HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լեռնագոգցին վարձու աշխատող է դարձել սեփական հողում

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը Խորհրդային Միության օրոք վարել է քաղաքային կյանք: Ավանը հիմնադրվել էր տարածքում գործող արդյունաբերական ձեռնարկություններին եւ մի քանի խոշոր խոզաբուծական ֆերմաներին աշխատուժով ապահովելու համար:

Գյուղացին սեփական հող կամ անասուն, բնականաբար, չուներ: Այս առումով գրեթե ոչինչ չի փոխվել, բացառությամբ նրա, որ լեռնագոգցին այսօր արդեն աշխատում է մերօրյա մեծահարուստների համար: Սակայն, ի տարբերություն այն ժամանակվա, հիմա նա ուղղակի շահագործվում է, իսկ վաստակած գումարով հազիվ քարշ տալիս գոյությունը:

Մայրաքաղաքից 65 կմ դեպի արեւմուտք ընկած Լեռնագոգը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որի բնակիչներին անկախացումից հետո հող չի բաժանվել` ո’չ մշակելու, ո’չ էլ անասնապահական նպատակներով:

«Գյուղը հող չունի, ավելի շուտ` այն քարքարոտ է: Հետեւաբար, գյուղացին չէր կարող սեփական ուժերով հողագործություն կամ անասնապահություն զարգացնել,- ասում է փոխգյուղապետ Արգամ Մակարյանը: - Ավելին, 1995թ. Լեռնագոգը ջրազրկվեց` գյուղացուն իսպառ զրկելով անասունը ջրելու կամ գոնե տնամերձը մշակելու հնարավորությունից»:

Լեռնագոգում տարիներ շարունակ ջուրը գնել են` 40 լիտրը 150 դրամով: Այս տարի «Նոր ակունք» ՓԲԸ-ն գերմանական KFW բանկի վարկային ծրագրով գյուղում, ի վերջո, անցկացրեց խմելու ջրի նոր ջրագիծ: Չնայած` շատ լեռնագոգցիներ այսօր էլ շարունակում են գնել Թալինից ցիստեռնով բերվող ջուրը «սա համով է» պատճառաբանությամբ: Իսկ ոռոգման ջուր ունենալը գյուղում դեռ համարվում է հեռավոր երազանք:

Լեռնագոգը հիմնադրվել է 1977թ.: Բնակչությունն այստեղ է եկել Հայաստանի տարբեր բնակավայրերից, հիմնականում` Թալինից: Նրանք աշխատել են գյուղում գտնվող ժամանակին Կովկասի ամենամեծ ալրաղացում ու կոմբինացված կերերի գործարանում, թեթեւ լցանյութերի կոմբինատում, խոզաբուծական ֆերմաներում, երկաթբետոնե կոնստրուկցիաների, ասֆալտի, քարաձուլվածքների գործարաններում: Խորհրդային Միության փլուզումից հետո այս բոլոր ձեռնարկությունները փակվել են:

«Մարդիկ ապրելու միջոցից ուղղակի զրկվեցին: Բնակչության մեծամասնությունը ստիպված հեռացավ. Շատերը` Ռուսաստան, մի մասն էլ` իրենց պապենական գյուղերը,- նշում է Լեռնագոգի միջնակարգ դպրոցի տնօրեն Կորյուն Մակարյանը: - Մնացողների համար մեծ դեր խաղաց նաեւ դպրոցի հեղինակությունը: Որոշ մարդիկ չգնացին, որպեսզի իրենց երեխաներին պահեն այստեղ: Որովհետեւ մեր շրջանավարտների 1/3-ը, առանց որեւէ մեկի օգնության, ընդունվում է բուհ: Այս օրինաչափությունը միշտ եղել է»:

Ըստ տնօրենի` սա ավելի շատ պայմանավորված է ոչ թե դպրոցում լավ մասնագետների առկայությամբ, այլ նրանով, որ երեխաները, պարզապես, ուրիշ անելու բան չունեն:

«Ցավոք, մեր ուսանողների մեծ մասը քաղաքից չի վերադառնում»,- շարունակում է Կ. Մակարյանը եւ տեղեկացնում, որ իր 4 երեխաներից 3-ը բուհն ավարտելուց հետո մնացել են Երեւանում եւ ապրում են վարձով, իսկ 4-րդը դեռ ուսանող է:

1990-ականների սկզբներին գյուղն ունեցել է 4500 բնակիչ: Այս թիվը կրկնակի կրճատվել է: Ավելի կտրուկ է նվազել ծնելիությունը: Յոթ հարյուր հիսուն աշակերտ ունեցող դպրոցն այսօր կրթում է ընդամենը 234-ին:

Տնօրենի ասելով, սակայն, վերջին 2-3 տարիների ընթացքում գյուղից արտագաղթը դադարել է, իսկ ծնելիությունը սկսել է աճել:

«Դա նոր աշխատատեղերի շնորհիվ է: Գործարար Սամվել Ալեքսանյանը վերագործարկեց ալրաղացը: Թեեւ այն իր ամբողջ հզորությամբ չի գործում, բայց մեր գյուղից էլի մի 80 հոգի աշխատանք ունեցավ: Բացի այդ, որոշ գործարարներ` Էռնեկյանը, Երվանդ Զախարյանը եւ Հերոյանը (հիշյալ անձանցից գործարար է միայն արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը: Ե. Զախարյանը Երեւանի քաղաքապետն է, իսկ Ալբերտ Հերոյանը` Արմավիրի նախին մարզպետը - Ա. Դ.) հարեւան գյուղերում հսկայական հողեր են ձեռք բերել եւ սեզոնին մեր գյուղից ավտոբուսներով 100-120 մարդու տանում են դրանցում աշխատելու: Ճիշտ է, ծանր աշխատանք է, բայց մարդիկ նույնիսկ հերթ են կանգնում, որովհետեւ ապրելու ուրիշ հնար չունեն»,- պարզաբանում է Կ. Մակարյանը:

Լեռնագոգցիների խոսքերով` գյուղատնտեսական աշխատանքներից զատ, այդ տարածքներում նրանց հիմնական զբաղմունքը մելորացիան է, այսինքն` քարերի հավաքումը:

«Էդ հողերին նայելիս չես հավատա, որ անգամ տեխնիկայով հնարավոր է քարերից մաքրել: Բայց գյուղացիներին լցնում են ու, բուլդոզերների տեղ աշխատեցնելով, վերածում դրանք այգիների,- նշում է լեռնագոգցի Մկրտիչ Սուքիասյանը: - Էդ շոգին, ոնց որ պլանտացիաներում ստրուկների վրա, մարդկանց գլխին կանտրոլի պես կանգնած առավոտվա 9-ից մինչեւ իրիկուն տանջում են: Տվածներն էլ օրական 2000 դրամ է: Ու հլը մեկը թող փորձի ինչ-որ բանից բողոքել: Միանգամից կշպրտեն ու տեղն ուրիշին կբերեն»:

Երրորդ խմբի հաշմանդամ Մ. Սուքիասյանն ազատամարտիկ է, կռվել է մահապարտների ջոկատում: Այսօր նա գործազուրկ է եւ ընտանիքը պահում է իր 27 հազար դրամ թոշակով:

«Ուղղակի բաժանած է, թե ամսվա ընթացքում ինչ պետք է առնենք: Եթե մի հատ ավելորդ բան լինի, սոված կմնանք»,- մանրամասնում է նա:

Տխուր է պատկերը նաեւ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի ալյուրի կոմբինատում: Անժելա Հովհաննիսյանը պատմում է, որ իր որդին առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 9-ը գործարանում բանվորություն է անում եւ դրա դիմաց ամսական վարձատրվում ընդամենը 55 հազար դրամով:

«Հիմա դա է. ի՞նչ կարող ենք անել,- հարցնում է Ա. Հովհաննիսյանը եւ հավելում,- հլը մի բան էլ իրենց ասածը պիտի անենք: Ընտրությունից ընտրություն զաստավիտով իրանց ուզած մարդուն ընտրել են տալիս: Եթե չընտրես, հարազատիդ գործից կհանեն ու էդ 2 կոպեկից էլ ըտեղ կզրկվես»:

«Շատ դժվար է. ո’չ կարգին աշխատատեղ կա, ո’չ էլ` հարուստների մոտ խիղճ,- ասում է ազատամարտիկ Մ. Սուքիասյանը եւ ավելացնում,- ախր, չի կարելի մարդուն այդքան արժանապատվությունից գցել: Երեւի օտարի հպատակության տակ ավելի հեշտ կլիներ»:

Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավեր- Հայաստան» ծրագրի (ՀՄՀ ծրագիր) շրջանակներում նախատեսված է ոռոգման նոր ջրագիծ անցկացնել նաեւ Լեռնագոգում, ինչը պետք է իրականություն դառնա 2010թ.: Առհասարակ, ՀՄՀ ծրագրով լայնածավալ ջրաշինարարական աշխատանքներ են կատարվելու ողջ Բաղրամյանի տարածաշրջանում: Այստեղ Հայաստանի հայտնի օլիգարխները եւ բարձրաստիճան նախկին եւ ներկա չինովնիկներ, գյուղացիներից գնելով նրանց սեփական հողերը, արդեն իսկ ունեն 100 եւ ավելի հա տարածքներ: Այսինքն` ծրագրի շրջանակներում ներդրվելիք միլիոնավոր դոլարներն իրականում գյուղաբնակների կենսամակարդակի վրա ունենալու են անուղղակի եւ սպասվածից շատ ավելի թույլ ազդեցություն: Փոխարենն ուղղակի խթանելու են վերոհիշյալ անձանց բիզնեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter