HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Ապօրինի աճուրդ` գոյություն չունեցող գույքի հատուցման համար

«Սա պապական տուն է, էս որ մերն է եղել, ես դեռ երեխա էի: Էստեղ փողոց էլ չկար, հողամաս էր ու մի տան պես բան, որ ապրում էինք մեջը։ Պապիցս, հորիցս էս տունն եկավ ինձ, ինձնից հետո էլ իմ ժառանգներինն է։ Իրենք էսօր ստեղ չեն, բայց ասել են' հեր, մի քիչ էլ դիմացիր, բոլորս կհավաքվենք»,-հուզվելով ասում է 85-ամյա Բորիս Ալոյանը: Նա հիմա մենակ է ապրում' չնայած 4 երեխա եւ 12 թոռ ունի:

«90-ականների սկզբին շատ դժվարացավ կյանքը, երեխեքը չէին կարողանում ապրել, դրա համար էլ ամեն մեկը մի կողմի վրա գնացին աշխատելու»,-զավակների բացակայությունն արդարացնում է Բորիս պապը:

Նրա տունը գտնվում է Երեւանի Պարոնյան 16 հասցեում: 2005թ. Մարտի 15-ին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն աճուրդով վաճառել են Պարոնյան 16 հասցեում գտնվող' Բ. Ալոյանին պատկանող տաղավարն ու 27 քմ հողատարածքը: Նրանք իրականացրել են Վճռաբեկ դատարանի որոշումը' «Բորիս Ալոյանից հօգուտ Վարդգես Հովհաննիսյանի բռնագանձել 6.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ' որպես առոչինչ գործարքի հետեւանքով ստացածի հատուցում»:

Սակայն հարկադիր կատարողներն անտեսել են մեկ այլ դատարանի վճիռն ու օրենսդրական մի շարք դրույթներ խախտել: 2005թ.-ի հունվարի 27-ին Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ.' Է. Հայրիյան) վերացրել էր հարկադիր կատարող Վ. Ենոքյանի' այս տարածքի աճուրդի մասին որոշումը:

«Սա նշանակում է, որ ապօրինի աճուրդ է եղել, բացի այդ' սեփականատիրոջ համաձայնությունը չի եղել, որ իր տարածքի հենց այդ հատվածը աճուրդով վաճառվի, եւ նա տեղյակ չի եղել անգամ, թե երբ է լինելու աճուրդը»,-ասում է Բորիս Ալոյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը:

Հարկադիր կատարողների նախաձեռնած այս աճուրդով չի բռնագանձվել ամբողջ գումարը: Այսինքն' նրանք դեռ հարկադրելու են Բ. Ալոյանին աճուրդի հանել իր հողատարածքից ինչ-որ մաս: Անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող «Շեն» ՓԲԸ-ն նշում է, որ Երեւանի կենտրոնի այդ հատվածում «հողերի 1քմ-ի հավանական շուկայական արժեքը կարող է տատանվել երկու հարյուրից մինչեւ հինգ հարյուր ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում»: Աճուրդի համար տաղավարն ու 27քմ տարածքը գնահատվել են 3.050.000 դրամ: Եթե չհաշվենք անգամ, որ այս գումարը ներառում է նաեւ տաղավարի գինը, եւ ենթադրենք, որ միայն հողատարածքն է գնահատվել, միեւնույն է' հողատարածքը գնահատվել է նվազագույն գնով' 1քմ մոտավորապես 205 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

ԴԱՀԿ-ն հողատարածքը եւ տաղավարն աճուրդի է հանել նվազագույն գնով:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ալոյանի հարեւան Վարդգես Հովհաննիսյանը ցանկացել է հողատարածք գնել հարեւանից, որպեսզի իր տունը Պարոնյան փողոցից մուտք ունենա: «Ես էլ ասեցի' տղա ջան, դու գիտես, որ մերոնք Հայաստանում չեն, ու տենց բան ես չեմ կարող անել: Ասել եմ' միլիոն էլ տաս, սա վաճառքի չի»,-պատմում է Բ. Ալոյանը: Հետո Վարդգեսն առաջարկել է որոշ տարածք վարձակալության վերցնել ավտոլվացման կետ դարձնելու համար: Միայնակ ապրող 85-ամյա Բ. Ալոյանն ուրախացել եւ ընդունել է առաջարկը: 2003թ. հոկտեմբերին հարեւանները վարձակալության մասին պայմանագիր են կնքել ու վավերացրել Կենտրոնի նոտարական գրասենյակում:

Մի քանի ամիս անց Վ. Հովհաննիսյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Բ. Ալոյանի' առոչինչ պայմանագրի անվավերության հետեւանքները կիրառելու եւ որոշակի գումար բռնագանձելու պահանջով: Բ. Ալոյանն էլ հակընդդեմ հայցով պահանջել է դադարեցնել պայմանագիրը եւ գումար բռնագանձել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ' Հ. Հովհաննիսյան) երկու հայցերն էլ համարել է անհիմն եւ մերժել: «Իրականում դա առոչինչ գործարք է, որովհետեւ պայմանագրով նախատեսված ավտոլվացման կետի կառուցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չկան: Պայմանագրի պահանջները չեն կատարվել: Իսկ առոչինչ գործարքի դեպքում կողմերն իրար են վերադարձնում այն, ինչ ստացել են իրարից»,-ասում է Բ. Ալոյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը: Վ. Հովհաննիսյանը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը (նախագահող' Լ. Գրիգորյան) Վ. Հովհաննիսյանի հայցը մասնակի բավարարել է' պարտավորեցնելով Բ. Ալոյանից հօգուտ Վ. Հովհաննիսյանի բռնագանձել 6.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ' որպես առոչինչ գործարքի հետեւանքով ստացածի հատուցում:

Իսկ «ստացածը» պլաստմասե թիթեղներ են, որ վարձակալը փակցրել է բետոնե պատերին' ավտոլվացման կետ դարձնելու համար: «Թող գան, էդ թիթեղները պոկեն ու տանեն: Մենակ էդ է արվել, ինչի՞ համար է 6.200 դոլարի բռնագանձումը, դա ամենաշատը 200 դոլարի պատմություն է»,-պնդում է Բ. Ալոյանը: Հարկադիր կատարողները Վերաքննիչ դատարանի վճիռն իրականացնելիս որոշում են Ալոյանից բռնագանձել նրան պատկանող տաղավարը: ԴԱՀԿ ծառայության' այս աճուրդին վերաբերող որոշումը Օ. Սաֆարյանը բողոքարկել է: Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ.' Է. Հայրիյան) Սաֆարյանի հայցը բավարարել է եւ վերացրել աճուրդի մասին որոշումը: «Իմանալով, որ դատարանն անվավեր է ճանաչել իր որոշումը, ԴԱՀԿ-ն չի սպասել եւ նորից նույն գնով աճուրդ է հայտարարել: Հարկադիրի գործողությունները վկայում են, որ նրանք, չգիտես ինչու, շահագրգռված են այս գործում»,-գտնում է Օ. Սաֆարյանը: Վերաքննիչ դատարանի վճիռը Բ. Ալոյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը մերժել է հայցը' Վերաքննիչ դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:

Դատական այս ամբողջ գործընթացում Վ.Հովհաննիսյանը պահանջել է փոխհատուցել 6.200 ԱՄՆ դոլար գումար, որն ինքը ծախսել է ավտոլվացման կետ կառուցելու համար: Վ. Հովհաննիսյանը ավտոլվացման կետ կառուցելու համար պետք է ունենար նախագիծ, շինթույլտվություն եւ գրանցում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն համայնքի գրավոր պատասխանները հավաստում են, որ այդ հասցեին վերաբերող նախագիծ եւ շինթույլտվություն գոյություն չունի: Սակայն Վ. Հովհաննիսյանը դատարանում ներկայացրել է, որ գոյություն ունի ավտոլվացման կետ: Դատարանը ո՛չ տեղազննում է կատարել, ո՛չ էլ փաստաթղթեր պահանջել' պարզելու, թե իսկապես գոյություն ունի՞ ավտոլվացման կետը, որի կառուցման համար գումար է ծախսվել: Օ. Սաֆարյանի հարցմանը «Շեն» ՓԲԸ-ն պատասխանել է. «Ավտոլվացման կետի շուկայական գնահատումը չենք կարող կատարել, քանի որ տեղազննումից պարզվեց, որ նշված կառույցը չի համապատասխանում անշարժ գույքի սահմանմանը»: Եթե դատարանի գնահատմամբ այդ հասցեում ավտոլվացման կետ իսկապես գոյություն ունի, ապա այն ապօրինի է' չունի նախագիծ, շինթույլտվություն, գրանցում: Իրականում վարձակալած տարածքում անշարժ գույք չկա, վարձակալը միայն պլաստմասե թիթեղներ է փակցրել բակի պատերին, որի արժեքը շատ հեռու է 6.200 ԱՄՆ դոլարից:

«Նոր ի հայտ եկած փաստաթղթերը ներկայացրել ենք Վճռաբեկ դատարան եւ հույս ունենք, որ դատարանը կբեկանի իր ընդունած որոշումը, եւ գործը նորից կուղարկի քննության»,-ասում է Օ. Սաֆարյանը:

Մեկնաբանություններ (1)

Մարտին Ղազարյան
Հայաստանի դատական համակարգը ամենամեծ չարիքն էհայ ազգի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter