HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Անտեսում են Սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2006 թ. հոկտեմբերի 4-ին անվավեր ճանաչեց «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնք քաղաքացուն պարտավորեցնում էին ունենալ սոցիալական քարտ:Այսինքն` յուրաքանչյուր ոք այսուհետ ինքը պետք է որոշի` ունենա՞լ սոցիալական քարտ, թե` ոչ, եւ որեւէ մեկն իրավունք չունի նրան պարտադրել, որ այս կամ այն իրավիճակում անպայման ներկայացնի այն:

Երեւանի բնակչուհի Լաուրա Բարսեղյանից 2006 թ. նոյեմբերին «Հայբիզնեսբանկ»-ում ավանդային հաշիվ բացելու համար պահանջել են ներկայացնել սոցիալական քարտ: Նա դիմում է գրել բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանին եւ նշել, որ սոցքարտ չունենալը, համաձայն ՍԴ որոշման, չի կարող պատճառ դառնալ, որ իրեն թույլ չտան օգտվել բանկի ծառայություններից:

Ա. Կիրակոսյանը պատասխանել է, թե «ՍԴ որոշումը չի անդրադառնում բանկային հաշիվ բացելիս սոցիալական քարտերի կիրառմանը: Ուստի, ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել նաեւ սոցիալական քարտ»:

Բանկից տրված այս պատասխանի համար հիմք է ծառայել 2006 թ. նոյեմբերի 3-ին Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանին ուղղված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի գրությունը: Նախարարը տեղեկացրել է, որ «բանկային հաշիվ բացելիս սոցիալական քարտերի կիրառությունը պարտադիր է»: Ըստ այդմ` ԿԲ-ի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին հանձնարարել է քաղաքացիների կողմից բանկային հաշիվ բացելիս պահանջել սոցիալական քարտ:

«Այս գրագրություններում կատարվել է շատ կոպիտ եւ վտանգավոր խախտում: Ե՛վ նախարարը, ե՛վ բանկի պաշտոնյաները ոչ միայն մեկնաբանել են ՍԴ որոշումը, որի լիազորությունը չունեն, այլեւ խեղաթյուրել են այն»,- ասում է Լ. Բարսեղյանը:

Նշենք, որ ՍԴ-ն «Հաղորդում ՍԴ-ի 2006 թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ» այս տարվա հունվար ամսվա տեղեկագրում արձանագրել է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրավասու չէ մեկնաբանել ՍԴ-ի որոշումը կամ դրա վերաբերյալ պարզաբանումներ տալ: Նախարարությունը պարզապես պետք է կատարեր այդ որոշումը… Ինչ վերաբերում է նշված «մեկնաբանությանը», ապա այստեղ չի ներկայացվել հիմնախնդրի բուն էությունը: ՍԴ-ն գտել է, որ օրենքի 11-րդ հոդվածի վիճարկվող դրույթը (սա «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի այն դրույթն է, որը քաղաքացուն պարտադրում է ունենալ սոցիալական քարտ – Ա. Դ.) հակասահմանադրական է… Իրենց համոզմունքներից ելնելով սոցիալական քարտ չստացած քաղաքացիների համար պետք է օրենսդրորեն այլընտրանքային սահմանադրական լուծում գտնվի` այդ քարտի գործածության ողջ համակարգի ընդգրկումով: Իսկ գործադիրը նրանց նկատմամբ չպետք է կիրառի իրավունքների անհամարժեք ու ոչ սահմանադրական սահմանափակումներ»:

Լ. Բարսեղյանը դիմում է գրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ պահանջել, որ քրեական գործ հարուցվի սոցապ նախարար Ա. Վարդանյանի, ԿԲ-ի նախագահ Տ. Սարգսյանի եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ա. Կիրակոսյանի դեմ:

Ի պատասխան` Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Զելիմ Թադեւոսյանը խորհուրդ է տվել «խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան, քանի որ հարցը քաղաքացիաիրավական բնույթի է, եւ դրա լուծումը դուրս է դատախազության մարմինների իրավասության շրջանակներից»:

Սա այն դեպքում, երբ Լ. Բարսեղյանն իր դիմումում հստակ նշել է, որ հիշյալ անձինք չեն կատարել ՍԴ որոշումը, ինչը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Տիկին Լաուրան կրկին դիմել է Ա. Հովսեփյանին եւ պահանջել, որ դատախազությունը կատարի իր պարտականությունն ու որոշում կայացնի` կա՛մ քրեական գործ հարուցելու, կա՛մ այն մերժելու մասին:

Դատախազությունը դարձյալ տվել է նույն պատասխանը:

Հետեւել է գլխավոր դատախազին հասցեագրված` Լ. Բարսեղյանի մամուլում տպված բաց նամակը` «Հաղորդում հանցագործության մասին» վերնագրով: Խնդրի առնչությամբ Ա. Հովսեփյանին դիմումներ են գրել նաեւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ – Հայաստան» հասարակական կազմակերպությունները: Սակայն բոլոր դեպքերում դատախազությունից ստացված պատասխանների բովանդակությունը չի փոխվել` «հարցը քաղաքացիաիրավական բնույթի է»:

«ՍԴ որոշումն անտեսում են, իսկ դատախազությունը քրեական գործ չի հարուցում: Այդ որոշումից հետո բազմաթիվ մարդիկ իրենց սոցիալական քարտերը հանձնել են: Բայց բոլոր բնագավառներում նրանցից շարունակում են պահանջել դրանք: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար: Ո՞վ է մեզ այս վիճակից դուրս բերելու»,-հարցնում է Լ. Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter