HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սահմանամերձ Նռնաձորը

Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղը Խորհրդային Միության օրոք  բնակեցված էր ադրբեջանցիներով: Այն կոչվում էր Նյուվադի եւ մի կողմից սահմանակից էր Իրանին, մյուս կողմից` Ադրբեջանին: Արցախյան գոյամարտի ընթացքում հայկական զորամիավորումներն  ազատագրեցին հայկական այդ բնակավայրը: Գյուղն այժմ սահմանակից է Իրանին եւ Լեռնային Ղարաբաղին:

 «1991-ին մեծ տղաս առաջիններից մեկն էր, որ եկավ Նռնաձոր: Մեղրիում էինք ապրում: Երկու տարի անց որդուս տարան բանակ: Բայց զորացրվելուց հետո նա նորից վերադարձավ Նռնաձոր, ինչից հետո արդեն մենք էլ ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք այստեղ»,- պատմում է Գրիգոր Բոյաջյանը: Նա ունի 3 երեխա եւ նույնքան էլ թոռ: Շուտով ամուսնանալու է նաեւ Գ. Բոյաջյանի կրտսեր որդին:

Նռնաձորում այսօր ապրում է 47 ընտանիք, 145 բնակիչ: Ընտանիքներից 18-ը ժամանակին բռնագաղթել են Գետաշենից: Մյուսներն այստեղ են եկել Հայաստանի տարբեր բնակավայրերից:

«Սկզբում շատ դժվար էր: Ադրբեջանցիների ժամանակ այստեղ վարելահող չի եղել: Հիմա, փառք Աստծո, ոռոգման ջուրը կա. այգիները նորմալ մշակում ենք: Մեր ընտանիքը 7 հա վարձակալությամբ հող է վերցրել: Նուռ, ծիրան, թուզ, խաղող... Ամեն ինչ էլ ունենք: Էսօրվա դրությամբ միայն 20 տ նուռ ենք հավաքում,- ասում է Գ. Բոյաջյանը եւ ցույց տալիս իր վերանորոգվող երկհարկանի տունը,- տեսեք` պատուհանները փոխում են. եվրո եմ դնում: Կաֆել-մետլախով բաղնիք-զուգարան եմ սարքում: Երկու հատ մեքենա եմ գնել, արբանյակային ալեհավաք, երաժշտական կենտրոն... Գյուղական վայրում սա լավ չի՞»:

Նռնաձորցիներն ունեն 110 գլուխ խոշոր անասուն: Բայց նրանց հիմնական զբաղմունքն այգեգործությունն է: Գյուղի վարելահողը 78 հա է, որից 7-ը ֆոնդային է: Մնացածը հիմնականում նռան այգիներ են: Նախորդ տարի գյուղից արտահանվել է մոտ 220 տ նուռ:

«Մինչեւ անցյալ տարի գյուղացին իր չարչարանքին համապատասխան չէր վարձատրվում: Գործարարներն ու առեւտրականները նուռը տեղում գնում էին շատ էժան: Մանրերը 1 կգ-ը 50 դրամով էին տանում,- ասում է գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը:- Հա´մ իրենց եմ ասել, հա´մ էլ գյուղացիներին` էդ գնով էլ նուռ չի լինելու: Հիմա մանրերը 1 կգ-ը 120-140, իսկ խոշորները մինչեւ 600 դրամով են տանում»:

Նռնաձորում, սակայն, ոչ բոլոր ընտանիքներն են բարեկեցիկ ապրում:

«Ասենք` մեր բնակիչներից 2-ը մանկատան սաներ են: Նրանք միայնակ մայրեր են եւ փոքր երեխաներ ունեն: Այդ կանանց համար շատ դժվար է այգի մշակել: Տնամերձով ու նպաստով են ապրում,- պարզաբանում է գյուղապետը:- Շատերն էլ ուղղակի աշխատասեր չեն: Էն օրը գյուղացիներից մեկի ջրի հերթն էր: Այգին արեւից վառվում էր, բայց ինքը նստած սերիալ էր նայում: Զոռով եմ տնից հանել: Ախր, ինքը մեղավոր չի. մեղավորը սերիալ միացնողն է»:

Գյուղում ոռոգման ջրի 1 խմ-ը 4 դրամ է: Սակայն գյուղապետը նշում է, որ դիմել է Սյունիքի մարզպետին, որպեսզի նրա միջնորդությամբ կառավարությունն իրենց այս սակագնից էլ ազատի:

«Ուզում եմ, որ ջուրն անվճար լինի: Դրանով գյուղացուն ավելի կկապենք հողին, դեռ մի բան էլ դրսից մարդ կբերենք: Ի վերջո, սահման պահող գյուղ ենք»,- շեշտում է Մ. Մկրտչյանը:

Նռնաձորում բնակչության 60 տոկոսը երիտասարդությունն է: Գյուղում ծնելիությունն աճում է: Այս տարի Նռնաձորի նորակառույց դպրոցի առաջին դասարան է ընդունվել մեկ աշակերտ: Բայց հաջորդ տարի նրանց թիվն ութ անգամ ավելանալու է:

Համայնքապետը հիշում է, որ 2-3 տարի առաջ մի քանի ընտանիքներ փորձել են լքել գյուղը: «Ճանապարհը փակեցի եւ չթողեցի հեռանան: Հիմա նրանք հասկացել են, որ ես ճիշտ էի: Որովհետեւ պայմանները գնալով բարելավվում են»,- նշում է նա:

Նռնաձորում, այնուամենայնիվ, զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիրներ դեռ կան: Գյուղը չունի խմելու ջուր: Որպես այդպիսին գյուղացիները տարիներ շարունակ օգտագործել են Արաքս գետի ջուրը: Այն լցրել են հորը, քյարիզի միջոցով մաքրել եւ խմել: Բայց այս տարի սանէպիդկայանը գյուղապետարանին դրա համար տուգանել է:

Գյուղը Մեղրիից հեռու է մոտ 30 կմ: Երկու բնակավայրերն իրար կապող ճանապարհը կառուցվել է 1990-91թթ.: Գրունտային այս ճանապարհը երթեւեկության համար շատ վտանգավոր է: Դրա մեծ մասն անցնում է ժայռերի պռնկով եւ այնքան նեղ է, որ հաղթահարելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Նշված խնդիրների լուծման համար Մ. Մկրտչյանը պատրաստվում է դիմել անձամբ վարչապետին:

«Ամեն ինչ էլ կարգավորվելու է. անլուծելի հարցեր չկան»,- համոզված ասում է երիտասարդ գյուղապետը եւ կեսկատակ-կեսլուրջ ավելացնում. «Կտեսնեք` Նռնաձորը դառնալու է Հայաստանի 2-րդ մայրաքաղաքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter