HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ամենաէժան հողերը վաճառվել են Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում

Համայնքներում հողի պահանջարկը տարեց-տարի աճում է: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն (ՏԿԶՆ) ամփոփել է 2017 թ·-ին հանրապետության 10 մարզերում իրականացված հողերի աճուրդ-վաճառքները: Կազմված տեղեկանքի համաձայն՝ 2017 թ.-ին համայնքները մոտ 3 անգամ ավել հող են վաճառել 2016 թ.-ի համեմատությամբ, տարբերությունը կազմում է 1605 հեկտար:

Չնայած դրան, հողերի աճուրդ-վաճառքից ստացված եկամտի էական աճ չի արձանագրվել: Այսպես· 2017 թ.-ին օտարված 2414 հա հողատարածքի դիմաց ընդհանուր դրամական մուտքը կազմում է 1 մլրդ 761 758 հազար դրամ, իսկ 2016 թ.-ին 809 հա-ի վաճառքից ստացված գումարը կազմել է` 1 մլրդ 159 422 դրամ: Մոտ երեք անգամ ավել հող վաճառելու դեպքում գումարն ավելացել է ընդամենը 602 000 դրամով:

Բոլոր տարիներին ամենաշատ պահանջարկ ունեցել են գյուղատնտեսական նշանակության, այնուհետեւ` բնակավայրի, արդյունաբերական, ընդերքօգտագործան եւ այլ արտադրական նշանակության հողերը:

Հետաքրքրական է նաեւ, որ 2017 թ.-ին հողերի օտարման արդյունքում ձեւավորված եկամուտը կադաստրային արժեքի համեմատությամբ կազմել է ընդամենը 173 000 դրամ: Այս թիվը փաստում է աճուրդների ձեւական լինելը: Ընդ որում, այդ եկամուտը հիմնականում ապահովվել է Արմավիրի եւ Սյունիքի մարզերում աճուրդներից ստացված եկամուտների հաշվին: Երկու մարզերում հողերի վաճառքի գինը տոկոսային հարաբերակցությամբ, մյուս մարզերի համեմատությամբ, ամենաբարձրն է եղել` Արմավիրում աճուրդներն իրականացվել են կադաստրային արժեքի 188%-ով, իսկ Սյունիքում` 185%-ով:

Ամենաէժան հողերը վաճառել են Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքները: Արարատի մարզի համայնքներում վերջին 7 տարիներին, հողերի աճուրդ-վաճառքները մշտապես կայուն բացասական ցուցանիշ են արձանագրել՝ տոկոսային միջինը կադաստրային արժեքի 100%-ից ցածր է եղել:  Այս մարզի համար նման ցուցանիշը միայն կոռուպցիայի վառ դրսեւորման արտահայտություն է: Նախորդ տարիներին մարզպետների գործունեության գնահատման չափանիշով ՏԿԶ նախարարությունը Արարատի մարզպետների գործունեությունն այդ մասով «0» է գնահատել, սակայն դա վիճակը չի բարելավել:

Գեղարքունիքի մարզի համայնքները հողերը վաճառել են, հիմնականում, կադաստրային արժեքի 35 եւ քիչ ավելի բարձր տոկոսով: Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ աճուրդ-վաճառքի դեպքում, մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50%-ից, իսկ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդ-վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30%-ից: Այս թույլատրելի տոկոսներն ուղղակիորեն չարաշահում են Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքները:

Կառավարության կայքում հրապարակված է «Հողային օրենսգրք» -ի մի շարք հոդվածներում օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը նպատակ ունի հնարավորինս կրճատել հողերի աճուրդների ժամանակ նկատված կոռուպցիոն ռիսկերը: Մասնավորապես· նախագիծը սահմանում է, որ աճուրդի դրված հողատարածքի մեկնարկային գինը սահմանվում է կադաստարային արժեքի  100%-ից ոչ պակաս, կարգավորվում են նաեւ նախավճարի մուծման չափը եւ քայլի չափը, նաեւ աճուրդները բաց են իրականացվելու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հողի կադաստրային արժեքի գնահատում իրականացվել է շուրջ 20 տարի առաջ, հետեւաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել համապատասխանաբար 50 եւ 30 տոկոսները, նախագծով առաջարկվում է հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ը:

Բացառություն կկազմեն Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերը, որտեղ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի հողի կադաստրային արժեքի 80%-ից ոչ պակաս: Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը նախատեսվում է սահմանել հողի կադաստրային արժեքի 50%-ի չափով:

Նախագծով կարգավորվում են նաեւ նախավճարի մուծման չափը եւ քայլի չափը:  Նշենք, որ համայնքների մեծ մասը քայլի չափը որոշում էր ավագանու հայեցողությամբ՝ սահմանելով այն 1000, 5000 կամ 10 000 դրամ, երբ տվյալ հողատարածքի մեկնարկային գնով պայմանավորված, այն կարող էր միայն մեկ քայլ անելու դեպքում կազմել, օրինակ,  1 մլն դրամ եւ ավելի: «Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը նույնպես հաշվարկվելու է մեկնարկային գնի 5%-ի չափով, եւ սակարկողը կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով»,- նշվում է նախագծում: