հոր հետ: Վանաձորում աշխատանք չունենալով' Նարեկի հայրը' Նարիմանը, որդու հետ եկել է Երեւան աշխատանք գտնելու: Նարիմանը բեռնակիր է աշխատում «Հայկական շուկա»-ի մեծածախ առեւտրի շուկայում (Գ ՈՒՄ): «Ուսով եմ աշխատում կամ սայլակով, բայց նախ՝ գործ քիչ է լինում, հետո մինչեւ օրվա հարկը տալիս եմ, սայլակի վարձը տալիս եմ, արդեն փող չի մնում: Նարեկս ինձնից շատ է աշխատում»,- ասում է Նարիմանը:

Նարեկը հոր եւ նրա ընկերոջ' Վաչիկի հետ վարձով է ապրում: Տանտերը մառանի միջով անցնող մի սենյակը վարձով է տվել: «Կարելի է ասել, որ 500 դրամ օրավարձով պադվալում ենք մնում: Տանտերը դուռը բացում է, ներս ենք մտնում, առավոտյան էլ գալիս, հանում է ու դուռը փակում, որովհետեւ իր մառանն է, մտածում է' գողություն կանենք: Ձմռան էս ցրտին ամբողջ օրը դրսում ենք, բիրիքանոցում աշխատում ենք, բայց էլի էնպես է ստացվում, որ Նարեկն է մեզ պահում: Լավ երեխա է, խելոք, չի ծխում, չի խմում, աշխատածով հորն է օգնում»,- պատմում է Վաչիկը:

Տոներից հետո, երբ երեխաներն այլեւս չեն գալիս կենդանիների հետ նկարվելու, Նարեկն աշխատում է «Հայկական շուկա»-ում: Նա սայլակ է քշում' օգնելով մարդկանց շուկայից դուրս հանել գնած ապրանքները: «Լավ գործ է, բայց արդեն հոգնել եմ, ամբողջ օրը քայլում եմ, պտտվում, որ մարդիկ տեսնեն սայլակս ու ինձ կանչեն: Իսկ տելեպուզիկ աշխատելը հեշտ է, փափուկ շորեր են' հագի ու նստի՝ չնայած տելեպուզիկի փողը քիչ էր: Պտտվելուց ոտքերս են ցավում, թե չէ լավ աշխատանք է,- իր ներկա աշխատանքից մի քիչ դժգոհում է Նարեկը:

«Որպես հայր՝ ես ինձ վատ եմ զգում, որ փոխանակ ես իմ երեխուն պահեմ, նա է ինձ պահում: Էս կյանք չի, բայց ի՞նչ անեմ»,- հուզված ասում է Նարիմանը:

Նարեկը 7-րդ դասարանն ավարտել է Վանաձորի թիվ 16 դպրոցում: Հայրն ուզում է, որ Նարեկը գոնե 8-րդ դասարանն ավարտի, բայց այս ուսումնական տարում չի կարողացել նրան ուսման տալ: «Ասում էինք' անապահով ընտանիքիների համար նախատեսված դպրոց տանք, էն էլ Նարեկը չհամաձայնեց, որովհետեւ արդեն փողի «համը» տեսել է, էլ չի ուզում սովորել»,- մտահոգվում է Վաչիկը:

«Հիմա գերազանցիկ սովորածն էլ է բանվոր աշխատում, էլ սովորում եմ ի՞նչ անեմ: Դպրոց գնալու փոխարեն փող կաշխատեմ, որ ապրենք»,- բոլորին լռեցրեց Նարեկը:

Լուսանկարները' Կարեն Մինասյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter