HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կանանց գաղութում «զոն նայող» չկա

Վստահեցնում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Էդուարդ Հովհաննիսյանը: «Ուղղակի մի քանի կրկնահանցագործներ կամ երկար սռոկով դատվածներ ունենք, որ հենց նոր մարդ է մտնում «զոն», ասում են` բա գիտե՞ս, քուրիկ ջան, մենք ստեղ ամեն ինչ իմանում ենք. քեզ կասենք` ինչը ոնց ա: Կողքը նստում են ու սկսում նրա պերեդաչին ուտել,- պատմում է հիմնարկի պետը: - Մեր շուստրին դա է: Բայց նորեկները շատ շուտ ամեն ինչ հասկանում են ու դրանցից անջատվում»:

 «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը Հայաստանի միակ պատժավայրն է` նախատեսված կանանց  եւ անչափահասների համար: Ներկայումս այստեղ կա 126 կին` 19-ից մինչեւ 77 տարեկան: Նրանցից 90-ը դատապարտյալներ են, մնացած 36-ը կալանավորվածներ են եւ գտնվում են հիմնարկի մեկուսարանում:

«Բացի իրենց դատին սպասող, քննչական կալանավորներից, մեկուսարանում պահում ենք նաեւ որոշ դատապարտյալների: Սրանք այն մարդիկ են, որոնք դատարանի վճռով իրենց պատիժը պետք է կրեն փակ ռեժիմում: Սակայն նման բանտային պայմաններ մենք չունենք, ուստի մեկուսարանի խցերից մեկ-երկուսն առանձնացրել ենք այդ նպատակով»,- տեղեկացնում է գաղութի պետ Է. Հովհաննիսյանը:

Արհեստածին պրոբլեմներ մեկուսարանում

«Աբովյանի» գաղութում այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ. կառուցվում է մեկուսարանի նոր շենք: Գործողը վթարային վիճակում է: Այն ունի 16 խուց, որոնց մի մասը կիսանկուղային հարկում է: Դրանք խուց են բառի բուն իմաստով: Տարածքը շատ փոքր է` մոտ 12 քմ: Հաճախ նման խուցն ունենում է մինչեւ 6 «բնակիչ»: Եթե վերջիններս միասին կանգնեն, շարժվելու տեղ պարզապես չի մնա:

Այս խցերի երկկողմանի ճաղավանդակված պատուհանները ոչ միայն փոքր են, այլեւ կիսով չափ գետնի մեջ են: Նույնիսկ օրվա արեւոտ ժամերին բնական լուսավորություն գրեթե չկա:

Մեկուսարանի առաջին հարկի խցերում պայմաններն էականորեն տարբեր են: Սրանց տարածքն ու պատուհանները մեծ են, առաստաղը` բարձր: Ստացվում է, որ այստեղի «բնակիչներն» ինչ-որ առումով արտոնյալ պայմաններում են:

Է. Հովհաննիսյանի խոսքերով` կալանավորին այս կամ այն խցում տեղավորելիս իրենք որեւէ կերպ դրանով վերաբերմունք չեն արտահայտում. «Մեզ համար նման խնդիր բացարձակ չկա` խուցը վերեւի հարկում կլինի, թե ներքեւի»,- ասում է նա: Մինչդեռ կալանավոր Սիլվա Ասատրյանը, սեփական փորձից ելնելով, պնդում է, որ գաղութի վարչակազմի համար խցի ընտրությունը կալանավորի վրա ճնշում գործադրելու միջոցներից մեկն է:

Ս. Ասատրյանը կալանավորվել է 2005 թ. աշնանը: Ութ ամիս նրան պահել են Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այնուհետեւ տեղափոխել «Աբովյան» ք/հ-ի  մեկուսարան: Այն ժամանակ գաղութի պետն Արսեն Աֆրիկյանն էր: Մոտ 7 ամիս է` այս պաշտոնում նշանակվել է Է. Հովհաննիսյանը:

«Աֆրիկյանի ժամանակ ամբողջ տարին խցերում թույլատրվում էր ունենալ էլեկտրական սալօջախներ: Դա փոխարինում էր սառնարանին, քանի որ շոգ եղանակին հարազատների բերած կերակուրը հաջորդ օրը 1-2 րոպեի ընթացքում տաքացնում էինք եւ օգտագործում: Նոր պետը սալիկները հավաքեց, այնինչ դա ձեռնտու էր նաեւ իրենց: Գոնե կալանավորը սոված չէր մնում, գրգռված չէր: Իսկ այստեղի կերակուրն ուտել պարզապես հնարավոր չէ. այն վայել է միայն կենդանիներին»,- ասում է Ս. Ասատրյանը:

«Ես չգիտեմ` նախորդ պետի ժամանակ ոնց է եղել եւ ինչ է եղել: Բայց գաղութի համար տարեկան կտրվածքով սահմանված է էլեկտրաէներգիայի որոշակի չափաբաժին: Դրա համար ցրտերն ավարտվելուն պես սալօջախները հավաքեցինք, ընկնելուն պես նորից կբաժանենք: Եթե էլեկտրաէներգիան չխնայենք, լիմիտի մեջ չենք տեղավորվի»,- պարզաբանում է Է. Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ք/հ-ում պատրաստվող կերակուրին, ըստ նրա, այն եփվում է ընդհանուր կաթսայում եւ իր մեջ ներառում է բոլոր այն նորմատիվները, որոնք հաստատվել են կառավարության կողմից: «Մարդիկ կան, որ բողոքում են, թե` լոբին մակարոնից առանձին եփեք: Ասենք` մեկը սիրում է իր մոր պատրաստած վառած փլավը, ստեղինն էլ դուրը չի գալիս: Հիմա ի՞նչ անենք»,- հարցնում է գաղութի պետը:

«Հարցերի հարցը հեռախոսն է: Նախորդ պետի ժամանակ ամեն օր, նույնիսկ օրը 2 անգամ, զանգում էինք: Գաղութը դրանից վնաս չէր կրում, որովհետեւ քարտերը բերում են մեր հարազատները: Հովհաննիսյանը սա էլ վերացրեց. հիմա զանգում ենք 4 օրը մեկ»,- շարունակում է Ս. Ասատրյանը:

«Եթե 4 օրը մեկ թույլ ենք տալիս, որ զանգեն, դեռ լավ է: Տեսեք` մեկուսարանում անընդհատ շարժ կա: Քննիչներ են գալիս, փաստաբաններ, լրագրողներ: Ի վերջո, կալանավորին մեկուսարանից տանում ենք դատի, հետ բերում, խուզարկում... Զանգելու համար ինչ-որ մեկը պետք է խուցը բացի, կալանավորին բերի զանգելու: Բայց էդ մարդը կարող է այդ պահին զբաղված լինել նույն լրագրողով, քննիչով... Ես ունեմ ընդամենը 4 աշխատող, որ թվարկածս գործողություններն ամեն հերթափոխի ժամանակ կատարում են: Նրանք պետք է նաեւ հանգստանան, եւ եթե հաշվարկենք, ֆիզիկապես չեն էլ հասցնի այդ ամենն անել»,- մեկնաբանում է Է. Հովհաննիսյանը` առանց պարզաբանելու, թե ինչպես է իր նախորդին հաջողվել այս ամենը համատեղել:

Ս. Ասատրյանը պատմում է, որ «նոր կարգերին» ընդդիմացել է, նույնիսկ բացատրություն է պահանջել, թե ինչու՞ է զանգերի թիվը կրճատվել, երբ կալանավորների քանակն ամենեւին չի ավելացել: «Դա եղավ պատճառը: Առավոտյան շուտ եկան, բա` հավաքվիր, որ իջնում ես ներքեւի խուց»,- հիշում է նա:

Քրեակատարողական հիմնարկի պետը, սակայն, նշում է, որ Ս. Ասատրյանի խուցը փոխել են նրա խցակիցների բողոքների պատճառով: «Սիլվան նկարում էր, իսկ յուղաներկի հոտը խցակիցներին խանգարում էր: Բացի այդ, նա անընդհատ նույն այդ խցակիցների հետ կոնֆլիկտների մեջ էր»,- ասում է Է. Հովհաննիսյանը` շեշտելով, որ անգամ նոր խցում Ս. Ասատրյանն ընկերների հետ «յոլա չի գնում»:

Երբ մեկուսարանի կիսանկուղային խցում զրուցում էինք Ս. Ասատրյանի հետ, նրա խցակիցներից Անահիտն անընդհատ միջամտում էր, հակառակվում Ս. Ասատրյանի ասածներին, պաշտպանում գաղութի վարչակազմին: Հետո նա հիշեց իր եւ Սիլվայի միջեւ տեղի ունեցած վեճը, ասաց, որ վերջինս իրեն անտեղի վիրավորել է: Ի վերջո, երկու կանանց միջեւ վիճաբանություն սկսվեց: Ավելի ուշ իմացանք, որ մեր` խուց մտնելուց ընդամենը րոպեներ առաջ ք/հ-ի անվտանգության բաժնի պետի տեղակալ Արման Սայադյանն Անահիտին կանչել էր իր մոտ: «Ո՞վ ա կանչել, ինչի՞ համար... հա, առօրյա հարցերով եմ կանչել` ստեղի հետ կապված»,- ի վերջո, պարզաբանեց Ա. Սայադյանը:

«Մարդկանց ուղղակի ստիպում են, որ իմ դեմ բողոքեն: Ինձանից սարքել են վայրենի, աննորմալի մեկը: Բայց հավատացնում եմ` որեւէ կոնֆլիկտ չի եղել: Այն, որ խցում պրոբլեմներ եմ ունեցել, իմացել եմ միայն տեղափոխվելուց հետո,- նշում է Ս. Ասատրյանը եւ մանրամասնում,- օրերս մեր խցակիցներից Գոհարին տեղափոխեցին կանանց տեղամաս: Գնալուց առաջ ասաց, որ իրեն ստիպել են իմ դեմ բողոքել»:

Այն, որ Գոհարը նման բան է ասել, հաստատեցին նաեւ Ս. Ասատրյանի այսօրվա խցակիցները, նույնիսկ Անահիտը:

«Մյուս 2 բողոքողները բանտի ղեկավարության կողմից ուղղակի պարգեւատրվել են: Նոնան շարունակում է մնալ մեկուսարանում, թեեւ դատապարտյալ է եւ վաղուց պետք է տեղափոխվեր տեղամաս, իսկ Սեդան ստացել է վճարովի աշխատանք (վերջիններիս անունները փոխված են - Ա. Դ.)», - վստահեցնում է Ս. Ասատրյանը:

«Դա հերյուրանք է: Նոնայի հետ նույն գործով «զոնայում» դատապարտյալ կա, եւ նրանց հարաբերությունները թշնամական են: Ուստի, անվտանգության նկատառումով, Նոնային պահում ենք մեկուսարանում, մյուսին` «զոնայում»: Իսկ Սեդան դեռեւս կալանավոր է, եւ նրան աշխատանք տալու իրավունք չունենք: Տնտեսական մասում կարող ենք ներգրավել միայն դատապարտյալներին»,- հավաստիացնում է Է. Հովհաննիսյանը:

Չնայած հիմնարկի պետի այս հավաստիացումներին` մեզ հետ զրույցում Սեդան ասաց, որ աշխատում է` կալանավորների կերակուրն ինքն է բաժանում: Ավելին, նա նշեց նաեւ, որ երբ այդ աշխատանքը ստացել է, Ս. Ասատրյանն արդեն իրենց խցից տեղափոխվել էր:

Նշենք նաեւ, որ մեկուսարանում մենք զրուցել ենք մեկ տասնյակից ավելի կալանավորների հետ: Բացի Ս. Ասատրյանի նախկին խցակիցներից եւ Անահիտից, մյուսները նույնպես դժգոհում էին հիմնարկի տված կերակուրներից: Նրանք բարձրաձայնում էին նաեւ դեղորայքի պակասության, ավելի շուտ` գրեթե բացակայության մասին: Սակայն հիմնարկի պետը պնդում է հակառակը. «Դեղերը նորմալ ստանում ենք եւ բաժանում հիվանդներին»,- ասում է նա:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter