HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դադարեցնել խեղկատակությունը»

Մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության որոշման դեմ ամերիկահայ բարերաներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների հայցը չլսվեց. դատական նիստը նորից հետաձգվեց մեկ շաբաթով (Տես նաեւ` Թե ինչու բնակարանի զննումը կատարվեց դատախազության կոլեգիայի նիստից հետո ): Արդեն երրորդ անգամ անհայտ պատճառներով նիստը հետաձգվում է: Նախորդ նիստին նախագահող դատավոր Արթուր Պողոսյանը հայտնեց, որ դատավոր Եվա Դարբինյանի «հիվանդության» պատճառով նիստը հետաձգվում է: Այս անգամ նիստի հետաձգման պատճառը Ա. Պողոսյանի «հիվանդությունն» էր: 

Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տասնյակ նամակներ է ստանում Սփյուռքից եւ Հայաստանից, որոնցում մարդիկ իրենց տարակուսանքն են հայտնում ամերիկահայ բարերարների նկատմամբ կատարվող կամայականությունների առիթով: Մարտի 4-ի դատական նիստի հետաձգումից հետո նման մի նամակ նախագահ Քոչարյանին հղել է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որում նշված է. 

«Հարգարժան պարոնայք, թախանձագին խնդրում եմ՝ վերջ տվեք բարերարներ Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների նկատմամբ 2 տարի շարունակվող խեղկատակ խայտառակությանը, որի միակ անսքող նպատակը Նաջարյանների սեփականության հափշտակումն է: Գործին միանգամայն անտեղյակ մարդն էլ, տեսնելով այդ քաշքշուկը, դատախազության բացահայտ կողմնապահությունը, որը դժվար է նուրբ որակել, դատավորների` վերադասին գոհացնելու ամոթխած ջանքերը, դատախազական նիստերի մասնակիցների նկատմամբ անբարեկիրթ վերաբերմունքը եւ նիստերի հետաձգումները, որպեսզի դրանց «ոտքը կտրելով»՝ դատարկ դահլիճում կայացնեն հանձնարարականը, կհասկանա, թե որտեղ է թաղված շան գլուխը, ու ով է աչք դրել այդ շենքերի վրա: Ի վերջո, դա մեր «արդար ու անկախ» դատախազական համակարգի եւս մի գոհար է: Սակայն առավել զայրացուցիչն այն է, որ այդ ամոթալի շոուին հետեւում է մեր Սփյուռքը, ու թե ինչ հետեւություններ նա կանի ներդրումների վերաբերյալ՝ դժվար չէ կռահել: Մի՞թե դա էլ Ձեզ չի սանձում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter