HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գեներալն ու իր հրոսակախումբը

«1992 թ. օգոստոսի 30-ի գիշերը վահանցիները տներից թափվել էին դուրս. գյուղից 4 հոգի թուրքի գնդակից ընկել էր: 15 տարի հետո նույն օրն ամբողջ գյուղն էլի փողոցում էր. հայ գեներալը ծեծում էր գյուղի երեխեքին»,- պատմում է Վահան գյուղի բնակիչ, ազատամարտիկ Մելսիկ Համազասպյանը:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ օգոստոսի 30-ին վահանցիները հավաքվել, այցելել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Հետո գյուղի երիտասարդներից մի քանիսը, արդեն հետեւում թողած խոտի հետ կապված աշխատանքները, որոշել են գնալ լիճ: Երկու մեքենայով 10 երիտասարդներ մեկնել են Սեւան, լողացել ու երեկոյան նորից բռնել գյուղի ճամփան:

«Արդեն գյուղ էինք հասնում` դեմից գեներալ Բաղմանյանի «Բրաբուսը» մեր մեքենային շատ մոտիկ անցավ-գնաց,- հիշում է ՎԱԶ «2106» մակնիշի մեքենայի վարորդը` 21-ամյա Աղավարդ Շուշանյանը:- 15-20 մ հեռավորության վրա հետեւից էլ մի հատ «Ջիփ» էր գալիս: Մեկ էլ էս «Ջիփը» թեքվեց ու քշեց ուղիղ մեզ վրա: Էլ աջ քաշելու տեղ չունեի` կընկնեինք ձորը: Արգելակեցի, կանգնացրի ավտոն»:

«Երեւի էս «Ջիփն» ուզում էր մեզ վախեցնել: Համարյա հասավ մեզ, ուզեց փախցնի, չկարաց: Հետեւի մասով խփեց մեր ավտոյին` դիմացի ձախ անկյունին»,- ավելացնում է Համազասպ Համազասպյանը, ով դեպքի պահին վարորդի կողքին էր:

«Ջիփի» մեջ եղել են գեներալ Հայկազ Բաղմանյանի 4 թիկնապահները:

«Սրանք մեքենայից իջան, բա` արա, խի՞ եք «դալնի» քշում: Մեզնից մեկն էլ ասեց` ի՞նչ «դալնի», ու վերջ: Էլ խոսակցություն չի եղել: Սկսեցին ծեծել. տու՛ր թե կտաս: Թե ինչո՞վ խփեցին, ո՞նց եղավ, չգիտեմ»,- պատմում է Աշոտ Բալյանը: Վերջինիս ոտքն այդ միջադեպի ընթացքում վնասվել է. ճաքել է ոսկորներից մեկը:

ՎԱԶ «2106»-ում 5 ուղեւոր է եղել, նրանց մեջ` նաեւ զոհված ազատամարտիկ Գրիգոր Ճաղարյանի որդին` Գոռը: Սեւանից վերադարձող վահանցիների մյուս խումբը հաշված րոպեներ անց հասել է դեպքի վայր: Երբ երիտասարդները մեքենայից իջել են, թիկնապահներից մեկը «Ջիփից» հանել է ինքնաձիգն ու սկսել կրակել:

«Միանգամից բոլորս փախանք: Էս էլ կատաղած սկսեց ավտոմատի կոթով մեր ավտոները ջարդել: «06»-ին մի քանի հատ խփեց ու անցավ «01»-ի շուշեքը կոտրելուն,- պատմում է Աղավարդը ,- էդ ընթացքում նստեցի «06»-ն ու ուզում էի էդտեղից փախցնել: Էլի սկսեց կրակել: Հետ փախա»:

Աղավարդին, այնուամենայնիվ, հաջողվել է մեքենան տարածքից հեռացնել, բայց փախչել նա այդպես էլ չի կարողացել: «Ջիփը» հետեւել է նրան եւ շատ չանցած` բռնել:

Աղավարդին տարել են Վահան գյուղի մոտ գտնվող N զորամաս: Այստեղ են եղել գեներալ Բաղմանյանը եւ զորամասի հրամանատար Արսեն Համբարձումյանը: Նրանք եւս միացել են թիկնապահներին եւ 21-ամյա տղային դաժանաբար ծեծել:

«Ասում էին` հետդ ովքե՞ր էին, անունները տուր: Որ ասեի, տղերքին էլ պիտի բերեին շտաբ ու նույն ձեւով ծեծեին: Գետնին գցած տշում էին: Անձամբ գեներալն ու հրամանատարը, ամենավերջին հայհոյանքները տալով, բռունցքով խփում էին դեմքիս: Տեսան` անուն չեմ տալիս, գեներալն «ախրանիկներին» ասեց` «հենց հիմա ավտոն բենզին լցրեք, սրան տարեք Քելբաջար, գցեք «պոստից» էն կողմ ու եկեք»: Էդ ընթացքում ոստիկանապետ Մինաս Սարգսյանն էլ էր եկել: էս ամեն ինչն ինքը տեսել ա»,- հավաստիացնում է Աղավարդը:

Նշենք, որ նրան զորամաս բերելուց հետո թիկնապահներից մի քանիսը նորից վերադարձել են դեպքի վայր: Այս անգամ նրանք բռնել են 16-ամյա Բակուր Սարիբեկյանին: Վերջինս նույնպես մասնակցել է միջադեպին: Այսինքն` նա նույնպես եղել է մի մեքենայում, որը հանդգնել է գեներալի «Մերսեդես-Բրաբուսի» առջեւով անցնել` լույսերը «դալնի տված»:

Բակուրի պատմելով` իր վիճակը համեմատաբար ավելի «լավ» է եղել: Նրանից եւս պահանջել են հայտնել ընկերների անունները, այլապես սպառնացել են ինքնաբերաբար «խոսեցնող» հատուկ դեղ ներարկել լեզվի մեջ: Նույնիսկ ներարկիչը մոտեցրել են 16-ամյա պատանու բերանին:

Որոշ ժամանակ անց զորամաս է եկել Աղավարդի հայրը` Ժորա Շուշանյանը, եւ առանձին զրուցել գեներալի հետ:

«Ես էդ խոսակցությանը մի պահ եմ ներկա եղել: Գեներալը թույլ տվեց, որ հայրս մեզ տանի տուն,- պատմում է Աղավարդը: – Ինձ որ ծեծել էին, շորերս սաղ ճղել էին: Մնացել էի գուլպաներով ու շալվարով: Գնալուց կոշիկներս էի ման գալիս, «ախրանիկներն» ասացին` ման մի արի, շպրտել ենք: Բջջային հեռախոսս էլ մեքենայից են վերցրել: Էլի չտվեցին»:

Գեներալը Ժ. Շուշանյանին ներկայացրել է, թե վահանցի երիտասարդները հարբած վիճակում մեքենան վարելիս հարվածել են իր «Ջիփին», այնուհետեւ մեքենայից դուրս են եկել ու սկսել շշերով իր թիկնապահներին ծեծել: Բաղմանյանն ասել է, որ մեքենան վերանորոգելու է Երեւանում եւ Ժ. Շուշանյանից պահանջել է վճարել ծախսերի կեսը: Վերջինս զորամասում համաձայնել է, իսկ որդու եւ նրա ընկերների պահվածքի համար մի քանի անգամ ներողություն է խնդրել:

«էրեխուն ծեծված-ջարդված, կիսամերկ վիճակում տարել եմ տուն: Հետո նոր իմացա, թե իրականում ինչ է եղել»,- նշում է Ժ. Շուշանյանը:

Այն, որ գեներալը նման կերպ է վարվել, վահանցիներին զայրացրել, սակայն ամենեւին չի զարմացրել: Իսկ ահա հրամանատար Ա. Համբարձումյանի պահվածքը նրանց համար միանգամայն անսպասելի է եղել:

«Դե, երեւի վերադասը որ խփել ա, էդ մարդը դիտորդի դերում մնալը ճիշտ չի համարել»,- ասում էին վահանցիները` ինչ-որ տեղ փորձելով արդարացում գտնել հրամանատարի համար, որին բնութագրելիս առավելապես կիրառում էին դրական բնորոշումներ:

Ժ. Շուշանյանը հրամանատարին հարցրել է, թե ինչու է որդուն ծեծել, եւ ստացել է հետեւյալ պատասխանը. «Իմացել եմ, թե էդ տղան իմ զինվորներից է եւ փորձել է զորամասից փախչել»:

Մենք փորձեցինք հանդիպել նաեւ հրամանատար Ա. Համբարձումյանին: Սակայն վերջինս տեղակալի միջոցով փոխանցեց, որ խիստ զբաղված է` քարտեզներ է գծում, եւ նույնիսկ մեկ րոպե ժամանակ չունի մեզ ընդունելու համար:

Տեղեկացնենք, որ տուն վերադառնալուց մի քանի ժամ անց Աղավարդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ճամբարակի հիվանդանոց: Բժիշկների ահազանգով դեպքը ոստիկանությունում արձանագրվել է: Այնուհետեւ Աղավարդը ցուցմունք է տվել ու մանրամասն շարադրել կատարվածը: Նա նույնիսկ նշել է, որ ոստիկանապետն անձամբ որոշ պահերի ներկա է եղել: Կազմված արձանագրությունը որեւէ բան չի փոխել:

«Հեռախոսով գեներալի հետ խոսեցի, ասաց. «Մեր անելիքն արդեն տղամարդավարի պայմանավորվել ենք, ինչո՞ւ ես բողոքել»: Ես էլ պատասխանեցի, որ իր ներկայացրածն իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել,- պատմում է Ժ. Շուշանյանը եւ շարունակում: – Ուզում էր, որ էրեխուն տանեի Երեւան` Էրեբունի հիվանդանոց, իր ծանոթ բժիշկների մոտ: Ողղակի ասացի, որ ես իրեն չեմ վստահում»:

Ժ. Շուշանյանը սեփական նախաձեռնությամբ որդուն տեղափոխել է Երեւան` Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Աղավարդն ուղեղի ցնցում է ստացել, իսկ երիկամների շրջանում արյուն է հավաքվել: Բժիշկները դեղեր են նշանակել ու ցուցումներ տվել հետագա անելիքների համար:

«Մենակ թե էրեխուն բան չլինի: Ուրիշ բան չեմ ուզում»,- նշում է Ժ. Շուշանյանը: Իսկ գեներալ Բաղմանյանը խոստացել է բոլոր ծախսերը հոգալ:

«Երանի տղաս ընկերների անունները տար ու մենակ չծեծվեր: Թող բոլորին էլ տանեին ու ջարդեին: Տենանք` ե՞րբ են բավարարվելու…»,- ասում է ազատամարտիկ Մելսիկ Համազասպյանը:

Նա պատերազմի ժամանակ գլխավորել է վահանցիներից կազմված աշխարհազորային ինքնապաշտպանական ջոկատը: Ազատամարտիկի ավագ որդին` Համազասպը, նույնպես միջադեպի զոհերից է:

«Հիմա էրեխեքին որ ըսենց կոտրում են, վախեցնում, վաղը, Աստված չանի, եթե պատերազմը սկսվեց, ո՞վ է զենք վերցնելու: Թե՞ «ախրանիկներով» գալու են սահմանին կանգնեն»,- հարցնում է ազատամարտիկը:

Նրա կրտսեր որդու` Հարությունի խոսքերով` դեպքից հետո գյուղի երիտասարդներով հավաքվել են ու որոշել «1 մ լայնք ու 2 մ երկարություն ունեցող ախրանիկների» հետ խոսել իրենց «լեզվով»: Բայց հետո զղջացել են:

«Ի՞նչ պիտի փոխվեր: Կկրակեին ու վերջ»,- ասում է նա:

Երիտասարդները մտադրվել են նաեւ փակել «պոստ» տանող ճանապարհը եւ թույլ չտալ սահմանապահներին փոխարինել` հուսալով այս կերպ խնդրի վրա սեւեռել բարձրաստիճան զինվորականների ուշադրությունը: Սակայն տարեցների հորդորով հրաժարվել են նաեւ այս` «անմեղ սահմանապահներին հարվածի տակ դնելու» մտքից: Ի վերջո, վահանցիներն ընտրել են բոլորովին այլ տարբերակ: Նրանք 275 ստորագրություններով հաստատված դիմում են գրել վարչապետին եւ սպասում են պատասխանին:

«Մենք չենք ուզում, որ գեներալին պատժեն: Կարող են պարգեւատրել, պաշտոնը բարձրացնել: Մենակ թող մեր գյուղից հանեն: Վահան գյուղն ու Բաղմանյանն իր վարքուբարքով անհամատեղելի են»,- ասում են վահանցիները:

«Բաղմանյանը գյուղի սարսափն ա: Ինչքան գալիս ա, մի բան լինում ա: Մարդիկ հենց ավտոն տենում են, տեղ են ման գալիս, որ պախկվեն: Որ աչքին չերեւան, պատմությունների մեջ չընկնեն: Լավ ա` շուտ-շուտ չի գալիս: Հենա ասա` թողենք գյուղից գնանք, էլի՜»,- նշում է Հարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter