HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կանանց գաղութ` «էժանագին սանատորիա»

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը Հայաստանի միակ պատժավայրն է` նախատեսված կանանց եւ անչափահասների համար: Ներկայումս այստեղ կա 126 կին` 19-ից մինչեւ 77 տարեկան: Նրանցից 36-ը կալանավորներ են` բանտարկված հիմնարկի մեկուսարանում:

Մնացած 90-ը դատապարտյալներ են եւ իրենց անազատ օրերն անցկացնում են կանանց տեղամասում` «զոնայում»:

Այստեղ համակեցությամբ կողք-կողքի ապրում են սեփական երեխաներին դաժանաբար սպանած մայրն ու մանր գողության համար դատապարտվածը:

«Աբովյանի» գաղութի պետ Էդուարդ Հովհաննիսյանը, համեմատելով տղամարդ դատապարտյալների հետ իր ունեցած աշխատանքային փորձը, նշում է, որ կանանց հետ աշխատելն ավելի դժվար է. «Տղամարդու խոսքը կարող ես հիմք ընդունել: Եթե նա խոստումը չկատարեց, կհիշեցնես եւ նա, որպես տղամարդ, իրեն վատ կզգա: Կանանց մոտ այս տարբերակը չի գործում. նրանք իրենց ասածների համար պատասխան չեն տալիս: Հետո` կանայք հիշաչար են, մուռ պահող: Տղամարդու հետ կվիճես, բայց տեղում կանցնի-կգնա: Իսկ եթե կին դատապարտյալին մի թարս բան ասես, տարիներով չի մոռանա»:

Հիմնարկի պետի խոսքերով` կին դատապարտյալները շատ յուրահատուկ են նաեւ իրենց խնդիրներով. «Օրինակ` ոչ մի տղամարդ դատապարտյալ չի ասում` թողեք գնամ տուն, որ սեպտեմբերի 1-ին երեխաներիս տանեմ դպրոց: էստեղ բոլոր կանայք միայն դա են պահանջում»:

Գաղութում, այնուամենայնիվ, արձակուրդներ տրվում են: Է. Հովհաննիսյանի փոխանցմամբ` դա արվում է բացառիկ հանգամանքներից ելնելով, ասենք` դատապարտյալի հարազատի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում եւ սոցիալ-հոգեբանական վերականգնողական նպատակներով: Բոլոր դեպքերում էլ առաջին հերթին հաշվի է առնվում դատապարտյալի վարքագիծը:

Նանասի Առաքելյանն այն հազվագյուտ դատապարտյալներից է, ում հիմնարկի ղեկավարությունն ուղարկել է արձակուրդ` օրինակելի վարքի համար: Նա ունի 3 դատվածություն: Վերջինը թրաֆիկինգի հոդվածով է:

«Որ արձակուրդից եկա, բոլորը հարցնում էին` ի՞նչ ես արել էդ 7 օրվա ընթացքում, ո՞ւր ես գնացել: Ասում եմ` ու՞ր պիտի գնայի, ես կարայի՞ էրեխուս մոտից մի քայլ հեռանալ: Նստել եմ մոտը, որ կարոտս առնեմ»,- պատմում է նա:

«Եթե էսօր մեզ դատապարտել են, դա ոչ թե մեզ, այլ մեր ընտանիքներին, մեր երեխաներին են տույժի ենթարկում,- ասում է Սաթենիկը:- Կոպիտ ասած` մենք էժանագին սանատորիայում ենք: Տանջվողը մեր հարազատներն են, որ չգիտեն, թե որտեղից սնունդ կամ ձմռան շոր ճարեն եւ ուղարկեն մեզ»:

Սաթենիկը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման թմրանյութ իրացնելու համար, որից 3 տարին արդեն լրացել է: «Արդարություն չկա: Եթե մեզնից ցուցմունքները վերցնում են ծեծի ու շանտաժի միջոցով, էլ ի՞նչ իմաստ ունի դատ լսելը, երբ դատավորը հիմք է ընդունում միայն վերցված արձանագրությունները: Ինչքան էլ ուզում ես քեզ ճղի, չի օգնում»,- ավելացնում է նա:

Առհասարակ, գաղութում գտնվողները փշալարերից այս կողմ հայտնվելու իրենց պատմությունը ներկայացնելիս նշում են, որ պատժվել են ավելի խիստ, քան ենթադրում է իրենց արարքը: Ուստի բողոքում են նախաքննական մարմնից, դատարաններից: Իսկ գաղութի մասին նրանք խոսում են դժկամորեն, թերեւս նկատի ունենալով, որ բարձրաձայնած պրոբլեմները կդիտվեն իբրեւ բողոք հիմնարկի վարչակազմի դեմ:

Ինքը` հիմնարկի պետ Է. Հովհաննիսյանը, գաղութի առաջնային խնդիրներից է համարում դատապարտյալների զբաղվածությունը: «Մեկ տնտեսության մեջ մի քանի կինը շատ են. կենցաղային խնդիրներով վիճաբանություններ անընդհատ լինում են: Իսկ եթե ինչ-որ արտադրություն կազմակերպվեր, եւ նրանք մշտապես աշխատանք ունենային, հա’մ բամբասանքների եւ ավելորդ խոսակցությունների ժամանակ չէին ունենա, հա’մ էլ պատժի ժամկետն իրենց համար շուտ կանցներ»:

Այսօր քրեակատարողական հիմնարկի տնտեսական մասում աշխատում է ընդամենը 16 կին, որոնք ստանում են ամսական մինչեւ 20 հազար դրամ աշխատավարձ:

«Եթե կինը փակված տեղը կարողանում է աշխատել եւ դրանով իր երեխաների համար ինչ-որ բան է գնում, ուրեմն «դրսում» եթե աշխատանք լինի, նա կաշխատի,- ասում է Նարինեն եւ շարունակում,- մենք հո հանցագործ չծնվեցի՞նք, սոցիալական պայմաններից դառանք: Թող երկրիս ղեկավարությունը նախեւառաջ աշխատատեղ ստեղծի, հետո նոր մեզ կբռնի: Թե չէ` մեր գողացածը մանր-մունր ա, մենք ստեղ ենք, իրանցը բիրիք ա, «դրսում» վայելում են»:

Նարինեն գողության համար 4 անգամ դատապարտվել է: Գաղութում դրսեւորած դրական վարքագծի համար հիմնարկի ղեկավարությունը նրա թեկնածությունը 3 անգամ ապարադյուն ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման միջգերատեսչական հանձնաժողովին: Վերջին մերժումը ստանալուց հետո Նարինեն հացադուլ է հայտարարել: Սակայն 3 օր անց «երեխաներին անտեր թողնելու» հեռանկարից վախենալով` «ակցիան» դադարեցրել է:

«Հիմա արդեն ես եմ հրաժարվել հանձնաժողով ներկայանալուց: Էդ հոգեկան ապրումներից կուշտ եմ: Սպասում եմ` կալենդարնիով սրոկս լրանա, թողեմ գնամ»,- ասում է նա:

Հիշյալ հանձնաժողովը ձեւավորվել է ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թ. հուլիսին: Մինչ այդ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ իր հանձնաժողովով որոշում էր, թե դատապարտյալներից ո՞վ է արժանի վաղաժամկետ պայմանական ազատման, եւ միջնորդությամբ մտնում էր դատարան: Հիմա հիմնարկի վարչակազմն իր «թեկնածուին» ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովին, եւ վերջինս ինքն է որոշում` տվյալ անձի համար միջնորդի՞ դատարանին, թե՞ ոչ: Այս հանձնաժողովը ստեղծվել է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու առաքելությամբ: Սակայն նրա գործունեությունը դատապարտյալները բնորոշում են իբրեւ «իրենց ճակատագրերի հետ լատարե խաղալ»:

«Մեր ներկայացրած մարդկանց նույնիսկ 10 տոկոսը նախագահական անկախ հանձնաժողովի կողմից հավանություն չի ստանում,- փաստում է գաղութի պետը եւ բացատրում, որ պատճառը մոտեցումների տարբերությունն է:- Մեզ համար կարեւորը դատապարտյալի դրսեւորած վարքագիծն է: Իսկ անկախ հանձնաժողովն ուշադրություն է դարձնում, թե ինչի համար է նա դատապարտվել: Ասենք` եթե թմրամոլ է, կավատ կամ մարդասպան, մերժում են»:

Նշենք, սակայն, որ Է. Հովհաննիսյանի այս մեկնաբանությունն իրականության հետ աղերսներ չունի: Մոտ մեկուկես տարվա գործունեության ընթացքում «անկախ» հանձնաժողովը, որի անդամներին նշանակում է երկրի նախագահը, հասցրել է ծանր հանցագործություններ կատարած դատապարտյալների եւ սառնասիրտ մարդասպանների համար դրական եզրակացություն տալ, իսկ չնչին հանցանքների համար դատվածներին` մերժել:

Սյուզին 1999-2003 թթ. անցկացրել է կանանց գաղութում` բնակարան կողոպտելու պատճառով: Ազատվելուց հետո նա ապրել է Բալահովիտում եւ աշխատել անասնապահական ֆերմայում: Սակայն, ըստ նրա, թաղային Ռուստամ Հովակիմյանն ամեն անգամ իրեն տեսնելիս ասել է` «արի մոտս գործ տուր. երկար ժամանակ նստած ես եղել, հանցագործ կապեր կունենաս», ինչից Սյուզին հրաժարվել է:

«Մի հատ եզդի ընկերուհի ունեի: Միշտ գնում էի իրանց տուն, կամ ինքն էր ֆենը վերցնում, գալիս մեր տուն, ու իրա մազերը ֆենում էի»,- հիշում է Սյուզին:

2006 թ. հունվարին Աբովյանի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման` եզդի ընկերուհու 5000 դրամ գնահատված վարսահարդարիչը գողանալու համար:

«Եզդին որ իմացավ ինձ դատում են, եկավ ասեց` բողոքս հետ տվեք, ըտենց բան չի եղել, ինձ թաղայինը խաբել, ասել ա` «Սյուզիի վրա գրի, թող գա ներկայանա»: Փաստորեն, ո’չ բողոք կար, ո’չ հայց: Բայց ինձ դատեցին ու էրեխուս տարան մանկատուն»,- պատմում է Սյուզին: Նա առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում չի բողոքարկել, ինչպես ինքն է նշում` տեր չունենալու պատճառով»:

Նախագահական «անկախ» հանձնաժողովը մերժել է նաեւ Սյուզիի վաղաժամկետ ազատման խնդրանքը` առանց հիմնավորման: Առհասարակ, այս հանձնաժողովն իր մերժումները չի պատճառաբանում: Սյուզին այլեւս հանձնաժողովին դիմելու մտադրություն չունի. «Հույսս ամեն ինչից կտրել եմ»,- ասում է նա:

«Հենց մերժվածների սեւ թուղթը գալիս է, ամաչում եմ իրենց ներկայացնել: Տեղակալներիս ասում եմ` գնացեք մարդկանց տեղեկացրեք, որ այսպիսի վատ բան է եղել,- նշում է հիմնարկի պետը: - Մարդկանց հոգեկանը խառնվում է, ահավոր հուսահատվում են: Բնականաբար, դա իրենց վարքի վրա էլ է ազդում: Դատապարտյալները լավ վարքագիծ են դրսեւորում, հանրօգուտ աշխատանքով են զբաղվում, որ մեր կողմից լավ բնութագիր ստանան: Դա պարտադիր է վաղաժամկետ ազատման համար: Բայց էս մերժումներից հետո շատերն ասում են` դե, եթե կալենդար պիտի նստենք, ոչ էլ կաշխատենք: Այսօր մարդիկ կան, որ էլ չեն աշխատում»,- տեղեկացնում է գաղութի պետ Է. Հովհաննիսյանը:

Հ. Գ. Բացի Նանասի Առաքելյանից, մյուս դատապարտյալների անունները հոդվածում փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter