HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Անվնաս» պայթյունի հետեւանքները

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը Սիլվա Ասատրյանին հոկտեմբերի 12-ին դատապարտեց 9 տարվա ազատազրկման` ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար: Մահափորձն իրականացվել էր պատգամավորի ավտոմեքենայի պայթեցմամբ: Ինքը` Մ. Գասպարյանը, իր ողջ մնալը համարել էր երջանիկ պատահականություն: Սակայն որոշ հանգամանքներ հուշում են, որ կատարվածն ավելի շատ նման է ձեռակերտ «հրաշքի»:

2001 թ. դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյանը փորձել է գործի գցել բակում կայանած իր «Ջիպի» շարժիչը, եւ մեքենան պայթել է: Դրա ուժգնությունից «Ջիպը» ջարդուփշուր է եղել, կոտրվել են շենքի պատուհանների ապակիները, վնասվել շրջակայքի ավտոմեքենաները:

Ինքնաշեն ռումբը տեղադրված է եղել մեքենայի տակ` վարորդի նստատեղի ուղղությամբ: Բայց պատգամավորն ուժգին պայթյունից անվնաս է մնացել կամ ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Ավելի ստույգ` նա տարբեր լրատվամիջոցների այս առնչությամբ հակասական տեղեկություններ է տրամադրել: Մեկ նշել է, թե «հետույքիս կար ունեմ, այրվածքներ կան թեւիս ու կրծքիս վրա»: Երկրորդին ասել է` «ձախ ոտքիս քերծվածք ստացա»: Մեկ այլ դեպքում էլ հայտնել է, թե «նստած տեղում աջ է թեքվել եւ ոչ մի վնասվածք չի ստացել»:

«Հրաշք» է կատարվել նաեւ պատգամավորի անդրավարտիքի հետ, որը նա կրել է դեպքի օրը: Պայթյունի հետեւանքով այն ծակվել է, իսկ աստառը` ոչ: Ի դեպ, մոտ 6 տարի անց այս անդրավարտիքը ներկայացվել է դատարան` որպես իրեղեն ապացույց:

Ուշագրավ է նաեւ այն, որ պայթյունը հնչել է առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Բայց դեպքը որեւէ ականատես չի ունեցել:

Միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննել է ՀՀ գլխավոր դատախազության քննիչ Աշոտ Նադոյանը: Նա վերոհիշյալ տարօրինակություններին ուշադրություն չի դարձրել: Փոխարենն առաջնորդվել է Մ. Գասպարյանի կասկածներով:

Գործարար պատգամավորը տնտեսական լուրջ խնդիրներ է ունեցել Արթուր Գյուրջինյանի հետ եւ «Ո՞ւմ եք կասկածում» հարցին ի պատասխան` առաջինը տվել է նրա անունը:

Հենց դեպքի օրն իրավապահները ձերբակալել են Ա. Գյուրջինյանի որդուն` 19-ամյա Վարուժանին: Նա «խոստովանել է հանցանքը» եւ նշել, որ Մ. Գասպարյանին սպանելու նպատակով ռումբն անձամբ է պատրաստել ու տեղադրել մեքենայի տակ: Տղան նույնիսկ դեպքի վայրում տեսախցիկի առաջ մանրամասն ցույց է տվել, թե ինչը ոնց է արել: Սակայն այս «թատրոնը» բեմադրվել էր ծեծի եւ խոշտանգումների արդյունքում: Վարուժանն 9-ամսյա կալանքից հետո, ի վերջո, ազատ արձակվեց: Իրավապահներին այդպես էլ չհաջողվեց կոծկել նրա անմեղությունն ապացուցող մի շարք հանգամանքներ:

Այս ամենի համար ոչ մեկը պատասխանատվություն չկրեց: Ավելին` մոտ 4 տարի անց` 2005 թ. սեպտեմբերին, իրավապահները դարձյալ «բացահայտեցին» պատգամավորի մեքենայի պայթյունի գործը, եւ այն կրկին քննում էր նույն քննիչը` Աշոտ Նադոյանը:

Այս անգամ ձերբակալվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին աշխատակից, փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը: Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում` հատուկ նշանակության տարատեսակ պայթուցիչներ: Չնայած սրան, ըստ իրավապահների` արհեստավարժ փոխգնդապետը պայթյունի համար կիրառել էր ինչ-որ ինքնաշեն ռումբ եւ «գործը» ձախողել:

Ազգությամբ հրեա Յ. Վոլֆսոնի մասին խոսելիս ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանը նրան անվանել է «անհայրենիք բեկոր» եւ շեշտել, որ վերջինս ԱԱԾ-ից հեռացվել է 1990-ականների կեսերին: Սակայն որոշ փաստաթղթեր փաստում են, որ նա համակարգում աշխատել է մինչեւ 2004 թ.: Թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն իր գործակալին նման կերպով քրեականացրել, առանձին թեմա է եւ ավելի շատ` առեղծվածային: Ինքը` Վոլֆսոնը, իր հետ կատարվածը գնահատել է իբրեւ սադրանք` հրահրված ԱԱԾ-ի պետ Գ. Հակոբյանի եւ պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանի (մականունը` Կրակեմ Հրաչ - Ա. Դ) կողմից. «Նպատակը շահադիտական է` աչքակապություն, անձնական հարստացում եւ իմ անմիջական ղեկավարության հեղինակության խարխլում»,- ասել է Վոլֆսոնը:

Ինչեւէ, փոխգնդապետը նույնպես «խոստովանական» ցուցմունք է տվել` նշելով, որ պայթյունի պատվիրատուն Սիլվա Ասատրյանն է: Վերջինս մինչ այդ նույն արարքի համար մեղադրված Վարուժան Գյուրջինյանի մայրն է: Ս. Ասատրյանի հետ առերեսման ժամանակ Վոլֆսոնն իր ցուցմունքները պնդել է, սակայն սենյակից դուրս գալիս ասել է. «Կարեւորը մեր երեխաներն են, նրանք ողջ եւ առողջ են»:

Ավելի ուշ` 2006 թ. փետրվարին, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումի մեջ նախկին գործակալը գրել է. «Մինչ օրս տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Դրանք ստիպողական ինքնազրպարտություն են` պայմանավորված իմ նկատմամբ կիրառված ֆիզիկական ու հոգեբանական խիստ ներգործությամբ, իմ եւ հարազատներիս նկատմամբ կիրառված շանտաժով... Ես Սիլվա Ասատրյանից ոչ մի պատվեր չեմ ստացել եւ Մելիք Գասպարյանի նկատմամբ մահափորձ չեմ իրականացրել... »: Դիմումում Վոլֆսոնը նկարագրել է նաեւ, թե ինչպես են իրեն ձերբակալելուց հետո տարել ԱԱԾ-ի պետի տեղակալի աշխատասենյակ, որտեղ վերջինս իրեն առաջարկել է օգնել բացահայտելու պատգամավորի մեքենայի պայթյունի գործը: Վոլֆսոնն ասել է, որ դրա հետ ոչ մի կապ չունի: «Դու դեռ կզղջաս»,- սպառնացել է Հ. Հարությունյանը:

Այնուհետեւ Յ. Վոլֆսոնին տեղափոխել են ԱԱԾ-ի գլխավոր վարչության պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի սենյակ եւ փորձել են համոզել, որ գործը վերցնի իր վրա` խոստանալով այն հավասարեցնել մանր խուլիգանության հետ: ԱԱԾ-ականները նշել են, թե «բոլորին հայտնի է, որ իր նման մասնագետը չէր վրիպի, եւ զոհը կենդանի չէր մնա», եւ որ «իրենց պետք է ոչ թե ինքը` Վոլֆսոնը, այլ Սիլվա Ասատրյանի ընտանիքը»:

Մանկավարժ Սիլվա Ասատրյանին ձերբակալելուց հետո քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ նրա ամուսինը` Արթուր Գյուրջինյանը:

1992 թ. Ա. Գյուրջինյանը մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել է (հենց մեկուսարանում էլ նա ծանոթացել է Յ. Վոլֆսոնի հետ - Ա. Դ.), սակայն շուտով նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվել է ապացույցների անբավարարության պատճառով:

Գլխավոր դատախազությունը 14 տարի հետո կրկին հիշեց այս իրադարձությունը, բայց այդպես էլ չկարողացավ հիմնավորել Ա. Գյուրջինյանին վերագրվող հանցանքը: Շուրջ կես տարվա կալանքից հետո նրան ստիպված ազատ արձակեցին:

Ա. Գյուրջինյանն իր բանտարկությունը պայմանավորում է նրանով, որ կնոջ ձերբակալությունից հետո փորձել է «մամուլի ասուլիսների միջոցով հասարակական կարծիք ստեղծել եւ դրա ճնշման ներքո դադարեցնել իր ընտանիքի նկատմամբ իրականացվող ապօրինությունները»:

Սակայն, անկախ ամեն ինչից, Յ. Վոլֆսոնի եւ նրանից կորզված ցուցմունքի հիման վրա ձերբակալված Ս. Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մտավ դատարան: Դատաքննությունը ձգվեց մոտ 2 տարի: Մեղադրող Ժաննա Կոտիկյանը միջնորդել էր փոխգնդապետին դատապարտել 10, իսկ Ս. Ասատրյանին` 9 տարվա ազատազրկման:

« ...Ինչքան էլ որ Դուք (նկատի ունի մեղադրող Ժ. Կոտիկյանին - Ա. Դ.) ասեք, որ ես մեղավոր եմ, միեւնույն է, վստահ եմ, որ հոգու խորքում ինքներդ համամիտ չեք դրա հետ: Դեռ ավելին` չարանում եք այն մարդկանց նկատմամբ, որոնք ուղղակի պարտադրում են Ձեզ այդ կեղծ եւ շինծու մեղադրանքը պաշտպանել...

Վերեւից եկող ցանկացած հրաման անվերապահորեն կատարվում է: Դրանից առաջ լավ կլիներ, որ յուրաքանչյուր մարդ իրեն հարց տար` արդյոք ես սրտով, հոգով համամի՞տ եմ դրա հետ, թե՞ ընդամենը հավատարիմ շան պես պետք է ինչ-որ հրահանգ կատարեմ: Վստահ եղեք` այդ դեպքում մեր երկիրն այսքան վատը չէր լինի... »:

Սա դատարանում Սիլվա Ասատրյանի վերջին խոսքից մի հատված է: Սամվել Ուզունյանի նախագահությամբ` դատարանն ապացուցված համարեց ամբաստանյալներին վերագրվող հանցանքը` Յ. Վոլֆսոնին դատապարտելով 11, Ս. Ասատրյանին` 9 տարվա ազատազրկման: Դատարանը վճիռն առ այսօր չի տրամադրել (վճռի տրամադրման օրենքով սահմանված վերջին ժամկետը հոկտեմբերի 16-ն էր -Ա. Դ.): Այն ստանալուց հետո պաշտպանական կողմը պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter