HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վերջին հույսը ԱՄՆ դեսպանատունն է

Երեւանում կառուցվող ամերիկյան նոր դեսպանատան կողքով անցնելիս նկատեցի, որ ամայի տարածքում լվացք է փռած: Սկսեցի քայլել այդ ուղղությամբ, եւ լսեցի շների հաչոցները, որոնց սաստեց տնից (եթե կարելի էր այն այդպես կոչել) անմիջապես դուրս եկած կինը:

Մոտ տասներկու քմ տարածքով մի հողե կացարանում երեք մահճակալ էր դրված: Հողե հատակին երեխայի խաղալիքներ են եւ երկու շուն: Տանտերը' Ջուլիետա Զաքարյանը, սկսեց պատմել իրենց՝ այդտեղ հայտնվելու պատմությունը:

Արդեն երեք տարի է Ջուլիետան, տղաները' Արթուրը, Հարութը, Կարենը, հարսը՝ Լուսինեն, եւ երկու տարեկան թոռը' Լիլիթը, ապրում են այստեղ: Վեց հոգով ապրում են ամերիկյան նոր դեսպանատան դիմացի մայթեզրից մի քիչ վերեւ:

«Մեր տունը ծախեցինք, որ, իբր, տուն առնենք, ամուսինս ընկավ մեքենայի տակ, մահացավ: 1997թվականն էր: Փողերը սկսեցինք ծախսել: Տղաս էլ Ղարաբաղում էր ծառայում: Չորս հազար դոլար էր: Ծախեցինք, որ իբրեւ սեփական տուն առնենք, բնակարանում չէինք տեղավորվում: Թաղում, քառասունք, գերեզման, երեխային բանակ ճանապարհել, փողերը սկսեցինք ծախսել: Տներն էլ թանկացան»:

Սկզբում նրանք վարձով էին ապրում: Մի օր էլ տունը կողոպտեցին, տարան նաեւ բոլոր փաստաթղթերը: Այժմ մեծերից ոչ մեկն անձնագիր չունի: Երբ այլեւս անհնար էր վարձը տալը, որդիներից մեկը գտավ այս տնակը եւ եկան տեղավորվեցին այստեղ: Ժամանակին Ջուլիետան ապրում էր վարսավիրանոցում: Հիմա աշխատանք չկա, նա թոռանն է պահում: «Տղերքս օրավարձով բանվորություն են անում: Թոշակ չեմ ստանում: Արթուրը թոշակառու է, սակայն երկու տարի է չի ստանում՝ թղթեր չունի, չեմ կարողանում տանել, դրա համար էլ է փող պետք: Երրորդ կարգի հաշմանդամ է, էն պահն է, որ մշտապես պետք է տան: Տասը տարուց ավելի թոշակ էր ստանում»:

Երկու տարեկան Լիլիթը անգամ ծննդյան վկայական չունի: Ծննդատնից չեն տվել: Անձնագիր չունի նաեւ Լիլիթի մայրը' Լուսինեն: Երկու ամսից նա նորից ծննդաբերելու է:

Ընտանիքը նպաստ նույնպես չի ստանում: «Փորձե՞լ եք ստանալ»,-հարցնում եմ: «Ոչ մեկս գրանցում չունենք, ու փաստաթուղթ էլ չունենք: Տները որ ծախեցինք, գրանցումից դուրս եկանք ու մնացինք օդում: Հիմա ոստիկանությունում ասել են, որ պետք է գրանցվելու տեղ ունենանք, որ տան անձնագրերը: Տղայիս առանց անձնագրի տարան բանակ»:

Երբ ասացի, որ էսպես չեք կարող երկար դիմանալ, ինչ-որ բան պետք է մտածեք, Ջուլիետան ասաց. «Չգիտեմ, ի՞նչ անենք, ոչ ոք մեզ մոտ չի եկել պետության ներկայացուցիչներից, էսքան տարի է այստեղ ենք: Ինչ-որ անգլիացիներ եկան մի տարի առաջ, նկարեցին, ասացին՝ կօգնենք, բայց էդ գնալն է, որ գնացին»,-հուսահատված հիշում է Ջուլիետան եւ շարունակում,-Իբր ասում են էս դեսպանատունը պիտի էստեղի հողերը առնի, մենք էլ մտածում ենք, որ կարող է մեզ տուն տան, հույս ենք փայփայում եւ հիմա էդ հույսով ենք ապրում»:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter