HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսքի ազատության անհրաժեշտությունը կասկածի տակ է

Պետական բյուջեից ֆինանսավորվող միակ թերթի՝ «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյաննասում է. «Հայաստանում կա խոսքի ազատություն, դեռ մի բան էլ ավելի, նույնիսկ ԱՄՆ-ի մամուլն այդքան ազատ չէ, սակայն Հայաստանում չկա անկախ ԶԼՄ»: Անկախություն ասելով պարոն Ֆարմանյանը նկատի ունի ֆինանսական անկախությունը:

Ըստ նրա՝ մեր երկրում թերթը կարող է անկախ լինել միայն նվազագույնը 8000 տպաքանակ ունենալու դեպքում. «Թերթի ֆինանսական մուտքերը երկուսն են՝ տպաքանակ եւ գովազդ: Տպաքանակը քիչ է, իսկ գովազդը՝ շատ էժան: ««Հայաստանի Հանրապետության» բյուջեի 20 տոկոսը ստանում եմ պետական բյուջեից, եւ այդ գումարով թերթը կարող է գոյատեւել ընդամենը 3 ամիս»:

Նրա կարծիքով իրավիճակն ազդում է նաեւ լրագրողների պրոֆեսիոնալիզմի վրա. «Այսօր ցանկացած թերթում լրագրողը կատարում է մի քանի գործառույթներ՝ եւ՛ մեկնաբան է, եւ՛ վերլուծաբան, եւ՛ լուսանկարիչ եւ այլն: Թերթերի ֆինանսական վիճակը նրանց թույլ չի տալիս ունենալ մասնագիտացված լրագրողներ: Օրինակ՝ դասական երաժշտության, պարի մասնագետ լրագրող»:

Պրն Ֆարմանյանը վստահ է, որ այսօր Հայաստանում չկա մի թերթ, որն, օրինակ, ասի, թե այսինչ հանրահավաքում իրականում քանի մարդ կար, իսկ դա պրոֆեսիոնալիզմի պակասի արդյունք է. «Չկա մի թերթ, որն իրականում անկախ լինի: Դա սովորական հաշվարկ է»,-ասաց պարոն Ֆարմանյանը:

Տիգրան Ֆարմանյանի տեսակետները չի կիսում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: «Չեմ հասկանում, թե ինչ է նշանակում՝ անկախ են, բայց ազատ չեն կամ ազատ են, բայց անկախ չեն: Ազատ նշանակում է անկախ, իսկ անկախ՝ ազատ: Եթե խոսքի ազատություն ասելով նկատի ունենք համակարգ, արժեքի նկատմամբ համապատասխան վերաբերմունք, բնականաբար՝ չկա: Խոսքի ազատությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր մարդ, ինչպես է նշված է ՀՀ Սահմանդրության մեջ, իրավունք ունի տարածել իր կարծիքը, սակայն ՀՀ-ում մարդիկ զրկված են իրենց իրավունքից»,- վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հեռուստաընկերություններին՝ պարոն Փաշինյանը նշեց, որ բոլորն էլ ենթարկվում են գրաքննության:

«Եթե խոսքի ազատությունը դիտենք իբրեւ գաղափարների, տեսակետների փոխանցման կոմունիկացիա, ապա այն չի գործում: Այսինքն՝ քաղաքական գործիչը չի կարող ազատ իր տեսակետները հայտնել որեւէ հեռուստաընկերության եթերով եւ թերթերի մեծ մասի միջոցով»: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում կան խոսքի ազատության առանձին դրսեւորումներ, եւ դրանցից մեկն էլ «Հայկական ժամանակ» օրաթերթն է:

Նա չի ընդունում այն տեսակետը, երբ ասում են, որ «Հայկական ժամանակ»-ը ընդդիմադիր է. «Հայաստանում ընդդիմադիր ասելով՝ նկատի ունեն ընդդիմության թերթը: Եթե քննադատում ենք իշխանություններին, ապա դիրքորոշման իմաստով ընդդիմադիր ենք, սակայն միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք ընդդիմադիր չենք ընդդիմությանը: Այսինքն՝ նկատի ունեմ, որ մեզ համար չկան անձեռնմխելի մարդիկ, չկան մարդիկ, որոնց հետ կապված թեմաները չշոշափենք: Ընդդիմադիր լինելն ազատության ամենաբարձր աստիճանն է, որովհետեւ ընդդիմադիր լինելու համար պետք է լինել ազատ»: Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում լրագրողին, ինչպես նաեւ բոլորին՝ նախագահին, վարչապետին, նախարարներին, պատգամավորին եւ շարքային քաղաքացուն, պակասում է պարտքի գիտակցումը: Լրագրողի պրոֆեսիոնալիզմն այն է, երբ ընթերցողը նյութն ընթերցելիս ավելորդ ջանքեր չգործադրի, ամեն ինչ այնքան հստակ լինի, որ հարցեր չառաջանան:

Նիկոլ Փաշինյանը համամիտ է, որ ֆինանսական եւ տնտեսական խնդիրները որոշակի չափով կանխորոշում են ազատության աստիճանը: Նա հպարտությամբ ընդգծեց, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը ամենամեծ հարկատու եւ շահույթ ունեցող հասարական-քաղաքական թերթն է ու վստահեցրեց. «Եթե թերթերը մի քիչ համեստ ապրեն, փոխեն իրենց չափանիշները, կարող են գոյատեւել ինքնաֆինանսավորմամբ: Դրա համար մենք պայքարել ենք: Ուրիշ ոչ մի խմբագրությունում այսպիսի պատկեր չեք տեսնի: Մեր ազատությունը չենք ցանկացել զոհաբերել պատերի ծեփին»:

«Եթե հանկարծ «Առավոտը» չունենա որեւէ հովհանավոր, ապա չի փակվի: Մենք ստիպված կլինենք ձգել մեր գոտիները եւ հրաժարվել ճոխություններից, իսկ մենք սովոր ենք ճոխությունների»,-անկեղծորեն խոստովանում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Ճոխություններ ասելով՝ պարոն Աբրահամյանը նկատի ունի որոշ լրագրողների բարձր վարձատրությունը, աշխատավարձի ժամանակին վճարումը, նորմալ աշխատանքային պայմանների ապահովումը:
Անդրադառնալով էլեկտրոնային ԶԼՄ-ին՝ պարոն Աբրահամյանն ասաց. «Այսօր ՀՀ գովազդային շուկան թույլ է տալիս գոյատեւել 3-4 հեռուստաընկերությունների»:

Նա վստահ է, որ ԶԼՄ-ը կարող են ինքնաֆինանսավորվել, եթե կարողանան գտնել հասարակությանը հետաքրքրող թեմաներ. «Մարդն արթնանալով անդիմադրելի ցանկություն պետք է ունենա վազել կրպակ եւ թերթ գնել: Մենք դեռ չենք գտել այդ թեմանները: Գրում ենք այն մասին, թե Արշակ Սադոյանի շունն ինչպես կծեց Մանուկ Գասպարյանի կատվին. հասարակությունը չունի դրա պահանջարկը»:

Պարոն Աբրահամյանը ցանկանում է, որ խոսքի ազատությունը Հայաստանում այնպիսի դրսեւորում գտնի, ինչպես Հոլանդիայում, Բելգիայում, որ «ինքնաարտահայտման որեւէ սահմանափակում չլինի ոչ միայն մամուլում, այլեւ միտինգներում, հանրահավաքներում, փողոցում, Աժ-ում եւ այլուր»:

Ըստ «Առավոտի» խմբագրի՝ խոսքի ազատությունը լայն հասկացություն է եւ մամուլին վերաբերում է ընդամենը 10-15 տոկոսով. «Օրինակ՝ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը չունի խոսքի ազատություն: Նա չի կարող Հ1-ով խոսել այն խնդիրների մասին, որոնք առաջացել են նրա գործունեության ընթացքում»:

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի խմբագիր Վարդան Վարդանյանը մտահոգված է մամուլի ազատության եւ անկախության խնդիրներով եւ գտնում է, որ «երկու երնեկ մի տեղ չի լինում». «Ասում են, որ մամուլը պետք է լինի ազատ եւ պատասխանատու: Եթե ազատ ու պատասխանատու կամ պատասխանատու եւ վերահսկվող պետք է լինի, ապա ես ընտրում եմ առաջինը, քանի որ երկրորդի պատճառած վնասները հնարավոր չէ փոխհատուցել: Ամբողջ մամուլը վերահսկելու իշխանական ձգտումներն են հանգեցրել այսօրվա իրավիճակին: Հայաստանում գրեթե չկան լրատվամիջոցներ, ԶԼՄ հորջորջվող գրասենյակները հիմնականում քարոզչամիջոցներ են»:
Վարդան Վարդանյանը կարծում է, որ ավելի լավ է լրագրողը լինի սանձարձակ, քան կապանքների մեջ, ինչպես այսօր: «Մենք պետք է նվաճենք մեր ազատությունը»,- կոչ է անում նա:

Հայաստանում խոսքի ազատության դրսեւորումը յուրօրինակ մեկնաբանեց «Տարեգիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը. «Հայաստանում ոչ թե խոսքի ազատություն, այլ՝ փնթիություն, թափթփվածություն, արժեզրկում կա, ինչը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարելի անվանել խոսքի ազատություն: Խոսքի ազատություն կա այնքանով, որքանով այն չի խաթարում իշխանությունների անդորրը: Կան ընդամենը մի քանի թերթեր, որոնք ունենալով փոքր տպաքանակ՝ հասարակական կարծիքի վրա գրեթե ազդեցություն չեն գործում: Եվ ինչպես չկա մի լավ գործ, որն անպատիժ չի մնում, այնպես էլ չկա որեւէ ազատ միտք, որը չի ստանում «արժանի» հակահարված: Ազատ մամուլում խոսքի ազատությունը սահմանափակվում է տպաքանակի աճը տնտեսական եւ այլ լծակներով թույլ չտալու, իսկ եթերում՝ ուղղակի վերահսկողության միջոցով»:

Իրավիճակը Վասակ Դարբինյանը բացատրում է իշխանության վերնախավում գտնվող միջակություների «մենթալիտետով», որոնց համար չկա ավելի սարսափելի գազան, քան ազատ խոսքը: «Եվ բնական է, որ մամուլն ու եթերը ողողված են կեղծիքով, ստախոսությամբ, երեսպաշտությամբ, հայհոյախոսությամբ: Այլասերման այս մթնոլորտում կարծես վերանում է նաեւ ազատ մտքի, ազատ խոսքի պահանջարկը»:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանում որեւէ մեկին պետք չէ խոսքի ազատություն. «Ներկա իշխանությունները խոսքի ազատությունը շփոթել են բարձրաձայն սուտ խոսելու հետ: Ստելը դարձել է պետական նորմ, պետական ռազմավարություն: Եթե նույնիսկ Հայաստանում այսօր լիներ ազատ խոսք, ապա դա լինելու էր «ձայն բարբառո հանապատի»: Ճորտի կարգավիճակում գտնվողները երբեք չեն կարող ազատ խոսել, որովհետեւ նրանց մտրակն է սպասում»:

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում ԶԼՄ-ը կարող են գոյատեւել, եթե գովազդատուների վրա ճնշումներ չգործադրեն եւ վերջ տան քծնանքին:

«Լրատվության դաշտում բացակայում է առողջ մրցակցությունը: Բոլորը պետք է սթափվեն, թափ տան իրենց վրայի փոշին: Վերջին տարիների ընթացքում հեռուստաընկերություններում եւ թերթերում աճ է նկատվում: Որոշ լրագրողներ սկսել են աշխատել իրենց վրա, լրատվության դաշտում ճիշտ հասկանալ իրենց դերը, սակայն խմբագիրների գրաքննությունը փչացնում է ամեն ինչ: Մենք չունենք պրոֆեսիոնալ խմբագիրներ, որոնց պատճառով դաշտը չի կայանում»,-ասում է պրն Մովսեսյանը:

«Ա1+»-ի տնօրենը գտնում է, որ լրատվական դաշտում պրոֆեսիոնալ լինել նշանակում է լինել գրագետ, ազնիվ սեփական մասնագիտության նկատմամբ. «Հեռուստատեսության դերը հասարակության մակարդակը բարձրացնելն է, ոչ թե պատվերներ կատարելն ու ինչ-որ մեկի խոսափողը դառնալը: Այսօրվա իրավիճակից ցածր չի լինում»:

«Շողակաթ» հեռուստաընկերության հաղորդումների եւ ֆիլմերի արտադրության տնօրեն Տիգրան Պասկեւիչյանը նույնպես գտնում է, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն. «Պատճառները երկուսն են' թերի է խոսքի ազատությունն ապահովող օրենսդրական դաշտը, եւ հասարակությունը դեռ չի գիտակցում այդ իրավունքի կարեւորությունը: Հասարակության գիտակցման դեպքում լրագրողներն էլ ավելի լավ կհասկանան խոսքի ազատության անհրաժեշտությունն ու կձերբազատվեն ինքնագրաքննությունից»:

Պարոն Պասկեւիչյանի կարծիքով՝ տվյալ իրավիճակում օրենքն անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ. «Այսօր լրագրողներին պակասում է ինքնակրթությունը: Մի առիթով լրագրողները վրդովվեցին իմ տեսակետից, սակայն շարունակում եմ պնդել, որ չկրթված լրագրողի խոսքի ազատությունը կարող է հանգեցնել չարիքի»:

Ազատ խոսքի նախապայմաններից մեկը պարոն Պասկեւիչյանը համարում է ԶԼՄ-ի ֆինանսական անկախությունը. «Հեռուստաընկերությունների նման քանակի պայմաններում նրանք չեն կարող անկախ լինել: Հայաստանում պետք է գոյություն ունենա առավելագույնը 5 հեռուստաընկերություն: Բնականաբար, պետությունն իր տեսակետներն արտահայտելու համար պետք է ունենա հանրային կամ պետական հեռուստաընկերություն, պետք է լինեն միջին եւ նաեւ ծայրահեղ տեսակետներ արտահայտող հեռուստաալիքներ: Միայն այդ դեպքում հեռուստատեսությունը կարող է լինել ինքնաբավ»:

Պարոն Պասկեւիչյանը վստահ է, որ Հայաստանում մամուլը կարող է ֆինանսապես անկախ լինել, սակայն այլ հարց է լսարանից, պատվիրատուից կախման մեջ լինելը: «Եթե այսօր լսարանի պատվերը Տիգրան Կարապետյանի «ԱԼՄ»-ն է, «Շանթի» հումորներն են, «Արմենիայի» «Կարգին հողորդումն է», ապա հեռուստատեսությունը կարելի է համարել կայացած»,-ասում է Տիգրան Պասկեւիչյանը:

Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) տնօրեն Նարինե Մկրտչյանի կարծիքով՝ էլեկտրոնային մամուլի համեմատ տպագիր մամուլն ավելի ազատ եւ անկախ է. «Այլ խնդիր է, որ տպագիր մամուլը չի կարողանում լիարժեք իրականացնել իր առջեւ դրված խնդիրները' կապված հեղինակային խնդիրների, գովազդի շուկայի իսպառ բացակայության, ընթերցողների գնողունակության հետ»:

Տիկին Մկրտչյանը գտնում է, որ էլեկտրոնային մամուլն ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից: Ինչպես ԶԼՄ-ի ներկայացուցիչների մեծ մասը, այնպես էլ ՄԱԱ-ի նախագահն այն կարծիքին է, որ հայ լրագրողին այսօր պակասում է պրոֆեսիոնալիզմը. «Խնդրների նկատմամբ ավելի լուրջ մոտեցումը: Լրագրությունն այն մասնագիտությունն է, որ պահանջում է սեր, նվիրվածություն: Եթե դու գրում ես միայն փողի համար, ապա դա երեւում է քո նյութերից: Ես այն կարծիքին չեմ, որ բարձր վարձատրվող լրագրողները միշտ բարձ որակի աշխատանք են ներկայացնում: Մեզանում չափանիշները շատ են խախտված»:

«Ինտերնյուս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն այն կարծիքին չէ, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, պարզապես այն համարում է ոչ բավարար. «Հայաստանը չես կարող համեմատել Միջին ասիական երկրների հետ: Մեզ մոտ կա խոսքի ազատություն, սակայն բոլորն էլ, տարբեր պատճառներով, շատ լավ գիտակցում են, թե ինչի մասին կարելի է խոսել եւ չխոսել: Լրատվամիջոցների ինքնագրաքննությունն ազդում է նաեւ ամեն մի անհատ լրագրողի աշխատանքի վրա»: Ստեղծված իրավիճակը Նունե Սարգսյանը պայմանավորում է լրագրողների անկախ գործունեությունը ֆինանսավորող շուկայի բացակայությամբ: Նրա կարծիքով՝ Հայաստանի փոքր շուկայում չեն կարող գոյատեւել այդ քանակի ԶԼՄ-եր, ուստի ստիպված համաձայնության են գալիս որոշակի շրջանակների հետ, որոնք անուղղակի վերահսկում են ոլորտը: «Այս իրավիճակը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին»,- ասում է «Ինտերնյուսի» գործադիր տնօրենը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի ամենագլխավոր պատճառը հետեւյալն է. «Իրականում մենք ուզու՞մ ենք այդ ազատությունը, թե՞ ոչ: Արդյոք ունե՞նք ազատ լրագրողի պահանջարկ: Պրոֆեսիոնալիզմն այն է, երբ դու կարողանում ես քո կարողությունները, գիտելիքները վաճառել այնքանով, որ կարողանաս ապահովել քո անկախությունը, քո կյանքը»:
Նունե Սարգսյանը վստահ է, որ Հայաստանում մամուլը կարող է գոյատեւել ինքնաֆինանսավորմամբ, եւ միաժամանակ նշում է, որ դա պահանջում է մենեջմենթի ծանր եւ լուրջ աշխատանք. «Մեր ԶԼՄ-ները հիմնականում չունեն մասնագիտացված ղեկավարներ»:

Աշխարհի փորձը ցույց է տվել, որ ԶԼՄ-ն միաժամանակ եւ՛ արդյունաբերություն է, եւ՛ հանրային սպասարկում, եւ՛ քաղաքական ինստիտուտ: Հայ հասարակության մեծ մասը ԶԼՄ-ն չի ընդունում իբրեւ բիզնես: Մեր զրուցակիցներից շատերը գտնում են, որ դրա համար դեռ ժամանակ է անհրաժեշտ: «Մասնավոր ԶԼՄ-ն առաջին հերթին բիզնես է, եւ եթե այն պատկանում է անհատի, ապա դժվար է նրան համոզել, որ վարի այլ քաղաքականություն: Հատկապես հեռուստատեսությունը նաեւ արտադրություն է, որտեղ ոչ միայն սպայի, այլեւ զինվորի պահանջարկ կա»,- նշեց Նունե Սարգսյանը:

«Բիզնես՝ նշանակում է գործ: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: ԶԼՄ-ը ծառայություն են: Մարդը պետք է վճարի 100 դրամ եւ հասկանա, թե ինչ է կատարվում երկրում: Լրագրողի պրոֆեսիոնալիզմն այն է, երբ ինչպես բարձրորակ խոհարարը, ճիշտ կարողանա ընտրել մթերքը, միրգը եւ այնպես մատուցել, որ համեղ եւ գեղեցիկ լինի, իսկ ընթերցողն ընտրում է, թե որ խողովակով տեղեկացվի, ում պատրաստածն է իր «ստամոքսին», տվյալ դեպքում՝ գիտակցությանն ու մտքին ընկալելի: Այս հարցում մենք մրցակցում ենք»,- ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը վստահ է, որ լրատվությունը բիզնես է, եւ այն շաղկապված է երկրի գաղափարախոսության հետ. «Երբ այդ գաղափարախոսությունը վերածվում է առեւտրի, այն կորցնում են: Մենք կորցրել ենք դեռեւս չկայացած մեր գաղափարախոսությունը»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter