HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պետպատվերով գործ` ընդդեմ «Գալայի»

Հայաստանի տարածքում գործող հեռուստաընկերություններից  Գյումրու «Գալա»-ն (Գյումրիի անկախ լրատվական ալիք)  միակն էր, որ ամբողջությամբ ցուցադրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը:

Արդյունքում հետուստաընկերությունը մինչ օրս ենթարկվում է տարբեր պետական կառույցների ճնշումներին, զրկվել է գովազդատուներից, իսկ Հարկային պետական ծառայությունն (ՀՊԾ) իրականացնում է մանրակրկիտ ստուգումներ:

Գյումրեցի Վահան Խաչատրյանը 2000թ. հիմնադրել է «Նոյեմի»  հեռուստաընկերությունը, որը նյութեր է պատրաստել Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրի քաղաքի մասին: Դրանք ամեն կիրակի հեռարձակվել են «Հայկական երկրորդ հեռուստաալիքի»  եթերով: 2005թ. հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» ՍՊԸ-ն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած մրցույթում շահել է կապուղի, եւ արդեն նույն տարվա հուլիսի 1-ից Գյումրի քաղաքում սկսել է հեռարձակվել «Գալա» հեռուստաընկերության  հաղորդումները: Դրանք սփռվում են գրեթե ողջ Շիրակի մարզում:

«Սկզբից եւեթ մեր քաղաքականությունը նույնն է. օբյեկտիվ եւ բազմակողմանի լուսաբանել բոլոր իրադարձությունները, հավասարաչափ եթեր տրամադրել ե¢ւ իշխանությանը, ե¢ւ ընդդիմությանը»,- վստահեցնում է հ/ը հիմնադիր Վ. խաչատրյանը:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ելնելով անցած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Գյումրիի մի քանի հեռուստաընկերությունների շրջանում իրենց անցկացրած մոնիտորինգի արդյունքներից, նշում է. «Կարող եմ հավաստիացնել, որ ընտրությունների ամենաթեժ շրջանում «Գալայի» լրատվական թողարկումներում եւ երեկոյան քաղաքական հաղորդումներում բոլոր երեւացող քաղաքական ուժերն իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ստացել են»:

«Մինչեւ հիմա մենք որեւէ լուրջ խնդիր չենք ունեցել: Եղել են դեպքեր, որ մարզային միջին կարգի չինովնիկներին մեր պատրաստած նյութերը դու չեն եկել: Բայց դրա պատճառով իշխանության վերին օղակներից միջամտություն չի եղել»,- ասում է Վ. Խաչատրյանը եւ հիշում, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետական կառույցներից մեկի ներկայացուցիչը իրեն խնդրել է եթեր հեռարձակել Արթուր Բաղդասարյանին բացասական ներկայացնող մի տեսանյութ. «Բնականաբար, մերժեցի եւ ասացի, որ նման խնդրանքներով այլեւս ինձ չդիմեն»:

«Գալա» TV-ն իր լրատվական թողարկումներում եւ «Շաբաթն անց» վերլուծական ծրագրում մանրամասն անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին: Ավելի ուշ` հոկտեմբերի 14-ին, հեռուստաընկերությունն ամբողջությամբ ցուցադրել է այն: Անմիջապես հետեւել են հեռախոսազանգերը նախագահի աշխատակազմից, ՀՌԱՀ-ից եւ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ): Զանգահարողները խնդրել են այլեւս չանդրադառնալ ընդդիմության այդ թեւին, մանավանդ Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ սպասվելիք հոկտեմբերի 26-ի հանրահավաքին:

«Իսկ ԱԱԾ-ից ուղղակի սպառնացին, որ եթե այսպես շարունակվի, կլինեն ստուգումներ, հետո` տույժեր, կկորցնեմ ամբողջ սեփականությունս եւ ստիպված կլինեմ երկրից հեռանալ»,- տեղեկացնում է «Գալայի» հիմնադիրը: Իսկ հոկտեմբերի 17-ին վերջինիս հետ հանդիպել է ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ իր «խնդրանքն» անմիջականորեն փոխանցել: Հետագայում Գ. Ամալյանը հայտարարեց, որ ՀՌԱՀ-ը TV-ների ստեղծագործական ազատություններին չի միջամտում եւ «Գալայի» նկատմամբ որեւէ ճնշում չի եղել:

«Երբ հանձնաժողովը միջամտում է լրատվամիջոցի աշխատանքին` ասելով` այս արա կամ այն, դա ոչ միայն ակնհայտ ճնշում է, այլեւ պաշտոնեական դիրքի չարաշահում: Իսկ սա ենթադրում է քրեական պատասխանատվություն»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ինչեւէ, ի հեճուկս պետական կառույցների խնդրանք-սպառնալիքներին` «Գալան» լուսաբանել է նաեւ հոկտեմբերի 26-ի ընդդիմության հանրահավաքը: Ավելին` հեռուստաընկերությունը քաղաքական հաղորդումներից մեկին հյուրընկալել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանին:

«Հավասարության սկզբունքը պահպանել ենք: Նույն շաբաթ հրավիրել ենք նաեւ ՀՀԿ-ի, այնուհետեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներին»,- տեղեկացնում է Վ. Խաչատրյանը:

Ի հետեւանք այս ամենի` Երեւանից Գյումրի են ժամանում ՀՊԾ-ի մի քանի աշխատակիցներ: Նրանք սկսում են ստուգել Վ. Խաչատրյանի տնտեսական գործունեությունը: Սակայն ստուգումները դեռ չսկսված` «Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է, թե դրանց արդյունքում հայտնաբերվել են խախտումներ:

«Այսինքն` սա բացահայտ պատվեր էր, եւ այդ մարդիկ արդեն պարտավոր են գտնել խախտումներ»,- նշում է Վ. Խաչատրյանը: Նույն «Հայոց Աշխարհին» տված հարցազրույցներում ՀՌԱՀ նախագահ Գ. Ամալյանը շոշափում է «Գալայի» հիմնադրի կողմից օճառի բիզնեսով զբաղվելու հանգամանքը, իսկ ՀՊԾ-ի պետ Վահրամ Բարսեղյանը հայտնում է, թե TV-ի հիմնադիր հանդիսացող «Չապ» ՍՊԸ-ի գործունեության հետ կապված հայտնաբերվել են օրինազանցություններ, այդ թվում պարզվել է, որ ընկերությունն ապօրինաբար զբաղվել է «բենգալյան կրակների» չլիցենզավորված արտադրությամբ:

«Բենգալյան կրակների» հետ կապված այդ բիզնես կոչվածն այնքան վաղուց է եղել, որ նույնիսկ մոռացել էի եւ թերթի այդ հրապարակումից եմ հիշել,- ասում է Վ. Խաչատրյանը:- Երեւի 7 տարի առաջ էր, փորձեցինք այդ կրակներից արտադրել,  1,5 ամիս աշխատեցինք, բան չստացվեց: Ամեն ինչ օրենքով է եղել: Իսկ օճառի գործարանում անօրինականության հարց լինել չի կարող: Այն ՍՊԸ-ի մեջ չի մտնում, հեռուստաընկերության հետ կապ չունի: Հարկայինի աշխատողները սկզբում հենց գործարան էին եկել: Ամեն ինչ անում էին, մինչեւ վերջ չէին ուզում, որ հեռուստաընկերության անունը շոշափվի: Ավելի շահագրգռված էին, որ իմ անձնական բիզնեսում ինչ-որ բաց գտնեն: Տեսան, որ գործարանում անելիք չունեն, գործարանը դեռ գործող չէ, ստիպված անցան «Գալային»»,- նշում է Խաչատրյանը:

Վերջինիս խոսքերով` 2003թ. նա առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունից աճուրդով ձեռք է բերել հիշյալ գործարանը: «Ամեն ինչ փոխել եմ, կառուցել: Այս օրերին պետք է գումարը փոխանցեի, որպեսզի Հնդկաստանից սարքավորումներն ուղարկեին եւ ըստ նախատեսվածի` ձմռանը պետք սկսեինք օճառի արտադրությունը: Այս ստուգումների արդյունքում բոլոր գործընթացները դադարեցվել են», -ասում է Վ.Խաչատրյանը :

«Գալայի» հիմնադիրը վստահեցնում է, որ անկախ ամեն ինչից հեռուստաընկերությունն իր աշխատաոճը չի փոխելու: «Իրենք էլ են դրանում համոզված: Դրա համար հատուկ հրահանգ է իջեցվել մեր գովազդատուներին, որպեսզի մեզ էլ գովազդ չտան: Միայն առաջին երկու օրը 13-14 գովազդատու հրաժարվեց: Մյուսները մոտ մեկ շաբաթ դիմակայեցին: Այսօր 30 գովազդատուներից մնացել են ընդամենը 3-ը: Նրանցից էլ արդեն ես եմ հրաժարվելու, որովհետեւ այդ մարդկանց, իրոք, ճնշում են»:

Հեռուստաընկերությունը գովազդային տեսահոլովակների փոխարեն սկսել է ցուցադրել ՀՀ Սահմանադրությունից խոսքի ազատությանը վերաբերող հատվածներ: «Խնդիր չկա` առանց գովազդների էլ կդիմանանք»,- ասում է Վ. Խաչատրյանը եւ հավելում. «Չեմ կարծում, թե այնքան կլկտիանան, որ հեռուստաընկերությունը փակեն: Երեւի իմ նկատմամբ գործ կհարուցեն ու այդ մեթոդով կփորձեն ինչ-որ բանի հասնել»:

Ըստ Վ. Խաչատրյանի` գործին միջամտել է նաեւ ոստիկանությունը, եւ հարցաքննվում են այն մարդիկ, ովքեր վերջին 7 տարիների ընթացքում ինչ-որ կերպ առնչություն են ունեցել իր հետ. «Փորձում են ինչ-որ բաներ գտնել իմ դեմ»:

Նշենք նաեւ, որ «Չապ» ՍՊԸ-ն ի սկզբանե ՀՊԾ-ի կողմից երբեւէ ստուգումների չի ենթարկվել, թեեւ Վ. Խաչատրյանը մի քանի անգամ ստուգումներ անցկացնելու խնդրանքով դիմել է կառույցին: Նախորդ տարիներին Գյումրիի ՀՊԾ-ի պետն այսօրվա մարզպետ Լիդա Նանյանն էր: Վերջինս ստուգումներ չանցկացնելը հիմնավորեց նրանով, որ հեռուստաընկերությունը «բարեխիղճ հարկատու է եղել եւ ժամանակին կատարել է վճարումները»:

«Դե, ով չգիտի, թե ինչի են հիմա սկսել ստուգումները: Կամ ինչի մեր հարկայինը չի ստուգում, որ Երեւանից են եկել: Ուղղակի «Գալան» ցույց է տալիս ճշմարտությունը, իսկ նրանց դա խանգարում է»,- նշում է գյումրեցի Արտաշես Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter