HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները դպրոցում

Հայաստանի դպրոցական կրթության համակարգի մեջ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածման ներկա կացությունն ունի երկու բնութագրական կողմ՝ այդ ընթացքի չհամակարգվածությունը եւ խնդրի պարզեցված, մակերեսային ըմբռնումը։ Արդեն քանի տարի դպրոցներում համակարգչային դասարաններ հիմնելու, ապա նաեւ' ինտերնետային կապով ապահովելու եւ հարակից այլ աշխատանքներ շարունակում են մնալ չհամակարգված։ Նույնքան հին է համակարգման անհրաժեշտության մասին խոսակցությունը, որը հասկանալի պատճառներով որեւէ արդյունքի չի հանգեցրել։ Ընդհանուր ռազմավարության եւ համակարգված մոտեցման բացակայության պայմաններում որոշ միջազգային եւ օտարերկրյա կազմակերպություններ իրականացրել են մի շարք ծրագրեր՝ ամբողջովին կամ մասամբ նվիրված Հայաստանի դպրոցական կրթության համակարգի տեղեկատվայնացմանը։

Երկրորդ կողմը մասամբ կարող է համարվել առաջինի հետեւանք։ «Դպրոց եւ ՏՀՏ» իրապես բարդ, հակասություններով եւ երկդիմություններով հարուստ հարցն այսօր էլ Հայաստանում լավ չի հասկացվում, շատ բան ներկայացվում է պարզունակ ձեւերով, շատ բան պարզապես անտեսվում է։

Համակարգված մոտեցման՝ բոլոր մասնակիցների կողմից ընդունելի նախաձեռնողը, թերեւս, կարող էր միայն երկրի կառավարությունը լինել, եւ թերացումն էլ հենց նրան պիտի վերագրվի։ Այժմ առաջին անգամ Գիտության եւ կրթության նախարարությունը (ԳԿՆ) գործուն դերակատար դառնալու հայտ է ներկայացնում։ Այլ հարց է, թե որ չափով են հիմնավորված այդ հավակնությունները։ Այդուհանդերձ, առայժմ խոսք չկա բոլոր ջանքերը միավորելու եւ համադրելու մասին։ Կասկածից վեր է թվում նաեւ, որ նախարարության ինքնուրույնության եւ նախաձեռնության հնարավորությունները միանգամայն սահմանափակ կլինեն, քանի որ, մի կողմից, Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային ծրագրերը գալիս են իրենց հստակ պայմաններով եւ հրամայականներով, իսկ մյուս կողմից՝ տեղական մոտեցումների եւ սկզբունքների մշակումը եւ գործադրումը պահանջում է լուրջ եւ տեւական ջանքեր, որի համար անհրաժեշտ նախադրյալներ չեն եղել եւ այժմ էլ չկան։

Հարկ է ավելացնել նաեւ հասարակության (մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների) շահախնդիր մասնակցության անբավարարության, եթե ոչ բացակայության մասին։ Սկզբունքային կարեւորություն ունենալով հանդերձ' կրթության ոլորտում ՏՀՏ-ի տարածման թեման չի դառնում հասարակական քննարկման առարկա, քանի որ, ըստ էության, ամենաընդհանուր օգտապաշտական կամ մերժողական մեկնաբանություններից (առաջընթաց կամ սպառնալիք) դուրս անծանոթ եւ անհասկանալի է նույնիսկ մտավորականությանը։ Դրա փոխարեն, որեւէ դպրոցի ինչ-որ քանակությամբ համակարգիչներ նվիրելը որպես բարեգործություն կամ պատգամավորության թեկնածուի նախընտրական նախաձեռնություն' դարձել է մոդայիկ։

«Փրոջեքթ հարմոնին» Հայաստանում

Վերջին տարիներին Հայաստանի դպրոցներում ժամանակակից ՏՀՏ-ի ներդրման ծրագրերը հիմնականում կապվում են ամերիկյան «Փրոջեքթ հարմոնի» (ՓՀ) կազմակերպության գործունեության հետ։ Այս ուղղությամբ իր աշխատանքները սկսելով 2000թ.-ին' ՓՀ-ը փուլ առ փուլ իրականացնում է «Հայաստանի դպրոցների փոխկապակցում» ծրագիրը (դպրոցների ապահովում համակարգչային դասարաններով եւ ինտերնետային կապով)՝ փաստորեն շարունակելով ԱՄՆ-ի դեսպանատան եւ ACCELS-ի սկսած աշխատանքը։ Ձգտելով ստեղծել ավելի քան երեք հարյուր հայկական դպրոցներից բաղկացած ցանց՝ կազմակերպությունը միեւնույն ժամանակ կազմակերպում է անվճար դասընթացներ ուսուցիչների եւ աշակերտների համար, բազմաբնույթ կոնֆերանսներ եւ սեմինարներ համայնքի ներկայացուցիչների համար։ Բացի այդ, պարբերաբար իրականացվում են ուսուցիչների փոխանակման ծրագրեր։ Առհասարակ, ՓՀ-ի նպատակները շատ ավելի ընդարձակ են. կանանց, երիտասարդներին եւ փախստականներին վերաբերող խնդիրներից, տարատեսակ օնլայն ռեսուրսների ստեղծումից (կայքեր, էլեկտրոնային կոնֆերանսներ, թերթեր եւ այլն) մինչեւ Ինտերնետի ծառայեցումը «ժողովրդավարության կառուցմանը եւ հասարակության լիարժեք գործունեության իրականացմանը» («Ինտերնետային համայնքների ձեւավորման» փորձնական ծրագիրը)։ Վերադառնալով կազմակերպության գործունեությանը դպրոցական կրթության բնագավառում՝ նշենք նաեւ ուսումնական ձեռնարկների (ասենք՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրման ուսումնամեթոդական ձեռնարկ») եւ հայերեն լեզվով ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքների մասին, որ կատարվում է, մասնավորապես, ամերիկյան դպրոցների փորձի տեղափոխման՝ ուսումնասիրման եւ տեղայնացման միջոցով։

Այս կազմակերպության գործունեության օգտակարությունը եւ լայն ընդգրկումն ակներեւ է, բայց միեւնույն ժամանակ այդ աշխատանքը հարուցում է մի շարք հարցականներ։ Առաջին հերթին՝ ակնհայտ է թվում, օրինակ, որ հանրակրթական ոլորտի համար ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծելը օտարերկրյա կազմակերպության գործը չէ, եթե անգամ դա կատարվում է տեղական ուսուցիչների մասնակցությամբ (անգամ պաշտոնական մարմինների՝ նմանօրինակ աշխատանքներ կատարելու անընդունակությունը չի կարող արդարացնել այսպիսի միջամտությունը)։ Այնուհետեւ, դժվար է հասկանալ, թե վերջին հաշվով այսպիսի մոտեցումը, որի նպատակը ավելի շատ հասարակության մեջ ընդհանուր բնույթի փոփոխություններ հարուցելն է, ինչ է տալիս Հայաստանի նման մի երկրի եւ, մասնավորապես, դպրոցական կրթությանը։ Պարզ է, որ այս նախաձեռնությունների ետեւում այլ մշակութային արժեքներ են, հասարակական այլ իդելաներ, որոնք Հայաստանի քաղաքացու համար կարող են լինել անընդունելի, անհասկանալի կամ առնվազն անհասանելի (առայժմ մի կողմ թողնելով նախաձեռնության զուտ քաղաքական, ապա նաեւ' հնարավոր կոմերցիոն նպատկները)։ Հայտնի չէ, օրինակ, թե Հայաստանի պայմաններում որքանով է արդյունավետ կրթության ընթացքի առնչումը համայնքային խնդիրներին, եւ թե որքանով այդ մոտեցումները կդառնան օրինակելի՝ որդեգրվելու եւ շարունակվելու իմաստով։

«Կրթության որակի եւ համապատասխանության» ծրագիրը

Մինչեւ այժմ կրթության ոլորտի տեղեկատվայնացման գործում ԳԿՆ-ի գրաված կրավորական դիրքը հեշտությամբ բացատրվում է պահանջվող ֆինանսական միջոցների անմատչելիությամբ, ինչպես նաեւ' պատշաճ գիտելիքներ եւ կարողություններ ունեցող մասնագետների բացակայությամբ։ Այսօր ՀԲ-ի վարկային ծրագիրը, թվում է, պատեհություն է ընձեռում նախարարությանը գործուն մասնակցություն ունենալու այս ընթացքին։ Ճիշտ է, «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային ծրագրի նպատակն այնքան էլ հստակ չէ, փաստաթղթում ձեւակերպումները հաճախ աղոտ եւ խիստ ընդհանուր են: Ծրագրի երեք ենթածրագրերից մեկը վերաբերում է հանրակրթության համակարգում ՏՀՏ-ի ներդրմանը՝ հետապնդելով այսպիսի ընդհանուր նպատակներ. «ՏՀՏ-ի օգտագործման միջոցով բարձրացնել սովորողների առաջադիմությունն ու կատարելագործել դասավանդման որակը՝ նպաստելով դասապրոցեսի ժամանակային եւ տարածքային սահմանափակումների վերացմանը»: Ներածությունը հնչում է բավական տպավորիչ, թեեւ ոչ մի բացատրություն չի տրվում, թե ինչու է հանկարծ հրատապ դարձել այդ «սահմանափակումների» վերացումը։ Մեջբերում եմ նաեւ ենթածրագրի խնդիրների ամբողջական ցանկը. «բարձրացնել սովորողների եւ մանկավարժների համակարգչային գրագիտության մակարդակը՝ որպես ուսումնական նոր տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառման հիմք, դպրոցներում հիմնարար բարեփոխել ինֆորմատիկա առարկայի դասավանդման գործընթացը, զինել հանրակրթական համակարգը տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով՝ որպես համակարգի առաջանցիկ զարգացման նախապայման, ապահովել ՏՀՏ-ի կիրառումը պարտադիր առարկաների ուսուցման գործընթացում' որպես դասավանդման եւ ուսուցման նոր միջոց»:

Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետեւյալ աշխատանքները. «Ստեղծել դպրոցներում համակարգչային կրթական կենտրոններ (ՀԿԿ), ստեղծել դպրոցական միասնական ցանց եւ ապահովել դպրոցներին ինտերնետային կապով, ստեղծել համակարգչային ուսումնական ծրագրեր եւ էլեկտրոնային դասագրքեր, ստեղծել դպրոցական պորտալ, ՏՀՏ-ն ներառել ուսումնական ծրագրերում, ՏՀՏ-ի օգտագործման նպատակով կազմակերպել տարբեր առարկաների ուսուցիչների վերապատրաստում»։

Բնականաբար, այս ծրագրում, ինչպես նաեւ ծրագրի՝ մամուլում արված պաշտոնական մեկնաբանություններում, բացարձակապես չեն դիտարկվում սկզբունքային հարցեր, որոնցից մի քանիսը թվարկված են նախորդ հոդվածում։ Ծրագրում ՏՀՏ-ի առաջադիմականությունը համարվում է ինքնին հասկանալի բան։ Տեխնոլոգիաների ներդրումը ներկայացվում է որպես «առաջընթաց-հետամնացություն» երկընտրանքի լուծում հօգուտ «արդիականացման» անկասելի ընթացքի… Նույն պարզունակ հունում են ծավալվում կրթության ոլորտի պատասխանատուների մեկնաբանությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նպատակների ու խնդիրների առնչությամբ։

Թվարկենք ծրագրի առավել ակնհայտ բացթողումներից մի քանիսը։

Ծրագրում անտեսված է տեխնոլոգիական համալիրի սպասարկման սկզբունքային եւ բնավ ոչ պարզունակ հարցը. ծախսատար եւ շարունակական աշխատանք։ Խոսք չկա «Ինֆորմատիկա» եւ «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ ուսուցիչների պատրաստման համալսարանական ծրագրերի մշակման եւ իրականացման մասին։ Ըստ էության, թերագնահատվել է նաեւ մուլտիմեդիային ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի (ավանդական բառով ասած) մշակման եւ արտադրության հարցի բարդությունը։

նհամապատասխան են պատկերացումները ուսուցիչների վերապատրաստման հարցի վերաբերյալ։ Ըստ երեւույթին, ենթադրվում է մեկանգամյա գործողություն, եւ այն էլ՝ տարրական համակարգչային գրագիտություն սովորեցնելու նման մի բան։ Ավելի մանրամասն խոսենք վերջին երկու հարցի մասին։

Թեեւ Ինտերնետը ամենատարբեր նպատակների ծառայող նյութեր է պարունակում, սակայն ուղղակիորեն կրթության հետ կապված նյութերը չեն կարող սպառիչ համարվել եւ սովորաբար մատչելի են միայն օտար լեզուներով (այս վերապահումը ճիշտ է նաեւ «CD ROM» տեսքով մատչելի կրթական ծրագրերի համար)։ Ինտերնետի մատչելիությամբ խիստ հրատապ է դառնում նոր նյութերի պահանջը։ Իրականում, սա խնդրի ամենադժվարին եւ երկարատեւ ջանքեր պահանջող կողմերից մեկն է։ Ուրեմն, կարելի է խոսել գոյություն ունեցող կրթական ծրագրերից այնպիսի ծրագրերի ընտրության մասին, որոնք կարող են անմիջապես օգտագործվել ուսումնական ընթացքի մեջ։ Երկրորդ հերթին, պետք է խոսել գոյություն ունեցող կրթական համակարգչային ծրագրերի ադապտացման մասին (հարմարեցում ազգային լեզվին եւ մշակութային առանձնահատկոււթյուններին)։ Վերջապես, պետք է ընդգծել հայերեն լեզվով նոր ծրագրերի ստեղծման կարեւորությունը։ Բայց նոր ծրագրերի ստեղծումը միայն հարցի մի կողմն է։ Դրան զուգահեռ պետք է մշակվեն նաեւ Ինտերնետում այդ նյութերը տարբեր կազմակերպված զանգվածներում պահպանելու, որոնման եւ հաղորդակցական ցանցերում գործելու համապատասխան այլ միջոցներ։ Սրա նպատակն այն է, որ այդ նյութերը հավասարապես եւ արդյունավետորեն մատչելի դառնան բոլոր օգտվողների համար։

Դժվարին պետք է դիտել նաեւ ուսուցիչների ուսուցման եւ վերապատրաստման ծրագրերի մշակման ու իրականացման խնդիրը, քանի որ այն կպահանջի ոչ միայն ավանդական կրթական համակարգի վերափոխում, այլեւ կրթության եւ վերակրթության մշտական հնարավորություն ապահովող ենթակառույցների համակարգի (ուսուցիչների թրեյնինգի եւ աջակցության կենտրոնների ցանցի) ձեւավորում, անհրաժեշտ կադրերի պատրաստում, ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծում, կրթական նոր ստանդարտների մշակում եւ տարածում եւ այլն։

Թերեւս առանձին կարող է նշվել «Ինֆորմատիկա» եւ «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչների պատրաստման, համապատասխան դասագրքերի եւ ուսումնական ծրագրի ստեղծման հարցը։ Ունենալով անհրաժեշտ մակարդակ՝ այս ուսուցիչներն իրենց առարկայի դասավանդումից շատ ավելի մեծ դեր կարող են ունենալ դպրոցում. տնօրինել համակարգչայնացման հարցերը, մշտապես օգնել մյուս ուսուցիչներին տեղեկատվական տեխնոլոգիաները տիրապետելու եւ օգտագործելու գործում եւ այլն։

Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների մշակումը եւ կրթության մեջ դրանց ներդրումը ենթադրում է նաեւ ծավալուն հետազոտական աշխատանքների իրականացում։ Նկատի ունենք թե՛ ինֆորմատիկայի եւ տեխնոլոգիաների ասպարեզում կատարվող ուսումնասիրությունները, որ անհրաժեշտ են, ասենք, կրթական մուլտիմեդիային ծրագրերի ստեղծման համար, թե՛ դրանց ներդրման արդյունքներն ու հետեւանքները պարզելու համար անհրաժեշտ սոցիոլոգիական, հոգեբանական, մշակութաբանական եւ այլ հետազոտությունները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter