Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չպետք է հանգիստ քնի»
Նորայր Շողիկյան
Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը Հատուկ քննչական ծառայության ամենակարևոր գործերից մեկն է․ այս մասին այսօր ՀՔԾ աշխատակիցներին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ծառայության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։
«Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ պատճառներով առաջ չեն գնացել, հույս ունեմ, որ ՀՔԾ աշխատակիցները նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավական համակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,- հանդիպման ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նշելով, որ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չպետք է գիշերը հանգիստ քնի։
«Երբ ասում ենք, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի չունեք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են։ Եթե ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է լինել»,- նշել է վարչապետը։
ՀՔԾ քննիչներին Նիկոլ Փաշինյանը հորդորել է աշխատասենյակներից հանել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ իր լուսանկարները։
«Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություններ ունենալ այդ պաշտոնյաների հետ։ ՀՔԾ աշխատասենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանն ու դրոշը»,- ասել է Փաշինյանը։
ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը վարչապետին հայտնել է, որ ներկա աշխատակազմն ի զորու է լուծել իր առջև դրված ցանկացած բարդության խնդիր, ու կա այդ խնդիրները լուծելու կամքը։
Մեկնաբանել