HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողի ու մեղադրյալի տեղերը փոխվել են. վստահեցնում է մեղադրյալ դարձած քննիչը

«Ինձ պատժեցին նրա համար, որ համակարգի մեջ լինելով՝ փորձել էի թույլ չտալ, որ անօրինականություններ արվեն»,-ասում է «Հետքին» դիմած իրավապահ համակարգի ծառայող, ներկայում՝ կասեցված ծառայության մեջ գտնվող քննիչ Էդիկ Սերգոյանը: Պնդում է՝ անարդարության զոհ է դարձել հենց իրավապահ համակարգի ներկայացուցչի կողմից: Հիմնավորում է, որ եղել է տուժող, սակայն ՀՔԾ-ում գրչի մեկ հարվածով տուժողի ու մեղադրյալի տեղերը փոխվել են՝ ինքը դարձել է մեղադրյալ:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել այն ժամանակ դեռ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանին նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ դատապարտվելով տուգանքի՝ 400.000 դրամի չափով: Սակայն Էդիկ Սերգոյանն ու նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը վճռաբեկ բողոքով հիմնավորել են, որ Սերգոյանն անմեղ է, ու նրան պետք է արդարացնել: Գործն այս պահին գտնվում է Վճռաբեկ ատյանում:

Էդիկ Սերգոյանը 2002 թ.-ից մինչև 2014 -ը ծառայել է ոստիկանության համակարգում: 2007 թ.-ից անցել է ծառայության՝ որպես քննիչ: 2014 -ից, երբ ձևավորվել է քննչական կոմիտեն, նա նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ: Այսպիսով՝ Էդիկ Սերգոյանը իրավապահ մարմիններում շուրջ 14 տարվա աշխատանքային փորձ է ունեցել:

Իսկ գործով տուժող ճանաչված Կարեն Գրիգորյանը նախ Մարաշի բաժանմունքից տեղափոխվել է Աբովյան, ապա Հրազդան՝ որպես բաժնի պետ: Թավշյա հեղափոխության օրերին համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են Հրազդանում ոստիկանները՝ պետի գլխավորությամբ, ցուցարարներին ցրում: Իսկ համացանցում տեղադրված մեկ այլ տեսանյութում 2017-ին ԱԺ ընտրությունների ժամանակ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ, որտեղ նա լարված զրույց է ունենում Հրազդանի ոստիկանության այն ժամանակվա պետ Կարեն Գրիգորյանի հետ ընտրակեղծարարների մասին ահազանգերը պատշաճ քննության նյութ դարձնելու մասով:

 Գալով Էդիկ Սերգոյանի դեպքին՝ նշենք, որ 2015-ի հուլիսի 2-ին քննիչ Էդիկ Սերգոյանն աշխատանքային ժամից հետո գործընկերներ քննիչների հետ գնացել է ընթրելու: Մինչ այդ Էդիկ Սերգոյանին զանգահարել է հեռավոր ազգականի ընկեր Գևորգ Սիմոնյանն ու ասել՝ ամուսնության նպատակով աղջիկ է փախցրել: Էդիկ Սերգոյանը խորհուրդ է տվել այդ աղջկա հետ շտապ ներկայանալ ոստիկանություն:  Ապա տեղեկացել է, որ Գևորգ Սիմոնյանն իր խորհրդով գնացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Դրանից հետո նա պարբերաբար ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր Գևորգ Սիմոնյանի բարեկամներից, ովքեր անհանգստացել են՝ Գևորգը հեռախոսազանգերին չի պատասխանում: Էդիկ Սերգոյանի խնդրանքով բաժանմունք են գնացել փաստաբաններ, որոնցից մեկը որոշ ժամանակ անց զանգահարել է Էդիկ Սերգոյանին ասել, որ Գևորգ Սիմոնյանը ո՛չ ձերբակալված է, ո՛չ էլ բերման ենթարկված: Էդիկ Սերգոյանն ստիպված որոշել է գնալ, ճշտել՝ ինչ է տեղի ունենում: Եվ ահա բաժանմունքում էլ տեղի է ունեցել վեճ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի ու քննիչ Էդիկ Սերգոյանի միջև:

Ըստ գործի նյութերի, ըստ մեղադրանքի, «2015-ի հուլիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի բակում Էդիկ Սերգոյանը մոտեցել է այդ պահին ժամանած՝ իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանին և, խոսակցության ընթացքում անտեսելով վերջինիս պարզաբանումները, որ Գևորգ Սիմոնյանն ապօրինի չի պահվում, այլ բաժանմունքում է գտնվում կամովին՝ սպասում է քննիչի կանչով նրա մոտ ներկայանալուն, անձին ապօրինի պահելու վերաբերյալ բարձրաձայն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Կարեն Գրիգորյանի հասցեին»:

«Դեպքից 7 ամիս անց պատահաբար պարզվում է, որ գիշերային անդորր եմ խախտել, բայց մի բնակիչ չկա, որ ցուցմունք տա այդ մասին»,-ինձ հետ զրույցում ասաց քննիչը:

Ըստ գործի նյութերի` Կարեն Գրիգորյանը Էդիկ Սերգոյանից պահանջել է հեռանալ, սակայն քննիչ Սերգոյանը հրաժարվել է: Ապա, դարձյալ ըստ մեղադրանքի, Կարեն Գրիգորյանը պահանջ է ներկայացրել մտնել բաժանմունք, «Էդիկ Սերգոյանը դիմադրել և քաշքշուկի մեջ է մտել Կարեն Գրիգորյանի հետ: Միմյանց քաշքշելով նրանք մտել են բաժանմունի շքամուտք, որտեղ Կարեն Գրիգորյանից կրկին լսելով, որ իրեն ներկայացնելու է սթափության վիճակի ստուգման, Էդիկ Սերգոյանը, գործադրելով կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, մեկ անգամ բռունցքով հարվածել է  իր ծառայական պարտականությունները կատարող Կարեն Գրիգորյանի աջ աչքի շրջանին՝ պատճառելով աջ ակնակապճի շրջանի փափուկ հյուսվածքների կոպերի ընդգրկումով սալջարդի, աջ նախաբազկի շրջանի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:

Գործով հաստատվել է, որ ոստիկանության բաժանմունքում Էդիկ Սերգոյանը ստացել է առողջության թեթև վնասի հատկանշներ պարունակող մարմնական վնասվածք՝ աջ այտային, վերին շրթունքի արյունազեղումներ, սալջարդ վերք, փակ բութ գանգուղեղային վնասվածքի երևույթներ, ձախ բազկի շրջանի արյունազեղումներ: Հիվանդանոցում նրան առաջարկվել է ստոցիոնար բուժում, քանի որ տարել է գլխուղեղի ցնցում: «Սակայն եթե բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է հենց դեպքի օրը, ապա Էդիկ Սերգոյանի փորձաքննությունը կատարվել է դեպքից 3 օր անց՝ հետաքննության մարմնի դիտավորյալ գործողությունների արդյունքում»,- նշել է Սերգոյանի փաստաբանն իր Վճռաբեկ բողոքում:

 Ավելին՝ դեպքի օրը Էդիկ Սերգոյանը ներկայացրել է իր հագին եղած «Բարբերի» ֆիրմայի կիսաթև մայկան, որի զննմամբ արձանագրվել է արնանման հետք, պոկված կոճակ, պատռված հատվածներ: Էդիկ Սերգոյանը հայտարարել է, որ մայկայի վրայի վնասվածքներն առաջացել են Կարեն Գրիգորյանի հետ վիճաբանության ժամանակ իրեն քաշքշելու, իր նկատմամբ բռնություն գործադրելու հետևանքով, իսկ արյունն էլ ստացած մարմնական վնասվածքի հետևանքով է հայտնվել մայկայի վրա: Ըստ դատահետքաբանական փորձաքննություն պատռվածքները կարող էին առաջանալ մեխանիկական ձգվածության, ուժի ներգործության՝ քաշել-ձգելու հետևանքով:

«Ես, լինելով ավագ քննիչ, ինչպես կարող էի իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարել ու անմիջապես խնդրել տարածքի տեսախցիկները շուտ առգրավել: Ի՞նչ է, ինքս ինձ վրա ապացո՞ւյց էի հավաքում»,-տարակուսում է քննիչ Սերգոյանը: Սակայն պարզվել է, որ տեսախցիկները չեն տեսագրում, այլ առցանց ռեժիմով են աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter