HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Սիրի՛ր մերձավորիդ

«Գոնե մի ծածկ լինի գլխիս վրա, մնացածը՝ ոչինչ, մինչեւ հիմա ո՞նց եմ ապրել, տենց էլ կապրեմ։ Մի հատ քոլիկ, մի բան տան, նստեմ դրա մեջ ու իմանամ, որ գլխիս տանիք կա, անձրեւին ու ցրտին դրսում չեմ»,-ասում է Ալլան։

Գյումրեցի Ալլան արդեն 6 տարի է ապրում է Երեւանի Կենտրոնական փոստի դիմացի պուրակում։ Ապրում է իր 12 շների հետ, ունի մի քանի ընկերներ, որոնք պարբերաբար այցելում են, օղի ու ջուր բերում։ Վեցերորդ տարին է' նա պառկած վիճակում է։ «Պատի վրայից ընկել եմ, աջ ոտքիս խնձորակը ջարդվել է։ Էդ ընկնելուս օրվանից պառկած եմ, հազիվ կարողանում եմ մեկ-մեկ փայտով ոտքի կանգնեմ։ Մի կարգին փայտ էլ չունեի, Կարմիր խաչից մի գերմանացի տղա տեսավ վիճակս, գնաց ինձ ձեռնափայտ բերեց, որ գոնե կարողանամ անհրաժեշտության դեպքում տեղիցս 2 քայլ անեմ»,-պատմում է Ալլան։

Պուրակում շատրվաններ կան, բայց ձմռանը դրանք չեն աշխատում: Հենց շատրվանների տակի ավազանում Ալլան մի հին թախտ է դրել ու պառկել: Նա շփվում է անցնող-դարձող բարի մարդկանց հետ, ովքեր ուշադրություն են դարձնում իր վրա, իսկ աշխարհի անցուդարձի մասին տեղեկանում է գլխավերեւում դրված կիսաջարդ ռադիոյից։ Չնայած օղու համար մեծ դժվարությամբ է փող գտնում, դրանից միշտ գումար է առանձնացնում մարտկոց գնելու եւ լուրերը լսելու համար: Բայց ռադիոն անսարք է, խոսողի ձայնից բարձր խշշոցն է լսվում։

Ալլան ծնվել եւ ապրել է Գյումրիում։ 17 տարեկանում «խուլիգանություն» է արել եւ ազատազրկվել։ «Հետո էնպես ստացվեց, որ անընդհատ տղաների հետ կռվում էի ու խուլիգանության համար դատվում։ Ի՞նչ թաքցնեմ՝ ընդհանուր 14 տարի նստել եմ»,-ասում է Ալլան։

1988թ.-ի երկրաշարժի ժամանակ Ալլան բանտում է եղել, իսկ նրա ընտանիքը մնացել է փլատակների տակ։ «Ժաժքը եղավ՝ հրաշքն էլ հետը,- ասում է նա,- ընտանիքս վերացավ, ես էլ մնացի լրիվ անտեր։ Էդ բանտում նստելը, փաստորեն, ինձ փրկեց»։ Բանտից դուրս գալուց հետո Ալլան դասավորել է իր կյանքը։ Դատախազության միջնորդությամբ փաստաթղթեր է ստացել, աշխատանք գտել եւ վարձով ապրել Երեւանի հանրակացարաններից մեկում։

«Հետո ամուսնացա աղբ հավաքող մի մարդու հետ ու սենց ընկա փողոցները։ Բերեց ինձ պադվալում ապրեցինք, հետո ինքը գողություն արեց ու փախավ, ես էլ մնացի»,-դառնությամբ հիշում է Ալլան։ Ամուսնու կատարած գողությունից հետո նկուղի տերը Ալլային վռնդել է: Այդ օրվանից նա դրսում է՝ շատրվանների տակ։ Ալլան շնորհակալ է հարակից շենքերի բնակիչներին, որ չեն անտեսում իրեն, ու ով ինչով կարողանում է, օգնում է։ «Ուտելիք են բերում ինձ ու շներիս։ Հավի հացն ու շշերը հավաքում եմ, առնողը գալիս է, ծախում եմ։ Ես էլ էդ փողով գազ եմ լցնում, օղի եմ առնում, խմում եմ, որ դիմանամ։ Ընկեր-տղերք ունեմ, որ օղի, ջուր են բերում, դե ես չեմ կարողանում քայլել»,-ասում է նա։ Չնայած նախընտրական քարոզարշավների ժամանակ շատերն են եկել Ալլայի մոտ, նկարահանել նրան՝ ցույց տալու համար, որ մտահոգված են Ալլայի նման մարդկանցով, բայց այս 6 տարիների ընթացքում ոչ մի բժիշկ չի ստուգել նրան։ Նա ոչ մի բժշկական օգնութուն չի ստացել։ Հնարավոր է, որ աջ ոտքի խնձորակը չի ջարդվել, կամ որոշակի բուժօգնությունից հետո նա կարող է հանգիստ քայլել, ինչ-որ տեղ աշխատել ու ապրել։ Տարիներով պառկած լինելը հանգեցրել է պառկելախոցերի առաջացման։

Նրա միակ ուրախությունն իր ունեցած շներն են։ «Իմ նման անտեր կենդանիներ են, ո՞նց չպահեմ, ախր կենդանի շունչ են, ինձ Աստված ու բարի մարդիկ են պահում, ես էլ իմ շներին,-ասում է Ալլան' իր 12 շներով շրջապատված,-մարդիկ օգնում են ու գնում, իսկ էս կենդանին մնում է հետս, իրենց հետ խոսում եմ, իրենց վրա ջղայնանում, մարդ եմ, էլի։ Իմ բարեկամն են, իմ հարազատը, շատ եմ սիրում սրանց, ո՞նց չսիրեմ. ամբողջ օրը իմ հետ են, իմ կողքին, Աստված ասում է, չէ՞' սիրի՛ր մերձավորիդ»:

Լուսանկարը' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter