HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Գնորդ» կառավարությունը իր պայմաններն է թելադրում «վաճառող» սեփականատիրոջը

Բյուզանդի 25, բն.1 հասցեի բնակիչ Լեւոն Ղասաբյանին պատկանող 57քմ մակերեսով սեփական բնակարանի դիմաց «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) առաջարկում է 23.640 ԱՄՆ դոլար' ներառյալ հարկերը: Լ. Ղասաբյանը հնգօրյա ժամկետում պայմանագիր կնքելու դեպքում կարող է ստանալ նաեւ մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի խրախուսում, սակայն պայմանագիր կնքելու առաջարկի պայմանները նա անընդունելի է համարում:

Փետրվարի 1-ին գրությամբ սեփականատերը գրասենյակին խնդրել է տրամադրել իր սեփականության գնահատման ակտը, միաժամանակ փոխհատուցում տրամադրել 36քմ մակերեսով խորդանոցի' նկուղ, ինչպես նաեւ' ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակելի շենքի ընդհանուր տարածքների' իրեն պատկանող բաժնեմասի դիմաց: Միաժամանակ հայտնել է, որ բացի իրենից տանը հաշվառված են եւ բնակվում են 4 անձ, որոնցից յուրաքանչյուրին պետք է տրվի 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ աջակցություն, սակայն նրանց այդպիսի առաջարկ չի ներկայացվել, հետեւաբար նրանք չեն կարող լքել տունը: «Տեղեկացնում եմ նաեւ, որ սեփականության իրավունքի վկայականում տեղ գտած անճշտություններն ուղղելու եւ համապատասխան պետական գրանցում կատարելու դիմում եմ ներկայացրել Կադաստրի կենտրոն տարածքային ստորաբաժանմանը»,- պայմանագիրը չկնքելու վերաբերյալ իր պատճառաբանություններն է ներկայացրել սեփականատերը:

«Դիմումում նշված 36քմ նկուղի, ինչպես նաեւ մնացած տարածքների նկատմամբ Ձեր սեփականության իրավունքը գրանցված չէ եւ, հետեւաբար, այն չի կարող գնահատվել: Ձեր կողմից այդ տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կկատարվի գույքի վերագնահատում»,-ի պատասխան հայտնել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Դավթյանը:

Լեւոն Ղասաբյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ Երեւանի կառուցապատման աշխատանքներին չխոչընդոտելու եւ առաջարկվող խրախուսման գումարը չկորցնելու համար իրենք համաձայն են պայմանագիրը ստորագրել 57քմ-ի համար, սակայն պայմանագրում պետք է փոփոխել այն կետը, ըստ որի պայամանագիրը ստորագրելուց հետո սեփականատերն այլեւս ոչ մի պահանջ չունի գրասենյակից: Իրականում' ունի. հունվարի 20-ին Լ . Ղասաբյանը դիմել է Անշարժ գույքի կադաստր' տարածքները սեփականացնելու համար, իսկ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը» դիմել է Կենտրոն դատարան' խնդրելով հարկադրել սեփականատիրոջը կնքելու անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր եւ տարածքը զբաղեցնող այլ անձանց հետ վտարել: Դա, առաջին հերթին, նշանակում է սեփականատիրոջը զրկել 15 հազար դոլար խրախուսումից: Իհարկե, գրասենյակը ժխտում է, որ դատարան դիմելու հիմնական մտադրությունն այդ է, սակայն այդ դեպքում անհասկանալի է նրանց ցուցաբերած ավելորդ շտապողականությունը, քանի որ ՀՀ քաղ. օր-ի 220 հոդվածը սահմանում է. «Պետության կարիքների համար հողամասը վերցնելու մասին հայցն ընդդեմ հողամասի սեփականատիրոջը կարող է հարուցվել ծանուցումը սեփականատիրոջն ուղարկելու օրվանից մեկ տարվա ընթացքում»:

Պայմանագրում փոփոխություն կատարելուն դեմ է «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը»: Գրասենյակի իրացման բաժնի պետ Վանիկ Միհբյանը մեզ հայտնեց, որ փոփոխություններ կատարելու իրավունք չունեն: «Լ. Ղասաբյանը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, Կադաստրը մերժել է օրինականացնել նրանց շինությունները, բայց դարձյալ հրաժարվում են պայմանագիրը ստորագրել»:

Սեփականատերն առարկում է նաեւ գրասենյակի մյուս պահանջների դեմ, որի իրավունքը նա ունի Քաղ.օր-ի 219 հոդվածով: Պետությունը պետք է փոխհատուցի «հողամասը վերցնելու հետեւանքով սեփականատիրոջը պատճառված բոլոր վնասները' ներառյալ այն վնասները, որ նա կրում է' կապված երրորդ անձանց առջեւ իր պարտավորությունները վաղաժամկետ դադարելու հետ' ներառյալ բաց թողնված օգուտը»: Մինչդեռ, անտեսելով օրենքի այս դրույթը, նրանից պահանջում են պայմանագիրը ստորագրելուց առաջ Կադաստրից գրություն ներկայացնել, որ տունը կալանքի տակ չէ, ինչի համար նա պարտավոր է վճարել 7000 դրամ: Պայմանագիրը նոտարական վավերացում պետք է ստանա, որի համար նույնպես քաղաքացին պետք է վճարի: Բացի այդ, սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը գտնվում է Կադաստրում, որտեղ պետք է լուծվի իր անշարժ գույքի մնացած մասի հարցը: Կադաստրը դեռեւս նրան չի պատասխանել, իսկ առանց բնօրինակի նա պայմանագիր չի կարող կնքել:

Այս խառնաշփոթը, որի մեջ հայտնվել է ոչ միայն Լ. Ղասաբյանը, այլեւ Հյուսիսային պողոտայի իրացման տարածքում գտնվող ամբողջ բնակչությունը, սկսվում է նրանից, որ ՀՀ կառավարությունը համառորեն փոփոխության չի ենթարկում պայմանագրի ձեւը, որը կոչվում է' «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր» եւ ոչ թե «Պետության կարիքների համար հողմասը վերցնելու դիմաց տրվող փոխհատուցման պայմանագիր»: Պետությունը' ի դեմս գրասենյակի, հանդես է գալիս իբրեւ «գնորդ», սեփականատերը' իբրեւ «վաճառող», որն անհամատեղելի է իրականացվող գործարքի բովանդակության հետ: Իրականում, եթե գնորդ-վաճառող փոխհարաբերություններ լինեին, թելադրողը կլիներ վաճառող սեփականատերը, եւ գնորդը նրան վտարելու իրավունք չէր ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter