HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտ 2»-ի նոր սեփականատիրոջ թիկունքում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն է

Սնանկացած «Նաիրիտ գործարան»-ի քրոջ և գործարանի պարտքերի իրավունքները ստանձնած «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի նոր սեփականատիրոջ թիկունքում Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն է:  

Կառավարությունն այս տարվա մարտի 1-ին որոշեց «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի Արտաշատի խճուղի 5/1 հասցեի շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,3 հա հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով, 626 միլիոն դրամ (շուրջ 1.3 մլն դոլար) արժեքով օտարել «Ա-Ս Ինվեսթմենտս» ՍՊ ընկերությանը: «Ա-Ս Ինվեսթմենտս» ՍՊԸ-ն հիմնադրվել էր կառավարության որոշումից մեկ շաբաթ առաջ:

Պաշտոնապես բաժնետեր է Գևորգ Արմենի Հակոբյանը: Նա ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Արմեն Հակոբյանի 25-ամյա որդին է:

«Նաիրիտ գործարան»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը համոզված է, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի գույքը մի քանի անգամ էժան է գնահատվել, և դրա իրական արժեքը կարող էր ավելի քան 5 մլն դոլար լինել:  

Համաձայն կառավարություն ներկայացված նախագծի՝ «Նաիրիտ-2»-ի տեղում կստեղծվի հյուրանոցային համալիր, արտադրամաս, գործարան, բիզնես կենտրոն, բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանատեղի:

Ծրագրվել է հիմնել մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով), ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային և գրասենյակային տարածքներ, բարձրորակ և մատչելի հյուրանոցային համալիր, շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի՝ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:

Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնելու է 7,5 մլրդ դրամ կամ 15 միլիոն 625 հազար դոլար և նախնական հաշվարկներով ստեղծելու է 250 նոր աշխատատեղ:

Հիշեցնենք, որ 2000 թ. դեկտեմբերին կառավարությունը որոշել էր «Նաիրիտ» ԲԲԸ-ն, որն այն ժամանակ «Նաիրիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ն էր, բաժանել 3 մասի: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը հանձնարարվել է` ապահովել «Նաիրիտի» կողմից երկու նոր ՓԲԸ-ների` «Նաիրիտ 1»-ի եւ «Նաիրիտ 2»-ի հիմնադրումը: «Մայր» ընկերության` «Նաիրիտ» ԲԲԸ-ի ուսերին են մնացել մինչ այդ կուտակված հսկայական պարտքերը, իսկ նոր ստեղծված ՓԲԸ-ները, ազատվելով դրանցից, հնարավորություն են ստացել նորմալ աշխատել: «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն գրանցվել է 2001-ին և հետագայում դարձել է հայ-չինական համատեղ ձեռնարկության 40 տոկոսի սեփականատերը՝ ներկայացնելով Հայաստանի կառավարությանը:  Մնացածինը` Չինաստանն է տնօրինում: Իսկ «Նաիրիտ 1»-ն անվանափոխվել է «Նաիրիտ գործարան»-ի, և 2006 թ. պետության կողմից վաճառվել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» անգլիական կազմակերպությանը: «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ի և դրա սխեմատիկ չարաշահումներին բազմիցս անդրադարձել ենք:

«Նաիրիտ 2»-ն այդպիսով առավել գիտական ճյուղով էր զբաղված: Սակայն այն կրկին հայտնվեց 2015-ի հուլիսին, երբ կառավարությունը, Հովիկ Աբրահամայնի վարչապետությամբ, որոշեց, որ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը պետք է զիջել «Նաիրիտ 2»-ին:

«Նաիրիտ գործարան»-ի սնանկացումից հետո «Նաիրիտ 2»-ին զիջվեց նաև աշխատակիցների պարտքերի պահանջի իրավունքը: Այդպիսով, իր գիտահետազոտական ինստիտուտի ֆունկցիան այլևս չկատարելով՝ «Նաիրիտ 2»-ը դարձավ «Նաիրիտ գործարան»-ի պարտքերի և և գործարքների կարգավորման դերակատարը: