HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գյուղապետարանը բազմազավակներին չի օգնում

Լեռնագոգ գյուղական համայնքի բյուջեի առյուծի բաժինը գոյանում է պետական դոտացիայից: Այս տարի այն կազմել է 15 մլն դրամ, «այն էլ հազիվ բավականացրել է աշխատավարձերին եւ սոցվճարներին»,- ասում է փոխգյուղապետ Արգամ Մակարյանը:

«Գյուղը հող չունի, որ հարկեր հավաքվի, իսկ գույքահարկ վճարում է միայն ալրաղացը: Իսկ դա շատ չնչին գումար է, որպեսզի ինքնուրույն կարողանանք հարցեր լուծել, - շարունակում է փողգյուղապետը,- իհարկե, եղած միջոցներով մանր հարցերին լուծում տալիս ենք, միջիններին ունենում ենք մասնակցություն եւ ամեն ինչ անում ենք միջոցներն արդյունավետ օգտագործելու համար»:

Վերջին տարիներին Լեռնագոգում հսկայական գումարներ է ներդնում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը: Բարեգործական հիմնադրամի միջոցներով այս տարի շահագործման հանձնվեց հիմնովին վերանորոգված գյուղի դպրոցը: Իսկ շենքի մյուս երկու մասնաշենքերն այսուհետ ծառայելու են բոլորովին այլ նպատակներով: Մեկը վերազինվել է որպես բուժամբուլատորիա, մյուսը` մանկապարտեզ: Այժմ ցրտի պատճառով շինաշխատանքները դադարեցված են եւ շարունակվելու են գարնանը: Հաջորդ տարի հիմնադրամը վերանորոգելու է նաեւ գյուղի Մշակույթի տունը:

Մինչ այդ մանորի կապակցությամբ գյուղի կարիքավոր ընտանիքներին հիմնադրամը պատրաստվում է տրամադրել որոշակի օգնություն:

Ա. Մակարյանը տեղեկացնում է, որ կարիքավորների ցուցակում ընդգրկված ընտանիքները 20-ն են, որոնց մոտ կեսը բազմազավակ է:

«Գյուղի բազմազավակ ընտանիքներն ապրում են սոցիալական շատ ծանր պայմաններում: Գյուղապետարանն ինքն ամսական կամ երկու ամիսը մեկ նրանց օգնություն է տալիս` գումարի կամ սննդի տեսքով: Մեր ուժերի ներածին չափով` ինչ կարողանում, անում ենք»,- վստահեցնում է փոխգյուղապետը:

«Չեմ ժխտում` հիմնադրամը շատ է օգնում. հագուստ են տալիս, կով են տվել: Մեկն էլ մի քանի տարի առաջ մարզպետ Հերոյանն է տվել: Բայց գյուղապետարանը ոչ մի բանով էլ չի օգնում: Եթե ինչ-որ միջոցներ էլ ունեն, իրար մեջ են բաժանում»,- ասում է Հայկ Սահրադյանը:

Սահրադյաններն ապրում են ծնողներց ժառանգած երկհարկանի տանը: Ինչ ձմեռը սկսվել է, 9 հոգուց բաղկացած ընտանիքը հավաքվել է այդ անշուք շենքի առաջին հարկի սենյակներից մեկում: Գորշ ու կեղտոտ սենյակի պատերը, սակայն, այս մեկ ամսվա ընթացքում այդպես էլ նորմալ չեն տաքացել:

Աթարով տաքացվող վառարան օրվա մեջ վառíում է ընդամնը 5-6 ժամ: Հ. Սահրադյանը վառելիքը վերցնում է պարտքով, որ կուտակվում հասնում է «սարսափելի չափերի»: Միայն սննդի համար խանութում գոյացած պարտք անցնում է 200 հազար դրամը: Իսկ յոթ երեխա ունեցող ընտանիքի միակ եկամուտը ամսական 40 հազար դրամ նպաստն է:

Ընտանիքի մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը աշնան ավարտի հետ մնացել է անգործ: Շուրջ մեկ տարի առաջ նա ինքնակամ ազատվել է ալրաղացի պահակի աշխատանքից:

«Ամիսը 30 հազար դրամով սուտկով պահակություն էի անում: Փողը շատ քիչ էր, բայց տակը ժամանակ չէր մնում»,- պարզաբանում է Հ. Սահրադյանը: Նա գերադասել է մեծահարուստների հողերում դաշտային աշխատանք կատարել, միայն թե ամսվա բոլոր օրերն էլ կարողանա աշխատել:

«Գերանդի եմ քաշել ու քաղ արել: Օրական 1800 դրամ էին տալիս: Էլի գոնե մի քիչ շատ էր»,- ասում է 41-ամյա Հայկը:

Մեծահարուստների մոտ աշխատելու «պատիվ» է ունեցել նաեւ նրա 12-ամյա որդին` Սուրենը: Տղան ծառերի համար փոսեր է փորել, իսկ վերջում յուրաքանչյուր փոսի համար վարձատրվել 50 դրամով:

«Էս ա մեր երկիրը: Սենց են վարվում տունը փող բերող երեխայի հետ,- ասում է Հ. Սահրադյանը եւ հավելում,- գազի խողովակը տանս մոտով է անցնում` 6 մետր չկա: Գյուղապետին 3 անգամ ասել եմ` օգնիր, գազը քաշենք: Միշտ ասում է` եղավ, կքաշենք, բայց ո՞ւր է, ձմեռը պրծնի, նո՞ր... Ախր, երեխեն կարող է կանաչի ուտելով էլ մեծանալ, կիսասոված քնել, բայց ցուրտ տեղն առողջ չի մեծանա»:

«Գազի հարցը գյուղապետը մտադրված չի լուծում, որովհետեւ սովետի ժամանակ ծնողները գազ են ունեցել ու շատ անփույթ են վարվել: Հիմա տանը մանր երեխաներ են, կոպիտ ասած` վախենում ենք նրանց անվտանգության համար,- հակադարձում է փոխգյուղապետ Ա. Մակարյանը եւ շարունակում,- այդ ընտանիքի համար տասնապատիկ ավելի է արվում, գյուղապետն անձամբ կամ ուրիշ կազմակերպությունների հաշվին է անում, ինչ մնում է գազի խնդրին, ճիշտն ասած` մի քիչ ոտներս կախ ենք գցում, մինչեւ երեխեքը մեծանան: Հետո ավելի քիչ պարտքեր կկուտակեն. գազի շահագործումն ինքն իրանով ծախս է, այդ 200 հազար դրամը դառնալու է 400-500 հազար»:

Ի վերջո, փոխգյուղապետը եզրափակեց. «Գազ էլ կունենան, անպայման գյուղապետարանը կաջակցի: Բայց մենակ դա չի. նրանց ընտանիքի ընդհանուր վիճակն այնպիսին է, որ գազ ամենավերջին տեղում է: Առաջնայինը հացի, հագուստի, ապրելու խնդիրն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter