HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Աբովյան փողոցի ֆոտոխանութի դրվագը

1995թ. Գրիգոր Իգիթյանը դիմել է Ջորջ Նաջարյանին Հայաստանում համատեղ բիզնես ձեռնարկելու, իսկ ավելի ուշ' ֆոտոխանութ հիմնելու առաջարկությամբ (Տե՛ս նաեւ' Գլխավոր դատախազությունը Նաջարյանների դեմ): Նրանք եկել են համաձայնության: Տարածքի, սարքավորումների ու նյութերի ձեռքբերման հետ կապված բոլոր ծախսերը պետք է կատարեր Ջորջ Նաջարյանը: Իսկ Իգիթյանը տարեկան 12 հազար դոլարով պետք է աշխատեր եւ ապահովեր ամսեկան հազար դոլար շահույթ: Կողմերը պայմանավորվել են նաեւ, որ Նաջարյանի կողմից կատարված ծախսերի արժեքը վերադարձնելուց հետո խանութի գործունեությունից առաջացած շահույթը Նաջարյանի եւ Իգիթյանի միջեւ առաջին երեք տարիներին պետք է բաշխվի համապատասխանաբար 70% եւ 30%, իսկ հետո' 50-ական % հարաբերակցությամբ: Քանի որ փոխադարձ վստահություն է եղել, ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ սովորական մի թղթի վրա 1995թ. դեկտեմբերի 15-ին գրվել է համաձայնագիր, որը երկուսն էլ ստորագրել են: Իգիթյանը սկսել է խանութի համար տարածք փնտրել: 1996թ. հունվարին «Միդլենդ» (ներկայումս' HSBC) բանկում Ջորջ Նաջարյանը Գ. Իգիթյանի հետ բացել է համատեղ հաշիվ: Ըստ Նաջարյանի' դատախազությանը տված ցուցմունքների' համատեղ հաշվի բացման նպատակն այն էր, որ ֆոտոբիզնեսի համար ուղարկված գումարները հաշվից դուրս գրելու համար ամեն անգամ Իգիթյանին լիազորագիր չտրվի:

1996թ. մայիսին Իգիթյանը Ջորջ Նաջարյանին հայտնել է, որ Երեւանի Աբովյան 32 հասցեում կա ֆոտոխանութի համար հարմար տարածք 25.000 ԱՄՆ դոլարով: Ֆոտոխանութի տարածքի ձեռք բերման եւ վերանորոգման համար Նաջարյանը Իգիթյանին տվել է 40.000 դոլար: Բացի այդ, տարբեր կազմակերպությունների անունից իր միջոցներով ԱՄՆ-ում ձեռք է բերել եւ Հայաստան է ուղարկել ֆոտոխանութի սարքավորումներ 81.951 դոլար ընդհանուր արժեքով, ինչպես նաեւ' 55.173 դոլարի քիմիկատներ, լուսանկարչական թուղթ, ժապավեններ եւ 5.175 դոլար արժողությամբ կահույք: Այս սարքավորումները, կահույքը, ֆոտոպարագաները Ջ. Նաջարյանն ուղարկել է ԱՄՆ-ից, մի մասն անմիջապես Գ. Իգիթյանի անվամբ, մյուս մասը' Հայկական առողջապահական միության համար հումանիտար օգնության կարգով ուղարկված բեռների հետ: Դրանք Գ. Իգիթյանը ստացել է այդ միության նախագահ Գուրգեն Մելիքյանից:

Փաստորեն, Ջորջ Նաջարյանը ֆոտոխանութում ներդրել է 182.299 դոլար գումար, որից մինչեւ 1999թ. կեսերը Իգիթյանը, ըստ քրեական գործում եղած նյութերի, վերադարձրել է 93.216 դոլար: Դրանից հետո, ըստ Ջորջ Նաջարյանի, Իգիթյանը նրան այլեւս փող չի տվել' պատճառաբանելով, թե խանութից շահույթ չի ստացել: Վերջնական հաշվով, Իգիթյանը ֆոտոխանութից Ջորջ Նաջարյանին պարտք է մնացել 89.000 դոլար:

Գրիգոր Իգիթյանը ներկայումս հրաժարվում է, որ ֆոտոբիզնեսը համատեղ են ձեռնարկել: Սակայն 2003թ. նոյեմբերին Երեւան քաղաքի դատախազությունում տված բացատրության մեջ նա նշել է. «Այն, որ մենք գործընկերներ ենք եղել, հիմնավորում է նույնիսկ համատեղ բիզնես ստեղծելու մասին մեր միջեւ ստորագրված համաձայնագիրը»: 2004թ. դեկտեմբերին մեզ տված հարցազրույցում նա հրաժարվեց իր այս ցուցմունքից եւ նշեց, որ այդ համաձայնագիրը Ջ. Նաջարյանը կեղծել է, եւ դա ֆոտոբիզնեսին չի վերաբերում: Բայց եւ չի ժխտում, որ այդ համաձայնագրի տակ, իրոք, իր ստորագրությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter