HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կառավարությունը չշտկեց նախորդի սխալը. բնապահպանական հարկն աննպատակ վճար չէ

Կառավարությունը երեկ ընդունեց ավտոմեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափերի ձեւավորման նոր սխեմա` փոփոխություն կատարելով Հարկային օրենսգրքում։ Բայց սրանով, նկատենք, կարծես թե նախկին իշխանությունների ստեղծած թնջուկը չի լուծվել։

Ինչպես արդեն, մինչեւ հարկային օրենսգրքում 2018 թվականի հունվարի 1-ից փոփոխությունների ուժի մեջ մտնելը, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով՝ վնասակար նյութերն օդային ավազան արտանետելու համար բնապահպանական վճարի դրույքաչափերը Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների համար սահմանված էր ըստ դրանց խմբերի եւ ենթախմբերի: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով առանձնացվել էին միայն բեռնատար տրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց բնապահպանական հարկի դրույքաչափեր` ըստ դրանց խմբերի,  իսկ ՀՀ-ում գրանցված այլ ավտոտրանսպորտային միջոցներից, ինքնագնաց մեքենաներից եւ մեխանիզմներից, ինչպես նաեւ լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման բնապահպանական հարկի դրույքաչափերը` ըստ շարժիչի հզորության:

Կառավարության երեկվա որոշման համաձայն՝  բնապահպանական հարկի մեծությունը կախված կլինի ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ ավտոմեքենայի արտադրության տարեթվից, իսկ նոր ավտոմեքենաների համար կսահմանվեն բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր։

Հարկային օրենսգրքով կրկնակի նվազեցվեցին տարեկան դրույքաչափերը: Օրինակ, մինչեւ 50 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի գործակիցը 10 դրամից նվազեցվեց մինչեւ 5 դրամի։ 51-80 ձիաուժ ունեցող ավտոմեքենայի համար՝ յուրաքանչյուր ձիաուժի դրույքաչափը նվազեցվել է 20-ից մինչեւ 10 դրամ: Եվ այսպես շարունակ:

Նոր, ամենաթարմ ավտոմեքենաների համար սահմանվել են էլ ավելի ցածր դրույքաչափեր: Այսպես, ավտո­տրանս­պոր­տային միջոցի (բացառությամբ այլ ինքնագնաց մեքենաների եւ մեխանիզմների, ինչ­պես նաեւ լողամիջոցների) թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա եւ դրան հաջոր­դող երկու հարկային տարիների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահ­ման­վել է չորս անգամ ցածր արժեք: Այսինքն՝ 10 դրամից նվազեցվել է միանգամից 2,5 դրամի, 20 դրամից՝ 5 եւ այլն: Սկսած ձեր ավտոմեքենայի արտադրության չորրորդ տարուց, յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված դրույքաչափի արժեքը 10 տոկոսով կթանկանա։ Արդեն 8-9-րդ տարվանից սկսած, ձեր ավտոմեքենայի բնապահպանական հարկի դրույքաչափը կհավասարվի նույն շարժիչով, բայց ավելի հին ավտոմեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափին:

Թվում է՝ ամեն ինչ կարգավորվեց: Սակայն հարցը կարգավորվել է միայն ֆինանսական մակարդակում: Իրականում, նոր կառավարության այս որոշումը բնապահպանական հարկի դրույքաչափերը չի համապատասխանեցնում դրա անվան տրամաբանությանը: Այսինքն, եթե բոլոր մեքենաները հավասարեցվում են, եւ տարբերություն չի սահմանվում, օրինակ, բենզինով եւ գազով շարժիչով աշխատող ավտոմեքենաների միջեւ, ստացվում է, որ բնապահպանական վճարը չի ծառայում իր բուն նշանակությանը: Խնդիրը նրանում է, որ գազով գործող շարժիչների վնասը շրջակա միջավայրին՝ անհամեմատ քիչ է, քան բենզինային շարժիչներինը: Հաշվի չեն առնվում արտանետումների ֆիլտրերը եւ այլն:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունում, որը բնապահպանական հարկը վերանայելու առաջարկով դիմել էր կառավարությանը, նույնպես գոհ չեն այս լուծումներից: Կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած իրենց ջանքերին, կառավարության մշակած նոր նախագծում այդպես էլ հաշվի չի առնվել այն, թե մեքենայի շարժիչն ինչ վառելիքով է շահագործվում:

«Կառավարությունը մինչեւ հիմա չհասկացավ, որ օրենքը չի կարող լինել ինքնանպատակ: Բնապահպանական վճարի իմաստն ու նպատակը պետք է լինի մթնոլորտային աղտոտումները նվազեցնելը: Վճարելու մեխանիզմները հեշտացնելը՝ հարցի ամբողջական լուծում չէ: Կան վարորդներ, ովքեր ավտոմեքենայի վրա դրել են կատալիզատորներ, ֆիլտրեր, վերջիվերջո գումար են ծախսել հենց արտանետումները նվազեցնելու համար: Կամ՝ գազային շարժիչով աշխատող մեքենաների հասցրած վնասը չի հաշվարկվել: Բայց բոլորը վճարելու են հաշվարկման նույն մեխանիզմով: Նաեւ սա էր, որ ակնկալում էինք կառավարությունից: Ու շարունակում ենք ակնկալել, որ կրկին հարցը կվերանայվի, այս անգամ՝ մասնագիտորեն»,- ասաց Տիգրան Քեյանը: 

Մեկնաբանություններ (1)

Լավրենտ
Ներկայիս կառավորությունը տարբերվումա նախորդ կառավորությունից միայն շոու կազմակերպելու հմտությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter